ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երկու դարասկիզբների համեմատությունը

Երկու դարասկիզբների համեմատությունը
29.11.2023 | 21:50

«Այն, ինչ եղել է, նույնն էլ պիտի լինի, և այն ինչ կատարվել է, նույնն էլ պիտի կատարվի: Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո, որովհետև ոչ ոք չի կարող ասել՝«Ահա սա նոր է», քանի որ դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ» (Ժողովող 1:9-10):
«Ինչ որ եղել է, հիմա էլ կա, և ինչ որ պիտի լիներ, եղել է արդեն, և ԱՍՏՎԱԾ կփնտրի հալածվածին» (Ժողովող 3:15):

Պատմության ընթացքում հաճախ են կրկնվող իրադարձություններ լինում և վերջին հարյուրամյակի ընթացքում մենք դրա վկաներն ենք ու ականատեսները: Փորձենք հիշել վերջին հարյուրամյակի սկզբում ու վերջում եղած անցքերը, բաղդատել միմյանց հետ և նշել նմանություններն ու տարբերությունները:

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Նախորդ դարասկզին եղավ ցեղասպանություն, պատմական հայրենիքի հայաթափուm- 21-րդ դարի սկզբում եղավ սպիտակ եղեռն, Հայոց Արցախ աշխարհի հայաթափություն:

2. Եղավ ռուսական կայսրության փլուզում – եղավ սովետական կայսրության փլուզում:

3. Եղավ համաշխարհային պատերազմ – այժմ էլ՝ ըստ որոշ վերլուծաբանների, նոր համաշխարհային պատերազմի մեջ ենք գտնվում:

4. Եղավ Հայաստանի անկախության վերականգնում – այժմ էլ նույն փաստն ենք արձանագրում:

5. Եղան ջանքեր անկախության պաշտպանության համար – ներկայում էլ նույնն է:

6. Ասպարեզ եկավ մի Վլադիմիր – այժմ էլ մի ուրիշ Վլադիմիր է գործում:

7. Եղավ Վլադիմիրի ու Աթաթուրքի դաշինք – հիմա էլ կա Վլադիմիրի ու Էրդողանի բարեկամություն՝ հայության թիկունքում:

8. Եղավ Սարդարապատի հերոսամարտ – եղավ Շուշիի, Արցախի ազատագրում և հաղթություն:

9. Սարդարապատի հերոս առաջնորդներն ու զորավարները անկախ Հայաստանում զբաղվեցին ալան-թալանով, արծաթապաշտությունը մթագնեց առողջ բանականությունը – մեր օրերում էլ եղանք դրա ականատեսները, թե ինչպես պատերազմի հերոսներից շատերը մեկնվելով հաղթանակի դափնիների վրա, վերածվեցին մի որևէ կենսական նշանակության ծորակի իշխանի ու տիրակալի (հացի, ջրի, շաքարի, գազի, կապի, հաղորդակցության, վառելիքի, մետաղների, հանքերի և այլն) և զոհեր պահանջելով ու կերպարանափոխվելով դարձան չինական հայտնի հեքիաթի վիշապները:

«Եթե վախենաք ՏԻՐՈՋԻՑ, ծառայեք ՆՐԱՆ, հնազանդվեք ՆՐԱՆ, չհակառակվեք ՏԻՐՈՋ Ասածին, դուք ու ձեզ վրայ իշխող թագավորը գնաք ՏԻՐՈՋ հետևից, ապա ՏԻՐՈՋ Ձեռքը ձեր ու ձեր թագավորի դեմ չի լինի։ Իսկ եթե չհնազանդվեք ՏԻՐՈՋԸ, հակառակ գնաք ՏԻՐՈՋ Ասածին, ապա ՏԻՐՈՋ Ձեռքը ձեր և ձեր թագավորի դեմ կլինի» (Թագավորություններ Ա 12:14-15):

10. Սյունիքում Լեռնահայաստանի առաջնորդների կողմից Արցախի հայությանը միանալու առաջարկ եղավ և նրանց կողմից մերժում՝ ռուսական ուժերին ապավինությամբ – այժմ էլ արցախցիները հայտարարելով, որ Արցախի ու Հայաստանի միջև կարմիր գիծ կա, ձախողեցին հայոց ուժերով միասնական հայրենիքի ինքնապաշտպանությունը և, ի վերջո, ռուսական ու միջազգային քաղաքականության արդյունքում հանձնվեցին ու փախան Արցախից:

«Դու ապավինել ես այդ ջախջախված եղեգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթե մարդ հենվի, ձեռքը կծակի ու նա կխոցվի դրանից: Այդպիսին է Եգիպտոսի փարավոն արքան բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա» (Թագավորություններ Դ 18:21):

11. 1920 թ. աշնանը դավադրությամբ, առանց դիմադրություն ցուցաբերելու, թշնամուն հանձնվեց լավ զինված ու հզոր կայազորով անառիկ Ղարսի ամրոցը – 2020 թ. աշնանը նույն կերպ թշնամուն հանձնվեց անառիկ Շուշին:

12. Եղավ ռուս բոլշևիկների կողմից Արցախի նվիրաբերում ադրբեջանցիներին – այժմ էլ ռուսական ակտիվ միջամտությամբ հազարամյակներով անցած Հայոց Արցախ աշխարհը մի քանի օրում հայաթափվեց ու ընկավ:

13. Եղան կարճամիտ, ապաշնորհ, ինքնագոհ ու հպարտ, հայրենասիրությունն իրենց համար վերջին հանգրվան դարձրած, աթոռներից կառչած բախտախնդիր ու դուխով հայ պետական, քաղաքական ու ռազմական գործիչներ – այժմ էլ դրանց սակավություն չի զգացվում:

«Իրենք թագավոր կարգեցին, բայց ոչ ԻՆՁՆՈՎ, իշխաններ կարգեցին, բայց ԵՍ չիմացա. իրենց արծաթով ու ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որտեղից էլ կործանումն է» (Օսէէ 8:4):

14. Սարդարապատից հետո Հայոց քաղաքական դաշտը պառակտված էր տարբեր կողմնորոշումներով շեղված կուսակցությունների ու գործիչների կողմից – մեր օրերում էլ ականատես ենք նույն իրավիճակին՝ ռուսամետություն, ամերիկամետություն, եվրամետություն և այլն, ընդհուպ մինչև իսկ թրքամետություն:

15. Նախորդ դարի սկզբում քանդում էինք եկեղեցիները, հոգևորականներին էինք հալածում սպանում – այս դարի սկզբում էլ արծաթասիրության կռապաշտությամբ տարված, աղանդների մեջ տրոհված դատարկ ենք թողել մեր Եկեղեցիները:

16. Լսելով Ֆրանսիացիների ու թուրքերի համաձայնությունների մասին, չապավինելով ԱՍՏԾՈՒՆ ու սեփական ուժերին, լավագույն սպառազինությամբ ապահովված հայությունը վայր դրեց զենքերը, նստեցին ֆրանսիական նավերն ու լքեցին սիրուն Կիլիկիան՝ իրենց վրա կրելով ֆրանսիացի գեներալի նախատինքն ու արհամարհանքը, թե դուք իրավունք չունեք հայրենիք ունենալու – մեր օրերում՝ նմանատիպ պայմաններում լքվեց հազարամյակներով պատմական հայրենիքի Արցախ աշխարհը՝ իր բոլոր սրբություններով և թուրք էրդողանի բերանով հակադրական համեմատություններ են արվում արաբական Գազա տարածքի ու Արցախի բնակչության միջև:

«Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը և մեր շուրջը եղողների ծաղրուծանակը» (Սաղմոս 78:4):

17. Կար սեփական բանակը կերակրել չուզող, ծառայելուց խուսափող, օտարի զորքին հույս դնող, քրիստոնյա կոչվող, բայց անհավատ մի ժողովուրդ – մեր օրերում էլ դա ենք տեսնում։

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(այնքան էլ շատ չեն, ահա դրանցից մի քանիսը` ամենակարևորները)

1. Անցած դարասկզբում տարբեր ասպարեզներում բազում էին ազգային, պետական նվիրյալ գործիչներն ու մեծերը՝ Թումանյան, Իսահակյան, Կոմիտաս, Անդրանիկ, Նժդեհ, Դրո, Սարյան, Չարենց, Մյասնիկյան և այս ցանկը կարելի է երկար, անվերջ շարունակել – այս դարասկզբին չկան նրանց համարժեք ու հավասարազոր գործիչներ: ՏԵՐՆ ուզեց մեզ հասկացնել, որ հաղթանակներն ու ձեռքբերումները ոչ թե առաջնորդներով են կերտվում, այլ ԻՐ Զորությամբ:

2. ՈՒնեինք մի եկեղեցի, որը եղավ մեր Սարդարապատյան Հերոսամարտի խթանողն ու ոգեշնչողը, ժողովրդին ահազանգողը, որը ճակատամարտի ողջ ընթացքում Մայր Աթոռից առ ԱՍՏՎԱԾ աղոթքի կազմակերպողն ու զանգերի անդադար հնչեցնողն էր – մեր օրերում տևական ժամանակ փակված են Մայր Տաճարի դռները, լուռ են զանգերը, եկեղեցու ղեկավարությունը որդեգրել է դիտորդի կրավորական պահվածք:

Արցախի թեմի ղեկավարությունն ընդհանրապես հեռու էր իր թեմից:

Չեղավ դարերի խորքից ժառանգությամբ մեզ հասած ու մեր կողմից առավել շատացրած, համընդհանուր մեղքերից ազատագրման՝ ապաշխարության մի լուրջ հոգևոր խորհուրդ և արարողություն՝ ՏԻՐՈՋ հետ մեր հարաբերությունների կարգավորման համար:

Իսկ այս ամբողջի անփառունակ ավարտը եղավ 2023 թ. հոկտեմբերի 1-ին Էջմիածնում Մեռոնօրհնեքի փոխարեն հապճեպ կատարված պատարագը, որը հայտարարված էր հանուն Արցախի և որի անփույթ մատուցման ընթացքում չեղավ հրաժարում, զղջում, խոստովանություն ու ավարտին էլ Ամենասուրբ Հաղորդությունը տրվում էր ծառերի ու պատերի տակ, որն էլ գայթակղություն եղավ շատերի համար:

«Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով: Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, ԻՄ Աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին» (Եսայի 1:15-16):

Ահա սա է մարգարեի բերանով ՏԻՐՈՋ պատասխանը բոլոր այն մարդկանց, որոնք թե՛ առաջ և թե՛ հիմա հարցադրում են, թե ինչոu՞ մեր բազում աղոթքներին ՏԵՐԸ չի անդրադառնում: Առանց ապաշխարության, առանց մեղքերից ազատագրման անպատասխան կմնան նույնիսկ ամենաջերմեռանդ մեր աղոթքները:
Չապավինեցինք ԱՍՏԾՈՒՆ և կորցրեցինք առաջին Հանրապետությունը: ԱՍՏՎԱԾ մի արասցե, որ հիմա էլ ապավինենք տարբեր մարդկային ուժերի, պետությունների, կազմակերպությունների, անհատների և կորցնենք այն ինչ որ դեռևս մնացել է:

Մի՞թե բավական չէ այսքան սխալների կրկնությունը:

Մի՞թե մեր հաստակողության, պնդաճակատության, սնապարծության, հպարտության պատճառով շարունակ կորուստների ենք հանգելու, քանի որ ՏԻՐՈՋ Դուռը չենք ուզում ճանաչել:

Ինչպես ասել է ռուս հոգևորական Ռոման Մատյուշինը.

«Ազգն առանց ԱՍՏԾՈ, դա ամբոխ է՝ միաբանված արատով»: Եկեք վերջապես մի վճռական քայլ անենք դեպի մեր ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ, ՆՐԱՆ դիմենք, դեպի ՆԱ կողմնորոշվենք, երբ հենց ԻՆՔՆ է դա մեզանից սպասում, դեմքով դառնանք ՆՐԱՆ, ՆՐԱՆ ապավինենք ու կտեսնեք, որ մեր միակ ճշմարիտ ԲԱՐԵԿԱՄԸ, ՀՈՎԱՆԱՎՈՐԸ, ՕԳՆԱԿԱՆԸ, ՏԵՐՆ ու ՓՐԿԻՉԸ հենց միայն ԻՆՔՆ է և ՆԱ է մեր միակ ԱՍՏՎԱԾԸ:

«Եթե ԻՄ ժողովուրդը, որի վրա ԻՄ Անունն է դրված, զղջա, աղոթի և ԻՄ Երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհից, ԵՍ էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնացորդաց 7:14):
Երբ մենք ԱՍՏԾՈ հետ ենք, լինում ենք որպես Սասունցի Դավիթներ, հաղթանակներ ենք ունենում, անպարտելի ենք, իսկ առանց ԱՍՏԾՈՒ դառնում ենք Ցռան Վերգոներ, վախկոտ Նազարներ, պարտվում ու կորուստներ ենք գրանցում։ Մեր պատմության վերջին 30 տարիների իրադարձություններն են սրա վկաները:
ԱՍՏԾՈՎ հաղթեցինք Սարդարապատում, Արցախում, մնալով առանց ԱՍՏԾՈ, հանձնեցինք հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, Ղարսը, Կիլիկիան, Նախիջևանը, Արցախը:
«Թագավորն իր զորքի բազմությամբ չի փրկվի, և ոչ էլ հսկան՝ իր մեծ ուժով: Ձին անօգուտ է փրկության համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծյալին: ՏԻՐՈՋ Աչքն ԻՐ երկյուղածների և ԻՐ Ողորմությանը հուսացողների վրա է՝ մահից փրկելու նրանց անձը և սովի ժամանակ կերակրելու համար նրանց» (Սաղմոս 32:17-19):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3424

Մեկնաբանություններ