ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞ՒՐ ԳՆԱ ԹԱՄԱՐԸ, ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԱՌԸ

Ո՞ՒՐ ԳՆԱ ԹԱՄԱՐԸ, ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԱՌԸ
10.06.2011 | 00:00

(դասակարգային շեփորականչ)


«ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մենք այնպես ենք ապրում, ասես թե չենք ապրում,
Ասես թե ապրում ենք ինչ-որ մեկի հաշվին։
Այդպես հորթն է ապրում, ոչինչ չիմանալով,
Թե ինչ գրվեց մի օր իր դաբաղած կաշվին։

Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ, «Շավղից դուրս»

ՊԻՈՆԵՐԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ` ՊԻՆԳՊՈՆԳԱՅԻՆ ՍԵՎԵՌՄԱՄԲ
(ճամբարային հուզումներ)

Կեցցե՛ք, բուրժուաներ հայոց։ ՈՒ նորանկախ մեր երեսփոխաններ։ Նաև, անկասկած, խորհրդատուներ, օգնականներ, ճառասացներ և խնկարկուներ։ Դե, եթե կա խնկարկման օբյեկտը, սուբյեկտն ի հայտ կգա ինքնաբերաբար։ Կեցցե՛ք, զի փրկեցիք խորհրդային ամենադաժան լծից, խցից, փակուղուց... պիոներական ճամբարներից։ Աղետ էր, ուրիշ ոչինչ։ Ջոկատավարները ջոկ առ ջոկ մարմնակրթում էին մանուկ ու պատանյակ։ Այսինքն, առավոտյան վերկաց, լիցքային վարժանք, ժայռամագլցում հանդիպակաց ձորում և գորտալող հարևան առվակում։ Ամենն անվճար, ձրի, «հոր խերի»։
Անվճար էր նաև սնունդը` նախաճաշ, ճաշ ու ընթրիք, անվճար էր կիրակնօրյա կինոն, լեռնային պղպջուն օդն ու գեղեցկուհի ջոկատավար Նանարի «տեղազննումը» լուսնկա գիշերներին։ Հասկանալի է, վերջին համաճամբարային ելուզակությունը տղաների մենաշնորհն էր և պատվի գործը։
Եվ ահա կայտառ, գիրուկ, թարմաշունչ ու քիչ երազկոտ դպրոցականները տուն էին դառնում։ ՈՒ հայտնվում սիրագորով տատիկի կարոտակեզ գրկում։ Ա՜յ, հենց սրա համար էլ Սովետը քանդվեց։ Տարեկան քանի միլիոն ձրի բերան ու անվճար կոկորդ էր բավարարում խեղճ ու կրակ կայսրությունը։ Վրադիր էլ աշխատավարձ վճարում պատանի ու մանուկ ճամբարական-ձրիակերների հանգիստն ու բուժումը կազմակերպող նույն օրիորդ Նանարին, ավագ ջոկատավար, 80-ամյա հավերժ պիոներ ընկեր Վարդանին, ամռան երեք ամիսը մանկաբույժ աշխատող անասնաբույժ Գվիդոնին, ճամբարի պետ Սաղաթելին, այգեպան Մացակին, մանտյոր Սաշիկին և ուրիշների։
Իսկ բակային ճամբարնե՞րը։ Չէ, սա հատուկ պատմելու բան է։ ՈՒրեմն, ում բախտը չէր բերում ճամբարական դառնալու Հանքավանում կամ Ստեփանավանում, «երկրորդ ընթերցմամբ» ճամբար էր բացում սեփական բակում։ Այ գործ եմ ասե՜լ... Չորս ժամ տքնում ես, երեք ամիս ղեկավարում։ Էդ ո՞նց է, ցասկոտ վեր են թռչում լճիցլճյան պատվավոր ընթերցող Բլբուլ Թռչունյանն ու Թռչուն Բլբուլյանը։ Շատ հասարակ, ասում եմ, հյուրասիրում համազգային դելիկատես-ընթրիքով (300-դրամանոց կարտոֆիլի պյուրե, Հյուսիսային Կովկասի անցակետերից մեկում արտադրված «Սմիռնով» օղի և, բնականաբար, հայկական տնտեսական էլիտայի վերնակույտային-գաստրոնոմիական «մուրազը»` քյաբաբով լցոնված ալանի) և մեկնաբանում եղելությունը։
ՈՒրեմն էսպես` 1 դրոշակ, 17 փուչիկ, 32 մետր պարան, 50 կտոր կավիճ։ ՈՒ ճամբարը պատրաստ էր մեկնարկի։
Առավոտ վաղ շրջակա բազմահարկերի մանուկները հավաքվում էին փուչիկազարդ ու դրոշակակիր բակում։ Մարզական թռի-վռի, գաղափարական երգերի և ոտանավորների ուսուցանում, զանազան մրցույթներ, զարմանազան վիկտորինաներ և այլն։
ՈՒ այս ամենը ձրի, անվճար, «հոր խերի»։ Եվ դեռ ճամբարականների պնդերեսությունը բավարարում էր մանուկ-պատանի հացկատակներին Գառնի ու Գեղարդ, Սևան և Դիլիջան հասցնելու, լողացնելու, պատմամշակութային շաքար-լոխումով գանգատուփերը լցոնելու և այլն։
Բնականաբար, ճամբարի պետն ու ջոկատավար-մոկատավարները պետությունից աշխատավարձ էին ստանում, պոետները հյուր էին գալիս, բուժքույր Վարդուհին օրումեջ անհույս սիրահարվում էր ճամբարի պետ ընկեր Վռամին և այլն։ ՈՒ սա էլ, իհարկե, ի հաշիվ Խորհրդային Հայաստանի մասամբ հակախորհրդային բյուջեի։
Եվ նաև այս ամենի պատճառով էր, որ աշխարհի թաց ու չորի տեղերը խառնած երկրի մայրիկը, հասկանում եք, անշուշտ, մի օր մղկտաց։
ԳԻՔՈՐԱՊԱՏՈՒՄ
(հուզումների վերջաբանը)

Իսկ հիմա՜։ «Գլուխ ունե՞ս, քորի՛ր գանգատուփդ, անկախական սերունդ» նշանաբանն է գործողության մեջ։ Այսինքն, ապավինիր սեփական ուժերիդ։ Եվ ապավինում են։ Առավոտ է։ Մանկապատանեկան տարիքի երկսեռ սերունդն ուշիմությամբ և ամենահասությամբ գերազանցում է անգամ հայոց լեռնաշխարհում հայտնի և դեռևս անհայտ երկկենցաղներին։ ՈՒ գործի է անցնում։ Նախ` պաղատանքով (ոմանք նաև սադրանքով) օրվա «պայոկի» խնդիրն են լուծում, առնվազն երկու պաղպաղակ, մեկ հոթ-դոգ (տաք շուն) և երկու պեպսի։ Սա նշանակում է երկու բան։ Նախ` ձևավորվում է անկախ երկրի ազատ վարք ու բարքի տեր, նախաձեռնող և մրցունակ քաղաքացին։
Այնուհետև` պապ ու տատի կենսաթոշակի առյուծի բաժինն է դրվում շրջանառության մեջ։ Ասել է` էապես խթանում ենք հայրենական արտադրողին, զարգացնում ենք շուկան, նպաստում հարկերի հավաքագրմանը։
Բայց սա ամենը չէ։ Շատ ավելի մեծ, հայրենակարոտ, պետականաշեն և հոգեցունց մի բան էլ կա։
Երբ, օրինակ, ԱԺ խոսնակը թաղահամայնքային (ցանկալի է մայրաքաղաքի արվարձաններից և սահմանամերձ հյուղակներից) առաջավոր թոկից փախածների պատվիրակությանն է ընդունում, հոպարավարի «ջիգյարախառը» հարց ու փորձ է անում, պինգ-պոնգ խաղում և առաջարկում միասին լուծել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները։
Խենթանալու աստիճանի հնարամիտ է։ Ժողովրդավարական ղշերն ու արտույտներն են թև առնում, բյուջեն անգամ մի քոռ կոպեկ չի կորցնում, մանկտիք էլ լուսապայծառ (թեպետ մի քիչ թախծոտ) հայացքով են նայում ԱԺ այգու սևաոսկեգույն պարսպից ներս։
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(քողազերծում)

Վրաց ազգային էպոսը համոզում է, թե նրանք (իրենք) կրտսեր եղբայրն էին, մենք, հայերս, ավագը։
Մենք մի 3-4 հազար տարի է` սրանում ինքնահամոզված ենք։ ՈՒ վառ ենք պահում եղբայրական աստիճանահարգության ատրուշանները։ Սադախլոյի անցակետից մինչև Բաթումի սրճարաններ։
Դե գիտեք, ինչ-ինչ, սակայն դրացու, եղբոր, միջպետական պայմանագրի և ՄԱԿ-ի համաձայնագրերի հարցում մենք ոչ միայն ծայրահեղ պարկեշտ ենք, այլև հնարավորինս գործնական։ ՈՒ այս ամենը հենվում է «Հայոս-Քարթլոս» դյուցազներգությանը։ Որտեղ, ի դեպ, ասվում է, որ կրտսեր եղբայրը պիտի խոնարհ ու հեզ լինի, ավագը պիտի լինի հոգատար և հոգսաշատ։ Գուցե այսպես է, գուցե ոչ։ (Լճիցլճյան գրապահոցում «Հայոս-Քարթլոս»-ի մեկ օրինակ է պահպանվել... վիետնամերեն)։
Եվ ահա մենք, ավագ եղբոր գերագույն պարտավորությամբ առլեցուն և Վրաստանի տնտեսության խախուտ վիճակը «շողուլի բերելու» վճռականությամբ, զբոսաշրջային գերակայություն ենք հայտարարում վրացական լողափերի ծաղկունքը, կայացումն ու կայունացումը, բարգավաճումն ու օրինավորությունը։ Ցնծա՜ ու փողփողա դրոշ եղբայրության, 2011-ի ամռանը ևս, ի հեճուկս հայկական շուկայի շոկային ալեբախումների, Բաթումի, Մախինջաուրիի և Քոբուլեթի խմորհունցները, սրճեփներն ու լողափային կլանների հաշվապահներն անգործ չեն մնա։ Երեք ամիս արևկող ենք անում եղբայրական ծովափերում, տարին բոլոր կրտսեր եղբայրն անվրդով ննջում է և հոգեզմայլ հորանջում... բերանը դեպի հայկական երկաթգիծ։ Այս ամենը, կներեք, հո ձեռքի հետ չնվաճվեց։ Ինչը հուզախռով համոզում են հայրենի ընդդիմադիրները։ Շուկա կա, վարկային պարտավորություններ, կրոնի և խղճի ազատություն, ՄԱՀ-ի վերահսկողություն, արքեպիսկոպոսական բենթլի...
Շուկա կա և շուկայամերձ պարտամուրհակներ։ Որոնք (պարտամուրհակներն ու պեպոները) հասկանալի է, պահանջատեր են և ներդրած յուրաքանչյուր լումայի դիմաց անթիվ սիրո խոստովանանքներ են պահանջում։ Մասնավորապես, որ յուրաքանչյուր ձեռնարկում, քայլ, քայլարշավ և անգամ սրտակեղեք հեծկլտանք` եղբայրական-արևավառ վրացական «դոշին» պիտի շուկայաբարո հիմնավորվեն։
Դե, հանուն «մեր կովկասյան կոլխոզի», ո՞նց չհիմնավորես։ Հիմնավորում ենք, ապացուցում, պատին դեմ տալիս։ Սակայն շուկայաբարո, գիտական հիմնավորումներով։ Բագրատյանաբար։ Իսկ ի՞նչ է պահանջում, քարոզում, ենթադրում և ջատագովում նորանկախ մեր շուկան։ Կեցցե՛ք։ Ճիշտ իննյակին մեխեցիք ձեր պատասխանը։ Շուկան (Շրի Լանկայում լինի, Իսլանդիայում, թե Հյուսիսային պողոտայում) ենթադրում-պահանջում-ջատագովում է իրերի բնական ընթացք, վերահսկողության անվերահսկելիություն, բնական հյութերի անբնականություն, պարտավորությունների վազանցում, գնային սանդղակի խումհար և այլն, և այլն։
Այսպիսով, հայկական շուկան` ազատականության շեփորահարն ու ամենաթողության օրենսդիրը տարածաշրջանում (նաև Վանից Նուբարաշեն, Վանոյից Թամամյան, Հակոբիչից էլ Սեդրակիչ), ավագ եղբոր աննկուն խնամառությամբ իր վրա է վերցնում նախաձեռնությունը (գերանի հաստ ծայրը` համաձայն բոլշևիկյան բարբաջանքի) և... փթթո՜ւմ է ընդդիմադիր Աբիսողոմի սեգ դդումը, ծփո՜ւմ են իշխանամետ Վալոդիկի ժամկետանց ձկնապուրը, թանապուրը, խավիծն ու շորվեն։
Այսպիսով, ինչ հուշեց, այնուհետև պարտադրեց գերանի հաստ ծայրը։ Մեր վարկասուն և բուջեասպան շուկայում հանգստյան տան ուղեգրերի գները ուղղաձիգ վեր սլացան։ (Նման փորձ կուտակեցինք, չմոռանանք, հավկիթա-պանրա-կարտոֆիլային հրաբխի ժայթքման ժամանակ)։
Միով բանիվ (ի՜նչ վեհաշունչ է հնչում) ՀՀ բազմատանջ քաղաքացին վաղ առավոտյան լիցքավորում է մարմնակրթմամբ, տնտեսական երկնիշ աճով։ Մարքսիստ Դավիթի քաղաքագիտական հոգնաներով։ Այսպես տարին բոլոր։ Եվ ահա նա ճանապարհ է բռնում դեպի մոտակա զբոսաշրջային գործակալության դրամարկղ։ Նպատա՞կը... հասկանալի, պարզ և հայրենակարոտ, խնայած գումարը նվիրաբերել (կներեք հազար ու յոթ հարյուր վեց անգամ, բայց էս բանը մոգոնողի...) հայրենական գործակալությանը, հանգստյան տան մերսողին, գրբացին, մանրավաճառին և, դարձյալ բյուր ներողագրեր, մարմնավաճառին։ Բնականաբար, հայրենանվեր ենթատեքստով։ Է, ետքը՞։ Ետքն այն էր, որ կատաղի ընդդիմադիր կեցվածք ընդունած հայկական գներն ստիպեցին ՀՀ քաղաքացիներին ընտրություն կատարելու հուռռա՜ հայրենասիրության և ոչհուռռա՜ տնտեսական հաշվարկի միջև։ ՈՒ կատաղեցին։ Եվ կեցցե՛ վրաց-հայկական բարեկամությունը` լողափախաչապուրային ենթատեքստով։ Եվ ազգամիջյան սեռահարումներով։
ԿԱՐԿՈՒՏԻ ԾԵԾԱԾ ՏԵՂԸ
(լրջախոհ վերջաբան)

Բայց համա թե նաֆս ունեն ներկրողները։ Կարկուտը նրանց դաշնակիցն է հավատարիմ, գործունյա և անշահախնդիր։
Բայց սա դեռ մի կողմ, սրա դեմ խաղ չկա, ոչ էլ ճար ու հնար։ Բայց երբ կարկուտը ռմբահարում է հենց հակակարկտային կայանների շրջապատը, մտորելու տեղիք է տալիս։
Բայց որ ձեռքի հետ էլ «բամփում է» կայանի վզակոթին, ակամա սկսում ես մտածել, որ սատանի մատն է խառը։ Կամ էլ նախորդ գյուղնախարարների ուրվականներն են ձեռք ձեռքի տված «հարամ անում» մեր «հալալ» վաստակը։
Քեզ համբերություն, տիար նախարար Սերգո Կարապետյան։
Եվ ի տեղեկացում` կարտոֆիլի գինը նվազագույնը 2011-ին կազմելու է 200 դրամ։ Զուր խոստումներ մի շռայլիր, իմ պատվարժան բարեկամ։ ՈՒ թե բան է, 200 դրամից վար իջավ, որպես պատժի առավելագույն աստիճան, անդամագրվում եմ Կարապետիչի կուսակցությանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ