«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
04.02.2011 | 00:00

Լուսնային (արևելյան) օրացույցով Նոր (Ճագարի) տարին մտավ իր իրավունքների մեջ։ Վիթխարի հանդիսություններ են անցկացվում Հոնկոնգում, Թայվանում, Ֆիլիպիններում, Սինգապուրում և, ինչ խոսք, Չինաստանում։ Բովանդակ երկիրը պաշտոնապես գնում է հանգստի, որը տևում է մինչև փետրվարի 8-ը։ Սկսվում է սեղանառատ խնջույքների, անվերջ հրավառությունների և անզուսպ ծախսերի շաբաթը։ Չինաստանում Նոր տարվան նախապատրաստվում են այնպես, ինչպես ոչ մի այլ տոնի։ Հանդիսությունից շատ առաջ ծրագրվում են ուղևորություններ, հրավիրվում հյուրեր, զարդարվում են քաղաքները, հանգամանորեն կարգի են բերվում բնակարանները։ Յուրահատուկ ավանդույթ է մինչև Նոր տարի սանրվածքը նորացնելը։ Հենց այդ պատճառով էլ խիտ բնակեցված երկրում դեռ Նոր տարուց մի քանի շաբաթ առաջ լավ վարսավիրի մոտ ընկնելը լուրջ խնդիր է դառնում։ Եվ բանը միայն այն չէ, որ մարդը լավ տեսք պիտի ունենա Ամանորի գիշերը, այլ այն, որ, ըստ լուսնային օրացույցի և չինական հավատալիքների, Նոր տարվա առաջին ամսին կտրականապես չի կարելի մազերը կտրել։ Ոչ պակաս կարևոր մեկ այլ ավանդույթ. Նոր տարին ցանկալի է դիմավորել նոր և կարմիր զգեստով։ Կարմիր գույնը խորհրդանշում է ուրախություն և տոն, ուստի հենց Նոր տարվա շեմին խանութներում ալ կարմիր բամբակյա սպիտակեղենի, գուլպաների ու գոտիների լայն տեսականի է հայտնվում։ Հագուստի ցանկացած կարմիր մանրուք տոնական տրամադրություն է ստեղծում և հաջողություն է խորհրդանշում ամբողջ տարվա ընթացքում։
Չինացիները հավատում են, որ ինչքան բարձր է հրավառությունների դղրդյունը, այնքան լավ. ճայթռուկների որոտը վանում է չար ոգիներին։ Երկրի քաղաքները «դղրդում են» տոնից դեռ մի քանի օր առաջ և հետագա 15 օրերին։ Բայց հրավառությունների այդ առանձին բռնկումները և ճայթռուկների որոտները խամրում են գլխավոր` Ամանորի գիշերվա համեմատությամբ։ Կեսգիշերին մոտ Չինաստանի բոլոր անկյունները բառացիորեն դղրդում են։ Գունագեղ «սալյուտները», որ արժեն մի քանի հազար յուան, վերջին տարիների երևույթներից են։ Տոներից հետո ամեն տարի Պեկինի փողոցներից դուրս են տանում մինչև 80 տոննա սալյուտային «թափոններ»։
Ամանորի սեղանի ավանդական ճաշատեսակներն են` պելմեն, ձուկ, հավ և քաղցրավենիք։ Առատ ընթրիքից հետո գալիս է նվերներ տալու պահը։ Չնայած Նոր տարին դիմավորելու դասական տարբերակ է համարվում ընդհանուր սեղանի շուրջ տանն ընթրելը, այսօր հետզհետե ավելի շատ մարդիկ են գերադասում խնջույքն անցկացնել ռեստորանում։ Նմանօրինակ խնջույքների ճոխությունը կախված է ընտանիքի ֆինանսական հնարավորություններից։ Այս տարի ամենից հաճախ հարազատներին ու ընկերներին նվեր են մատուցում կենդանի ճագարներ։ Ճագարը (չինարեն` տուծի), որը չորրորդն է արևելյան օրացույցի 12 նշանների շարքում, ինչպես ենթադրում են Չինաստանում, ամենաերջանիկն է։ Թե ինչպիսին կլինի սկսված տարին, Չինաստանում գերադասում են չգուշակել, բայց այն համարում են անչափ հաջող, քանի որ երկարակեցություն ու բարգավաճում է խոստանում։
Մեր երկրում թեև լուսնային օրացույցով Նոր տարին զանգվածաբար չի նշվում, այդուհանդերձ, տարվա արևելյան խորհրդանիշը կայունորեն մտել է մեր առօրյայի մեջ։ Մենք լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք բոլորին ևս մեկ ուրախալի տոնի առթիվ։ Առավել ևս, որ «Իրատես de facto»-ի համար այն սկսվում է հաճելի նորությամբ. թերթն իր թղթակցական կետն է բացում Շանհայում, ընդ որում, դա Հայաստանի առաջին լրագրողական ներկայացուցչությունն է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ