ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ՇՂԹԱՆԵՐԻ ԿԱՐՈՏՈՎ(կարոտաբաղձական օրհներգ)

ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ՇՂԹԱՆԵՐԻ ԿԱՐՈՏՈՎ(կարոտաբաղձական օրհներգ)
23.09.2011 | 00:00

«Իմ բաղձանքն է, որ մենք վերջապես վիրավորվենք, ցավ զգանք, քանզի կառավարելիությամբ իջեցված ենք կենդանական աշխարհի մակարդակին»։
«Անապատի հազար տարի»,

Տիգրան ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Ծաղկակաղամբը պլեբեյ էր, որ երազում էր ծաղիկ դառնալ»։
«Խոհերի արկածախնդրություն»,

Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նրանք սիրում են իրենց սեփական աշխարհը, նրանք չգիտեն` ինչ ասել է մարդկային երջանկություն, նրանցը լոկ անասնական է…»։
«Ծածկած շուկան»
, Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐՈՎԱՅՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ» (արհեստածին ավանդույթների գերիները)
Մեր առնական պապերի և գորովագութ տատերի հիմնարար դրույթներից է: Պատվի և արժանապատվության հուժկու համադրություն: Աներեր ու անողոք: «Գոմեշ մը կիդամ, մեղա չեմ իգա»: Ցնցող է: Բայց վարակիչ չէ: Վարակի կենսաբեր բացիլներն անհետ կորան անկախության հենց հաջորդ առավոտյան: Ո՞նց: Դավադիր և սահուն: Բարիկադի մի մասում ունեցվածքի ձեռքբերման ուրվականներն էին կենդանանում, մյուսում արժանապատվությունն էր քայքայվում, դառնում ժամկետանց ապրանք: Ինչպես Լեոնիդ Իլյիչի փչոցները «Մալայա զեմլյա»-ն միայնակ ազատագրելու մասին: Մի խոսքով, ավանդական արժեքները հոգին ավանդեցին: Փոխարենը բարդու պես վեր սլացան շերխանական կրքերը, մի հաստոցի գնով գնում ես մի ամբողջ գործարան, գործարանի հզորությունները փոխանակում իրանական սոդայախառն «պեչենու» և թուրքական ժանգոտ ձեթի հետ, լիացնում ես արհեստավարժ հարբեցողի գրպանի նման անարատ խանութներն ու շուկաները և... պետության հիմնասյունն ես, ազգի ապավենը: Առհասարակ, մեր նորանկախությունը պատմության թատերաբեմում ի հայտ եկավ նախ սպասարկելու ազգային օլիգարխիատին: Դրան էին միտված վայրենաբարո սեփականաշնորհումը, փառապանծ հաղթանակներն Արցախում, ժողովրդավարության շերեփուկների «հոպ-զիլինան» Սարսանգի ջրամբարից մինչև Կարապի լիճ և այլն: Ընդունելի է: Բայց երբ տնտեսական ձեռքբերումների ցանկում նշվում է նաև միջին ու մանր բիզնեսը, անկեղծ ասած, ծնոտս ահասարսուռ զարմանքից կախ է ընկնում: (Եվ ելման դիրք չի վերադառնում): Լավ, ընդունենք, որ միջին բիզնես, թեկուզ և մանկամսուրային ձևաչափում, այսուհանդերձ, կա: Իսկ մա՞նրը: Գուցե թե սա մեր գիտակցությանն անհասանելի մի բան է, մանր բիզնեսի հազարավոր գործիչներ, կրպակազուրկ դառնալով, համալրում են գործազուրկ-նպաստառուների բանակը: ՈՒ սա դիտարկվում է նաև որպես հանրային կյանքի նոր նվաճո՞ւմ: Գուցե: Սպասենք հետագա զարգացումներին:
Մի խոսքով, մեր գոյապայքարի անխտիր բոլոր ոլորտներում աննախադեպ են ձեռքբերումներն անցած քսան տարիներին: Քիչ է մնում համոզեն նաև, որ գնաճն էապես նպաստել է ժողովրդական լայն զանգվածների բարեկեցությանն ու ծնելության բարձրացմանը, որ օլիգարխ Z-ը բերանացի արտասանել է «Մի կաթիլ մեղրի» առաջին երկու տողը, որ կաթնաշոռը մուգ դարչնագույն է, իսկ Հովիկ Աբրահամյանը` քաղաքական մտքի տիտան:
Իսկ հիմա ենթախորագրին անդրադառնանք: Զարմանալի է ներկա հայ մտավորականների հոգեկերտվածքը: Հատկապես նրանց, ովքեր արժանանում են նախագահի ձեռքից որևէ շքանշան, կոչում (և այլ մի բան) ստանալու փառավոր բախտին: Ողջ տարին նրանք բողոքում են և մորմոքվում։ Լիովին տեղին: Զի մեր պետության վերաբերմունքը հանդեպ մեր ազգային մշակույթը, մեղմ ասած, հիշեցնում է Բազազ Արտեմի բարեգթությունը Գիքորի հանդեպ:
Սակայն ի՜նչ մեղրածոր ու հոգեթով են մտավորականների ժպիտները շքանշանի փայլի առջև: Եվ մի՞թե պետական ատյաններն այսքանից հետո իրավասու չեն է՛լ ավելի բազազանալու գիքորների նկատմամբ: Չէ՞ որ վերջիններիս դառնաբույր տառապանքը մշակութասպան մեր օրերում հակադարձ համեմատական է նրանց մայիսմեկյան ժպիտներում պարունակվող հավատարմահպատակային դոշաբին:

Միջանկյալ զեղում-հրատապ հեռագիր: Արգո (ոչ պարզապես հարգարժան, այլ արգոնավորդ պատվարժան) տիար Անդրեասյան, անսասան ՄԻՊ հայոց, սույնով խնդրում եմ վերականգնել ընտանեկան անդորրս, որ վերջնականապես բռնախախտվեց վերջերս կուսակցությունների հրատարակած թվաքանակային զեկույցների համատեքստում: Եթե ՀՀ չափահաս բնակչության թվաքանակը շուրջ 2 մլն է, իսկ կուսանդամների գլխաքանակը` մոտ 5 մլն, ապա ես, որպես անհանգիստ և մարտաշունչ ՀՀ քաղաքացի, առնվազն 2,5 կուսակցության անդամ եմ: Սույն խնդիրը ծառացած է հազարավոր ոչ կուսակցական, այսինքն` բարեկիրթ ընտանիքներում: Հարևան Սերոժը, խոսքի օրինակ, հարբած տուն է գալիս: Սերոժը կոյուղագործ է, վատ չի վաստակում, ու նրա շաբաթօրյա կերուխումերն առանձնապես չեն ազդում ընտանիքի բյուջեի երկնիշ աճի վրա: Բայց եթե նախկինում Սերոժի կողակցուհի Վարդուշը նրա առջև դուռը բացում էր հեգնախառն «բարով տեսանք, ալկաշ անտեր» բարեմաղթանքով, այժմ կուսակցահետապնդումներից մասնակի դիվոտել է ու վրա է պրծնում հենց շեմին` «Սուփրեն գցեք, ժամանեց …ականը»: Բնականաբար, Սերոժը հակադարձում է, որ «…ականն էլ ես …ականն էլ վրադիր»: Հասկանալի է, շոշափվում են հանրածանոթ կուսակցությունների անուններ: Մի խոսքով ես, ինչպես և շատ շատերը, հանդիսանում եմ 2,5 կուսանդամ: Սակայն ո՞նց, անհայտ է: ՈՒ դա մտատանջում է ինքնությունս: Խանգարում փողկապիս ընտրությանը: Խոչընդոտում է վերջապես ճաշս համեմելու գործընթացին, աղի փոխարեն հաճախ շաքարավազ եմ գործածում, բուսայուղը շփոթում եմ յոգուրտի հետ և այդպես շարունակ: Այնպես որ, տիար ՄԻՊ, հապշտապ միջոցներ ձեռք առեք, քանի դեռ շտապ օգնության մեքենաները բավարարում են ՀՀ բոլոր 2,5-ականների ոգու առողջության կիսանորմալ վիճակը պահպանելուն:

ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ (օրինապահ օրատորիա)
«Մենք առաջարկում ենք օրենքի մակարդակով Երևանում սահմանափակել խոշոր սուպերմարկետների թիվը, որպեսզի մանր ու միջին բիզնեսը կարողանա գոյատևել»:
Սա Արթուր Բաղդասարյանի համոզմունքն է: Իսկ նրա համոզմունքը, կներեք, հանրահավաքում հնչած հեղաշրջման կոչ չէ, որ, սովորաբար, երազախաբկանքից այն կողմ չի անցնում: Զի տիար Ա. Բ.-ն ոչ միայն կոալիցիայի համահավասարազոր անդամ է, այլև ՀՀ ԱԱԽ քարտուղար:
Ի դեպ, սա, ինչպես ռուսներն են սիրում ասել, ընդամենը հատապտուղներն են, մրգերի և բանջարաբոստանային մշակաբույսերը հերթում անհամբեր ճաքճքում են: Չէ՞ որ տիար Արթուրը ժամանակ առաջ ձեռնոց նետեց հանրային սոփեստությանը, համազգային օլիգարխիատին, կոալիցիոն խաղընկերներին: Մոտավորապես այսպես. «Ավելի լավ է հարյուր մարդ մեկական խանութ ունենա, քան մեկ մարդ հարյուր խանութ»: (Բակի կատակաբան-գործազուրկները խեղաթյուրեցին գաղափարը): ՀԱԿ-ական Բալաբեգը համոզված է, որ ոչ պակաս իմաստուն կհնչի, օրինակ, սա. «Ավելի նախընտրելի է, որ հարյուր մարդ մեկական (սեփական) կին ունենա, քան մեկ մարդը (օլիգարխը)` հարյուր կնիկ»: Բայց չհեռանանք տիար Արթուրի ամբիոնից և նրան զբոսանքի հրավիրենք եռագույն առագաստանավով: Իհարկե, պայմանական ժամկետով, մինչև որ սահմանափակվեն սուպերմարկետները Երևանում և հարյուր մարդ մեկական խանութ ունենա: Բայց ինչպես կենսագործել սույնը: Արդյոք սա հակացուցված չէ՞ իշխող գործընկերոջ գաղափարական հավատամքի` նժդեհականության բուռնաշալֆիկյան նորանկախ ըմբռնումներին: Եվ տեղակայվում է «Քեզ համար, Հայաստան» նշանաբանի նշանառության տիրույթներում: Չէ որ իշխող գործընկերոջ «Քեզ համար»-ում խոսք անգամ չկա նման մանրուքների մասին: Այստեղ հեղափոխաշունչ պատգամներ են և հույսի քարավաններ. «Հզոր բանակ», «Նոր աշխատատեղեր», «Զարգացող գյուղ», «Բարձր կենսաթոշակ», «Մատչելի առողջապահություն», «Որակյալ կրթություն» և «Մրցունակ գիտություն»: Հատկապես խռովեցուցիչ է առողջապահական հոգնան: Զի մինչև դրա հրապարակումը բժիշկներն ու հարակից անձնակազմը «հայավարի» սանդղակով էին տալիս-առնում: Սակայն երբ պարզվեց, որ «Քեզ համար, Հայաստանում» առողջապահությունը պիտի մատչելի դառնա, համակարգում ակնթարթորեն ուշքի եկան (չնայած հարվածն անսպասելի էր և դաժան) և հակընդդեմ քայլեր ձեռնարկեցին:
Այսպես, նախկին ազատամարտիկ Գվիդոնի (անունը պայմանական է) ամորձին վնասվել էր: Երկրորդ կարգի հաշմանդամության տեղեկանքն ու մարտական ուղու նկարագրությունը ձեռքին Գվիդոնս թակեց հիվանդանոցի դուռը: Նրան ուշի ուշով տեղազննեցին և հուշեցին. նախ` ձեր մարտաշունչ ամորձին անհապաղ ենթակա է հեռացման, և երկրորդ` այս հիվանդությամբ պետպատվերի շրջանակում սպասարկվում են մինչև յոթ տարին չլրացած մանչերը:
Գվիդոնը վաճառեց ամառանոցը և սևերես չմնաց վիրաբույժի, բուժակի, բուժքրոջ, բուժվերելակավարի, բուժբուֆետապանուհու, բուժհավաքարարի և բուժպահակի մոտ:

ԵԼԻ՛Ր, ՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԱՆԻԾԵԼ Է (մարտակոչ վերջաբանի փոխարեն)
Հակոբիչը խոստումներ չէր տալիս: Շինիչ ծրագրեր էր առաջարկում: Հորդորում բախել դրկիցի դուռը։ Եվ ահա մեր ազգային տնտեսությունում սաղմնավորվեցին առաջին շերխանիկները:
Սեդրակիչը գերազանցեց Հակոբիչին ազգապետափրկիչ նշանաբանով` «Իմ կուսակցությունը ժողովուրդն է»: Նա ազնիվ և վերջնագրային էր: Նրա ժողովուրդը շերխանացած դոդոշներն էին և շակալացած գորտնուկները:
Ազատիչը շրջանցեց նախորդներին, գերազանցեց ինքն իրեն: Մենք զարգանում ու քաղաքակրթվում ենք ինչպես երբեք:

Իսկ մեզ ինչ է մնում: Միայն մի բան։ Ընդունել նրանց մարտահրավերները, վիրավորվել ու ցավ զգալ: Բարձրանում են գները, Շեր-խանն ու գորտնուկները թքո՞ւմ են մեր հոգու խորքերը… մեկ օր, երկու օր, երեք օր և կտրականապես շրջանցում ենք նրանց վաճառատները: Թող նեխի ու գարշահոտի նրանց հավկիթն ու պանիրը, ձուկն ու միսը, կարագն ու մնացյալը: (Նաև խղճմտանքը, արծաթյա զուգարանակոնքը և կուստոմսերի հավաքածուն)։ ՈՒ տեսեք, թե ոնց են խելքները գլուխները հավաքում: Թե չէ ի՞նչ, մեր հոգին պղտորում են, մենք շնչապատառ ծափ ենք զարկում և ուս ուսի շուրջպար բռնում երկիրը թլպատած խառնածինների հետ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ