Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԱՊՊԱ ընկերությունները «քթները կախել են»

ԱՊՊԱ ընկերությունները «քթները կախել են»
12.03.2013 | 11:52

ԱՊՊԱ-ի դաշտում անհասկանալի գործընթացներ են կատարվում։ Մի կողմից` 2013-ի հունվարից ավելացել է ԱՊՊԱ պայմանագրերի թիվը, մյուս կողմից` ընկերությունները նվազեցրել են իրենց փոխհատուցման ծավալները։
Այսինքն` ԱՊՊԱ-ն ժլատանում է, և այն գործնականում արտահայտվում է հետևյալ կերպ։ Խոսենք փաստերով. մարտի 1-ի երեկոյան Հերացու փողոցում մարդատար և բեռնատար ավտոմեքենաներն իրար են հարվածում։ Ո՞վ է մեղավոր և ո՞ւմ պետք է ԱՊՊԱ-ն վնասի փոխհատուցում տա` այս հարցը մնացել է անհայտ։ Պարզվում է, ԱՊՊԱ-ն սկսել է հոգեբանական ճնշումներ գործադրել. նա վարորդներին բացատրել է, որ մինչև սպասեն` իրենց փորձագետները գան, հետո պարզեն ով է մեղավոր, հետո հաշվարկեն վնասի չափերը, հետո... ժամանակ կանցնի, և հնարավոր է` ավելի շատ գումար ծախսեն գնալ-գալու վրա, քան կկազմի փոխհատուցումը, քանի որ վնասը մեծ չի եղել։ Այսքան երկար-բարակ բացատրություններից հետո վարորդներն իրար ձեռք են սեղմել և յուրաքանչյուրն իր ճանապարհը բռնել։ Մեջտեղում շահել է ԱՊՊԱ-ն` խնայելով փոխհատուցման գումարները, թեկուզ և ոչ մեծ։ Ինչևէ։
Փորձենք հասկանալ` ինչո՞ւ է մի կողմից ավելանում ԱՊՊԱ պայմանագրերի թիվը, մյուս կողմից նվազում են փոխհատուցման ծավալները։ Գուցե կրճատվե՞լ է պատահարների թիվը, կամ էլ պատահարներից ստացված վնասները մեծ չե՞ն եղել վերջին երկու ամսում։ Ո՜Ւր էր, թե այդպես լիներ։ Պատկերը ճիշտ հակառակն է։ Վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա հունվարին պատահարների թիվն ավելացել է, վնասվածքների բուժման ծախսերն էլ չեն նվազել։ Այսինքն` կտրուկ փոփոխություններ չեն եղել, սակայն, եթե 2012-ին փոխհատուցման միջին գումարը կազմում էր շուրջ 224000 դրամ, ապա այս տարի այն կազմում է 191000 դրամ` 33000 դրամով նվազել է փոխհատուցման գումարը, որը, համաձայնեք, փոքր չէ։
Այն, որ ԱՊՊԱ համակարգի ներդրումից գոհ են և՛ ոստիկանները, և՛ ժողովուրդը, փաստ է, և կարելի է ասել, որ այս ծրագիրը այն եզակի բարեփոխումներից մեկն է, որը գործնականում աշխատեց։ Հետաքրքիրն այլ բան է, որ գնալով դժգոհ են մնում ԱՊՊԱ ընկերությունները, այն խանդավառությունը չունեն, ինչը կար սկզբնական շրջանում։ Սա իր բացատրությունն ունի։ Խնդիրն այն է, որ ընկերությունների վնասներն ավելացման միտում ունեն։ ԱՊՊԱ-ն փաստում է, որ անցած տարի հավաքագրված 15,1 մլրդ դրամի դիմաց փոխհատուցվել է 9,3 մլրդ դրամ։ Այսինքն, հավաքված գումարի 61,5 տոկոսը վերադարձվել է փոխհատուցման տեսքով։ Ապահովագրական բյուրոյի գնահատումներով` մյուս բոլոր ծախսերի հետ մեկտեղ ընկերությունների ընդհանուր վնասաբերությունը անցած տարի կազմել է 74 տոկոս, ինչը գործունեության առաջին տարվա համար բարձր են համարում թե՛ ապահովագրական ընկերությունները, թե՛ փորձագետները։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու և կորուստները վերադարձնելու նպատակով, ըստ լրատվամիջոցների, ընկերությունները պատրաստվում են ներդնելու, այսպես կոչված, բոնուս-մալուս համակարգը։ Ի՞նչ կտա դա ժողովրդին և չի՞ սահմանափակի նրանց իրավունքները այս նոր համակարգը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանն ակնկալում ենք ստանալ։ Իսկ մինչ այդ հուսանք, որ այնպես չի ստացվի, որ ընկերությունները շահեն, իսկ ժողովուրդը տուժի։
Վերջին հաշվով` ի՞նչ է նշանակում փոխհատուցում. դա այն ենթադրվող ծախսն է, որ պատահարի արդյունքում առաջանում է։ Այսինքն, եթե հետևենք վիճակագրությանը, ապա ստացվում է, որ ընկերությունները լիարժեք փոխհատուցել են առաջացած վնասները։ Ի դեպ, նկատենք, որ այդ փոխհատուցումները շատ տեղին են օգտագործվում անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման դեպքում։ Հիմա, եթե ընկերությունները մտադիր են իրենց ֆինանսական վնասները ծածկել` խնայելով բժշկական ծառայությունների հաշվին, ապա պատկերը տխուր կլինի, և ԱՊՊԱ ծրագիրը` անիմաստ։ Ինչևէ, կփորձենք առաջիկայում հասկանալ, թե ինչ տեղաշարժեր են կատարվելու ԱՊՊԱ-ի շուկայում, և ինչ է «ուզում» բոնուս-մալուս համակարգը։
Պատահական չէր, որ սկզբում ասացինք, թե ԱՊՊԱ-ի շուկայում անհասկանալի բաներ են կատարվում։ Հաջորդ խնդիրն այն է, որ թեև այս տարվա հունվարից զգալիորեն ավելացել է ապահովագրական պայմանագրերի քանակը, այնուհանդերձ, դրա արդյունքում չեն ավելացել հաշվեգրված գումարները։ Խոսենք թվերով։ Այս տարվա հունվարից ապահովագրվել է շուրջ 360 հազար տրանսպորտային միջոց` 2012-ի նույն ժամանակահատվածի 312000 տրանսպորտային միջոցի դիմաց։ Այսինքն, այս տարի տրանսպորտային միջոցների ապահովագրական պայմանագրերի քանակն ավելացել է 48000-ով։ Բայց արի ու տես, որ այս տարվա պայմանագրերի դիմաց հավաքված գումարը կազմել է 5,5 մլրդ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 6,8 մլրդ դրամի դիմաց։
Փորձագետների կարծիքով, այս երևույթի պատճառը կարող է լինել տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կարճաժամկետ պայմանագրերի կնքումը։ «Առաջինը պետք է դիտարկել այն իրողությունը, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերը ձեռք են բերում կարճաժամկետ պայմանագրեր։ Սա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով։ Առաջինը` ավելացել է այն սեփականատերերի քանակը, ովքեր ի վիճակի չեն միանգամից խոշոր գումար վճարելու` կնքելով մեկ տարվա պայմանագիր։ Մինչդեռ անցած տարի բոլորը կնքել են մեկ տարվա պայմանագրեր։ Երկրորդ կարևոր խնդիրը տաքսի ծառայություններն են, որոնց ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ տրամադրում են միայն կարճաժամկետ պայմաններով»,- մեզ հետ զրույցում այսպես ներկայացրին իրավիճակը փորձագետները։ Ի դեպ, հիշեցնենք, որ անցած տարի տաքսի ծառայությունների համար ԱՊՊԱ ստանալու խնդիրը լուրջ էր` ընկերությունները հրաժարվում էին նրանց հետ պայմանագիր կնքելուց։ Եվ միայն այն բանից հետո, երբ գործի մեջ մտավ տուգանք հասկացությունը տաքսի ծառայությունների համար, նրանց տրամադրվեց ԱՊՊԱ։ Եթե վերլուծենք ներկա իրավիճակը ԱՊՊԱ-ի շուկայում, ապա միանշանակ ասել, որ այն այս պահին առողջ է, երևի թե սխալ կլինի, քանի որ բոլոր դեպքերում ընկերությունների դժգոհությունը մի տեսակ անհասկանալի է։ Գաղտնիք չէ, որ ցանկացած բնագավառում ապահովագրությունը շահութաբեր ոլորտ է։ Գուցե Հայաստանում ԱՊՊԱ ընկերությունները հայավարի են ուզում փող աշխատել, այսինքն` ավելի շատ գումար հավաքագրել, գերշահույթներ ստանալ և փոխհատուցել ընդամենը կոպեկներ։ Եթե այդպես է, ապա ԱՊՊԱ-ն դատապարտված է Հայաստանում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ