ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Օգնության պահանջը տրամաբանական պետք է լինի

Օգնության պահանջը  տրամաբանական պետք է լինի
11.06.2013 | 11:55

«Կառավարությունը խոստացավ, որ բանկերում կսառեցնեն մեր վարկերը, բայց ձեն-ձուն դեռ չկա»,- գանգատվում էին խմբագրություն զանգահարած արմավիրցիները։
ԿԲ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, խնդիրն ուսումնասիրվում է։ Առևտրային բանկերի ղեկավարները մեզ հետ զրույցում ևս նշեցին, որ հարցն ուսումնասիրվում է, և յուրաքանչյուր գործ առանձին է դիտարկվում։ Այլ կերպ ասած, խնդիրն ականջի հետև չի գցվել։ Մեզ համար հուսադրող է այն, որ յուրաքանչյուր գործ դիտարկվում է առանձին, քանի որ նման դեպքերում թացը չորի հետ հեշտ է խառնվում։ Համոզված ենք, որ վարկերի սառեցման հարցն ընդհանուր չպետք է դիտարկել և տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերել, թեկուզ հենց սոցիալական արդարության սկզբունքներից ելնելով։ Հարկ է նկատել, որ վարկերի սառեցում ասվածն օրենսդրորեն կարգավորված հարց չէ, և, ըստ էության, առևտրային բանկերը առանձին մասնավոր տնտեսավարող սուբյեկտներ են, և պետությունը եթե ճնշում գործադրի բանկերի վրա, պատկերը կարող է շատ տխուր լինել։
Այն, որ գյուղացիները պետությունից օգնություն են սպասում, շատ տրամաբանական է, առևտրային բանկերից վարկերի սառեցման պահանջը նույնպես կարելի է մարդկայնորեն հասկանալ։ Սակայն անհասկանալի է, թե ինչու նրանք իրենց պարտքն ու պահանջը չեն ներկայացնում նույն Արմավիրի մարզի վերամշակող ձեռնարկություններին, որոնց մեջ կան սեփականատերեր, որոնք անցած տարվա բերքի դիմաց դեռևս չեն վճարել գյուղացուն։ Այս պահին խնդիր չենք դրել անուն առ անուն նշելու վերամշակող այդ ընկերությունների և սեփականատերերի անունները, որոնց մեջ կան նաև պատգամավորներ։ ՈՒղղակի հարց է առաջանում` ինչո՞ւ են նրանք մինչ օրս պարտք արմավիրցիներին։
Այն պահին, երբ պետությունը հողի, ջրի վճարներն իր վրա է վերցնում, դրամական օգնություն ցուցաբերում սոցիալապես անապահով, տուժած ընտանիքներին, երբ սերմացու և վառելիք է բաժանվում գյուղացուն, երբ ոստիկանությունը 20 մլն դրամ է փոխանցում «Բնական աղետների հետևանքների վերացման» հիմնադրամին, անհասկանալի և անտրամաբանական է ընկալվում վերամշակող ընկերությունների քար լռությունը։ Ինչո՞ւ գյուղացիներն իրենց հասանելիքը չեն պահանջում նրանցից։ Դժվար է այս հարցին միանշանակ պատասխանել, քանի որ գործոնները բազմաթիվ կարող են լինել։ Գուցե հողագործները չեն ուզում փչացնել իրենց հարաբերությունները վերամշակողների հետ։ Քանի որ մարզի բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս երկրորդ անգամ ցանքս կատարելու և բերք հավաքելու, որի մի մասն էլ պետք է իրացվի վերամշակողների կողմից։ Ինչն էլ պատճառ հանդիսանա, միևնույն է, դա չի արդարացնում վերամշակող ընկերությունների պասիվությունը։
Եվ այսպես, պետությունն արմավիրցիներին մենակ չթողեց իր խնդրի հետ, իսկ արմավիրցիների պահանջները գնալով շատանում են։ Այն, որ նրանց խնդիրները կառավարությունը փորձում է թեթևացնել, լավ է, սակայն ո՞վ է ասել, որ Արմավիրի մարզը միակ տուժած մարզն է. այս մասին չպետք է մոռանան արմավիրցիները։ Եթե կրկին նշենք, որ Արմավիրի մարզում սեզոնում երկու և ավելի անգամ ցանքս է կատարվում և բերք հավաքվում, ապա Սյունիքի մարզն ընդամենը մեկ անգամ հնարավորություն ունի ինքն իրեն կերակրելու։ Սակայն բնական աղետը հաշվի չառավ այդ փաստը, և Գորիսում նույնպես բերքը հողին հավասարվեց։ Այս ֆոնի վրա կենտրոնանալ միայն Արմավիրի մարզի խնդիրներին և պետության վրա դնել առևտրային բանկերի կողմից վարկերի սառեցման պահանջը, մի քիչ անհասկանալի է, քանի որ առևտրային բանկերը կարող են այդ դեպքում ֆինանսական խնդիրներ ունենալ, ինչը բացասաբար կարող է ազդել տնտեսության վրա։ Մեկ այլ տարբերակով հնարավոր է համարվում, որ պետությունը փակի այդ վարկերը, սակայն չմոռանանք, որ դրանք մեծ գումարներ են, և այդ միջոցները կարող են ուղղվել սոցիալական այլ խնդիրների լուծմանը։ Չմոռանանք, որ Հայաստանում միակ խնդիրը կարկտահարությունը չէ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ