Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր Լադոն

Մեր Լադոն
20.05.2023 | 23:23

Հայաստանի ամենաճանաչված լրագրողների աստղաբույլում իր ուրույն տեղն ու ձեռագիրը թողեց ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, մտերմիկ շրջապատում՝ փաղաքշորեն Լադո էին ասում, իսկ ես նրան մեծարում էի հայրանունով՝ Վլադիմիր Բալաբեկիչ:

Ծնվել է Թիֆլիսում, բայց արմատները Ապարանի Չքնաղ գյուղում էին, որտեղ՝ դեռ Ցեղասպանությունից առաջ, հաստատվել էին մշեցի նախնիները, իսկ իրենց ընտանիքը փոխադրվել էր Թիֆլիս։ Տեղի հայկական դպրոցն ավարտելուց հետո, տեղափոխվել է Հայաստան՝ ավարտել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Նախ աշխատել է Ապարանի շրջանային թերթում, ապա՝ տարիներ շարունակ, եղել «Ավանգարդ» թերթի խմբագրի տեղակալ, այնուհետև՝ հեռուստատեսության «Համայնապատկեր» ծրագրի գլխավոր խմբագիր, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի տնօրեն, իսկ կյանքի վերջին տարիներին՝ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի «Գիտություն» թերթի գլխավոր խմբագիր:

Վլադիմիր Մուրադյանը վաստակաշտ լրագրող էր, արդարության և ճշմարտության ջատագով, սկզբունքային, ճշմարտախոս, բազմակողմանի զարգացած անձնավորություն, մեծ մտավորական։

Խորհրդային ժամանակաների լճացման տխրահռչակ տարիներին, նա իր սուր գրչով քննադատության ու պարսավանքի էր ենթարկում հասարակության մեջ տեղ գտած թերություններն ու բացերը, պայքարում մարդու իրավունքների համար:

Անցած դարի 60-ականների սկզբին, Անդրանիկ զորավարի մահարձանի լուսանկարն Ավանգարդում տպագրելու, 1964 թվականին Ցեղասպանության մասին և այլ հոդվածների համար ենթարկվել էր հալածանքների: Բայց այդ հալածանքները չէին ընկճել արդարության և ճշմարտության համար մարտնչող հային, ժուռնալիստին, որն իր բացառիկ սկզբունքայնության, ճշմարտության և գործիմացության շնորհիվ հիմք դրեց «Երկխոսություն» հեռուստածրագրին, որի նպատակն էր մեկնաբանել երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքում տեղ գտած ցավոտ հարցերն ու գտնել դրանց լուծման ուղիները:

Նա մեծ աշխատանք էր տանում սփյուռքահայության հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Ինչպես նրա «Երկխոսություն» շարքի, այնպես էլ՝ «Մարդը ամբողջ հասակով» և «Վաղը նոր օր կբացվի» ժողովածուների թեման «փոքր» մարդն է՝ իր հոգսերով ու երազներով, նրա իրավունքների ոտնահարումը, նրա անպաշտպանվածությունն ու անօգնականությունը՝ բյուրոկրատական, վարչական և այլ բնույթի ոտնձգությունների ու չարությունների հանդեպ:

Աստված շռայլ էր գտնվել նաև Վլադիմիրի անձի նկատմամբ՝ պարթևահասակ, գեղադեմ, խարտիշահեր, մեղրագույն աչքերով, գեղեցիկ ժպիտով տղամարդ էր, անզուգական ընկեր, հումորի զգացումով օժտված, Դանիայի արքայազնը կասեր․ «Մարդ էր», ում էությունից պայծառություն էր հորդում։ Նրա մեծ սկզբունքը մարդկանց բարիք անելն էր, որից օգտվում էին թե՛ բարիները, թե՛ չարերը։

Կինը՝ Ջուլիետան, ով նույնպես վաստակաշատ լրագրող է, երկար տարիներ աշխատում էր «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրությունում (ծանոթացել էին Թիֆլիսում, համալսարանում ուսանելիս մտերմացել), պատմում էր, որ անցած դարի 60-ականների սկզբին, երբ Վլադիմիր Մուրադյանը «Ավանգարդ» թերթի խմբագրի տեղակալ էր, խմբագրությունում թափուր մեկ աշխատատեղի համար դիմել են երկուսը։ Իմանալով երկուսի գրողական մեծ ներուժը, ընդունել էր երկուսին, նրանք՝ ապագա ճանաչված արձակագիրներ, Մուշեղ Գալշոյանը և Հովհաննես Մելքոնյան էին։ Առանձնապես գյուղերից գնացած երիտասարդների հանդեպ մեկենաս էր՝ ոչ նյութական առումով, այլ շատ հոգատար վերաբերմունք ուներ։ Ինձ հասցեագրված նամակում ևս նշել էր․

«․․․Խմբագրությունը մեկ մարդով էլ մեծացավ, աշխատանքի ընդունեցի Ապարանի խմբագրության նախկին աշխատակցին։ Երիտասարդ տղա է, գրագետ է ու աշխատող․․․»։

Նաև քրոջս՝ Շուշանիկի լրագրողական ճանապարհի կնքահայրերից էր Վլադիմիր Մուրադյանը։ Անցած դարի յոթանասունական թվականների սկզբին նա հեռուստատեսության «Համայնապատկեր» ծրագրի գլխավոր խմբագիրն էր: Քրոջս աշխատանքի ընդունեց այնտեղ, որպես ռեժիսորի օգնական, նաև գրում էր։ Քույրս կամրջեց մեր երկու ընտանիքները։ Հրճվանքով ու խնդությամբ էր լցվում մեր հայրական տունը, երբ Վլադիմիրն այցելում էր մեզ։ Ծնողներս շատ էին սիրում մեր Լադոյին, մորս «ումուտ»-ն էր։

Իսկ թե «Համայնապատկեր»-ի կամ «Երևան» ստուդիայի նկարահանող խմբերը Գեղարոտով Լոռի, Սպիտակ, Կիրովական էին մեկնում (Լադոն՝ հետները, թե՝ ոչ ), դադար էին առնում մեր տանը: Այն տարիների հեռուստաեթերի սիրելի անունները (լրագրողներ, ռեժիսորներ, օպերատորներ, հաղորդավարներ) հյուրընկալվել են մեր տանը։ Օպերատոր Մաթևոսը այնքան էր մտերմացել, տուն մտնելուն պես, հարցնում էր, թե ու՞մ հետ իջնի նկուղ՝ խմորեղեն, անուշներ, միրգ ու կոմպոտ հանելու:

Ինձ համար Վլադիմիրի և նրա ընտանիքի հետ ընկերությունը թանկ հարստություն ու նվեր եղավ: Մեկնում էի Երևան կամ Ապարան, որտեղ դաչա ունեին՝ եդեմական այգով, երփներանգ ծաղկանոցով, նրանց հետ շփվելու, լցվելու, լիանալու նրանց զրույցների տաք շնչով կամ՝ վրդովված սիրտս դատարկելու:

Հայաստանի անկախությունից հետո, շատ մտավորական և հայրենապաշտ ղեկավարների թվում, շրջագծից դուրս մնաց նաև Վլադիմիր Մուրադյանը։ Բայց նրա գիտելիքները, գաղափարները և գրիչը ամենուր հետն էին։ 90-ական թվականներին ստանձնեց ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի «Նպատակ» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները: Այն հետագայում վերանվանվեց «Գիտություն»: Միաժամանակ խմբագրեց «Ապարան» հայրենակցական միության «Ակունք» թերթը: Թեև տառապում էր շաքարային դիաբետով, և հիվանդությունից գրեթե կորցրել մի աչքի տեսողությունը, բայց խոշորացույցով և աննկարագրելի եռանդով էր կատարում իր սիրելի աշխատանքը:

Հայաստանից երկարատև բացակայությունս չազդեց մեր բարեկամության վրա, սկսեցինք նամակներով զրուցել միմյանց հետ: Առանձնապես այն տարիներին, երբ չկար համացանցի ընձեռած հնարավորությունները, իսկ փոստը վատ էր աշխատում՝ շաբաթներ էին հարկավոր մինչև Վիեսբադենից Երևան կամ հակառակը՝ նամակները հասնեին: Դրանք մենք ուղարկում էինք Հայաստան- Եվրոպա մեկնող մարդկանց միջոցով:

Նամակներից մեկում Վլադիմիրը նշում էր. «... Լիզիկ ջան, մենք քեզ սիրում ենք, քանզի մեր բաժին ոսկին էիր ձեր շրջանում ու հիմա էլ այդպիսին ես մեզ համար»։

Պատասխան նամակում գրեցի. «Ամեն անգամ մեծ հրճվանք է ապրում հայրենակարոտ հոգիս, երբ հայրենիքից եկած լուրերը ծնունդներ են ավետում: Նման ուրախություն ապրեցի «Ակունքն» ստանալով, որի էջերից հարազատ լեռնաշխարհի շունչն ապրեցի... Աչք եմ բացել, մեր հարկի տակ հնչել է Մահուբի Գևորգի երգը՝ լուսահոգի մորս անզուգական ձայնով... Քեզ հետ կապող մի ուրիշ Գևորգ էլ ունեինք. hայրենասեր Գևորգ Մակարյանը (Ապարանի կուսշրջկոմի նախկին առաջին քարտուղարը), մեր հարազատն ու մտերիմը, ում գործունեության տարիներին, հորս հյուրամեծար տունը Ապարան-Գեղարոտ կապող կամուրջ էր: Ժամանակի հետ նորովի սրբագործվեց մեր բարեկամությունը, մեկ այլ զավակիդ՝ Վլադիմիր Մուրադյանի և իր գերդաստանի հետ... »:

Իր նամակներից մեկում Վլադիմիրը վրդովված գրում էր այն մասին, թե «մեզանում ձևավորվում է «օգնություն» ստացողի հոգեբանություն: «Ես էլի եմ ասել. մենք պետք է վատ զգանք ու ամաչենք, որ ապրելով մեր հողի վրա, ունենալով պատշաճ դիրք ու հեղինակություն, չենք կարող օգնել քեզ, որ դու այդտեղ լավ զգաս... Այնպես, որ ժամանակը բոլորիս լավ դասեր տվեց, ու ով ուզում է ավելի լավ ապրել, թող ավելի շատ աշխատի: Ես մի «աչքով երկու թերթ եմ ստեղծում, խմբագրում, տպագրում: Բայց գոնե, մի քանի ամիս է տուն մտնելիս չեմ ամաչում, որ հարևանից հացի փող պետք է ուզեմ...»:

Երկու թերթերն էլ տպագրվում էին բարձր մակարդակով, փորձառու և բծախնդիր լրագրողի գրչով և սուր աչքով: Մեկ այլ նամակում գրել էր. «Շա՜տ ու շա՜ա՜ա՜տ սիրելի Լիզիկ, հին-հին դարերից սկսած մենք միշտ ասել ենք, որ Լիզիկ Աբրահամյանի հետ շփվելիս մենք նոր լիցք, հոգեկան մեծ բավականություն ենք ստանում ու քեզ մաղթում ենք, որ լավ զգաս: Մարդկային մեծ առաքինություն ու խիզախություն չէ, երբ մեկի կյանքն ու ճակատագիրը լավ է դասավորվում, ու նա իրեն հպարտ ու երջանիկ է զգում: Առաքինությունն ու խիզախությունն այն է, որ հակառակ պարագայում անգամ մարդ մնում է իր բարձունքի վրա, զարմանք ու հիացմունք (մեկի մոտ էլ գուցե նախանձ) առաջացնելով շրջապատում: Երբ լույս տեսավ մեր թերթը և ծանոթները կարդացին «1997 թ. մեր առաջին բաժանորդի» անունը, հարցնում էին «դա մեր Լիզի՞կն է», «դա գեղարոտցի Լիզի՞կն է», ու ես հպարտորեն ասում էի. «Այո, երբ մարդ ունի մակարդակ, ուզում ես Գեղարոտում պահիր, ուզում ես՝ Վիեսբադենում, նա իրեն չի դավաճանում» (թող ների ընթերցողը, որ այս մասին բարձրաձայնեցի): ...Մենք լավ ենք, այնքան լավ, որ լուծելով մեր ընտանիքի սոցիալական հիմնահարցերը, զբաղվում ենք նաև մեր մոլորակի ֆլորայի և ֆաունայի խնդիրներով...»: Պատասխան նամակում գրեցի. «Շատ սիրելի Վլադիմիր Բալաբեկի, Ձեր այնքան սիրալիր նամակը անցավ երկրե-երկիր և հասավ բոլորիդ կարոտով ապրող անձիս... Կարդացի մի քանի անգամ, հոգիս ջերմացավ և հյուսիսի այս սառած օդն էլ հալվեց Ձեր նամակի տաք շնչից... Չափազանց հուզվեցի Ձեր գեղեցիկ խոսքերից, որով գնահատում եք անձս, 15-ամյա պարմանուհու նման շիկնեցի: Փոխվե՞լ... դառնալ ի՞նչ... գուցե հաշվենկա՞տ... Մեղք եմ համարում նույնիսկ, եթե մտածեմ «փոխվելու» մասին... Եթե որևէ բան այնպես չեմ կարողացել անել, ինչպես սիրտս է ուզում, ոչ թե չուզելուց է, այլ չեմ կարողացել, որի համար հարազատներս ու մտերիմներս պիտի ներեն... Իսկ ես որքա՜ն հպարտ եմ եղել՝ ունեմ Ձեզ, Ձեր ընտանիքը՝ մոտիկ ու հարազատ: Ամեն հանդիպումը Ձեզ հետ տոն է եղել մեր կյանքում: Այդ Ձեզ հետ հանդիպումից էր նաև, որ Գեղաարոտը(ս) դարձել էր Աշխարհի կենտրոն... Չափազանց ուրախ եմ, որ Դուք լավ եք և, ինչպես միշտ, զբաղված եք նաև մեր Մոլորակի հիմնահարցերով: Այդ մասին տեղեկանում եմ «Գիտությունից»: Ինձ շատ հպարտ եմ զգում, որ Ձեր թերթի առաջին բաժանորդն եմ: Մեծ հետաքրքրությամբ եմ կարդում արդիական թեմաներով հարուստ էջերը... Խառնակ ժամանակներում ոչ թե գլուխն ազատելն է խիզախություն, այլ ժողովրդի հոգսերով, ցավերով ապրելը: Ոչ թե հեռու (այդ ցավերից) ապրողիս խոսքեր են, այլ ինձ դրանց մեջ եմ զգում: Այդ ամենը գտա Ձեր հոդվածում... »:

Եկավ ուրիշ նամակ. «Շա՜տ ու շա՜ա՜ա՜տ սիրելի Լիզիկ, քեզանից ամեն մի լուր ստանալը, եթե անգամ դա վերաբերի քո հիվանդությանը (ցավո՛ք), արդեն մեզ լիցք է տալիս, որ աշխարհը դեռ չի քանդվել, դեռ կան բարեկամներն ու հարազատները: Բայց երբ քո նամակներն ուղեկցվում են հումանիտար օգնությամբ, ամոթն ու մտահոգությունը պարուրում են մեզ, ինձ, ախր մենք պիտի օգնենք քեզ, Լիզիկ ջան, իսկ այս ինչ երկրում ենք ապրում, որ հակառակն է ստացվում, ու մենք՝ հայրենաբնակ մտավորականներս չենք ամաչում... Վերջերս հաճախ եմ հանդիպում Դավիթին. Մեկ՝ Ապարանում, մեկ՝ Շահումյանի ավտոբուսի կանգառում, Ծաղկահովիտի ավտոբուսի մոտ: Կարևորը, որ հանդիպում ենք: Ապարանում ծաղկուն գարուն էր, կարկուտը 10 րոպեում տարավ ամեն ինչ, հետո եկավ բերքառատ աշունն ու ...«շախտեն» տվեց, թփերը սևացրեց, երաշտն էլ տարավ կարտոլը ու հիշում եմ Ավ. Ահարոնյանին. «Գյուղի ճամփան հետք չթողեց իր ետին...Մոռացումը տարավ ինձմե ամեն բան» (կարծեմ, Լադոն շփոթել է Ռուբեն Որբերյանի տողերի հետ): Իսկ մենք, փա՜ռք Աստծո, իրար չենք մոռացել... Գյուղից նոր եմ եկել, հիշողություններն ու ափսոսանքները, ձեռքբերումներն ու կորուստները լցվել են ուղեղս ու նամակս էլ ստացվեց ահա այսպես: Հաջորդ նամակս կլինի հերոսական-շռնդալից, հաղթանակի ու ցնծության...»

Հաջորդ նամակում (1997 թ.) գրեցի. «Հարգելի, սիրելի «Գիտություն». Ահա, ստացել եմ քո 99-րդ համարը ու գիտեմ, որ հաջորդն անպայման կլինի: Անկեղծորեն հուզված եմ, ուրախ ու շնորհավորում եմ 100-րդ ծնունդդ, քանի որ ամեն մի նոր թողարկում, թերթի ու նրա աշխատողի համար նոր ծնունդ է: Ինքս էլ լրագրող եմ ու կարող եմ հասկանալ: Հարազատ եզերքից, բարեկամներից հեռու ապրող մարդու համար ամեն մի լուր «ոսկուց թանկ սպեղանի» է: Հիմա ճամփաները թեև բաց են ու շատ մարդ ու նամակ է կտրում Եվրոպայի սահմանը, բայց հաճախ տագնապն ու անհանգստությունը բուն են դնում հոգումս՝ այդ լուրերից ու... երբ կարդում եմ ձեր թերթը՝ խաղաղություն է իջնում վրաս, քանի որ ձեր օգնությամբ համոզվում եմ, որ

քաղաքական առճակատումներից, ծայրահեղականություններից, տարբեր բևեռներից իրար մեղադրելուց բացի, ժողովուրդն ապրում է իր դարավոր պատմությամբ, զբաղվում է գիտությամբ, դպրոց է հաճախում, վարուցանք անում: ՈՒրախ եմ, որ դուք անաչառ դիրքերից քննադատում ու խարազանում եք հակաբարոյականը, անընդունելին, մարդկանց իրավունքներն անտեսողներին, մեզ կապում եք համաշխարհային գործընթացների, կյանքի ծագման ու զարգացման առեղծվածների հետ: Դրա համար շնորհակալություն»:

Իսկ 1998-ի մարտի 3-ի նամակում, քաղաքական իրավիճակի մասին, գրել էր. «Նորից Ղարաբաղը մղվել է առաջին պլան: Թեև այն միշտ էլ մեր ժողովրդի համար հարազատ հոգս է, բայց այժմ շատ բացահայտ է, որ ինչ-որ ուժեր օգտագործում են ԼՂ-ն՝ ժողովրդին իր ցավերից շեղելու համար: Նախագահի 13 թեկնածու կա և ոչ մեկը դեռ մարդկանց չի ասել, թե երբ ինքը դառնա նախագահ հնարավո՞ր է թեթևացնի մտավորականության և մուրացկանության հոգսը, իջեցնի կոմունալ զարհուրելի ծախսերը, մի քիչ սիրի իր ժողովրդին և մտածի վայելուչ կյանքի մասին: Բոլորը խոսում են Ղարաբաղից, այն էլ ահ տալով՝ ես մասնակցել եմ, ես կռվել եմ, ես գրավել եմ: Ոչ ոք չի անդրադառնում այն հարցին, թե ինչու են այդքան թշնամական երանգ ստանում կուսակցականությունն ու քաղաքականությունը: Ինչու՞ են անհաշտ հակառակորդ, ասենք, կոմունիստն ու լիբերալը, ՀՀՇ-ն ու դաշնակցությունը, նման բաներ, այն դեպքում, երբ մեր 2,5 մլն բնակչությանն ընկնում է 200 կուսակցություն ու խմբակցություն, նույնքան՝ մամուլ, 700-ից ավելի հասարակական-քաղաքական միություն, կրոնական, աղանդավորական միաբանություններ... Անջատել ենք էլեկտրաջեռուցիչները, ֆուջիկաները, վառանները: Միայն այդպես կարող ենք էներգիայի նախարարի հերն անիծել, որը հոսանքի լարումը խախտելով, 10 անգամ բարձրացրել է գանձվելիք գումարի չափը...»:

Սեղանիս են ինձ հասցեագրած Վլադիմիր Մուրադյանի նամակները, որոնք անանձնական են, դրանց մեջ մեր հայրենիքն է, Արցախն է, դրանց մեջ մեր երկրի ու ժողովրդի ցավերն ու հոգսերն են, որոնք իրենն էր համարում ճանաչված ժուռնալիստն ու մտավորականը, ով իր հրապարակումներով, հոդվածներով վիճակից դուրս գալու ելքեր էր մատնանշում։

Վերընթերցում եմ նամակները, և հայացքիս առջև հառնում է շռայլ հոգու տեր, առինքնող հմայքով մեր սիրելի Լադոն, ով կյանքին հրաժեշտ տվեց հանիրավի մոռացված։

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գերմանիա, Վիսբադեն

Դիտվել է՝ 6782

Մեկնաբանություններ