ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ասֆալտապատում, հետո ընտրություն

Ասֆալտապատում, հետո ընտրություն
20.04.2012 | 00:00

Հայաստանի մայրաքաղաք Երևանը 2012-ի գարնանը նոր կյանք է ստացել, ասես մի նոր երիտասարդություն է ապրում։

Այս տարվա ապրիլից մայրաքաղաքում մի առանձնակի եռուզեռ է սկսվել։ Միանգամից Երևանի վարչական շրջանների ղեկավարները ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքներ սկսեցին իրենց շրջաններում։ Ասես նրանք միևնույն երազը տեսած լինեն։ Գուցե և այդպես է, գուցե ինչ-որ մեկը նրանց վրա երազում մատ է թափ տվել և ասել. «Եթե չբարեկարգեք ձեր շրջանները, ձեր աթոռներին հրաժեշտ կտաք», և սրանք, երևի թե, քնից վեր թռած, խոսքները մեկ արած սկսել են զբաղվել իրենց շրջանների բարեկարգմամբ։ Սա այն դեպքն է, երբ ոմանց համար վատ երազը բարին է կատարում հասարակության համար։ Օրինակ, վերցնենք Երևանի Փոքր կենտրոնի հատվածներից մեկը` Պուշկին-Փարպեցի խաչմերուկը։ Տարիներ շարունակ մոռացված-լքված այս փողոցները երբևէ չէին բարեկարգվել, ավտոմեքենաներն այս հատվածում ձևավոր չմշկասահքով էին զբաղված, բայց, ի վերջո, տեղական իշխանություններն արթնացան։

Իհարկե, չի բացառվում, որ մայիսի 6-ից հետո նոր ասֆալտապատ ճանապարհներն աստիճանաբար քանդվեն։ Եթե հետևենք անկախ Հայաստանի ընտրական գործընթացների ժամանակահատվածում իրականացված բարեկարգումներին, ապա կհամոզվենք, որ նման երևույթը խիստ հավանական է։ Բայց և այնպես, տեղական իշխանությունների վերը նշված երազից երջանկացան բոլոր վարչական շրջանների բնակիչները, քանի որ փողոցների բարեկարգման հաճույքը վերջապես վայելեցին։ ՈՒղղակի նրանք ափսոսում են, որ նման երազ իշխանությունները տեսնում են 4-5 տարին մեկ` ընտրությունից ընտրություն։

Ասենք, երազից վեր թռած իշխանություններն անմիջապես անցան գործի, սակայն որտեղի՞ց բոլորին անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Չէ՞ որ թե՛ քաղաքապետարանը, թե՛ վարչական շրջանների ղեկավարները միշտ նշում են, որ պատրաստ են մայրաքաղաքը շենացնելու, սակայն անում են այն ամենը, ինչի հնարավորությունը տալիս է բյուջեն։ Իսկ բյուջեն, ինչպես գիտեք, միշտ փոքր է։ ՈՒրեմն, որտեղի՞ց հանկարծ ապրիլին հայտնվեցին գումարներ լայնածավալ բարեկարգումների համար։ Արդյոք կառավարությունը հավելյալ միջոցնե՞ր բաց թողեց, թե՞ որոշ պատգամավորի թեկնածուներ իրենց գրպանները թեթևակի թափ տվեցին։ Եթե գրպան թափ տալը գիտեն, և օրենքն այն չի արգելում, ինչո՞ւ այդ տարբերակը չի գործում միշտ` հանուն երկրի զարգացման։

Եթե պաշտոնյաների խիղճը, պարտավորության գիտակցումն արթնանում են ընտրությունների ընթացքում միայն, գուցե տրամաբանական կլիներ, որ տարին մեկ կազմակերպվեին խորհրդարանական ընտրություններ, իսկ նախագահականը կարելի է և հինգ տարին մեկ անցկացնել։ Ճիշտ է, այս դեպքում Սահմանադրության փոփոխության ան-հրաժեշտություն առաջ կգար, բայց հանուն երկրի զարգացման գուցե և «рискнем», թե չէ մեր ազգի ընտրյալներն իրենց երկրի մասին հիշում են միայն ընտրությունների ժամանակ։ Ստանիսլավսկու լեզվով` նրանք սիրում են իրենց` քաղաքականության մեջ և երկրում, ոչ թե երկիրն իրենց մեջ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ