ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վրաստանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր արտադրել

Վրաստանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր արտադրել
03.02.2021 | 13:51

«Վրաստանի ռազմարդյունաբերական համալիրը մտադիր է ձեռնամուխ լինել սեփական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի թողարկմանը», - գրում է Коммерсантъ-ը՝ պնդելով, որ T-31 անվանումը ստացած անօդաչու սարքի նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Հարվածային դրոնի արտադրությամբ պատրաստվում է զբաղվել Թբիլիսիի ավիաշինական գործարանի հիման վրա ստեղծված TAM Management ընկերությունը։ Ընկերության փոխտնօրեն Միխեիլ Ռոգավան վրացական Business Media հեռուստաալիքին հարցազրույցում որոշ մանրամասներ էր հաղորդել իրենց նախագծած սարքերի տեխնիկական կարողությունների մասին։ «Մեր անօդաչու սարքերի հետախուզական տարբերակն ի վիճակի է անընդմեջ օդում գտնվել 72, իսկ հարվածայինը՝ 24 ժամ։ Առավելագույն բարձրությունը, որի վրա կարող է գործել անօդաչու թռչող սարքը, 6 հազար մետր է, կարող է մինչև 350 կիլոգրամ սպառազինություն կրել՝ թե ռումբեր և թե հեռակառավարվող հրթիռներ», - նշել է Ռոգավան՝ ընդգծելով, որ վրացական արտադրության դրոնը տարբեր նպատակներ կարող է կատարել՝ թիրախների խոցումից մինչև հրետանու գործողությունների ճշգրտում։

Անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրություն սկսելու մտադրության մասին Վրաստանի իշխանությունները հայտարարեցին անցած տարեվերջին։ 2021-ի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ Վրաստանի խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես եկավ ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ աշխարհում ընդամենը 20 երկիր կա, որ զբաղվում է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, և Վրաստանը ցանկանում է «միանալ պետությունների պատվավոր այդ ակումբին»։ Ղարիբաշվիլիի հավաստմամբ՝ Վրաստանում բավարար գիտական ներուժ կա անօդաչու թռչող սարքերի կանոնավոր արտադրություն սկսելու համար։ «Այդ ներուժի անտեսումն ուղղակի հանցագործություն կլինի մեր կողմից», - հայտարարել է ՊՆ նախարարը։
Մեկնաբանելով Ղարիբաշվիլիի այդ խոսքերը՝ "Коммерсантъ"-ը հիշեցնում է, որ Թբիլիսիի ավիաշինական գործարանը դեռ խորհրդային տարիներին ձևավորած լուրջ ավանդույթներ ունի, և տասնամյակներ առաջ այստեղ են արտադրվել սպառազինության այնպիսի հայտնի տեսակներ, ինչպիսին էին, օրինակ, Սու-25 մակնիշի կործանիչները։


"Коммерсантъ"-ի տեղեկություններով՝ վրացական կողմը հստակեցրել է նաև օտարերկրյա այն գործընկերների շրջանակը, որոնց օգնությամբ կարող է մեկնարկել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ «Այժմ TAM Management-ը ակտիվ բանակցություններ է վարում կանադական C&C, հարավաֆրիկյան Paramaunt և իտալական Leonardo ընկերությունների հետ՝ նորագույն օպտիկական համակարգեր ձեռք բերելու նպատակով։ Շարժիչների հարցում վրացական կողմի ընտրությունը կանգ է առել [ավստրիական] Rotax ընկերության արտադրանքի վրա», - գրում է մոսկովյան պարբերականը։

Դիտվել է՝ 3754

Մեկնաբանություններ