ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խորհրդականներ բոլոր երկրների, միացե՛ք

Խորհրդականներ բոլոր երկրների, միացե՛ք
07.08.2009 | 00:00

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Ավտորիտար երկրները մեկ անփոփոխ խասիաթ ունեն. այնտեղ ամեն բան մեկ դերասանի թատրոն է հիշեցնում: Փորձեցինք հասկանալ` իսկ ո՞վ կա ընդհանրապես բաք-վոկալում:
Կայացած-զարգացած երկրների պարագայում հենց բաք-վոկալն է ամեն բան որոշում, դեֆակտո լիդերն ընդամենը ֆասադ է` իրականությունը ծխածածկելու: Հիշենք իր ինտելեկտով աչքի չընկած, «բուշիզմներով» աշխարհին բավականին զվարճացրած, Թբիլիսիի կենտրոնում «Կինտաուրի» պարած Բուշ-կրտսերին, որի քաղաքականությունը, լուրջ փորձագետների գնահատմամբ, բացառիկ օգտաշահ էր ԱՄՆ-ի համար, և Բուշը (ընդհուպ մինչև սեփական ռեյտինգի իջեցում) փայլուն ստարտային պայմաններ ապահովեց իր հաջորդի` աֆրոամերիկացի-դեմոկրատ առաջնորդի համար, որովհետև բաք-վոկալում նման որոշում էր կայացվել:
Մերն ուրիշ է. արժե հիշել լոկ, թե ինչ ժառանգեց իր սիամական երկվորյակ-Քոչարյանից Սերժ Սարգսյանը լավագույնս կազմակերպված մարտի մեկի «տեսքով»:
Ըստ ամենայնի, մերն ուրիշ է նաև խորհրդական-օգնական-ռեֆերենտ ինստիտուտների պարագայում;
Հենրի Քիսինջերը (ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը), ոչ անհայտ աշխարհի, Մերձավոր Արևելքի, Սովետմիության «փորատակերը քանդած»-«հողին հավասարեցրած» «մետր» Զբիգնև Բժեզինսկին նույնպես ընդամենը խորհրդականներ էին:
Դառնանք մերոնց։ Դեռ Տեր-Պետրոսյանի ժամանակներից է պատմվում ասքը, երբ շա՜տ բարձրաստիճան պաշտոնյան պաշտոնանկումից հետո նշանակվել է խորհրդական, և, ուրեմն` լուրջ դեմքով, «վիզկապը» կապած, պորտֆելը ձեռը մտել Հակոբիչի մոտ, սկսել էր խորհուրդներ տալ:
Լևոնը ծխամորճը հանել, աչքերն իր նման կկոցել, իրեն հատուկ հումորով ասել է.
-Էսինչյա՜ն, դու իսկապե՞ս մտածում ես, որ ինձ պիտի խորհուրդներ տաս:
Սենց բաներ:
Իսկ հիմա մտնո՜ւմ ենք գործող նախագահի կայք: Դիտում ենք: Շա՜տ չեն խորհրդականները: Յոթը: Որպես օրինաչափություն, բոլորն էլ «պաշտոնաթող գեներալներ»: Սա ԳՌՈՒ-ի հետ խնամիա-բարեկամական կապերով հայտնի գեներալ Միքայել Հարությունյանն է: Մնացածն էլ պաշտոնաթող նախարարներ են:
ՕԳԳ-ն որքան է այս պաշտոնյաների, դժվար է ասել: «Շախմատային մեծ տախտակի» վրա մնացած, այլևս հայեցողական այս պաշտոնյաներն այնքան էլ էժան հաճույք չեն հայոց բազմաչարչար բյուջեի համար. ունեն մոտ հինգ հոգանոց աշխատակազմ` քարտուղարուհիներ, օգնականներ, պարզ է` «ավտոմոբիլ»:
Հաջորդ առանձնահատկությունը «մերոց խորհրդականաց» այն է, որ տեսակարար կշիռը նրանց պարագայում խախտված է. հումանիտարիզացիոն (այլ ոլորտներից էքս-նախարարներ` կրթություն, մշակույթ... չկան), բոլորը, եթե համահարթեցնենք, հիմնականում տնտեսական խորհրդատուներ են (երևի դա էր պատճառը, որ տնտեսական ճգնաժամը տևական ժամանակ Հայաստան չէր գալիս):
Սա Վարդան Խաչատրյանն է, նախարար եղած ժամանակ միջազգային կառույցների վրա «փի՜ս» նեղացած, որ, երևի, «փիս-փիս» խորհուրդներ է տալիս նախագահին: Չէ՛, լուրջ, թե ինչ է անում նա այնտեղ, չկարողացանք վերջնականապես պարզել, որովհետև այս սեզոնին նա սիրում է լինել Ջերմուկում, սիրել ծաղիկներ, բռնել թիթեռնիկ, մի խոսքով, իր խորհրդատվականության մասին «նրբություններ» չկարողացանք պարզել:
Վահրամ Ներսիսյանցի հետ խոսելու շատ բան չունեինք, ծանոթ էինք նրա սինգապուրյան թեզիսներին, ասինք` անցնենք առաջ:
«Առջևում» վիճակը շատ մխիթարական չէր. հաջորդ խորհրդականն ինքզինքը մեզ հետ «չի՜ խոսում»` արդեն հազար տարի: Բոլոր դեպքերում զանգահարեցինք: Ինքն էլ չկար: Մտածեցինք, Անդրանիկ Մանուկյանին գուցե վերջապես հաջողվե՞լ է ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալ ու գնացել է էդ գործերով. էս ինչքա՜ն նա սպասեց էդ պաշտոնին, էս ինչքա՜ն ջանք թափեց, էս ինչքա՜ն «ուտեչկաներ» կազմակերպվեց վասն այդ:
Ճիշտն ասած, վատ չէր լինի կոմպոզիտոր Արմեն Սմբատյանին փոխարինող գտնել, մի շարք պատճառներով, բայց նախ` այն, որ նա տանը «անակոնդա» է պահում. դնում է անակոնդային յուր սեղանին, շփվում-հաղորդակցվում հետը. ենթագիտակցական մակարդակում երևի տալիք-առնելիք ունեն (ասում են, որ եթե Անդրանիկ Մանուկյանը դառնա դեսպան, էդ ժամանակ էլ Սմբատյանին են անակոնդա, ներեցեք` խորհրդական նշանակելու):
Ինչ գլուխ ցավեցնենք, էս մտորումներով էլ հասանք Սերժ Ազատիչի ամենահետաքրքիր, ամենաթարմ, ամենաչնախարար, սպորտի գծով խորհրդական, ԱՄՆ-ից Հայաստան բնակության վերադարձած Յուրի Վարդանյանին, ով բավականին պատրաստակամ էր զրուցելու-պատասխանելու մեր հարցերին:
Նախագահորեն խորհրդատրվելը շարունակեցինք Ֆելիքս Փիրումյանի հետ։ Բախտներս էլի բերել էր: Ֆելիքս Փիրումյանը նույնպես բարեհամբույր, սիրահոժար էր. նախագահականում նա զբաղվում է քաղաքաշինական, ներդրումային ծրագրերի, այսպես ասած` խորհրդատվությամբ, հիմնականում մասնավոր ոլորտին առնչվող. խիստ ոգևորված էր խոսում Մատենադարանի նոր մասնաշենքի, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման մասին, շատ նեղացավ, երբ ասինք` «ա, դե, ի՞նչ խորհրդական, երիտասարդ թոշակառուների (ականջդ կանչի, Քոչարյան- հեղ.) ակումբ է, էլի, խորհրդականի ինստիտուտը մեզանում»: Նա շատ խիստ տոնով հակադարձեց` էդպես չէ. կարող ես գրել, որ Փիրումյանը լավ խորհրդական չէ, բայց ինստիտուտի մասին էդպիսի կարծիք չի կարելի հայտնել:
Չհայտնած համարենք: Հե՞շտ է աշխատել Սերժ Սարգսյանի հետ, «չհայտնելուց» հետո հարցրինք Փիրումյանին: «Անկասկած, նա լսելու հազվագյուտ կարողություն ունի»: Բայց լսածը հետո մի օգուտ տալի՞ս է. էլի հարցնում ենք: «Նա մասնագիտական խորհրդատվություն է պահանջում, իսկ թե հետո այդ խորհրդատվությունն ինչպես է օգտագործվում, ես չէ, որ պետք է ասեմ». պատասխանում է: Ի՞նչ ռեժիմով եք խորհրդատրվում-հանդիպում նախագահի հետ, ֆիքսված ժա՞մ կա, որ պարոն խորհրդականը պետք է գնա և խորհուրդ տա նախագահին` ինչ անել, ինչպես անել, ումով անել։ «Նախագահի հետ հանդիպումները լինում են ըստ անհրաժեշտության, օպերատիվ և ոչ օպերատիվ. օպերատիվները կայանում են մոտ երկու ժամվա ընթացքում»: Ինչպիսի՜ օպերատիվություն: Խորհրդատվական:
Ավարտելով նախագահի խորհրդականների մասին ասքը, ասենք նաև, որ էդ կողմերում մեկ-մեկ էլ կկուն ձեն է ածում, և խորհրդականներն անթոշակ պաշտոնների են գնում. ասենք` վերջերս նախագահական սուփրի վրայից մի բերան էլ պակասեց. մեր կողմից շատ հարգարժան իրավաբան Մանուկ Թոփուզյանը գնաց պաշտոնավարելու ՍԴ-ում:
Անցանք առաջ: Սերժ Ազատի Սարգսյանն ունի 4 «բաք-վոկալիստ» օգնականների տեսքով` ջահե՜լ, սիրուն, բախտավոր: Եվ, ուրեմն` էստեղ արդեն, հարգելի ատենակալներ, բոլորովին այլ օրինաչափություններ են գործում. սրանք խոստումնալից են. սրանց դեպքում ժամանակը հակառակ է «ֆռռում». սրանք, ըստ ամենայնի, մեր ապագան են` «լուսապայծառ ու չքնաղագեղ». այս «մոլոդոյներն ու մոդեռնները» պատրաստի նախարարացու և «այլ»ներ են` ապագայի, չորրորդ, հինգերորդ սերնդի բարեփոխումների համար, սրանք մեր «մեսիջն» են` դեռ փակ-կարմայական վիճակում:
Ասենք` մեր ՄԻԱԿ-ը. անգլո-սաքսոնական հսկայական վեկտորը ներկայացնող, Օբամայի ընտրությունները դիտած, Արմեն Սարգսյանի պակետ պահած, քայլող մի ողջ երիտկուսակցություն, որը կխմորի հայոց ապագա պառլամենտական ընտրություններում բոլորին:
Այո՛, «օգնականը» Լևոն Մարտիրոսյանն է, որին (կամ նրան, ում նա և իր կուսակցությունը կբերեն իրենց ուսերին) որոշ վերլուծաբաններ համեմատում են Սաակաշվիլու հետ (էս գլխից երիտասարդին զգուշացնենք զերծ մնալ էկզոտիկ կերակրատեսակներից ու «վիզկապներից» կախվածությունից):
Հասա՜նք նախագահի ռեֆերենտներին: Էստեղ ասելիք քիչ կա: Գործը նորմալ ձեռքերում է: Եվ որքան էլ Քոչարյանի նկատմամբ «լիչնիյ նեպրիյազն» ունենք, նրա ելույթները (ռեֆերենտ` Արմեն Դավթյան) միլիմետրիկ գրագետ և ճշգրիտ էին: Արմենը մնացել է: Գրող Արմենին (ընդ որում, բավականին հայտնի ու տաղանդավոր բանաստեղծ) գրողների միությունը ևս մեկ հարվածային ուժ է ղրկել` Լևոն Անանյանի մատղաշ որդու տեսքով: Վա՜տ չի, վա՜տ չի։ Ի դեպ, ռեֆերենտների խումբը համակարգում է նույնքան ոչ անհայտ, Արմեն Դարբինյանի կառավարությունից Սերժ Սարգսյանի կառավարությանը թանկ ժառանգություն «մնացած» Լալայան Սևակը (իսկ ուր է Պարո՜ւյրը)։
Բոլոր դեպքերում մեկ դիտարկում. Սերժ Սարգսյանի ելույթների ընթացքում սեփական իմպրովիզները պետք է հասցնել մինիմումի... ինչո՞ւ. չասենք. կարծում ենք` «ի տակ յասնո» (տե՛ս Ս. Սարգսյանի Երևանի քաղաքապետի ինաուգուրացիայի իմպրովիզները):
Պըրծ` նախագահականի մասով, կարելի էր լիքը հետաքրքիր բաներ գրել խորհրդարանի և վարչապետանոցի խորհրդական-օգնականների մասով, բայց նյութին հատկացված տեղը նույնպես` պըրծ:
Վերջին դիտարկման իրավունքով. հայրենյայց կառավարությունը ոչ միայն խոսնակ, հասարակայնության հետ կապերի վարչության պետ չունի, այլև ռեֆերենտ:
ՈՒ թե այս դեպքում Տիգրան Սարգսյանի կարդալ-գրելու, «ժիր մանուկային» ձիրքը «վճռական մենակի» է վերածում նրան, և ինչպես Վազգենը, Տիգրան Սարգսյանը ևս հիմնականում ինքն է գրում իր ելույթները (ի դեպ, նախագահական ընտրությունների նախընտրական փուլում և՛ ԱԺ-ին, և՛ ժողովրդին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձում Տիգրան Սարգսյանի գրչահետքերը նույնպես առկա էին), ապա... իմ խեղճ Յորիկի վիճակն ընդհանրապես անմխիթարական է:
Այո՛, ԱԺ-ն ու նրա նախագահը ոչ միայն ռեֆերենտ չունեն, այլև... ով պատահի, ինչպես պատահի, ումով պատահի` էդ գործն անում են` ի պատկեր յուրում. օրինակ, վերջերս Հովհաննես Ա-ի ստրասբուրգյան ելույթը լսելիս տպավորությունն այնպիսին էր, որ այն մեկ անգամ արդեն լսել ենք` Սերժ Սարգսյանի կատարմամբ, գրեթե նույն մտքերն էին («վսյո եգո տեբե նրավիտցա՞»):
Մեր այս դիտարկման հետ չհամաձայնեց ԱԺ նախագահի խոսնակ Նաիրի Պետրոսյանը և ասաց, որ ԱԺ նախագահի ստրասբուրգյան ելույթը կոլեկտիվ աշխատանքի արդյունք էր, որին իր մասնակցությունն է ունեցել նաև ԱԳ նախարարության ԵԽ ՀՀ մշտական ներկայացուցչությունը: Ներկայացուցված մնաք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ