Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ընդունված ձև է դարձել ամեն խնդիր կապել ֆինանսների սղության հետ»

«Ընդունված ձև է դարձել ամեն խնդիր կապել ֆինանսների սղության հետ»
19.05.2015 | 00:52

Քաղաքաշինության նախարարությունը լրջորեն սկսել է զբաղվել Գյումրին որպես հյուսիսային մայրաքաղաք զարգացնելու գործով։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի ունեցավ կոլեգիայի նիստ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում՝ «Գյումրու զարգացման հնարավորությունները» խորագրով, որին ներկա էին ոչ միայն Գյումրու քաղաքապետը և ԱԺ պատգամավորներ, այլև առաջատար ճարտարապետներ, շինարարական կազմակերպությունների և բնապահպանական ՀԿ-ների ղեկավարներ։ «Այսուհետ քաղաքաշինության նախարարությունը դառնալու է այն հարթակը, որտեղ երկրի համար կարևոր ռազմավարական և մեծածավալ խնդիրներ կքննարկվեն։ Եվ այս կոլեգիայի նիստով էլ այդ հարթակի սկիզբն է դրվում»,- իր ելույթում ասաց քաղաքաշինության նախարարը։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ նախարարությունը հետաքրքրված է ոչ միայն Գյումրու խնդրով, այլև որդեգրում է հանրապետության բոլոր մարզերի զարգացման նոր քաղաքականություն։ Ինչ կստացվի այս գաղափարից՝ ժամանակը ցույց կտա։ Նշենք, որ կոլեգիայի նիստում վաստակավոր ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը և Սաշուր Քալաշյանն առաջարկեցին Գյումրին երիտասարդացնելու և զարգացնելու նպատակով երևանյան բուհերի մի մասը տեղափոխել Գյումրի։ Իսկ Գուրգեն Մուշեղյանն ավելի հստակեցրեց. «Գյուղատնտեսական ակադեմիան և ֆիզկուլտինստիտուտը տեղափոխել Գյումրի, հաշվի առնելով այդ բուհերի առանձնահատկությունը և Գյումրու սպորտային ավանդույթները»։ Առաջարկը կիսով չափ ընդունելի եղավ բնապահպանների համար։ Բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկեց ոչ թե բուհերը, այլ Վրաստանի օրինակով ԱԺ-ն տեղափոխել Գյումրի։ Մի խոսքով, հարցի շուրջ բուռն քննարկում ծավալվեց, որի ընթացքում չանտեսվեց նաև գյումրեցիների բնակարանային խնդրի վերջնական լուծման հարցը։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2008-ից այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել, և խնդրի լուծումը ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է։ Նախարարը վստահեցրեց նաև, որ մինչև տարեվերջ նախատեսված է լուծել 450 ընտանիքի բնակարանային խնդիրը։
Նկատենք, որ թեև սա կոլեգիայի առաջին նիստն էր, այնուհանդերձ, գործնական միտում ուներ, քանի որ որոշվեց Գյումրու զարգացման համար մշակել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ քաղաքաշինության նախարարությունը փորձում է ամփոփել բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները Գյումրու զարգացման լուրջ ծրագիր մշակելու նպատակով։ Ի՞նչ ազդեցություն կունենան այս քննարկումները՝ հարցրինք Գյումրու քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ։
-Ճիշտն ասած, գործնականում հենց այս քննարկումները կնպաստեն լուրջ ծրագրերի կազմակերպմանը և ֆինանսների հայթայթմանը։ Այժմ ընդունված ձև է դարձել ամեն խնդիր կապել ֆինանսների սղության հետ, սակայն, կարծում եմ, ճիշտ հարկային քաղաքականություն վարելու դեպքում կարելի է ներդրումներ ապահովել Գյումրիում։ Գաղտնիք չէ, որ ֆինանսները հոսում են այնտեղ, որտեղ արտոնություններ կան։ Հարկային արտոնությունները կարող են տարբեր լինել՝ սկսած եկամտահարկ-շահութահարկից, վերջացրած ուղղակի և անուղղակի հարկերով։
-Համաձայնելով Ձեզ հետ, այնուհանդերձ, ուզում եմ խոսենք քաղաքաշինության խնդիրներից։ Ի՞նչ եք կարծում, այս քննարկմանը կհետևե՞ն կոնկրետ գործողություններ։
-Բնականաբար, այո։ Քաղաքաշինության նախարարն ամփոփիչ խոսքում նշեց, որ Գյումրու զարգացման համար անհրաժեշտ է աշխատել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ։ Սա կարևոր հարց է։ Այս ծրագրերը պետք է ձևավորված ներկայացվեն ԱԺ-ին։
-Որպես Գյումրու քաղաքապետ, ո՞րն է լինելու Ձեր դերն այդ գործընթացում։
-Իմ խնդիրը հետևյալն է՝ կարողանալ ստանձնած գործառույթները ճիշտ աշխատեցնել՝ համագործակցելով քաղաքաշինության նախարարության և բոլոր համապատասխան պետական և մասնավոր կառույցների հետ։
-Չե՞ք կարծում, որ բուհերի տեղափոխումը Գյումրի մի քիչ դժվար խնդիր է, քանի որ շահերի բախում կարող է առաջացնել։
-Այդ խնդիրը չեմ բացառում, սակայն Երևանից Գյումրի կարելի է հասնել 40-50 րոպեում։ Այնպես որ, չեմ կարծում, որ առանձնակի լուրջ խնդիրներ լինեն։
-Նիստի ընթացքում Դուք բարձրացրիք նաև Գյումրու ճանապարհների, մայթերի անբարեկարգ լինելու խնդիրը, նշելով, թե դրանց վերանորոգման համար գումարներ են անհրաժեշտ։ Հետաքրքիր է իմանալ, ավտոմեքենաների տեխզննումից առաջացած գումարներն ինչո՞ւ չեն ներդրվում այդ ճանապարհների կառուցմանը։
-Մենք կենտրոնացված բյուջեից դոտացիա ենք ստանում։ Սեփական եկամուտները կազմում են 1 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ դոտացիայի հետ 3 մլրդ դրամ է կազմում, որից մենք հատկացում ենք կատարում աշխատավարձերին, աղբահանությանը և արտաքին լուսավորությանը։ Այս տարի պլանավորել ենք 330 մլն դոլար տրամադրել փոսային նորոգումներին։ Ճանապարհների վերանորոգումը շատ ծախսատար է և մեծ գումար է պահանջում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ