ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անգամ փակ սահմանների դեպքում կարող են ՀՀ քաղաքացիներին հավաքագրել. Արա Պողոսյան

Անգամ փակ սահմանների դեպքում կարող են ՀՀ քաղաքացիներին հավաքագրել. Արա Պողոսյան
07.09.2022 | 07:24

Վերջերս դարձյալ ակտիվացել են խոսակցություններ այն մասին, թե սփյուռքահայերը պետք է ընտրել-ընտրվելու իրավունք ստանան, ու այս թեզը մի կողմից պաշտպանում են որոշ սփյուռքահայ շրջանակներ, մյուս կողմից որոշ հայաստանյան շրջանակներ։


Իհարկե, որպես պոպուլիզմ, սա գեղեցիկ գործիք է, որը շահարկելու միջոցով կարելի է սփյուռքահայերի ականջը շոյել, գումարներ հավաքել և այլն, ապագայում գուցե նաև ձայներ հավաքել, եթե Հայաստանում որևէ իշխանություն որոշի վերջնականապես երկիրը ոչնչացնել, պետական ինստիտուտները դեգրադացնել, հայության տարբեր հատվածների վերջնականապես թշնամացնել։
Այստեղ կա նաև համապատասխան մասնագետների կողմից թույլ տրված բաց, որը, թերևս, առիթ է տալիս տարբեր քաղաքական ավանտյուրիստների շահարկել ու դիվիդենտներ շահել՝ խաղալով մարդկանց հոգիների նուրբ լարերի հետ։


Որպես պարզագույն օրինակ նշեմ, որ ընտրել-ընտրվելու իրավունքը ենթադրում է ճիշտ այնպիսի պարտավորություններ, որոնք ունեն քաղաքացիները, իսկ ընտրվելու դեպքում` միայն մեկ քաղաքացիություն ունեցողները։ Իսկ արտասահմանում բնակվող և օտար պետության հպատակություն ունեցող ենթադրյալ ընտրող-ընտրվող սփյուռքահայը արդյո՞ք չի կրելու իր վրա կողմնակի ազդեցություն, որը կարող է հակասել ՀՀ պետական-ազգային շահերին։ Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում, Մոզամբիկում կամ Թուրքիայում ծնված հայը, ով կյանքում մի քանի անգամ որպես զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, արդյո՞ք չկա վտանգ, որ կարող է հավաքագրվել իր ծննդավայր պետության հատուկ ծառայությունների կողմից։ Իսկ այդ դեպքում արդյո՞ք հնարավոր է ՀՀ կողմից դա վերահսկել։
Վերջին շրջանի բացահայտումները ցույց տվեցին, որ անգամ փակ սահմանների դեպքում կարող են ՀՀ քաղաքացիներին հավաքագրել, իսկ պատկերացնո՞ւմ եք այս դեպքում ինչ կլինի։
Իհարկե, տարիներով ստեղծվել է միֆ, թե սփյուռքահայերը ավելի հայրենասեր են, քան հայաստանաբնակներս, սակայն իրականությունն այն է, որ և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում կան և՛ հայրենասեր հայորդիներ, և՝ հակառակը։


Նյութի մանրամասն ուսումնասիրությունը, իհարկե, այլ բազմաթիվ մարտահրավերներ առաջ կբերի, սակայն այսքանը, կարծում եմ, բավարար է, որ առնվազն առայժմ այս թեման մեկընդմիշտ փակենք։

Դիտվել է՝ 8641

Մեկնաբանություններ