Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Վարդան Հակոբյանի հիշատակին

Վարդան Հակոբյանի հիշատակին
16.03.2023 | 01:20
Ապացուցված է` ջուրը հիշողություն ունի: Եվ այդ հիշողությունը հոսում է նրա հետ` անկախ մեր ցանկությունից ու պահվածքից: Վարդան Հակոբյանի բանաստեղծական աշխարհում հիշողության նշանակությունն է, որն ինքնին ավելին է, քան ընդհանրապես անցյալը վերագտնելուն ուղղված բոլոր ջանքերը միասին կարող են լինել: Եվ ոչ միայն նշանակությունը. այստեղ հիշողության շքեղ ներկայությունն է: Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե բանաստեղծը պարզապես անցյալի արժանահիշատակ ու գեղեցկությամբ փայլող հիշողությունների վերհանողն ու վերլուծաբանն է: Իհարկե, ոչ: Նրա բանաստեղծական աշխարհը մարդկային գոյության պաստառն է, որտեղ անցյալը, ներկան ու ապագան նույն տիրույթներում են, հոսում են տիեզերական նույն հունով` այդ ընթացքում հյուսելով հավերժության հեքիաթի չափածո տողերը: Մնում է ըմբոշխնել այդ տողերը: Դարձյալ միամիտ պետք է լինել կարծելու համար, թե ըմբոշխնել նշանակում է ընդամենը մեղվի նման հաճույքով մխրճվել նրա բանաստեղծական ծաղկափոշու մեջ: Իհարկե, ոչ: Ըմբոշխնել նշանակում է համոզվել ժողովրդական իմաստնության ճշմարտացի լինելու մեջ` վերհիշելով նույն այդ ճշմարտացիությունից մեջբերված հետևյալ քաղվածքը. «Հիշողության պարտեզը միակ դրախտն է, որտեղից ոչ ոք, նույնիսկ Աստված, չի կարող արտաքսել քեզ»: Ահա սա է հիշողության ուժն ու զորությունը: Բանաստեղծն ինքը համոզված է դրանում, և նրա նույն այդ համոզված լինելն է պատճառը, որ չի աշխատում շշմեցնել ընթերցողին` ասելիքը գեղազարդելով բանաստեղծական տարատեսակ պաճուճանքներով, այլ ընդամենը փաստում է` համառոտագրելով հետևյալը.
Հիշողությունը
մի ծաղիկ է
սովորական,
որի նեկտարը
շատ է ավելի,
քան թե աշխարհի
բոլոր ծաղիկներինը`
միասին վերցրած:
Եվ տարվա ուզած
եղանակին
դալար է նա,
թերթիկները` բաց...
(էջ 54)
Սակայն, քանի որ ոչինչ այս լուսնի տակ հենց այնպես չի լինում, ուստի օդում կախված այն
հարցին, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար է այս հեքիաթային ծաղկի գոյությունը, հուշում է ինքը` բանաստեղծը.
Տեսնես այս մասին
Գիտե՞ն մեղուները:
(ն. տ.)
Այո՛, ամեն ինչ այս լուսնի տակ շաղկապված է իրար ճիշտ այնպես, ինչպես ծաղիկն ու մեղուն: Այպես գեղեցիկ ու անմիջական անցում կատարելով ծաղիկ-մեղու հարաբերությունից` բանաստեղծի խոհը նույն տրամադրությամբ տեղափոխվում է գործելու մարդու և նրա կողմից ապրված կյանքի անքակտելիության գաղտնախորհուրդ ճանապարհներին:
Որքան էլ մարդը փորձի խզել կապերն իր ապրած կյանքի վայրկյանների, րոպեների, օրերի ու տարիների հետ, միևնույնն է, դրանք անհաջող փորձեր են լինելու, որովհետև ապրվածի իմաստը նույն այդ ապրվածի միջից իր կյանքի մեղրահացը հյուսելն է: Ճիշտ այնպես, ինչպես ծաղիկ-մեղու հարաբերությունն է:
«Ինչ էլ ասվի` ծաղկի իմաստն անպայման մեղուն է...»,-գրում է բանաստեղծը («Վայրկյանների տեսականի», էջ 26):
Իսկապես, մնում է գնալ իմաստասիրական այս խոհի հետևից ու համոզվել, որ մարդու գոյության իմաստն ապրվածից նեկտար հավաքելն ու իր հետ տանելն է մեղվի նման, որն, այնուամենայնիվ, տուն մտնելուց առաջ թափ է տալիս ճանապարհին իր ոտքի վրա նստած կեղտն ու փոշին:
Նեկտար և մեղու, մարդ և կյանք... Այս ամենը շարունակական պրոցես է... Ոչինչ չի կտրվում ու չի վերջանում: Այս ասելիքն իմաստասիրորեն ու գեղագիտորեն իր բարձրակետին այսպես է հասցրել Վարդան Հակոբյանը.
... Ու
կավարտեր անճրագ գիշերն ինձ, թե
լուսնի հետ ես նորից չվերադառնայի:
(էջ 49)
Անվերջ ժամանակի մեջ հիշողության թևին մարդկային կյանքի այս շարունակականության խորհուրդներն են, որ զբաղեցրել են Վարդան Հակոբյանին, ով իր սեփական կյանքի ճանապարհին իր նեկտարն է քաղել առինքնող պոետների իմաստուն խոսքերից: Անմոռանալի տպավորությամբ է հիշում նա հանրաճանաչ Ռիլկեին.
... Ռիլկեն մի օր ինձ ասել էր`
Ինքդ եղիր այն պոետը, որ գալու է քեզնից հետո:
(ն. տ.)
Վերջին հաշվով, Ռիլկեն հիշեցրել է, թե շարունակվելու ճանապարհին պետք է կարողանալ ինչքան հնարավոր է շատ նեկտար հավաքել և տուն մտնելուց առաջ անպայման թափ տալ ճանապարհին հավաքված կեղտն ու փոշին:
Ջրի հիշողությունը ճանապարհ ներկայացնող այնպիսի ընթացք է, որի նպատակը մարդն է: Նույն այն մարդը, որի նպատակն իր հերթին ճանապարհի նույն ընթացքն է: Ճանապարհն անշարժացած ու լճացած է, երբ չկա նրա նպատակ մարդը:
Ջուրը կանգնած` լճանում էր, բայց երբ
թռչնի մի փետուր` բյուր-հազար երկինքներ անցած,
իջավ ջրի վրա,
խենթացավ իսկույն,
միանգամից սկսեց հոսել ջուրը: Եվ
ստվերները սկսեցին հորդել վարարած:
(«Ստվերախաղ», էջ 24)
Ջուրը հայելու նման է: Կարող է կանգնել ու լճանալ, երբ չկա նրանում արտացոլվողը: Երբ չկա հիշողության տերը, ինչպե՞ս կարող է լինել հիշողությունը: Կարևորը տերն է, նույն ինքը` մարդը, որը շարունակվում է, քանի դեռ առաջ է շարժվում ժամանակի սլաքը:
Ջրին հանձնված ստվերախաղը հաճախ «կախվում է լույսի մի թելից»: Ահա թե ինչու է բանաստեղծը կարևորում ապրված յուրաքանչյուր պահը:
Ջուրը և հիշողությունը, ճանապարհը և մարդը, ծառը և ստվերը... Եվ էլի իրար լրացնող, իրար շարունակող իրողություններ, որոնցով ամբողջանում է մարդկային գոյությունն ու նրա իմաստը: Ահա բանաստեղծական մտորումներով դեպի իմաստասիրություն տանող նման թեմաներ են, որ զբաղեցնում են Վարդան Հակոբյանին:
Ստվերը նույն ծառն է, տարբերությամբ, որ
հավքը երբեք բույն չի հյուսում ստվերի ճյուղին:
(ն. տ.)
Այս տողերը, որ ասես գրվել են իմիջիայլոց, որպես առկա ճշմարտության բոլորին հայտնի իրողության նշում, մարգարտյա հատիկներ պարունակող խեցիներ են` թաքնված Վարդան Հակոբյանի բանաստեղծական տողերի արանքում: Մարգարիտներ, որ ափ են նետվել ծովի խորքերն ակոսող ալիքների արդյունքում: Բացիր խեցին, և մարգարիտների գոյության խորհուրդը կստիպի ակոսել ջրի հիշողությունը` գտնելու համար այն հարցի պատասխանը, թե այդ ե՞րբ կարող ենք հավքի հյուսած բույնը տեսնել ստվերի ճյուղին: Դա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ջուրն իր հիշողությունը կփռի քո առջև, որտեղ մի օր, իսկապես, ծառն իր ստվերն է նետել հենց այն պահին, երբ հավքն իր բույնն է ճյուղին հյուսել:
Ջրի, այսինքն ապրվածի հիշողության շնորհիվ է, որ ճանապարհը ներկայանում է իբրև անցյալի, ներկայի ու ապագայի գաղտնախորհուրդ խորհրդանիշ, և նրա շնորհիվ է, որ վերաճում է` դառնալով որպես անընդհատ հոսող լիության խորհրդանիշ:
Երբեմն հոսող այդ լիությունը գեղեցիկ է, ինչպես անմեղ ձկների շողարձակումից առաջացած լուսեղենություն: Անմեղության խաղ հոսող ջրերում, որից աշխարհն է գեղեցկանում.
Ես քո աչքերով նայեցի անլույս
երկնակամարին, և
միանգամից աստղերով լցվեց գիշերը:
Ամեն ինչ այնպես, ինչպես մեզ ծանոթ հեքիաթներում...
(«Երբ նայում ենք միասին», էջ 44)
Հոսող ջրերը երբեմն իրենց հետ տանում են շնաձկների ատամներից մնացած սահմռկեցուցիչ տպավորություններ: Իսկ առավել սահմռկեցուցիչ է այն, երբ ստիպված ես խուսանավել շնաձկներից, ու խաթարվում է ջրի հայելին.
Ես ես չեմ
իմ տանս:
Կյանքս`
կեղծված դրամ,
ո՞վ խոթեց
գրպանս:
(«Էլեգիա», էջ 46)
Այնուամենայնիվ, ժողովրդական իմաստնությունն ասում է. «Ջուրն իր ճամփան կգտնի»:
Նայելով բանաստեղծ Վարդան Հակոբյանի «Ջրի հիշողության» ուղղությամբ` ակնհայտորեն տեսնում ենք մարդուն, որ մշտապես ներկա է տիեզերական չափումների մեջ: Իսկ ներկա է, որովհետև նրա նպատակը ճանապարհն է, ինչպես մեղուն է ծաղկի նպատակը:
Ինպես համոզված ենք, որ ջուրն, իսկապես, իր ճամփան կգտնի, նույն կերպ էլ գիտենք, որ Վարդան Հակոբյանի «Ջրի հիշողությունն» է իր ճամփան գտնելու հայ գրականության մեջ` իրենով հարստացնելով և առավել լայնահուն դարձնելով այն:
2014 թ. փետրվարի 5
Ֆելիքս Բախչինյան
Դիտվել է՝ 8148

Մեկնաբանություններ

րոնային հասցե՝ info@irates.am