ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Դրամը մանրանում է

Դրամը մանրանում է
01.03.2013 | 12:29

«Ինչո՞ւ խնայողությունը դրամով չես պահում բանկում` տոկոսադրույքները բարձր են ստացվում, իսկ դոլարով` ցածր»,- բանկերից մեկում զրուցում էին երկու կին` մեկը մյուսին խորհուրդ տալով։ Այս զրույցը մեզ նույնպես հետաքրքրեց, և մենք հիշեցինք, որ վերջին երկու-երեք տարում առևտրային բանկերն իսկապես բարձր տոկոսադրույքներ են սահմանում դրամական ավանդների դեպքում։ Իսկ «խեղճուկրակ» տարադրամի «աչքը» կարոտ է մնում բարձր տոկոսադրույքների։
Արդյոք սա պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն։ Ինչո՞ւ են առևտրական բանկերը նախընտրում ազգային դրամը, ինչո՞ւ են դրամով շահագրգռում ավանդատուներին։ Այն էլ այն դեպքում, երբ գնալով տարադրամը` դոլարն ու եվրոն, արժևորվում է։ Գուցե խնդիրը հենց դա է։ Ամեն դեպքում տրամաբանությունը թելադրում է, որ բանկերը բարձր տոկոսադրույքներ պետք է սահմանեին նաև տարադրամային ավանդների դեպքում։ Քանի որ երկու տարուց ավելի է, ինչ մարդիկ ձգտում են իրենց խնայողությունները պահել դոլարով կամ եվրոյով։ Արդյունքում նվազում է դրամի պահանջարկը։ Այս իրողությունը մեկ անգամ ևս փաստում է, որ գնալով ազգային արժույթը արժեզրկվում է` «թեթևանում» է արտարժույթի նկատմամբ։ Եվ որքան հաճախ են մարդիկ իրենց ավանդները ներդնում տարադրամով, այնքան առևտրային բանկերը բարձրացնում են դրամային ավանդների տոկոսադրույքները։ Այսինքն, բանկերն ավելի բարձր են վճարում դրամի համար։ Ասել, որ սա առանձնապես ձեռնտու է բանկերին, ճիշտ չի լինի, քանի որ ոչ մեկին էլ հարմար չէ ավելի գումարներ դուրս տալ։ Բայց ինչո՞ւ են բանկերը նման քաղաքականություն իրականացնում։
Այս պահին առևտրային բանկերում դրամային ավանդների տոկոսադրույքները տատանվում են 12-14 %-ի, իսկ տարադրամային ավանդներինը` 8-9 %-ի սահմաններում։ Ավելին, բանկերի միջև երկու տարի է` մրցակցություն է դրամային ավանդների տոկոսադրույքների սահմանման հարցում, և այդ մրցակցությունը մեծ է։ Օրինակ, երբ հեռուստագովազդով որևէ առևտրային բանկ հայտարարում է նոր ակցիաների` դրամային ավանդների տոկոսադրույքների բարձրացման մասին, ապա մյուսներն անմիջապես փորձում են առաջ անցնել այս հարցում։ Թեև նկատենք, որ ինչ-որ չափով դրամային ավանդների տոկոսադրույքի անընդհատ բարձրացումն էլի որոշ չափով ձեռնտու է ժողովրդին, սակայն զուտ այն հատվածին, որն արտարժույթ ձեռքի տակ չունի։ Սակայն ավելի լավ չէ՞ր լինի, եթե և՛ դրամային, և՛ տարադրամային ավանդները բարձր տոկոսադրույքներ ունենային։ Դրանից ժողովուրդը, ինչ խոսք, կշահեր, և երևի թե առանձնապես բանկերն էլ չէին տուժի, քանի որ վարկերի դեպքում բարձր տոկոսադրույքներ են սահմանված։ Ինչևէ, ո՞րն է դրամային տոկոսադրույքների բարձր լինելու պատճառը։ «Պատճառը բանկերում առկա դրամի սակավությունն է։ Դրա պատճառով առևտրային բանկերը ձգտում են ավելի շատ վճարել դրամային միջոցներ ներգրավելու համար»,- այսպես են մեկնաբանում իրավիճակը ֆինանսիստները։ Նրանց կարծիքով` թեև բանկերը ֆինանսական ռեսուրսի պակաս չունեն, այնուհանդերձ, վերջին մի քանի տարիներին զգացվում է զուտ դրամային միջոցների սղություն։
Իսկ ինչի՞ պատճառով են դրամական միջոցները քչացել։ Այս հարցը, կարծում ենք, երկու պատասխան ունի։ Առաջինը պայմանավորված է նրանով, որ երկու-երեք տարի առաջ ազգային արժույթը սկսեց պերմանենտ արժեզրկվել։ Նկատենք, որ մինչ այդ մարդիկ իրենց խնայողությունները պահում էին դրամով, և դրա արժեզրկումն աստիճանաբար նրանց «արթնացրեց», և սկսեցին իրենց խնայողությունները պահել դրամով կամ դոլարով։ Ազգային արժույթի արժեզրկումը, բնականաբար, ազդում է նաև նրա գնողունականության վրա` պահանջարկը նվազում է, ինչի արդյունքում առաջանում են տարադրամային կուտակումներ բանկերում, որն էլ դժվարացնում է բանկերի «կյանքը»` բարդացնում է դրամային միջոցների ներգրավման գործընթացը։ Երկրորդ պատճառը կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ։ Գաղտնիք չէ, որ տնտեսության մեջ նվազել են ներդրումները։ Իսկ սա նշանակում է, որ տեղի արտադրողները քչացրել են իրենց վարկային գործարքները բանկերի հետ։
Ստեղծված իրավիճակում ի՞նչ է մնում անել բանկերին. իհարկե, «գայթակղել» ավանդատուներին, առաջարկելով բարձր տոկոսադրույքներ դրամային ավանդների դիմաց։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ