Հրապարակելով Ռուսաստանի ամենահարուստ բիզնես-ընտանիքների վարկանիշային ցուցակը, CEO ամսագիրը «ժողովրդաիմաստնաբանական» խոհերի տեղիք տվեց: Բոլոր մեկնաբանները կասկածներ էին հայտնում այն հանրաճանաչ մտքի կապակցությամբ, որ չի կարելի գործ բռնել հարազատներով: Իրոք, մարդկանց մեջ գերիշխում է այն մտայնությունը, որ մերձավորների հետ ձեռնարկած բիզնեսը շատ ավելի է հագեցած զգացմունքայնությամբ, նրբանկատ պահերով, սթրեսներով, կոնֆլիկտներով, եկամուտների նկատմամբ սուբյեկտիվ մոտեցումներով և այլն:
Մինչդեռ հրապարակված ցուցակը հակառակն է ապացուցում։ Այն է` հարազատներով էլ կարելի է ծնկի բերել շատ անհատ հաջողակների:
Համենայն դեպս, Ռուսաստանի «ընտանեսեր» միլիարդատերերի առաջին տասնյակի ամենաաղքատ ներկայացուցիչն ունի… 2,11 միլիարդ դոլար:
Սակայն ծանոթանալով ցուցակին, առաջին հերթին անպատեհության զգացում ես ապրում: Դե, ի վերջո, խոսքը վերաբերում է ռուսաստանցի` ռուսաստանաբնակ ընտանիքներին, միչդեռ 10-ի մեջ միայն 3-ի ազգանունն է սլավոնական, այն էլ դեռ հարց է` ռուսնե՞ր են նրանք: Գուցերիևներ, Ռոտենբերգներ, Մուցոևներ, Մագոմեդովներ…
Է՜, մե՞զ ինչ, կասեն հայաստանցիները: Բայց մի շտապեք. ամենաարտասովորը առջևում է. 10-ից երեքը հայ ընտանիք է: Ռուսաստանում: Արժե՞ հպարտանալ: Երևի:
Եվ այսպես, երրորդ տեղում Խաչատուրով եղբայրներն են` Դանիլը և Սերգեյը` 5,7 միլիարդ դոլարով: Եղբայրները տնօրինում են «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը և «Հթհ-ոՈվՍ»-ը: Միայն անցյալ տարի նրանց եկամուտները աճել են 3,54 միլիարդով:
Վեցերորդ տեղում Կարապետյաններն են` մեզ այնքան հարազատ «Տաշիրով»: Նրանց կարողությունը աճել է 1,66 միլիարդ դոլարով և դարձել 2,94 միլիարդ: Նախորդ վարկանիշով նրանք 14-րդ տեղում էին:
Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը: «Ռեսոգարանտի» ապահովագրական ընկերության եկամուտները նախորդ տարի կազմել են 660 միլիոն դոլար, ընդհանուր կարողությունը հասցնելով 2,66 միլիարդի:
Ի դեպ, բոլոր երեք միլիարդատեր ընտանիքները իրենց բիզնեսով ներկայացված են նաև Հայաստանում, ինչը, անտարակույս, վկայում է նրանց մեծ հայասիրության մասին: Թե ինչքան են նրանք վաստակել իրենց պատմական հայրենիքում, հժԿ-ն լռում է: Դե, առհասարակ, մեկնումեկը գիտե՞, թե Հայաստանում ով ինչքան է աշխատում:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա