ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՍԱԼԻ ԵՎ ՄՈՒՐՃԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՍԱԼԻ ԵՎ ՄՈՒՐՃԻ ԱՐԱՆՔՈՒՄ
22.06.2010 | 00:00

Առաջատար երկրների տևական սակարկություններից, համարյա դետեկտիվ պատմություններից ու փոխադարձ հանդիմանություններից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պաշտպանեց հերթական (չորրորդ) բանաձևը, որն Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ խստացնում է նրա դեմ ուղղված պատժամիջոցները։ Քվեարկության արդյունքում բանաձևը պաշտպանեցին անվտանգության խորհրդի 12 անդամներ, այդ թվում` Արևմուտքի ճնշմանը երկար ժամանակ դիմադրող Ռուսաստանն ու Չինաստանը։ Բրազիլիան և Թուրքիան դեմ քվեարկեցին, իսկ Լիբանանը` ձեռնպահ։ Պատժամիջոցների նոր ծրարը նախատեսում է տնտեսության զգայուն ոլորտների որոշ տեսակներում, մասնավորապես, ուրանի հանքավայրերում ներդրումների բացառում։ Բացի այդ, հիմա արդեն հնարավոր կդառնա իրանական նավերի զննություն անցկացնել բաց ծովում։ Պատժամիջոցների նոր ծրարին համապատասխան, արգելված է Իրանին ութ ծանր զինատեսակների վաճառքը, մասնավորապես, հրթիռների ու մարտական ուղղաթիռների, ինչպես նաև խստացված է Իսլամական Հանրապետության այն բանկերի գործունեության վերահսկողությունը, որոնք ընդունակ են ֆինանսավորելու ատոմային հետազոտությունները։ Այդուամենայնիվ, Թեհրանի համար «կենարար օդի» չնչին հնարավորություն թողնված է. պատժամիջոցների պայմաններում նա առայժմ պահպանում է միջազգային էներգետիկ համաձայնագրեր ստորագրելու հնարավորությունը, որոնք կարող են փոխել կանոնները համաշխարհային էներգետիկ շուկայում։ Համապատասխանաբար, Իրանի կառավարությունն ակնթարթորեն օգտվեց այդ հանգամանքից և, Թուրքմենստանի հետ հաջող էներգետիկ պայմանագրերից հետո սկսեց ակտիվորեն աշխատել Տաջիկստանի ու Աֆղանստանի հետ։ Բառացիորեն օրերս Թեհրանը մի շարք պայմանագրեր կնքեց այս երկրների տնտեսության տարբեր ոլորտներում իրանական կապիտալի մասնակցության մասին և սկսեց ուժերի ու հնարավորությունների չափով նպաստել այն բանին, որ վերջիններս դուրս գան լուսանցքային խաղացողների գոտուց և մտնեն մեծ քաղաքականություն։ Այդ ակտիվացումն աննկատ չմնաց խոշոր խաղացողների կողմից, և խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե Թեհրանի մասնակցությունը Կենտրոնական Ասիայի կարևոր և անկայուն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև Թուրքիայի և Բրազիլիայի հետ իրանական ուրանի վերաբերյալ հայտնի հռչակագրի ստորագրումը նոր դիվանագիտական շղթա են հյուսում։ Շատ հետաքրքրական է, որ փորձագետները դա համարում են ոչ միայն մշտական խաղացողներին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Թուրքիային նեղելու փորձ, այլև պարսկախոս և շիայական յուրօրինակ կոալիցիա ստեղծելու Իրանի ծրագիր։ Այս կապակցությամբ հատկանշական է այն հաղորդումը, որ կիրակի օրը Իրանում կախաղան է բարձրացվել սուննիական «Ջանդալլահ» խմբավորման պարագլուխ Աբդուլմալեք Ռիգին, ում վերջերս ձերբակալել էին Դուբայից Բիշքեկ մեկնելու ճանապարհին, և որին 70 հանցագործության մեղադրանք էր ներկայացվել։ Թեև իրանական լրատվամիջոցները, սովորության համաձայն, հաղորդել են, թե Ռիգին խոստովանել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու ԿՀՎ-ի հետ, այդուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի հետ ծայրաստիճան բարդ հարաբերությունների, «իրանական զավթարշավից» և Թեհրանի հավակնություններից նրա դժգոհության համատեքստում արագ դատավարությունն ու կայծակնային հրապարակային մահապատիժը կանաչ դրոշի համար պայքարում իսլամական «մշակումների» տրամաբանական օղակ են թվում։
Այսինքն, պետք է ենթադրել, որ ՄԱԿ-ի միջոցառումներն ամենևին չեն մարել կրքերը, և այժմ խնդիրն արդեն ոչ թե դրանց ընդունումն է, այլ արդյունավետությունը։ Եվ ահա հայտնի է դարձել, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Իրանի դեմ ֆինանսական պատժամիջոցների նոր բլոկ են նախապատրաստում, մասնավորապես, այսպես կոչված, «երկակի նշանակության ապրանքների» դեմ, որոնք, արևմտյան գործընկերների կարծիքով, կարող են օգտագործվել միջուկային ծրագրի իրացման ընթացքում։ Նախատեսվում է նաև Իրանի նավթի ու գազի արդյունաբերության համար «նոր ներդրումների, տեխնիկական օգնության ու նոր տեխնոլոգիաների մատակարարման արգելք»։ Մեկ ամիս հետո եվրոպացիները, որոնց ամենամյա առևտրային շրջանառությունն Իսլամական Հանրապետության հետ մոտ 30 մլրդ դոլար է, պետք է արգելափակեն ոչ միայն բանկային, այլև ապահովագրական գործառնություններն Իրանի հետ։ Արգելքներ են մտցվում իսլամական հեղափոխության պահապանների հովանու ներքո պետական ընկերությունների կամ մասնավոր ձեռնարկությունների կողմից վերահսկվող իրանական նավերի ու ինքնաթիռների մուտքը եվրոպական ջրեր և օդային տարածություն արգելելու ուղղությամբ։
Այդ նոր նախաձեռնության առթիվ Չինաստանի արձագանքը դեռևս չի հրապարակվել, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ ԱԳՆ-ի կարծիքով` դա խարխլում է «երկխոսության և փոխգործակցության հիմքերը», և հենց որ մեծ ջանքերի գնով ձեռք է բերվում ընդհանուր փոխըմբռնում, «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դրա վրա կանգ չեն առնում և, կոպիտ ասած, քաղաքական քամահրանք են դրսևորում Ռուսաստանի հետ գործընկերության նկատմամբ»։
Ընդ որում, նշենք, որ եթե Վաշինգտոնի ու Բրյուսելի գործողությունները միանգամայն տրամաբանական ու հետևողական են, ապա Մոսկվայի վարուվերումները (պատժամիջոցների պաշտպանությունից մինչև C-300 հրթիռների մատակարարումների ու Բուշերի ատոմակայանի շինարարության շարունակման մասին հայտարարությունները) զարմանք ու նյարդայնություն են առաջացնում աշխարհում, ընդ որում` բոլոր կողմերից։ Այսպես, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, թե «Ռուսաստանի քաղաքականությունն Իրանի հանդեպ շիզոֆրենիա է հիշեցնում», և որ Մոսկվան նախընտրում է աչք փակել` հանուն «գործարքների»։ «Երբ ես երեք տարի առաջ Ռուսաստանում էի, Պուտինը, որն այն ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, հայտնեց ինձ, որ Ռուսաստանն Իրանին վերաբերվում է որպես Ռուսաստանին սպառնացող գլխավոր ռազմավարական վտանգի, սակայն, միևնույն ժամանակ, տնտեսական կապեր է պահպանում այդ երկրի հետ»,- պատմում է Գեյթսը։ Խիստ հատկանշական է, որ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից հետո Թեհրանը, իր հերթին, քննադատությունների ու սպառնալիքների տարափ չտեղաց ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ Պեկինի գլխին։ Դժգոհության գլխավոր նպատակակետը դարձավ Ռուսաստանը։ Եթե Իրանի խորհրդարանի հանգիստ ու կոռեկտ խոսնակ Ալի Լարիջանին շատ քաղաքավարի սկսեց խոսել երկակի ստանդարտների մասին, և որ «Ռուսաստանը միշտ աշխատել է այնպես անել, որ իրադարձությունները, հատկապես միջուկային ոլորտում, զարգանան իր սեփական շահերին համապատասխան», ապա Իրանի նախագահն իր դերի մեջ էր, կտրուկ էր ու անզիջում։ Ահմադինեժադին Կրեմլի այս բոլոր «դիվանագիտական աճպարարությունները», երևի, ձանձրացրել են, և նա Մոսկվայից պահանջեց ձեռնպահ մնալ «այնպիսի իրավիճակի ստեղծումից, որը կարող է իրանական ժողովրդին ստիպել Ռուսաստանը դասել իր պատմական թշնամիների շարքը»։ Այսինքն, աշխարհում չհասկացան ու չգնահատեցին հետևյալ խորամանկ թեզիսը` պատժամիջոցները չպետք է լինեն վնասաբեր ու ծանր Իրանի ղեկավարության ու ժողովրդի համար և առանց ավելորդ նրբանկատության Մոսկվային դրեցին ներդրումների և տեխնոլոգիաների «արևմտյան մուրճի» և ֆինանսական շահի «իրանական սալի» միջև։ Բոլոր կողմերից ճնշման աստիճանը, շատ հավանական է, այսուհետ ևս մշտապես կբարձրացվի, և ռուսական դիվանագիտության այն հաշվարկը, թե «խորամանկ» խուսանավման շնորհիվ կարելի է պահպանել Վաշինգտոնի բարեհաճությունը,՛ միաժամանակ իրենից չվանելով Թեհրանին, առասպելական է թվում։ Դա չի եղել և հազիվ թե լինի։ Ընդ որում, նկատենք, որ հարևանների միջև տարաձայնություններն այսօր չէ, որ առաջացել են։ Հիշենք, որ դեռ մեկ տարի առաջ Իրանում տեղի ունեցող հանրահավաքներում հակառուսական բովանդակությամբ կարգախոսներ երևացին, որ այնտեղ չհամաձայնեցին ՄԱԳԱՏԷ-ի առաջարկությանը և Ռուսաստանին չվստահեցին իրենց ուրանի հարստացումը, իսկ դա, ակնհայտորեն, կօգներ կանխելու պատերազմի եզրին հավասարակշռություն պահպանելու հնարավոր վտանգը։
Սակայն թվում է, որ մինչև «իրանական միջուկային գործի» հետ կապված պատմության վերջը և մինչև Թեհրանի համակրանքների ու հակակրանքների դրսևորումները դեռ շատ հեռու են, ինչպես, ի դեպ, հեռու է նաև այդ խոշորագույն տարածաշրջանային տերության ու նրա հարստությունների շուրջը խաղերի վերջը։ Եթե արևմտյան գործակալությունները հաղորդում են, թե հունիսի 18-ին Միջերկրականից Կարմիր ծով Սուեզի ջրանցքով անցել է ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի և Իսրայելի ռազմածովային ուժերի 12 նավ` մինչև 5200 մարդ անձնակազմ ունեցող «Հարրի Տրումեն» ավիակրի գլխավորությամբ, որն ընդունակ է կրելու ավելի քան 80 մարտական ինքնաթիռ, եթե ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը պնդում է, որ Թեհրանը կարող է միջուկային զենք արտադրել շատ կարճ ժամանակահատվածում` 1-3 տարում, եթե հունիսի 12-13-ը Բրյուսելում տեղի է ունեցել արտասահմանում գործող ադրբեջանական կազմակերպությունների համագումար, որտեղ որոշում է ընդունվել ստեղծել, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի ազատագրման ազգային ճակատ», ապա Բարաք Օբաման, ինչպես հաղորդում են նույն արևմտյան լրատվամիջոցները, շատերի համար խիստ անսպասելիորեն ծրագրում է ներգործել Կոնգրեսի ղեկավարների վրա, նպատակ ունենալով մեղմացնել Իրանի էներգետիկ հատվածին վերաբերող օրենսդրական բազան։ Այսինքն, ակնհայտ է, որ գաղտնաբանության սիրահարների համար տարատեսակ ենթադրությունների ու չարաշահումների դաշտը դեռևս մնում է շատ արգասաբեր։ Սակայն իրական և ոչ թե մտացածին աշխարհում ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ չէ։ Մեկ բան, ամենայն հավանականությամբ, շատ թե քիչ պարզ է. առայժմ, թվում է, ուժային տարբերակը դեռ անխուսափելի չէ։ Այս պայմաններում Իրանի վերաբերյալ նոր բանաձևը, ի տարբերություն սադամյան Իրաքի վերաբերյալ նախորդ բանաձևերի, ոչ թե անխուսափելի հարվածին դիվանագիտական նախապատրաստություն է նշանակում, այլ իրանական ղեկավարությանը միջազգային ընկերակցության հետ համագործակցության հարկադրելու ձգտում։ Թեհրանը, հնարավոր է, կանգնած է երկրի նորագույն պատմության մեջ ամենակարևոր միջազգային ընտրության առջև։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ