ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Պետք է վերականգնել վստահությունը

Պետք է վերականգնել  վստահությունը
14.05.2013 | 02:18

-Ի՞նչ կա, ի՞նչ չկա,- թիվ 34 երթուղու վարորդը հարցրեց թիվ 46 երթուղայինի վարորդին։
-Է՜, հե՛չ, սպասում եմ, որ կանչեն` գնամ։
-Դո՞ւ էլ ես գնում։
-Բա ինչ անեմ, ստեղից արդեն հույս չկա։
-Հա, ես էլ կգնայի, եթե ճար ունենայի։
Այս զրույցին ակամա ականջալուր եղա երթուղային տաքսիում և անմիջապես էլ հիշեցի, որ մեկ ամիս հետո նորանշանակ կառավարությունն ԱԺ պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը։
Կտրուկ և խիստ առանցքային փոփոխություններ սպասել ծրագրից չի կարելի, քանի որ առանցքային չի եղել նաև կառավարության փոփոխությունը։ Այս դեպքում «նորանշանակ» բառն այդքան էլ տեղին չէ կառավարության համար. ինչպես և կանխատեսում էինք, կառավարության կազմը գրեթե անփոփոխ մնաց։ Նկատենք, որ գործադիրի կազմի փոփոխությանն ամենաշատը սպասում էր ժողովուրդը։ Ինչը բնական է. ցանկացած երկրում ժողովուրդն իր սոցիալ-տնտեսական իրավիճակի դրական փոփոխությունները կապում է կառավարության հետ։ Այս առումով նոր հաստատված կառավարությունը լուրջ մտածելու բան ունի։ Ավելին, մեծանում է նրա պատասխանատվությունը։ Այժմ կառավարության գործունեությունը պետք է ուղղված լինի ժողովրդի վստահությունը վերադարձնելուն։ Իսկ դա հնարավոր է միայն երկրի տնտեսական դաշտի բարելավմամբ, բայց որ այն չլինի սոսկ վիճակագրական ցուցանիշների տեսքով, այլ տնտեսական իրական աճով։ Աճ, որն իր վրա կզգա շարքային քաղաքացին։ Այսինքն, ժողովուրդը կառավարությունից սպասում է կոնկրետ քայլեր բոլոր բնագավառներում։
Ըստ վերլուծաբանների, այդպիսի քայլերից կլինի նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որը տեղի կունենա առաջին կիսամյակից հետո։ Եթե նկատենք, որ վերջին երկու տարում մեծ և անընդհատ զարգացող գնաճի պայմաններում աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում չի եղել, ապա նշվածը կարելի է կոնկրետ քայլ համարել։ Սակայն նկատենք, որ միջին աշխատավարձի բարձրացումն ավելի շուտ սիմվոլիկ բնույթի կլինի, քանի որ 2013-ի պետբյուջեն հաստատված է առանց աշխատավարձերի բարձրացման։ ՈՒրեմն, աշխատավարձի մի փոքր բարձրացումը չի կարող փակել ժողովրդի բերանը. այն հիմնավոր փոփոխություն է ակնկալում։ Բայց արդյո՞ք դա հնարավոր է։
Ասում են` ցանկության դեպքում անհնարին բան չկա, ուրեմն եթե մեր կառավարությունը ցանկանա, ապա վստահ ենք, որ կկարողանա Հայաստանում վերակենդանացնել տնտեսությունը, հատկապես փոքր և միջին, որը վերջին հինգ տարում աստիճանաբար մահացավ։ Այս ոլորտի զարգացումը Հայաստանի սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացմանը օդի ու ջրի պես պետք է։
Ինչո՞ւ են մարդիկ երանի տալիս 2000-2008 թվականներին։ Որովհետև ՓՄՁ ոլորտն առողջ էր. մարդիկ աշխատում էին, և հացի խնդիրը լուծված էր շատ շատերի համար։ Դրա արդյունքում նվազեց նաև գործազրկությունը։ Այս ֆոնին միջազգային կազմակերպությունները Հայաստանն աղքատ երկրների շարքից դուրս սկսեցին դիտարկել։ Այսինքն, «գոհ» էր ոչ միայն վիճակագրությունը, այլև շարքային քաղաքացին։
2012-ին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական աճը չհանգեցրեց նոր աշխատատեղերի ստեղծման և աշխատավարձերի բարձրացման։ Ավելին, գործազրկությունը հասավ մինչև 20 %-ի, սա` ըստ վիճակագրության։ Իրականում պատկերը շատ ավելի տխուր կարող է լինել։ Սա նաև արտագաղթի պատճառներից մեկն է։ Սակայն կա նաև արտագաղթի մեկ այլ գլոբալ պատճառ` ժողովրդի, հատկապես նրա կայացած հատվածի մեջ նկատվում է ապատիա, ինչի հետևանքով էլ վերջիններս բռնում են արտագաղթի ճանապարհը։ Այս երևույթի արմատները, կարծում ենք, պետք է փնտրել տնտեսության բարձր կենտրոնացվածության մեջ, որը գնալով ավելանում է։ Կառավարությունը պետք է կարողանա լուծել այդ խնդիրը։ Ասել «պետք է», հեշտ է, սակայն այդ «պետքը» պետք է իրականություն դարձնել։
Բնականաբար, կառավարության առաջնահերթությունների թվում պետք է լինեն մրցակցային միջավայրի բարելավումը և կոռուպցիայի դեմ պայքարը։ Նկատենք, որ այս առաջնահերթությունները եղել են Հայաստանի անկախությունից հետո բոլոր կառավարությունների գործունեության ծրագրերում։ Սակայն արդյո՞ք դրանից իրականում որևէ բան փոխվել է։ Մրցակցային դաշտի ձևավորման համար անհրաժեշտ է հրաժարվել տնտեսական կենտրոնացվածությունից։ Իսկ քանի դեռ այն գերիշխող է, դժվար է խոսել մրցակցային արդյունավետ միջավայրի գոյության մասին։ ՈՒ թեև միջազգային կազմակերպությունները լուրջ առաջընթաց են արձանագրում Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման առումով, այնուհանդերձ, դրանից ներդրումները չեն ավելանում, հակառակը, նվազել են, և ոչ էլ բիզնես շրջանակներն են ընդլայնվել։ Չմոռանանք, որ տնտեսության եկամուտների գերիշխող մասը հենց իշխանության ձեռքում է։ Այս դեպքում իշխանությունները պետք է դրսևորեն քաղաքական կամք և նպաստեն, որպեսզի տնտեսության մեջ ձևավորվող եկամուտներն արդյունավետ բաշխվեն։ Հուսով ենք, որ առաջիկա հինգ տարիների համար իշխանությունները լուրջ քայլեր կիրականացնեն այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Հաջորդ կարևոր քայլը, որ սպասում է ժողովուրդը կառավարությունից, գիտության զարգացումն է։ Գուցե և շատ երկրների ձեռնտու չէ Հայաստանի գիտատեխնիկական զարգացումը, բայց մեզ համար գործնականում այն պետք է գերակա լինի։ Մեր երկրի բնական պաշարը մտավոր ներուժն է, որն անխնա «դուրս է բերվում» Հայաստանից։ Կառավարությունը պետք է կարողանա հստակ քաղաքականություն մշակել գիտության զարգացման համար։ Հակառակ դեպքում այդ «բնական պաշարը» մի քանի տարի հետո ցերեկով մոմի լույսի տակ կփնտրենք։
Փորձեցինք վեր հանել այն կարևոր հիմնախնդիրները, որոնց լուծման պարագայում թե՛ վարորդը, թե՛ գիտնականը չեն լքի իրենց երկիրը։ Ասել է` առաջիկա հինգ տարիները կառավարության համար ծանր աշխատանքային տարիներ են լինելու բոլոր առումներով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ