Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

«Էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»

«Էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»
13.09.2013 | 11:30

2013-ի օգոստոսին, քաղաքական սանդղակի համաձայն, ջերմաստիճանը Հայաստանում 40օ-ից բարձր էր, բայց ո՛չ ի հաշիվ քաղաքական միավորների, այլ շնորհիվ քաղաքացիական մտածողության նոր ալիքի: Եվ այսպես, հուլիսի վերջից սկսած մինչ օրս երևանցիները բողոքում են ոչ միայն իրենց խոհանոցների՝ հարազատների և մտերիմների շրջանակներում, այլև իրենց ցասումը դուրս են հանել փողոցներ: Բողոքում են երթուղային տաքսիների վճարների, ուսման վարձավճարների բարձրացման, վճարովի կայանատեղերի սահմանման, ապօրինի շինարարության, գնաճի և նման այլ խնդիրների դեմ: Մի խոսքով, բողոքում են այն ամենից, ինչը խանգարում է մարդու արժանավայել ապրելուն:
Սովորաբար քաղաքական գործիչներն ու տարատեսակ մեկնաբանները համոզում են, թե հայի բնույթին դեմ է սոցիալական խնդիրները փողոց հանելը: Բայց այդ մտածողությունը հերքվեց այս ամառ: Սա լուրջ ազդակ է հատկապես իշխանություններին: Եթե այսօր կոնկրետ քայլեր չձեռնարկվեն խնդիրների կարգավորման ուղղությամբ, ապա վաղը կարող է ուշ լինել: Ի վերջո, ի՞նչ է պետք մարդուն արժանավայել ապրելու համար։ Նախ ` օրենքի առջև հավասարություն, երկրորդ` սոցիալական կարգավիճակի բարելավում: Մինչդեռ Հայաստանում բնակչության մեծ մասը հացի խնդիր ունի, իսկ օրենքն էլ անկաշառ է միայն «անտանիք» մարդկանց նկատմամբ: Սա նշանակում է, որ քաղաքացին իրեն անպաշտպան է զգում, ինչն էլ դարձել է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը:
Արտագաղթ, որի ծավալները գնալով մեծանում են, և այն արդեն սպառնում է մեր երկրի անվտանգությանը: Այս իրողությունը պետք է սթափեցնի մեր իշխանություններին, սակայն կառավարությունն առանձնապես չի շտապում նպաստել բնակչության սոցիալական կարգավիճակն էապես բարելավելուն: Ինչը շատ ցցուն դրսևորվեց նախորդ նիստում:
Գործադիրը մերժեց նվազագույն աշխատավարձը 75000 դրամ դարձնելու մի խումբ պատգամավորների առաջարկը: Ո՛չ, չկարծեք, թե այս մերժումը նշանակում է, որ կառավարությունը չի ցանկանում, որ իր ժողովուրդը մի քիչ թեթև ապրի, ուղղակի նա ծրագրել է այդ քայլն իրականացնել 2012-2017 թթ. կտրվածքով: «Նվազագույն աշխատավարձի չափը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, որը ծրագրված է 2012-2017 թթ. համար: Նախատեսվում է նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում` հասցնելով մինչև 70000 դրամի»,- այս ձևակերպմամբ գործադիրը մերժեց 2014-ից նվազագույն աշխատավարձը 75000 դրամ դարձնելու առաջարկը:
Հայցելով ընթերցողի ներողամտությունը, ասենք, որ նշված ձևակերպումը նմանվում է «էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես» ասացվածքին: Եթե այսօր բարձրացրած նվազագույն աշխատավարձի՝ 45000 դրամի դեպքում մարդը հացի խնդիրը չի կարողանում լուծել առկա գնաճի պայմաններում, ապա ի՞նչ երաշխիք, որ 2017-ին 70000 դրամը «զորավոր» կլինի, այն էլ այն դեպքում, երբ դրան հասնելու ենք փուլային եղանակով:
«Հիշեցնենք, որ, կառավարության թիվ 740 որոշմամբ, նախատեսվում է 2014-ին նվազագույն աշխատավարձը դարձնել 50000, 2015-ին` 55000, 2016-ին` 62500, և միայն 2017-ին` 70000 դրամ: Սրա հետ մեկտեղ կառավարությունը նկատի է ունեցել մի շարք հանգամանքներ` «պետական բյուջեի իրականացման հնարավորությունները և ծրագրերի իրականացման փուլայնությունը»: Այսինքն, եթե այս պահին նվազագույն աշխատավարձը հազիվ կազմում է 100 դոլարին համարժեք դրամ, ու եթե փոխարժեքի մեծ տատանումներ չլինեն, ապա 3 տարի հետո նվազագույն աշխատավարձը նույնիսկ 200 դոլարին համարժեք դրամ չի կազմելու: Այն դեպքում, երբ գնաճը Հայաստանում գրեթե երկրաչափական պրոգրեսիայով է աճում:
Վիճակագրական ծառայության տվյալներով` գնաճային ճնշումը շարունակում է ոչ միայն պահպանվել. այլև այս տարվա օգոստոսին հասել է 9,3 %-ի: Պարենային ապրանքների շուկայում 2012-ի նույն ամսվա համեմատ գները բարձրացել են 11 %-ով: Եթե սրան հավելենք միջազգային տնտեսագետների բացասական կանխատեսումները տնտեսական զարգացումների վերաբերյալ և Հայաստանի տնտեսական անկումը, որի մասին արդեն փաստում է նաև վիճակագրական ծառայությունը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ արժեք կունենա բնակչության համար 70000 դրամ նվազագույն աշխատավարձը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ