Պաշտոնական տվյալներով` այս տարվա հունվարին պարենային ապրանքները թանկացել են 5,1 %-ով` անցած տարվա դեկտեմբերի համեմատ։ Այլ կերպ ասած, տեղի է ունեցել գնաճ, ինչը շատ շոշափելի է ժողովրդի գրպանի համար։
Այն, որ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները նոր տարուց հետո «սահուն քայլերով, աննշմար» բարձրացան, փաստ է. համոզվելու համար բավական է այցելել խանութ և գնում կատարել։ Սովորաբար պարենային ապրանքների շուկայում նոր տարուց հետո գները իջնում են, իսկ հագուստի և տեխնիկական ապրանքների շուկայում` բարձրանում։ Դա բնական է, քանի որ գները ձևավորվում են պահանջարկից, և նորություն չէ, որ Հայաստանում մթերքի գինը միշտ դեկտեմբերից` նոր տարվա շեմին, ավելի բարձր է լինում։ Սակայն նկատենք, որ հունվարին պարենային ապրանքների գները համեմատաբար նվազում են, ինչն այս տարի տեղի չի ունեցել։
Հակառակը` արձանագրվել է գնաճ։ «Չես հասցնում գների հետևից` ամիսը մեկ կամ երեք ամիսը մեկ թանկացում ա լինում։ Ի՞նչ ա մտածում կառավարությունը, էս տարի աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվել, բայց, մյուս կողմից, ամեն ինչի գինը բարձրանում ա։ Ինչքա՞ն կարելի է»,- այսպես խանութներում վաճառողների հետ զրույցի էին բռնվել գնորդները։ Սակայն որքան էլ նրանք դժգոհում են, դրանից պարենային ապրանք արտադրողները չեն տուժում, քանի որ չսնվել չես կարող։ Նկատենք նաև, որ թանկացում է արձանագրվել ոչ միայն պարենային ապրանքների, այլև դեղորայքի շուկայում։ Խոսքը հատկապես վերաբերում է սրտանոթային դեղամիջոցներին, իհարկե, դրանց կողքին ձեռքի հետ թանկացել են նաև այլ դեղամիջոցներ։ Նկատենք, որ առողջապահության նախարարության դեղորայքի վարչությունը, ըստ լրատվամիջոցների, չի բացառել դեղերի թանկացման առկայությունը և նշել է, որ այն պայմանավորված է արտադրող երկրներում տվյալ դեղի թանկացմամբ։ Եթե այս դեպքում գոնե ինչ-որ պարզաբանում կա, ապա պարենային ապրանքների հարցում խնդիրը բաց է մնում։
ՈՒ թեև ժողովրդի դժգոհությունից գործարարները չեն տուժում, այնուհանդերձ, ոլորտում գործարարների քաղաքականությունից տուժում է կառավարությունը։ Ինչ խոսք, մենք հեռու ենք այն մտքից, որ գործադիրը հսկի գները։ Հասկանալի է, որ ազատ շուկայական հարաբերություններում դա անտրամաբանական է։ Սակայն կա մեկ այլ մեխանիզմ գների վրա ազդելու։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի պարենային շուկան ևս, «тихо-тихо, чтоб никто не знал» տարբերակով, վաղուց մոնոպոլիզացված է, հատկապես եթե նկատենք, որ գնալով քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու գաղափարի տակ «ծաղկում» են միայն սուպերմարկետները։ Իսկ թե դրանք ում են պատկանում, բոլորին է հայտնի։ Սա նշանակում է, որ պատահական մարդիկ այս շուկայում չկան, չկան գործարարներ, որոնք մտերիմ չլինեն իշխանությունների հետ։ Ի դեպ, նկատենք, որ վերջիններս բոլոր իշխանությունների հետ էլ միշտ լավ հարաբերություններ են ունեցել, և այդ քաղաքականությունը կշարունակվի հաջորդների դեպքում էլ։ Իսկ սա նշանակում է, որ կառավարությունն ի զորու է, առանց ազատ շուկայի սկզբունքները խախտելու, բանակցելու այդ գործարարների հետ։ Սա վնաս չի տալու ո՛չ տնտեսությանը, ո՛չ էլ գործարարներին, քանի որ իրականում նրանց գերշահույթները մի քանի անգամ գերազանցում են նույն գյուղացու շահույթը, ումից նա ձեռք է բերում գյուղմթերք։
Ի դեպ, գյուղմթերքի մասին. ինչո՞վ է հիմնավորված այն, որ դեկտեմբերի համեմատ հունվարին լոլիկի գինը բարձրացել է 37 %-ով, կանաչ սոխինը` 65 %-ով, կարտոֆիլինը` 8 %-ով, կաղամբի գինը 195 դրամից դարձել է 240 դրամ, և այսպես շարունակ։ ՈՒշադրություն դարձնենք, որ սրանք այն ապրանքատեսակներն են, որոնք չեն ներկրվում։ Այսինքն, կապ չունեն ո՛չ միջազգային շուկայի գների, ո՛չ էլ ճանապարհային ծախսերի հետ։ Իսկ գուցե խնդիրն այն է, որ գյուղացին շատ է բարձրացրել իր մթերքի գինը։ «Ըտենց բան չկա. մենք բարձրացնում ենք մի 50 դրամով, ոչ ավել։ Էդ վերավաճառողներն ու մեզնից մթերողներն են հետո գները բարձրացնում։ Նրանք գալիս են, մեզնից շուկայականից էժան մթերքն առնում են, գնում։ Հետո էլ իրենց պապու գինը դնում են մեր ապրանքի վրա ու իրանց խանութներում ծախում»,- մեզ հետ զրույցում ասում էին գյուղացիները։ Փաստորեն, նրանք ևս վկայեցին, որ իրենք մթերքը շատ չեն թանկացրել, ուրեմն ինչի՞ հաշվին է գյուղմթերքի գների կտրուկ բարձրացում տեղի ունեցել։ Ո՞Ւմ է սա պետք, և ո՞ւմ գրպանն է դրանից տաքանում։
Մի բան ակնհայտ է, որ գնաճը ձեռնտու չէ հատկապես գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին։ Պատկերացրեք, ընտրարշավում ինչպես է ժողովրդի մոտ ընկալվելու նրա խոսքը, եթե գնաճն առաջացնում է սոցիալական դժգոհություն։ Բայց նույն «պարոն» գնաճը շատ հարմար է նախագահի մյուս թեկնածուների համար, քանի որ նրանց քարոզարշավը կառուցված է իշխանությունների և հատկապես գործող նախագահի վարած քաղաքականության քննադատության վրա։
Հետաքրքրականն այս ամբողջ շղթայում այն է, որ գնաճը մեծ մասամբ և, ինչու չէ, մասնավորապես, ստեղծում են այն գործարարները, ովքեր այս օրերին ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ քարոզարշավում են և կուրծք ծեծելով` ՀՀ նախագահին փորձում են ապացուցել, որ իրենք զօր ու գիշեր աշխատում են նրա օգտին։ Մինչդեռ ավելի լավ կլիներ, որ ճոռոմ խոսքերի տակ իսկապես գործ լիներ արված` դրական հանրօգուտ գործ, ինչն ինքնին խոսուն կլիներ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ