Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

«Երկիրը կոռումպացված է, իսկ իշխանությունը պետք է սկսի իրենից»

«Երկիրը կոռումպացված է, իսկ իշխանությունը պետք է սկսի իրենից»
12.06.2013 | 18:01

Կոռուպցիայի մասին խոսում են բոլորը, իսկ ով ինչ է անում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, հայտնի չէ: Իշխանությունը տարիներ շարունակ ինչ-ինչ ծրագրեր է իրականացնում արտերկրի տարբեր հիմնադրամների հետ, իսկ կոռուպցիան գնալով բարգավաճում է:
«Դեբատ» ակումբում տեղի ունեցած քննարկմանը բանավեճի կողմերից յուրաքանչյուրն այն կարծիքին էր, որ, այո, Հայաստանում կոռուպցիա կա, և դա բոլոր ոլորտներում է: ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե կոռուպցիան թունավոր գազի պես մի բան է, որ մտնում է, թափանցում է անխտիր բոլոր ոլորտներ: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքով` «դատական համակարգը ամենակոռումպացվածներից է»: Ըստ բանախոսի` կան օրինապաշտ դատավորներ և կան կոռումպացվածներ: Շատ փաստաբաններ և դատավորներ գործարքի մեջ են մտնում ու փոխպայմանավորվածության արդյունքում անօրինական վճիռներ կայացնում: Ամարյանն ասաց, որ որոշ բարեգործական կազմակերպություններ նույնպես անօրինական գործողությունների են դիմում, մասնավորապես` բարեգործական օժանդակությունների յուրացում, որից ստացված գումարների հետքը տանում է դեպի որոշ քաղաքական կուսակցություններ:
Ըստ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի` չկա մի պետություն, որտեղ դատական համակարգը չենթարկվի կոռուպցիոն ռիսկերի: Ինչ վերաբերում է Հայաստանին, կոռուպցիոն ռիսկերն ամենուր են: Ասվեց, որ կոռուպցիա կար նաև խորհրդային տարիներին, որը, սակայն, շատ ավելի վաղ` բյուզանդական ժամանակներից եկող արատ է: Արևելյան ժողովուրդները միշտ էլ ավելի ճկուն են պրոբլեմների լուծման ճանապարհները գտնելու հարցում, և այնպես չէ, որ խնդիրը նոր է առաջացել: Կարապետյանի գնահատմամբ` «կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում գնահատվում են 50-60 մլն դոլար` ամսեկան»:
Նախկին սոցապնախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանն էլ խնդիրը գնահատեց որպես ընդհանուր երևույթ. «Կոռուպցիան հասարակական հիվանդություն է: Իշխանությունը ամեն կերպ ցույց է տալիս, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, իսկ ընդդիմությունը քննադատում է, բայց լուծումներ չի առաջարկում»: Մարտիրոսյանի խոսքից հետևում էր, որ եթե օրենքները գործեն, կոռուպցիան կվերանա, հասարակությունը նույնպես պետք է նպաստի կոռուպցիայի դեմ պայքարին:
«Լավ, իսկ ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, ի՞նչ լուծում եք առաջարկում»` հարց ուղղեցինք բանախոսներին: ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով այդ պայքարում իշխանությանը պիտի օգնի հասարակությունը. «Հասարակությունը պետք է ակտիվ լինի կոռուպցիայի դեմ պայքարում»: Ալեքսանյանին հարց ուղղեցինք. «Դպրոցը ունի ջեռուցման համակարգ և պարտավոր է դասասենյակներում համապատասխան ջերմություն ապահովել ձմռան ամիսներին: Երեխան դասերը թողնում տուն է վերադառնում, քանի որ դպրոցում ցուրտ է, տնօրենը հոսանք է խնայում: Ծնողը զանգահարում է ԿԳ նախարարության համապատասխան վարչություն և խնդրում պետի միջամտությունը: Պետն ասում է` իսկ ինչո՞ւ Դուք չեք մոտենում տնօրենին Ձեր բողոքով: Հիմա` սա արդյո՞ք կոռուպցիա է, եթե դպրոցի տնօրենը հոսանք է խնայում, իսկ տարվա վերջին երթևեկում նոր մեքենայով, և ո՞րն է նախարարության դերը: Արդյոք նախարարությունը չպիտի՞ վերահսկողություն իրականացնի դպրոցների նկատմամբ»: Լեռնիկ Ալեքսանյանը խուսափեց հարցի ուղիղ պատասխանից: Ասվեց, թե նախարարությունը չի կարող նման վերահսկողություն իրականացնել բոլոր դպրոցների նկատմամբ, պետք է ծնողներն էլ օգնեն: Այդպես էլ չհասկացվեց, թե նախարարություն զանգելուց զատ ծնողի կողմից ի՞նչ օգնություն նկատի ուներ Ալեքսանյանը: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն էլ հավելեց, թե համաձայն է ինչ-որ առումով, որ հասարակությանը պետք է կրթել, դաստիարակել, բայց. «Շատ լավ կլինի, որ իշխանությունը դա անի սեփական օրինակով: Ոչ ոք չի էլ փորձում դա վերացնել, որովհետև համակարգը կառուցված է դրա վրա»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ