Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ատոմային ռումբը և Արևմտյան Հայաստանի ճակատագիրը

Ատոմային ռումբը և Արևմտյան Հայաստանի ճակատագիրը
20.03.2023 | 23:45

(սկիզբը` այստեղ)

Ինչ մնում է Հայաստանի և Վրաստանի՝ Թուրքիային ներկայացրած վերջնագրին, ցավոք, այն զավեշտի վերածվեց։

Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար, հետագայում վարչապետ Սարաջիօղլուն բառացիորեն հետևյալ պատասխանը տվեց.

«Մենք գիտենք, որ դա Հայաստանի տարածքն է և պատրաստ ենք սկսել հետքաշման գործընթացը:

Սակայն մեզ անհասկանալի են Վրաստանի հավակնությունները:

Լավ կլիներ, որ Խորհրդային Միությունում իրար հետ նախ լեզու գտնեին, նոր միայն բաժանեին դեռ չսպանված արջի մորթին»։

Իսկ Արդահանին հավակնող Վրաստանն իր ծիծաղելի պահանջը հիմնավորում էր նրանով, որ Դավիթ Շինարար թագավորի և Թամար թագուհու ժամանակներում Արդահանը վրացիները նվաճել են Հայաստանից և տիրել նրան շուրջ 100 տարի։ Մեծ զտումների տարիներին Վրաստանում իրագործած լայնածավալ բռնությունների պատճառով իրենից խիստ դժգոհ հայրենակիցներին սիրաշահելու նպատակով նրանց Արդահանը նվիրելու Ստալինի մտադրությունը թանկ նստեց Հայաստանի վրա։ Հայկական այդ հողատարածքը «վրացականացնելու» վրաց գիտնականների մտավարժանքները տևեցին մի քանի ամիս՝ թուրքերին ուշքի գալու հնարավորություն տալով։

Իրադարձությունների հետագա ընթացքն ավելի սրընթաց էր։ ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ «Ամերիկայի Հայ ազգային խորհուրդը դիմել է Սան Ֆրանցիսկոյում սկսված ՄԱԿ-ի առաջին նստաշրջանին այն կոչերով, որ հասել է ժամանակը, որ թուրքական տիրապետության տակ տառապող Հայաստանի մի մասը միացվի Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը», ինչը 1.5 միլիոն հայերի հայրենիք վերադառնալու հնարավորություն կտար։

ՄԱԿ-ի առաջին նստաշրջանին հայերը ներկայացրին ևս մեկ հուշագիր։ Այն ստորագրել էր Հայ ազգային կոմիտեն։

«Օսմանյան կայսրության քրիստոնյա մյուս ազգերի ազատագրումն իր ծանր հետևանքներն ունեցավ հայերի վրա»,- ասվում է հուշագրում։

«Թուրքերը դարձան առաջին ժողովուրդը, որը կոտորածների և բռնի տեղահանումների միջոցով բնաջնջեց մի ողջ խաղաղ ժողովրդի»,- շեշտված էր փաստաթղթում։ Այն վերջանում էր բռնազավթված տարածքները Խորհրդային Հայաստանին միացնելու պահանջատիրությամբ, որին իրենց միահամուռ համաձայնությունն էին տվել ազգային երեք ավանդական կուսակցությունները՝ Դաշնակցությունը, Հնչակյաններն ու Ռամկավարները՝ շեշտելով, որ չնայած մինչև պատերազմը իրենք հակախորհրդային կեցվածք ունեին, այժմ լիովին վերանայել են իրենց դիրքորոշումը՝ ի բարօրություն Միացյալ Հայրենիքի։

Մարտի 19-ին չեղյալ հայտարարվեց 1925 թվականի խորհրդա-թուրքական համաձայնագիրը։ ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Սարպերը Անկարա վերադարձավ և մի քանի հանդիպում ունեցավ խորհրդային դեսպան Վինոգրադովի հետ՝ նպատակ ունենալով նախապատրաստել նոր համաձայնագիրը։ Խորհրդային կողմից, սակայն, նոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները ձգձգվեցին։ Եվ երբ երկու ամիս Անկարայում խորհրդակցություններ անցկացնելուց հետո Սարպերը Մոսկվա վերադարձավ և ԽԱՀՄ արտգործժողկոմ Մոլոտովի հետ անհապաղ հանդիպելու ցանկություն հայտնեց, նրան ընդունեց Արտաքին գործերի ժողկոմիսարի տեղակալ Քավթարաձեն։ Թուրքը պնդեց Մոլոտովի հետ հանդիպելու իր վճռականությունը և զայրացած շպրտեց. «Դատարկ խոսքերի փոխարեն ես կնախընտրեի իրական բանակցություններ»։

Հաջորդ օրն իսկ՝ հունիսի 7-ին, կայացավ Մոլոտով-Սարպեր հանդիպումը, որը տևեց ավելի քան երկու ժամ և անցավ շատ լարված մթնոլորտում։

Այս և հետագա հանդիպումների մասին մանրամասնություններ է հաղորդում 1993 թվականին Անկարայում լույս տեսած Իսմեթ Ինենյուի քաղաքական գործունեությանը նվիրված ժողովածուն, որից օգտվելով՝ մենք կփորձենք հնարավորինս ճշգրիտ վերականգնել այդ երկխոսությունը։

«Հանդիպման հենց սկզբից թուրք դեսպանը փորձեց տիրել նախաձեռնությանը.

- Պարոն ժողկոմիսար, այստեղ՝ այս սենյակում՝ այս գրասեղանի վրա, որոշում կայացվեց 1925 թվականի պայմանագիրը չեղյալ համարելու մասին։ Ես գնացի Թուրքիա և վերադարձա նոր պայմանագիր կնքելու հույսով...

- Գիտեմ, պարոն Սարպեր, այդ բոլորը գիտեմ։ Եկեք գործից խոսենք։ Ես կխնդրեի ձեր տեսակետը ավելի պարզորոշ ձևակերպել։

- Պարոն Մոլոտովին պետք է հայտնի լինի, որ նոր համաձայնագիրը չպետք է հնին զիջի։ Մեր առաջարկած նոր համաձայնագիրը պետք է դաշնակցային լինի. ԽՍՀՄ-ը և Թուրքիան պետք է դաշինք կազմեն եվրոպական և միջերկրածովյան շատ երկրների կողմից հավանական հարձակումից պաշտպանվելու համար։ Այդ պայմանագրով մենք Երաշխիք կտանք, որ Թուրքիայի տարածքով ԽՍՀՍ-ի վրա այլ երկրների ցամաքային կամ ծովային ուժերի հարձակում չի լինի։ Եվ քանի որ նեղուցները Թուրքիայի տարածքի մի մասն են, ուրեմն պայմանագիրը պետք է հաստատի Թուրքիայի միանձնյա տիրապետության իրավունքը դրանց վրա...

Ակնհայտորեն զայրացած Մոլոտովը ընդհատեց խոսակցին.

- Նեղուցնե՜ր, նեղուցնե՜ր... Դուք շարունակ պնդում եք, որ այն ձերն է։ Մինչդեռ Մոնտրյոյի կոնվենցիայով նրա վերահսկողությունը իրականացնում են շատ երկրներ։ Բայց այսօր միայն այդ մասին չէ, որ մենք պիտի խոսենք։ Մենք ձեզ հետ ունենք մի պայմանագիր, որը կնքվել է մեզ համար շատ նվաստացնող պայմաններով և որի հետևանքով ձեզ հաջողվել է մեզ վիրավորել տարածքային հարցում։ Խոսքը 1921 թվականի պայմանագրի մասին է։ Պատրաստ է այսօր Թուրքիան լսել մեր պահանջների մասին։

- Պարոն ժողկոմիսար, Թուրքիայում այդ հարցը չի քննարկվել, և անձամբ ես չէի կարծում, որ նոր համաձայնագրի կնքման համար Դուք նման նախապայման առաջ կքաշեիք։ Մանավանդ որ, ինչքան հիշում եմ, 1921 թվականի պայմանագիրը զոռով չի փաթաթվել Մոսկվայի վզին։

- Այո՛, պարոն Սարպեր, նոր համաձայնագիրը անհրաժեշտ է, բայց եթե տարածքային խնդիրը նախկինում վճռվել է ի վնաս մեզ, ի վնաս Հայաստանի և Վրաստանի, ապա այն կշարունակի խանգարել նաև առաջիկայում, և նոր պայմանագրի մասին խոսք լինել չի կարող։

- Մեծարգո՛ պարոն Մոլոտով, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ 1929 թվականին անարդարություն չի կատարվել։ Ես կխնդրեի նման հարց չբարձրացնել։ Իմ կառավարությունն այդ չի հասկանա։ Դա կհարվածի Ձեր հեղինակությանը։ Ես չեմ կարծում, որ այդ չնչին տարածքների հարցը շատ կարևոր է ԽՍՀՄ-ի նման մեծ երկրի համար, մանավանդ, համոզված եմ, այն կարևոր չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Վրաստանի համար։ Մի քանի քառակուսի կիլոմետրի համար չարժե վատացնել երկու բարեկամ երկրների հարաբերությունները։ Ժամանակին ձեր կառավարությունը և անձամբ Լենինն այդ պայմանագիրը անարդար չեն համարել։

- Պարոն Սարպեր, մի՛ փորձեք ժխտել բացահայտը։ Երբ 1918 թվականի պատերազմի հետևանքով մենք թուլացած էինք, դուք բանակցությունների ժամանակ կարողացաք մեզ պարտադրել անցանկալի պայմաններ և փաստորեն խլել մեզնից այդ տարածքները։ Ինչ մնում է Լենինին, նրա հանդեպ տածած խորը հարգանքով հանդերձ՝ չի կարելի համաձայնել, որ այն ժամանակ նա ճիշտ էր։ Նա Լեհաստանի հետ ևս պայմանագիր է ստորագրել, որն այսօր անընդունելի է մեզ համար։ Եթե Դուք, պարոն դեսպան, կարծում եք, որ տարածքների հարցն այսօր չպետք է քննարկվի, ուրեմն պետք է ընդունեք նաև, որ նոր համաձայնագրի հարցը ևս չպետք է քննարկվի»։

Այն բանից հետո, երբ Սարպերը հրաժարվեց քննարկել Մոսկվայի տարածքային հավակնությունների հարցը, Մոլոտովն էլ իր հերթին հրաժարվեց խոսել նոր դաշնագրի մասին, և խոսակցությունն ընթացավ միայն նեղուցների հարցի շուրջ։

Հունիսի 18-ին կայացավ Մոլոտով-Սարպեր երկրորդ հանդիպումը։ Այն ոչինչ չավելացրեց առաջին հանդիպման արդյունքին, նույն երկուստեք մեղադրանքները։ Այս անգամ էլ Մոլոտովը վճռականորեն հայտարարեց, որ առանց նեղուցների հարցի լուծման և տարածքային անարդարության վերացման դաշնային համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող։ Անժխտելի է, որ Թուրքիան, օգտվելով Խորհրդային Միության այն ժամանակվա թույլ վիճակից, զավթել է Հայաստանի և Վրաստանի տարածքի մի մասը։ «Եթե մենք այդ մոռանանք, հայերն ու վրացիները չեն մոռանա,- հայտարարեց Մոլոտովը։

- Թուրքիան փոքր երկիր է,- համառեց Սարպերը,- և արդեն շատ բան է կորցրել Արևելքում, Արևմուտքում, Հարավում և այսօր համարյա ոչինչ չունի տալու։

Մոլոտովը հակադարձեց.

- Խորհրդային Միությունը մեծ Երկիր է, բայց Հայաստանն ու Վրաստանը փոքր հանրապետություններ են, և նրանք ցանկանում են հետ ստանալ այն, ինչ օրենքով իրենց է պատկանում»։

Մոլոտով-Սարպեր բանակցությունների անպտուղ ավարտից անմիջապես հետո թուրքերը խաղի մեջ ներքաշեցին ԱՄՆ-ին և Անգլիային՝ երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի դաշնակիցներին, որոնց, սակայն, լուրջ մտահոգություն էր պատճառում Արևելյան Եվրոպայում, Բալկաններում համախոհ վարչակարգեր ստեղծելու ԽՍՀՄ-ի ձեռնարկած քայլերը։ Նեղուցներում ռագմահենակետ ունենալու, Կարսին, Արդահանին տիրանալու Մոսկվայի նկրտումները հակասում էին ամերիկյան և բրիտանական ռազմաքաղաքական հետաքրքրություններին։

Երբ մոսկովյան բանակցությունների արդյունքները հայտնի դարձան, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների քաղաքական շրջանակներն ընդվզեցին՝ այն անվանելով «Թուրքիայի վրա ճնշում գործադրելու խորհրդային էքսպանսիա»։ Թուրքական, ապա արևմտյան մի շարք թերթեր մեծ աղմուկ բարձրացրին, բայց եղան և հակադարձողներ։ Նրանցից մեկն էլ անգլիացի հոգևորական, Քենտրբերիի տաճարի աստվածաբան, դոկտոր Հյուլետ Ջոնսոնն էր, որը 1945-ի հունիսին այցելել էր Հայաստան և մասնակցել հայ կաթողիկոսի ընտրությանը։ Հունիսի 24-ին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտարարեց. «Ես լիովին և ամբողջ սրտով համաձայն եմ այն բանին, որ Թուրքիայի զավթած շրջանները պետք է վերադարձվեն Հայաստանին։ Թուրքիան միտումնավոր այդ շրջանների տնտեսական բնականոն ընթացքը խոչընդոտում է։ Այդ տարածքներում ներկայումս շատ չնչին բնակչություն կա այն դեպքում, երբ նրա օրինական տերերը թափառում են ամբողջ աշխարհում»։

(շարունակելի)

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ