«Իրատեսի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ:
- Հուլիսյան դեպքերը իշխանության որոշ ներկայացուցիչներ համեմատում են ապրիլյան պատերազմի հետ: Որքանո՞վ են դրանք համեմատելի:
- Այս տարվա հուլիսյան և 2016-ի ապրիլյան մարտական գործողություններն առանձին դրվագներով գուցե կարելի է համեմատել, բայց, ընդհանուր առմամբ, դրանք թե՛ մասշտաբով, թե՛ կիրառված զինտեխնիկայի առումով խիստ տարբերվում են:
Հուլիսին մարտական հիմնական գործողություններն ընթանում էին մի քանի բարձունքների, դիրքերի մատույցներում, այսինքն՝ մեկ վաշտի կամ առավելագույնը մեկ գումարտակի բնագծում։ Թշնամին, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ, հարվածներ հասցրել էր նաև թիկունքին, սակայն հիմնական առճակատումը եղել է հայտնի «Անվախ» դիրքի մոտակայքում։ 2016-ի ապրիլին մարտական գործողությունները ծավալվել են պաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող բնագծի գրեթե ամբողջ երկայնքով՝ հյուսիսից հարավ։ Անգամ մանրամասնելու կարիք չկա, թե դա ինչ հսկայական հատված է։ Եթե հուլիսյան մարտերը ծավալվել են, այսպես ասած, գումարտակային մասշտաբի բնագծում, ապա ապրիլյան մարտական գործողությունները եղել են բանակային մասշտաբի, որի մեջ 60-ից ավելի գումարտակներ են մտնում։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ վերահաստատում եմ՝ ապրիլյան և հուլիսյան մարտական գործողությունները համեմատության եզրեր անգամ չունեն։
- Տպավորություն է, թե ապրիլյան պատերազմը նսեմացնելու գործընթաց է սկսվել, ոմանք անգամ ասում են, թե ապրիլին ոչ թե պատերազմ, այլ սադրիչ գործողություններ են տեղի ունեցել:
- Դա ոչ մի տեղ չտանող և առավել քան վտանգավոր գործընթաց է: Թշնամու դեմ կռիվ տված զինվորներով, սպաներով և գեներալներով պետք է հպարտանանք, ոչ թե նսեմացնենք նրանց ավանդը։ Ապրիլյան պատերազմի մասնակից որոշ զինվորականներ ապրիլյան գործողությունների ժամանակ ձեռք բերած փորձը կիրառել են նաև 2020-ի հուլիսյան գործողությունների ժամանակ, մարտական առաջադրանքներ են կատարել, ու նման վերաբերմունք դրսևորելն ուղղակի անթույլատրելի է: Հրամանատարությունը վաղն էլ մեկ այլ ուղղությամբ է մարտական առաջադրանք ստանալու, և եթե հայրենիքին մատուցած ծառայությունը պատշաճ ձևով չգնահատենք, ապա այն, բնականաբար, չի նպաստելու բանակի մարտունակության բարձրացմանը: Փաստեր կան, թե հակառակորդը ապրիլյան մարտական գործողություններում ինչ ստորաբաժանումներ, զինտեխնիկա և այլ միջոցներ է կիրառել: Այս փաստերը մինչ օրս ոչ ոք չի հերքել, ուստի կարծում եմ, որ նմանատիպ բոլոր շահարկումները զուտ քաղաքական բնույթ ունեն, ինչն անընդունելի է։
-ԱԺ-ում ձևավորված քննիչ հանձնաժողովում տարատեսակ մեկնաբանություններ են հնչում: Մեկ հերքում են, թե պատերազմի օրերին փամփուշտի ու սննդի խնդիր չի եղել, մեկ հայտարարում, թե ամեն բան այդքան էլ հարթ չի ընթացել: Ի՞նչ հայտարարություններ են դրանք: Դարձյալ քաղաքական շահարկումների հե՞տ գործ ունենք:
-Ապրիլյան մարտական գործողությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները խիստ կասկածելի են, հատկապես՝ հանձնաժողովի որոշ անդամների հնչեցրած հայտարարությունները։ Իհարկե, հանձնաժողովի ավելի քանի մեկ տարվա աշխատանքի տարբեր փուլերում ադեկվատ և խելամիտ հայտարարություններ եղել են, որոնք հերքել են հասարակության մեջ շրջանառվող մի շարք միֆեր։ Նկատելի է, որ հիմնական առաքելությունը թողած՝ հանձնաժողովը զբաղված է ներքաղաքական ինտրիգներ ստեղծելու գործով։
-Իշխանությունը հայտարարում է աշխարհազոր ստեղծելու մասին, բայց այն միանշանակ չի ընդունվում: ԵԿՄ-ում, ասում են, գաղափարը չի ողջունվել:
-Աշխարհազոր ստեղծելու գաղափարը, ընդհանուր առմամբ, լավն է, սակայն այս պահին դեռևս տեսանելի չէ՝ ինչ մեխանիզմներ են ներդրվելու, կամ ինչ չափորոշիչներով են առաջնորդվելու: Ըստ նախնական տարբերակի՝ աշխարհազորում կամավորական հիմունքներով կարող են ներգրավված լինել մինչև 70 տարեկան մարդիկ, որոնք պահեստազորում հաշվառված չեն։ Շարքային, սերժանտական և ենթասպայական կազմը պահեստազորը լքում է 50 տարեկանից հետո, ստացվում է, որ աշխարհազորայինների գերակշիռ մասը կազմված է լինելու 50-ից 70 տարեկան մարդկանցից։ Բացառություն են կազմելու, օրինակ, առողջական ինչ-ինչ խնդիրներով բանակից ազատվածները, կանայք և կառավարության որոշմամբ տարկետում ստացածները։ Նախագիծը պետք է քննարկումների լայն փուլ անցնի, և ցանկալի է, որ այդ քննարկմանը մասնակցություն ունենան նախկին և ներկայիս զինվորականներ, փորձագետներ ու թեմայի հետ առնչվող մասնագետներ:
Աշխարհազոր ստեղծելու գաղափարը, կարծում եմ, առաջացել է աշխարհաքաղաքական նոր զարգացումների ֆոնին: Իմ պատկերացմամբ՝ այս մոդելով բանակի ղեկավարությունը փորձում է ռեզերվային ուժերի էլ ավելի արդյունավետ բաշխում իրականացնել:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ