«Նախադրյալներ կան, որ Զատկի տոնից հետո ձկնամթերքի գինը Հայաստանում կբարձրանա»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսում արեց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի ղեկավար Արթուր ԱԹՈՅԱՆԸ: «Միջինը 300 դրամի թանկացում կլինի, որը նախատեսվում է Զատկի տոնից հետո: Տոնի նախօրեին հնարավոր է 100 դրամի տատանում լինի: Հիմա իշխանի մեծածախ գինը միջինը 1450 դրամ է»,-տեղեկացրեց նա:
Թանկացման պատճառը, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանը վերացրել է 3-5 ամիս հայկական ձկնարտադրող կազմակերպությունների նկատմամբ արտահանման արգելքը, որը, վերջինիս խոսքով, սահմանվել էր այն պատճառով, թե իբր ձկնամթերքում առկա է եղել աղիքային ցուպիկ:
Ձկնաբույծի մեկնաբանմամբ՝ Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ ձկնամթերքում աղիքային ցուպիկի հայտնաբերման դեպքում արգելք է կիրառվում, քանի որ աղիքային ցուպիկը կարող է պատահականորեն հայտնվել ձկան վրա, սակայն լվանալուց կամ ջերմային մշակման ընթացքում անհետանում է: «Թե որտե՞ղ է հայտնաբերվել աղիքային ցուպիկը, «Ռոսսելխոզնադզորում» չուզեցին պատասխանել, հակառակ դեպքում բանսարկությունը ի հայտ կգար: Մենք մատակարարում ենք էկոլոգիապես մաքուր և համեղ ձկնամթերք: Պետք է ձգտենք այլ պահեստային շուկաներ ձեռք բերել, որպեսզի ռուսական կողմի քմահաճ որոշումների պատճառով տուպիկի առաջ չկանգնենք»,-ասաց Ա. Աթոյանը:
Վերջինս նշեց, որ ձկնարտադրողներն այսօր գործում են` «ավելի լավ է քիչ արտադրել ու բարձր գնով վաճառել, քան շատ արտադրել և ցածր գնով վաճառել» սկզբունքով: Նա նաև ասաց, որ հիմա մանրածախը բարձր գնով է վաճառվում, այսինքն` ձկնարտադրողից խանութները գնում են 1400 դրամով, վաճառում` 2000 դրամով: 2012-ին, բանախոսի փոխանցմամբ, արտահանել են 1530 տոննա ձկնամթերք, 2011-ին՝ 800 տոննա, իսկ 2010–ին՝ 600 տոննա: «Ձկնաբուծարանները 2011թ-ին 180-նն էին, այսօր 215-ն են: Յոթ ամիսներին 57-ը դադարել են գործելուց»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ Ա. Աթոյանի, միջազգային շուկայում 10 տոկոսով թանկացել է նաև կերը, որը նույնպես կանդրադառնա ձկնամթերքի գնի վրա:
Իրականությանը չհամապատասխանող «աղիքային ցուպիկի» վարկածը բանախոսն այսպես մեկնաբանեց. «Մենք դա կապում ենք մրցակիցների հետ: Մինչև 2011թ-ը պայքարում էինք, որ 1500-ից մեծածախի գինը չիջնի, բայց անցած տարի չկարողացանք անել, որովհետև ռուսները մեծ պատվերներ արեցին, ծավալները շատացրեցին, որ բավարարեն պահանջարկը, բայց եղավ այն, որ արգելք դրվեց չորս արտահանող կազմակերպությունների վրա, և ձկնամթերքը, որը պետք է դուրս գար, մնաց հանրապետությունում, իսկ ձկան գինը հավասարվեց ինքնարժեքին»:
Նա առաջարկեց կառավարության հետ համագործակցելով ձկնամթերքը ներկայացնել աշխարհին, «արտահանման այլ տեղեր ունենանք, և որ Ռուսաստանի քմահաճ որոշման հետ կապված խնդիրներ չունենանք»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ