ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեզանում հարգվում է ոչ թե մարդը, այլ` թե ով է նա

Մեզանում հարգվում է ոչ թե մարդը, այլ` թե ով է նա
25.12.2023 | 11:05

Բոլոր ազգերը եզակի են, անկրկնելի և յուրահատուկ։ Նրանցից յուրաքանչյուրն իր առավելություններն ու իր թուլություններն ունի` պայմանավորված ազգային սովորույթ-ավանդույթներով ու մենթալիտետով։

Հայերս բացառություն չենք ու տարբերվում ենք մյուս ազգերից։ Բայց մենք գերազանցապես տարբերվում ենք այնպիսի հարցերում, որն աբսուրդ է, անտրամաբանական, հակագիտական ու անգամ հակամարդկային է։

Օրինակ, որևէ ազգում նման «մտքի թռիչք» չեք գտնի` «Արցախը տանք, որ լավ ապրենք»։ Այսինքն իր հայրենակիցների, ազգակիցների մի մասին ստորաբար դավաճանի, զոհաբերի, որպեսզի ինքը լավ ապրի։ Կամ խոստովանի, որ ինքը մի լավ օրում չէր, դրան գումարվել է այն, որ հարևանը ավտոմեքենա է գնել:

Բայց մեզ յուրահատուկ մի այլ հարցի մասին կիսվեմ։ Նկատի ունեմ օտարամոլությունը, սեփական արժեքների վրա թքած ունենալն ու ուրիշինը, օտարինը պաշտելը։

Այսպիսի հայտնի խոսք կա` «Չկա մարգարե յուր հայրենիքում» (Нет пророка в своем отечестве), բայց սա մեզանում պայմանավորված է ոչ միայն սովորական անտարբերությամբ ու իր հայրենակցին չնկատելով կամ չհասկանալով, այլև մեզ հատուկ այլ պատճառներով` նախանձով, էգոիզմով, անհանդուրժողությամբ, չարամտությամբ ու չարակամությամբ (սա ո՞վ է, որ...)։

Մեր ժամանակների մեծ հայերից մեկի` տաղանդավոր գիտնական ու քաղաքագետ Արա Հարությունյանի անունը շատերը չեն լսել, նրան չեն ճանաչում։ Նրա բազմաթիվ աշխատությունների, հարյուրավոր հոդվածների, գրքերի հանդեպ մեզանում որևէ հետաքրքրություն չկա, այն պատճառով, որ նա հայ է, մեր հայրենակիցն է և «նա ո՞վ ա, որ»...

Արա Հարությունյանի անունով զետեղված գրառումները, մտքերը երիցս, բազմիցս ավելի քիչ արձագանքներ են ստանում, քան` երբ դրանք ներկայացված են լինում օտարահունչ անծանոթ անվամբ։ Այսինքն կարևորում են ոչ այնքան կամ ոչ միայն արտահայտած միտքը, խոսքը, այլ թե ով է դա ասողը, մեր հայրենակի՞ցն է, թե՞ այլազգի:

Տարիներ առաջ, երբ երիտասարդ էի, խոսք էր բացվել աֆորիզմների վարպետներից մեկի` Լառոշֆուկոյի մասին։ Ես ասել էի, որ նման մտքեր հնարելը շատ ավելի հեշտ է, քան նովել, վիպակ կամ վեպ գրելը։ Ասել էի, որ շատ վեպերում կարելի է նման բազմաթիվ մտքեր գտնել։ Ասել էի նաև, որ ես էլ կարող եմ նման մտքեր (աֆորիզմներ) գրել, որին ընդդիմախոսս արձագանքել էր արհամարհալից ծիծաղով։

Գրազ էինք եկել։ Հաջորդ օրը ես նրան ներկայացրի հայտնիների, մեծերի հիմնականում անհայտ ու սովորական աֆորիզմներից` առանց անունները նշելու, և իմ գրած մի տասնյակ մտքեր (անհարմար եմ համարում աֆորիզմ անվանել)` դարձյալ առանց հեղինակի անունը նշելու, մյուսների հետ խառն։

Ընդդիմախոսս կարդաց ու ընտրեց իմ գրածները և սկսեց ծաղրել մյուսները, կարծելով, թե դրանց հեղինակը ես եմ։ Համոզված եմ, որ նա պատճառներ կհնարեր ու ծաղրեր իմ գրածները, եթե նախապես նշած լինեի հեղինակների անունները։

Այսինքն` մեզանում հարգվում, անվերապահորեն ընդունվում, արժևորվում է ոչ թե մարդը, նրա կատարածը, նրա ստեղծածը, այլ` թե ով է նա, և նա անպայման պետք է անծանոթ, օտար լինի։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 4438

Մեկնաբանություններ