Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Հայ վաճառականնե՛ր, ձեր փառքի տունը, ուր անմահ կը մնաք, ձեր տառապեալ հայրենիքն է»

«Հայ վաճառականնե՛ր, ձեր փառքի տունը, ուր անմահ կը մնաք, ձեր տառապեալ հայրենիքն է»
31.08.2022 | 07:27

Սա Բենիկ վարդապետ Տեր-Ղևոնդյանցի դամբանականն է, որ խոսել է 1911 թ․ ապրիլի 30-ին, Թիֆլիսի Վանքի բակում, Ալ Մանթաշյանցի հուղարկավորության ժամանակ։
Բայց սա զուտ դամբանական չէ, սա մեծ բարերարի հասցեին մինչ օրս ասված անգերազանցելի խոսք է։
Ասեմ ավելին՝ սա հայ հրապարակախոսության գագաթ է։


ԱԼ․ ՄԱՆԹԱՇԵԱՆԻ ԴԱԳԱՂԻ ԱՌԱՋ
Հոգու խոնարհութեան, մխացող վշտի բուրմունքով արձանացած կանգնած ենք այդ դագաղի առաջ, ուր Ալէքսանդր Մանթաշեան է դիակնացած։
Իր մահուան արագաթև սև գոյժը սևաթոյր ամպի պէս իջաւ, փռուեց աշխարհի երեսին ցաք ու ցրիւ համատարած հայ սրտերի վրայ, ու այնտեղից վիշտն ու ափսոսանքն առուակեցին, հոսեցին ու ծովացան իր յիշատակի, իր անուան շուրջը։
Ծովերի ծոցից նաւաստին, ովկիանոսի ափերից ծովափնեայ բեռնակիրը, օտարութիւնից հայ պանդուխտը, գործարաններից քրտնխաշ բանուորը, համալսարաններից երախտապարտ ուսանողութիւնը, վարժարաններից աշակերտը, որբանոցներից որբերը, ամենքը վշտից դողացող շրթունքներով օրհնութեան կանաչ ոստեր, զգացմունքի փունջ-փունջ ծաղկունք փռեցին այն ճանապարհին, որի վրայով հեռու Հիւսիսից դէպի հայրենիքի սրբազան ծոցն էր վերադառնում անկենդան Մանթաշեանը։


Իսկ այստեղ իր կեանքի վերջին կայանում, որ պինդ սիրեց Մանթաշեանը, աշխարհաժողով են կազմել հայ ազգի ներկայացուցիչները, ծաղիկ հայութիւնը, պսակաձև բոլորելով նրա աճիւնը, դագաղը, անունն ու յիշատակը։
Ի՞նչ է այս ամենը․ մի պատմական և հոգեբանական ճշմարտութիւն, թէ հայկական դատաստանի վրայ մահու սղոցի բերանն ընկածը հայկական մի ծառ էր, որ իր սիրոյ, իր բարութեան արմատները ամենքի սրտի մէջն էր տարածել;
Վաճառական էր նա, հայ վաճառականի որդի։ Դարերի ընթացքում հայ վաճառականների դասը իր յատուկ դաստիարակութիւնն, իր աւանդութիւններն, իր աշխարհահայեացքն ունէր, որոնք որդէց-որդի, սրտէ ի սիրտ, բերանէ բերան էին անցնում։ Իրանց կեանքի սահմանագիծն անցնելիս՝ հայրերն իրանց որդիներին կենդանի օրինակով պատուէր էին թողնում՝ աշխատել, հարստանալ, ընտանիք, ազգ, հայրենիք պահել։ Ու հայ վաճառականի վաստակով կանգնում էին տաճարներ, փառազարդվում եկեղեցիներ, բացվում վարժարաններ, ծաղկում գեղարուեստ, պահպանվում լեզու, հաւատ, ազգային կեանք։


Իր վաստակի արդար հիմունքով հայ վաճառականն ազգային ներքին ու արտաքին կեանքի իրաւատէր գործօնն էր՝ իբրև ժողովրդի և եկեղեցու կապ, հայրապետներ ընտրող, վարժարանների տնօրէն, դեսպան, միջնորդ, խնդրարկու օտարների առաջ հայ ազգի, հայոց եկեղեցու կողմից։
Հայ վաճառականութեան այս աւանդական դերն ու գործունէութեան կարևորութիւնը Ալէքսանդր Մանթաշեանը սրտով է ըմբռնել, սրտով արդիւնաւորել։
Աշխարհէ աշխարհ շրջելիս և իր հայրենիքի վրայ աչք ձգելիս նա սրտով զգաց, թէ մահուան մէջն է ապրում մեր հէգ հայրենիքը, կեանքի մէջ ամեն օր է մեռնում մեր տարաբախտ ազգը։ Եւ ահա իր կենսուրախ աչքերի մէջ ժպիտի փոխարէն արցունք ծաղկեց․ աւանդական հայրենասէր հոգին խօսեց իր մէջ, և նա ձեռք զարկաւ ազգութեան խախտուած հիմերն ամրացնելու։
Ազգերը մեռնում են այն օր, երբ ազգային լեզուն է մեռնում, երբ ազգային գիտակցութիւնն է քարանում նրանց գանգի մէջ։ Հարկ էր քաջալերել հայաշունչ վարժարանը։ Եւ Մանթաշեանը իր առատ ոսկին իր սիրովը շաղախեց ու Ներսիսեան հայաշունչ վարժարանի հիմքում դրաւ այն բարձր սարի վրայ որպէս շողարձակ ճրագ՝ որ հայի հագու խաւարը լուսաւորէ, որպէս հայ աշխարհին նոր յոյսերի աւետիք կարդացող ծիծեռնակ, որ հայացի է ծլվլում, որպէս փառքի տաճար, որ օտար փառքերի մէջ հայերին շուք է տալիս։
Միայն պատերազմական ազգերը չեն, որ դրօշակ ունեն․ ամենայն կենդանի ազգ, որ մեռնելու հիւանդութեամբ չի տկարացած, իր սրբազան դրօշակն ունի, ուր իր վսեմագոյն գաղափարները, իր հաւատամքն, իր դաւանանքն է դրոշմուած։
Ըստ էութեան՝ մի կտոր ձեռագործ շոր է դրօշակը, սակայն նա մի զօրքի, ազգի սրբազան ոգևորութեան նշանն է, որին յառած են ամենքի աչքերը։ Ոչ ոք, ոչ մի ազգ դիւրութեամբ դրօշակը ձեռքից չի տայ, դիւրագնի չի ծախի, այլ իր արեան գնով միայն, մանաւանդ թէ ոչ ոք իր սրբազան դրօշը ոտքերով առաթուր չի կոխկրտի։
Հայոց Մայր Աթոռը՝ Էջմիածինը, հայ ցաք ու ցրիւ ազգի սրբազան դրօշակն է ըստ էութեան, ուխտի տապանակը, միութեան կապը։ Թէև տեղ-տեղ մաշուած, թէև դրօշակակիրների թմրած բազուկներից վար կախուած իր բարձրութիւնից ու վրիպած ազգի աչքից, բայց նա մեր ազգային դրօշակն է, մեր կապը, մեր եղբայրութեան նշանը, մեր ուղեցոյցը, մեր ոգևորութեան առարկան, որի մօտից անցնելիս՝ օտար հզօրն ու տկարը պատմական և զինուորական յարգանքի պատիւներ են տալիս հայ ազգին։


Մանթաշեանն իր սրտով ըմբռնեց ազգային խաչապսակ դրօշակի ոգևորիչ նշանակութիւնը և իր սրտով ու առատաձեռն ոսկով մօտեցաւ նրան, որ սրբի մամուռը, մաքրէ ժանգը և նորոգութեամբ փայլ տայ նրան, ու այդ փայլով ոգևորուի հայութիւնը։
Միևնոյն իմաստով է բարեգործի վերանորոգող ձեռքը շարժուել դէպի այս գողտրիկ տաճարը, որի փայլն ու փառքը Կովկասի մայրաքաղաքի հայութիւնն է վայելում։
Մեծ փորձութիւնն եկաւ ամենուրեք, սրի բերան տուաւ հայութեան մի մասը և հրդեհեց հայկական գիւղ ու քաղաք, տուն ու օթևան։ Այրացաւեր երկրի սարսափահար մնացորդը մոխիր հագած աւերակների միջովն անցաւ ցաք ու ցրիւ դէպի Արևմուտք՝ իր հէգ գլուխը օտարութեան ծոցում թաղելու։
Մանթաշեան Ալէքսանդրը նոյն հայկական դրօշակը Պարիզի հայ տաճարի պատկերով կանգնեց օտար աշխարհում, ու նրա վրայ հայ բարեգործի մտքերն էին արձանագրուած․ ՛՛Ա՜յ դուք խելակորոյս հայեր, հայրենի գետից ճղտուած գետակ, որ օտար ծովն ես գնում թաղելու քեզ, եկ, շուրջ ժողովուիր այստեղ քո ազգային դրօշակը՛՛․ ու կանգ առան լերդապատառ փախչողներ ու սիրտ առան հայրենի դրօշակի տակ։


Այսպէս, Մանթաշեանը իր եւրօպական վաճառականի գլխով, իր հայկական սրտի սրավառ ճրագով միշտ շրջում էր հայութեան մէջ․ նրա աչքն ու հայեացքն հայ ազգի կարիքների վրայ էր հանգչում․ հայ մանուկների համար՝ առևտրական վարժարան, հայ խաւարամած ժողովրդի համար՝ բարձր ուսումն առած մարդիկ, հայ արհեստաւորի համար՝ արհեստանոց, հայ սովեալ գաղթականին՝ հաց ու օթևան, հայ բարեգործական ընկերութեանը՝ լիաբուռն օգնութիւն, հայ ազգի վեհապետին՝ վեհարան, հայ բանուորին՝ գործարան, հայ թատերասիրին՝ բեմ և այլն և այլն․ ահա թէ ի՛նչ էր տեսնում Մանթաշեանի աչքը, ահա թէ ու՛ր է դրել նա իր երկու միլիօն արծաթը․հայ հաստատութիւնների հիմքում, ուր իր սէրն ու սիրտն է դրել ու կատարել է տիրական պատուէրը․՛՛Ուր ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կը լինի՛՛։
Բարեգործների լաւագոյն շարքին է պատկանում Մանթաշեանը, որ առանց յետմահու կտակների, իրանց կենդանութեան ժամանակն են բարիք սփռում ու բարոյական վայելքը քաղում։
Նա մտածում էր օգնութեան գալ հայոց եկեղեցուն իր ծննդավայրին արժանաւորագոյն առաջնորդ տալով, Մայր Աթոռին և իր հիմնած վեհարանին սազական արժանընտիր գահակալ ցոյց տալով։ Մահուանից առաջ ցաւ է յայտնում, որ շատ բան պիտի անէր, բայց անագորոյն մահը իր որսի հևքը կրծքումը խեղդեց վաղաժամ։


Ահա թէ ինչու այսօր պաշտամունք են կատարում ամենքը Մանթաշեանի շուրջը, որի պանծալի տաճարն էր հայոց աշխարհը, որի համար պատարագող քահանան՝ իր բարի գործերը, բուրվառն՝ իր սիրով խնկուած սիրտը, իր սարկաւագները՝ հայոց հաստատութիւնները, իր փառքն ու յիշատակը՝ երգող ու տարածող դպիրները՝ աղքատն ու թշուառ։ Եւ այդ տաճարի մէջ Մանթաշեանը իր ոսկէ սիւնին շղթայուած գերի չմնաց, այլ ոսկուց գահ շինեց ու բազմեց վրան, ոսկուց բարձր՝ ի տես Աստուծոյ և մարդկան։
Իր կեանքը խրատական էր, իր մահը երկու ճշմարտութիւն, երկու դաս պատմող՝ իր սիրասուն ու սգաւոր որդոց, իր սրտին մերձաւոր հայ վաճառականների պատուական դասին։
Թողէք որ կարդամ այդ ճշմարտութիւնները, որ Մանթաշեանի թողած հայկական հաստատութեանց ճակատն է զարդարում անգիր փորագրութեամբ։
«Հայ վաճառականնե՛ր, ձեր փառքի տունը, ուր անմահ կը մնաք, ձեր տառապեալ հայրենիքն է։ Հայոց կեանքն է այն պանտէօնը, ուր ձեր բարի յիշատակը պիտի պահուի Աստուծոյ և մարդկանց առաջ իր համակ պալծառութեամբ․ ուրիշ թանգարաններում ձեզ համար միայն արհամարհանք, մոռացութիւն ու փոշի են պահուած։ Այլ ևս․ հայ վաճառականնե՛ր, դուք հայ ազգի վաստակաւոր ձեռքն էք, նրա հաստատութիւններին սնունդ մատակարարող աշխատաւորը, նրա կենդանի գանձն էք ու գանձարանը, հետևաբար նրանց վրայ հսկելու, կարգադրելու, կարգի բերելու բարոյական իրաւատէրը։ Մի՛ լռէք, մի՛ հեռանաք հայ վաճառականի աւանդական ճանապարհից, մի՛ մերժէք ձեր պարտքերն առ հայրենիք, մի՛ հրաժարուէք ձեր իրաւունքներից ազգային գործերի ղեկը ձեր ձեռքից վար թողնելով»։
Մտէ՛ք Ալէքսանդր Մանթաշեանի բռնած ճանապարհը, այդ և ձեր փառքի ճանապարհն է, և եթէ յարգել էք ուզում նրան, մի՛ թողնէք, որ նրա ոսկեղէն երազները մեռնեն։ Այդ կը լինի այն լաւագոյն դրասանգը, այն անթառամ պսակը, որոնց առջև այնքան դալուկ, այնպէս վաղաթառամ են ոսկէ ու արծաթէ պսակները։ Միայն ձեր սրտերում կարող են բուսնել, ձեր ձեռքերով քաղուել ազնիւ գործերի այն ծաղիկները, որոնցով զիղվում, փափկում է Մանթաշեանի հողէ անկողինը, թեթևանում քարէ վերմակը։
Մարդ էր Մանթաշեանը, և մարդակային անհատական սխալմունքները անծանօթ չէին նրան։ Բայց ինչպէ՜ս հալվում ու հոսում, ինչօէ՜ս ջնջվում ու հողմավար զրվում են այդ սխալանքները այն մեծ գործերի լոյսի առաջ, որոնք միայն արձանագրվում են պատմութեան էջերում ոսկէ գրով։


Օրհնեա՜լ ու յաւե՜րժ յիշատակը մեծ բարեգործի։
Լռեմ և ես, ու թող մեծ խաղաղութիւնը, որ գիտէ առաւել խորունկ սգալ ընտիրների մահը, թող գայ ու փռուի Մանթաշեանի շուրջը, նրա հողաբլուրը, դամբարանը զարդարելու իր մշտախօս, բայց անձայն վշտերգով։
Թող օրհնէ նրա բարի յիշատակն ու անունը Նա, Ով պատուէր տուաւ, թէ ձեր գանձը դրէք բարութեան հիմքում, այնտեղ կը լինի և՛ ձեր սերը, և՛ ձեր սիրտը, և՛ ձեր անմահութիւնը։


Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 42688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ