ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոր զիջումներն է՛լ ավելի են մոտեցնելու մեծ պատերազմի հավանականությունը

Նոր զիջումներն է՛լ ավելի են մոտեցնելու մեծ պատերազմի հավանականությունը
30.05.2023 | 08:40

Լավ առիթ է ևս մեկ անգամ ուրվագծելու, թե որոնք են ադրբեջանական ներխուժումների դեմ մեր ընտրելիք ճիշտ ռազմական պատասխանները, ինչպես նաև ստուգելու երկու տարի առաջ այս նույն օրը գրվածի ընդհանուր հավաստիությունն ու այժմեականությունը:

«...Զուտ ռազմական տեսակետից հայկական զինուժի պահած ներկա սահմանը չպետք է նույնացնել ճակատային գծի հետ, որի խնդիրը թշնամու կողմից որևէ ճեղքում կանխելն է։ Ադրբեջանական զինուժի հետ մեր ունեցած 600-700 կիլոմետրանոց հիմնականում լեռնային սահմանը ճակատային գծի վերածել պարզապես անհնար է։

Որքան էլ այն կահավորենք ու հսկենք, թշնամին միշտ էլ հնարավորություն է ունենալու շրջանցել մեր սահմանապահների դիրքերը, ներթափանցել մեր տարածքի խորքերը ու կարևոր կետեր գրավել։

ՈՒրեմն ինչպե՞ս պետք է լուծենք սահմանների անվտանգության ու անձեռնմխելիության խնդիրը։

Խոսքս հենց ռազմական լուծումների մասին է։ Դիվանագիտական լուծումներն այստեղ չեմ քննարկում, որովհետև երկարաժամկետ կտրվածքով թուրքը չի հարգելու մեզ հետ կնքված որևէ միջպետական համաձայնություն կամ պայմանագիր։ Փաշինյանի երազած միջազգային դիտորդներն էլ իրենց առաքելությունը վերածելու են կլոունադայի՝ ադրբեջանցիների յուրաքանչյուր խախտումից հետո երկու կողմերին ուղղելով զսպվածության անիմաստ և անատամ կոչեր։

Եվ այսպես, ի՞նչ պետք է հակադրենք ադրբեջանական զորքին, երբ մեկ շաբաթ կամ մեկ ամիս կամ մեկ տարի անց նա հերթական անգամ խախտի սահմանն ու մեր տարածքի խորքում դիրքեր գրավի։

Նախ, ամենակարևորը գիտակցելն է, որ յուրաքանչյուր նման ներթափանցում ամենախիստ ու դաժան միջոցներով պետք է անմիջապես կասեցվի, այլ ոչ թե փաշինյանական պացիֆիստական «դոկտրինայով» հայտարարվի, թե ճիշտ քաղաքականությունը պատերազմից ամեն գնով խուսափելն է՝ թշնամու առաջխաղացման հետ գործնականում հաշտվելով և բավարարվելով միջազգային վնգստոց բարձրացնելով։

Այնինչ յուրաքանչյուր նման ներխուժում իրականում պատերազմի պատճառ է՝ «կազուս բելլի» ՝ ուզենք թե չուզենք։ Եթե հակամարտության մի կողմը մշտապես խուսափի պատերազմից, իսկ մյուս կողմը, պատերազմից չվախենալով, անընդհատ առաջխաղացումներ անի՝ ապա չդիմադրող կողմը վաղ թե ուշ անպայմանորեն ջախջախիչ պարտություն է կրելու։

Ադրբեջանական ներխուժումների դեմ մեր հնարավոր արդյունավետ ռազմական պատասխաններն ընդամենը մի քանիսն են.

1. թշնամու ներթափանցած խմբի շրջապատումն ու գերեվարումը,

2. ներթափանցած խմբի ոչնչացումն ականանետային, հրթիռա-հրետանային կամ օդային միջոցներով,

3. սահմանի այդ նույն կամ մեկ ուրիշ հատվածում հայկական զինուժի ներթափանցումն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքի խորքերը և ռազմավարական ավելի կարևոր նշանակություն ունեցող դիրքերի գրավումը՝ որպես փոխհատուցում կամ փոխանակման առարկա։

Մեր կողմից նմանատիպ պատասխան գործողությունները, բնականաբար, կտրուկ սրելու են իրավիճակը։

ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆՆ ԱՆԽԱԽՏ ՊԱՀԵԼՈՒ ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱ։ Խնդիրն էլ հենց դա է, որ, Արցախն ու ազատագրված տարածքը հանձնելով՝ փաշինյանական խունտան կտրուկ իջեցրել է Հայաստանի անվտանգության մակարդակը և լայն հնարավորություններ բացել թշնամու առջև նոր պատերազմ սկսելու համար։ Նոր զիջումները միայն է՛լ ավելի են մոտեցնելու մեծ պատերազմի հավանականությունը։ Իսկ մեր կողմից կոշտ և արդյունավետ դիմադրությունը գուցե և ի վիճակի լինի զսպելու թշնամու ախորժակը։

ՈՒստի լուծումը ոչ թե 700 կմ խրամատ փորելն է, այլ գործուն, շարժուն և մոտիվացված բանակ ունենալը։

Եթե Ադրբեջանը խորանում է, դու էլ պետք է խորանաս։ Ադրբեջանը գերի է վերցնում, պատասխանը նրանից գերի վերցնելն է։

Ադրբեջանը ռմբակոծում է քո գյուղերն ու քաղաքները, պետք է նրա քաղաքներն ու գյուղերը ռմբակոծես։ Եվ այսպես շարունակ։

Սրանք հին ճշմարտություններ են, որոնք Փաշինյանն ու նրա «գեներալները» փորձում են մեզ մոռացնել տալ՝ հրամցնելով «խաղաղասիրական» անմեղսունակ բարբաջանքներ։

Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությանը, թե մենք պետք է «սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք, ոչ թե պատերազմելու, այլ նման խայտառակ իրավիճակներ չունենալու համար», ապա սա հանրությունից դառը ճշմարտությունը քողարկող ձևակերպում է։

Մեր յուրաքանչյուր ռազմական պատասխանն Ադրբեջանն անկախ մեր կամքից կարող է օգտագործել որպես «կազուս բելլի»։ Բայց մեր կողմից դիմադրության բացակայությունն նա է՛լ ավելի հաջող է օգտագործելու՝ քայլ առ քայլ ամրանալով ավելի նպաստավոր դիրքերում, որպեսզի մի գեղեցիկ օր էլ, այս կամ այն կեղծ պատճառաբանությամբ, հանկարծակի ձեռնարկելիք ընդհանուր գրոհով վերցնի արդեն շատ ավելի մեծ հողակտորներ։

Հետևաբար, դիմադրությունից և ինքնապաշտպանությունից խուսափելը մեզ համար անխուսափելիորեն նշանակելու է պարտություն, մահ և հայրենազրկում։

ՈՒստի պետք է ազգովին պատրաստվենք Ադրբեջանի հերթական նոր մեծ հարձակմանը՝ այս անգամ իսկապես հաղթելու անսասան վճռականությամբ»։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 5525

Մեկնաբանություններ