«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երկուշաբթի օրվա նախագահը

Երկուշաբթի օրվա նախագահը
19.02.2013 | 00:50

Շաբաթը, ինչպես հայտնի է, սկսվում է երկուշաբթի օրվանից: Թեպետ կան երկրներ, որ շաբաթվա սկիզբը համարում են կիրակին: Հայերս նախընտրում ենք երկուշաբթին: 2013-ի փետրվարին, վեցերորդ անգամ նախագահ ընտրելիս, մենք առաջին անգամ ընտրում էինք երկուշաբթի օրը: Օրն արևոտ էր, բայց ցրտոտ: Ընտրողները հևիհև ընտրատեղամասեր չէին շտապում, բայց 1988 ընտրատեղամասերում եղավ նրանց կեսից ավելին հաստատ: Ամբողջ օրը հեռուստա ու ռադիոալիքները ներկայացնում էին ընտրության ընթացքը, ավելի օպերատիվ էին կայքերն ու համացանցը, որ նաև ավելի ազատ էին իրենց դրսևորումներում, տպավորություններում ու գնահատականներում: 2013-ի նախագահական ընտրություններն այլևս պատմություն են, երեկվա օրվա իրադարձությունների հակիրճ արձանագրումներն այդ պատմության մասերն են:
Քվեաթերթիկում առաջինը Հրանտ Բագրատյանն էր: Նա օրեր առաջ ավելի լավատես էր, բայց ընտրության օրն էլ պարտության մասին չէր մտածում և քվեարկեց հանուն «նոր Հայաստանի»: «Այն Հայաստանը, որ մենք ունենք վերջին տարիներին, իրեն սպառել է բոլոր առումներով, չի կարող զարգանալ և չի կարող առաջ գնալ», ասաց քվեարկելուց հետո նախագահի թեկնածուն:
Պարույր Հայրիկյանը, որ ուզում էր ընտրությունը տոն տեսնել, ինչպես միշտ իր դերում էր, հայտարարեց. «Կարդացի իմ անուն-ազգանունը և ինձ շատ հպարտ զգացի: Ովքեր ինձ համարում են շատ եսասեր, նրանց ինադու ես ընտրել եմ ինձ»: Սպասելիքներ Հայրիկյանն առանձնապես չուներ:
Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին բարևելով եկավ և ընտրեց «Հայրենիքի համար» և իբրև պայծառատես ասաց. «Այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը նշում է իր ոգու և ճշմարտության արշալույսը, մենք արշալույսի մեջ ենք։ Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր, և սա այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես` 20 տարվա ընթացքում առաջին անգամ պիտի նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը և մյուսի պարտությունը, այլ իրեն պատկանող ընտրության արդյունքը»: Նա, իհարկե, ինչպես միշտ չափազանցում էր, որովհետև իրեն պատկանող ընտրության արդյունք հասարակությունը միշտ է ունեցել, այլ հարց է, թե որքան է այդ արդյունքը համապատասխանել իր ակնկալիքներին:
Անդրիաս Ղուկասյանը չդադարեցրեց հացադուլը և չմասնակցեց ընտրություններին, բայց ասաց, որ իր ընտանիքը մասնակցել է: Նա կսպասի դիտորդների գնահատականին, թեպետ ինքն էր պահանջում, որ դիտորդները հեռանան Հայաստանից, հետո կորոշի անելիքը:
Արման Մելիքյանը ևս ընտրություններին չմասնակցեց (նա անգամ նախընտրական հաշվեհամար չէր բացել), բայց նրա ընտրական շտաբն ընտրությունների ավարտից կես ժամ առաջ տարածեց հայտարարություն, որ. «ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00-ի դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն` ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1259374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ, կամ ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100 %-ը: Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են և այս իրողության անտեսումը «ընտրությունների» արդյունքները ճանաչելու պատրաստակամ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, նախագահի թեկնածուներին մեղսակից կդարձնեն այս անօրինականությանը` քաղաքացիներից ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքի հերթական բռնազավթմանը»: Նա ևս սպասում է դիտորդների գնահատականին, համարելով, որ «եթե միջազգային դիտորդները ևս մասնակցեն այս անիրավ գործելակերպի օրինականացմանը, ապա դա կդիտարկվի որպես ՀՀ պետականության և մեր երկրում ժողովրդավարական արժեքների դեմ կատարվող ոտնձգություն: Յուրաքանչյուրն այսօր պետք է մտածի, թե ինչ պատասխան է տալու վաղը իր որդեգրած վարքագծի համար»:
Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն ապահով Հայաստանի. «Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար», իսկ ընտրությունների ընթացքի գնահատականը նա պայմանավորեց արդյունքներով:
Վարդան Սեդրակյանը, որ 2012-ի հունիսից սպասում է իր հաղթանակին, քվեարկեց հենց հաղթանակի սպասումով, բնականաբար, իր հաղթանակի, և բոլորին մաղթեց հաջողություն, ազատ, արդար ընտրություններ: Բայց Վարդան Սեդրակյանը Վարդան Սեդրակյան չէր լինի, եթե չպարզաբաներ` ի՞նչ է նշանակում արդար. «Արդարը հարաբերական է. եթե մարդիկ փողը վերցնում են և ընտրում են այն թեկնածուին, ում համար փողը վերցրել են, դա էլ է արդար: ՈՒզում եմ ասել, որ ընտրությունների պարագայում արդարությունը հարաբերական հասկացություն է»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ քվեարկեց և ասաց. «Հայցեցինք մեր երկնավոր Տիրոջ, որ օրհնի և զորացնի մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահին, որպեսզի ազգս ապրի իր հայրենի երկրում խաղաղության մեջ»:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թեպետ ՀԱԿ-ը կանխավ ընտրությունները որակել էր «ֆարս», բարձր տրամադրությամբ քվեարկեց «հանուն Հայաստանի Հանրապետության», նաև ասաց, որ «մեծ սիրով կքվեարկեր յոթին էլ, յոթն էլ արժանիից ավելին են», բայց օրենքը թույլ չի տալիս: Նա, իհարկե, կատակում էր, բայց գուցե և հենց այդպես էլ ընտրել է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ կարևոր գործերով բացակայում էր հանրապետությունից: Կարևորը` որ մինչև մարտի 1-ը չվերադառնա:
Հայտնի չէ` ներկա, թե բացակա էր, բայց քվեարկությանը չմասնակցեց Գագիկ Ծառուկյանը:
Ամենաամփոփիչ ու ամենասպառիչ պատասխանը, թե ինչու է ընտրում, հաստատ տվեց արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը. «Որպեսզի գալիք տարիները մեր երկրի համար հաջողության տարիներ լինեն տարբեր ասպարեզներում` ի բարօրություն, ի շահ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության»: Զգացի՞ք` ի՞նչ դիվանագիտական պատասխան է և ինչ լայն ընդգրկումով:
Եվս մի մանրամասն` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող 4742 անձանցից ընտրելու իրավունք ունեին 1028-ը, դատապարտյալներից 978-ն արդեն քվեարկել էին կեսօրին:
ՈՒզում եք հարցնել, թե ամեն ինչ այդքան հրաշալի՞ էր, թե՞ իմ ակնոցն է վարդագույն: Ոչ մեկը, ոչ մյուսը: ԿԸՀ-ն հավաստիացրեց ողջ օրը, որ գրավոր ոչ մի բողոք չի եղել: ԿԸՀ-ն, չգիտեմ, բայց այլ լրատվամիջոցներ հաղորդում էին թե՛ լցոնումների, թե՛ ընտրակաշառքների բաժանման, թե՛ անհետացող թանաքի, թե՛ ավտոբուսներով մասսայական ընտրության դեպքերի մասին, դա արդեն հին հայկական ավանդույթ է: Բայց այս անգամ մասշտաբներն արդեն այն չէին: Ի՞նչ կասեն դիտորդները: 12 միջազգային ու 26 տեղական կազմակերպությունների: 6251 տեղացի և 632 արտասահմանցի: Ի՞նչ կգրեն արտասահմանցի 70 լրագրողները: Նրանք կգրեն ու կգնան: Կդիտարկեն ու կգնան: Իսկ մենք մնալու ենք ու ապրելու ենք մեր ընտրության համապատասխան: Եվ դա այն ամենն է, որ անփոփոխ է բոլոր դեպքերում` ով էլ ընտրվի, ով էլ չընտրվի:
Կյանքը երկուշաբթի օրվանից սկսող Հայաստանի Հանրապետությունը մեկ շաբաթից կիմանա ընտրության վերջնական արդյունքները: Ավելի ճիշտ` ԿԸՀ-ն այդ արդյունքները կհրապարակի, իսկ մենք, ինչպես վայել է իսկական հայերին, ամեն ինչ առանց ԿԸՀ-ի էլ վաղուց գիտենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Համենայն դեպս, այս հպանցիկ ամփոփումն անթիվ չթողնելու համար հավելեմ էքզիթ փոլի արդյունքները` Հրանտ Բագրատյան` 3 տոկոս, Պարույր Հայրիկյան` 3 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան` 32 տոկոս, Անդրիաս Ղուկասյան` 1 տոկոս, Արման Մելիքյան` 1 տոկոս, Սերժ Սարգսյան` 58 տոկոս, Վարդան Սեդրակյան` 1 տոկոս: Եթե հաշվեցիք` 99 տոկոս, բայց հավատացեք այս տոկոսներին, ինչքան հավատում եք առավոտյան երազներին:

Դիտվել է՝ 2272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ