ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գյուղացին մի քանի անգամ պակաս եկամուտ է ստանում, քան վերավաճառողը

Գյուղացին մի քանի անգամ պակաս  եկամուտ է ստանում, քան վերավաճառողը
20.04.2012 | 00:00

Մեծարգո պարոն վարչապետ

Գրում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, ինժեներ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու, 50 տարի Գավառի գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման շրջանային միավորումը ղեկավարած Վասիլ Սերգեյի Հակոբյանը:

Այն, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ձեր ջանքերն ու մտահոգություններն ուղղվել են Հայաստանի գյուղատնտեսության վերականգնմանն ու զարգացմանը, միայն ողջունելի է: Սակայն, ցավոք, միայն տիրոջ սրտացավությամբ ու մտահոգությամբ, նույնիսկ ծանրակշիռ ներդրումների դեպքում, դժվար է փոսից դուրս հանել իսպառ կաթվածահար, հազիվհազ շնչող մեր գյուղատնտեսությունը, եթե գործն ու նպատակը չեն կառուցվում հին փորձի, առկա հողային, տեխնիկական ու մասնագիտական ռեսուրսների, իրական հնարավորությունների և իրատեսական ծրագրերի հիմքերի վրա: Ասեմ, որ իմ ղեկավարած ձեռնարկությունը, որն այժմ կոչվում է «Բարեկամություն» ԲԲԸ, մինչև 1990 թվականն ունեցել է 1470 բանվոր և ծառայող, սեփականաշնորհումից հետո՝ 172 սեփականատեր: Մենք ժամանակին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի համար արտադրել ենք եռակցման էլեկտրոդներ, գյուղատնտեսական մեքենաներ և դրանց սարքավորումների պահեստամասեր, ռետինատեխնիկական պահեստամասեր, թթվածին և ազոտ՝ հիվանդանոցների և արհեստական սերմնավորման կայանների համար: Աշխատել ենք տարեկան 40 միլիոն ռուբլի օգուտով, եղել մեր շրջանի ամենակենսունակ և ուժեղ արտադրական ձեռնարկություններից մեկը՝ նպաստելով Կամոյի շրջանի գյուղատնտեսության զարգացմանն ու վերելքին: Մեր ընկերությունն իր հաշվեկշռում ժամանակին ունեցել է 136 տարբեր մակնիշի բեռնատար մեքենա, 86 թրթուրավոր և անվավոր տրակտոր, խոտհնձիչ և ճզմիչ ու մամլիչ կոմբայն, որոնք անխափան օժանդակել են Կամոյի նախկին շրջանի սովխոզներին: Սեփականաշնորհումից հետո մեզ հաջողվեց պահպանել 22 բեռնատար մեքենա, 8 անվավոր և թրթուրավոր տրակտոր և խոտհնձիչ 2 կոմբայն, գութաններ, շարքացաններ, վերջապես՝ մեր արտադրամասերն ու արտադրական տարածքները: Պահպանել ենք նաև խոզաբուծական և տավարաբուծական ֆերմաները, ուր այժմ պահվում են մինչև 70 գլուխ խոզ և 260 գլուխ խոշոր տոհմային անասուն: Ասել է, թե դեռ փորձում ենք պահպանել ու զարգացնել գիտական ու կենտրոնացված մեր երբեմնի գյուղատնտեսության բեկորները: Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ շահագրգիռ անձինք ցանկանում են մեր ընկերության բազայի վրա մեքենատրակտորային կայան ստեղծել: Այդ հանրօգուտ ծրագիրը, սակայն, կյանքի կոչելու համար հարկավոր է իրականացնել մի շարք բարեփոխումներ և միջոցառումներ, որպեսզի, իրոք, մեզանում գյուղատնտեսությունը դառնա լրջագույն զբաղվածություն, տնտեսության գերակա ուղղություն:

Առաջին՝ խնդրահարույց է հողերի մասնատումը, ինչի պատճառով մեր համայնքներում այսօր մշակվում է վարելահողերի 45-50 տոկոսը միայն: Մշակվող հողերում էլ ցածր է արդյունավետությունը՝ ցանքաշրջանառության, հողի մշակության ագրոկանոնների չկիրառման և այլ պատճառներով: Մնացած հողերն էլ չեն մշակվում ոչ միայն հեռագնա լինելու, այլ նաև այն պատճառով, որ ժամանակին տրվել են հողագործությունից հեռու կանգնած մանկավարժներին, բժիշկներին, հանրային ու պետական ծառայողներին, ովքեր երկու տասնյակ տարի անց էլ չգիտեն նույնիսկ իրենց սեփական հողի տեղը: Հիմա շատ կարևոր քայլ կլինի հողերի միավորումն ու խոշորացումը, որի դեպքում միայն հնարավոր կլինի արդյունավետ շահագործել գյուղատնտեսական տեխնիկան: Հողերի միավորմամբ և մեքենատրակտորային պարկերի ստեղծմամբ հարցը կլուծվի մասամբ, բայց ոչ ամբողջապես: Որոշ շահագրգիռ մարդիկ, մեքենատրակտորային պարկ հիմնելու իրենց ծրագիրն իրականացնելու համար, մեզ առաջարկում են տրամադրել նոր տրակտորներ կամ մեխանիզմներ: Մեր ինչի՞ն է դա պետք, երբ չկան դրանք աշխատեցնող մասնագետ կադրերը, որոնց պատրաստման ու վերապատրաստման ուղղությամբ էլ պետք է կատարել պահանջվող ներդրումները: Այո, ամենալուրջ խնդիրն այստեղ լինելու է աշխատուժի ապահովումը: Մինչ 1990 թվականը մեր ընկերությունում աշխատող 1470 բանվորներից, ծառայողներից ու մեխանիզատորներից այժմ մնացել է ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդ: Մյուս մասնագետները բարձր վաստակով աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, ԱՊՀ այլ երկրներում: Այդ նույն մասնագետներին այստեղ հրավիրել կամ պահել հնարավոր չէ, քանի որ նրանց վաստակն արտագնա աշխատանքում ամսական 1500-2000 դոլար է: Եվ եթե տեղում մեխանիզատորը չվաստակի գոնե 500-1000 դոլար, նրան դժվար է համոզել ու շահա-գրգռել: Այսօր, իրավամբ, մենք կարիք ունենք խառատների, եռակցողների, ավտովարորդների, մեխանիզատորների, որոնց պատրաստման համար հարկավոր է ոչ միայն երիտասարդներին ապահովել մասնագիտական կրթությամբ, այլև սահմանել որոշակի արտոնություններ: Անգամ Մեծ հայրենականի տարիներին մեխանիզատորները բանակ չէին զորակոչվում, քանի որ դիտվում էին որպես երկրին ու ճակատին հաց հասցնող մարդիկ: Մինչդեռ այժմ ո՛չ կադրերի պատրաստման, ո՛չ էլ նրանց աշխատանքով շահագրգռելու խնդիր չի լուծվել: Ավելորդ չեմ համարում նաև նշել այն, որ մեզ մոտ ձմեռը տևում է նոյեմբերից մինչև մայիս, Արարատյան դաշտավայրում և Հայաստանի այլ շրջաններում՝ երեք ամիս, սակայն գազի և էլեկտրաէներգիայի սակագները՝ 132 և 30 դրամ, սահմանված են նույն հավասարաչափ արժեքով: Հնարավոր չէ՞ արդյոք դրանց սակագների դեպքում մեխանիզատորների և գյուղոլորտի աշխատողների համար զեղչեր կիրառել կամ սահմանել որոշակի փոխհատուցում:

Մեր գյուղատնտեսությանը հողի և մյուս միջոցների սեփականաշնորհումից առավել ուժեղ հարված հասցրեց ընտանեկան նպաստների համակարգի ներդրումը: Այդ համակարգում ընդգրկվելու համար աշխատունակ մարդիկ, հարյուրներով ու հազարներով, հրաժարվեցին սեփականաշնորհված հողերից, ծախեցին իրենց անասունները՝ ձգտելով վաստակել առանց աշխատելու, քան աշխատանքով բերք ու բարիք ստեղծել: Հարկավոր է այնպիսի կարգ մշակել, որ աղքատության նպաստ ստանան անաշխատունակ, հաշմանդամ, օգնության ու խնամքի կարոտ, ոչ թե առողջ ու աշխատունակ մարդիկ:

Պետք է նաև մշակել գյուղմթերքի իրացման և վերամշակման այնպիսի ճկուն համակարգ, որ արտադրող գյուղացին չհիասթափվի իր աշխատանքից. ինչպե՞ս չզարմանալ, երբ մեկ լիտր կաթը մեր երկրում մթերվում է 110 դրամով, իսկ մեկ պաղպաղակը վաճառվում է 200 դրամով: Բոլոր ուղղություններում անխտիր գործում է մի ձեռագիր, երբ արտադրող գյուղացին մի քանի անգամ պակաս եկամուտ է ստանում, քան վերավաճառողը:

Վերջում ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մեր ընկերությունը 100-150 հազար դոլար ներդրում ունենալու դեպքում մասամբ կկարողանա վերադառնալ արտադրական նախկին հզորություններին, ծառայել գյուղատնտեսության զարգացման նպատակներին ու ծրագրերին, բացել նոր ու կայուն աշխատատեղեր գյուղատնտեսության մեջ, նպաստել մեր տնտեսության վերելքին ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Հուսով եմ, որ Դուք հաշվի կառնեք տարիների փորձից ծնված իմ առաջարկներն ու դիտարկումները, որոնք կդառնան գործնական քայլեր:


Հարգանքներով՝

Վասիլ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ