Հոկտեմբերի 24-26-ին ՀՀ կառավարական տանը (Երևան, Մելիք-Ադամյան 1) կանցկացվի «ԷՔՍՊՈ Ռուսաստան-Հայաստան-2012» հինգերորդ արդյունաբերական հոբելյանական ցուցահանդեսը:
Միջոցառումը նպատակաուղղված է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական, համատեղ բիզնեսի, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության, ներդրումային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ներկայացվելու են էներգետիկայի, մետալուրգիայի, նանոտեխնոլոգիաների, մեքենաշինության, հեռահաղորդակցության, կապի, տրանսպորտի, նավթի, գազի արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսական, շինարարական սարքավորումների, բժշկության, դեղագործական ոլորտների նոր տեխնոլոգիաներ:
Ցուցահանդեսին կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, Հարավային Կովկասի գործարար համայնքների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի որոշ երկրների ներկայացուցիչներ:
Գործարար ծրագրի շրջանակներում նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախատեսվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում և Զարգացման հայկական գործակալությունում անցկացնել Երևանի առաջին բիզնես ֆորումն ու մասնագիտացված կլոր սեղաններ: Զուգահեռաբար կազմակերպվելու են ռուսական ընկերությունների և Հայաստանի մարզերի շնորհանդեսներ:
Նշենք նաև, որ տեղեկատվական աջակցությունը տրամադրելու են ավելի քան 70 ռուսական և հայկական ԶԼՄ-ներ: Ցուցահանդեսին կմասնակցեն ՌԴ-ի և ՀՀ-ի 30 մարզերի ավելի քան 100 ձեռնարկություններ:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ