Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Շիրիմ պահել էլ չգիտենք

Շիրիմ պահել էլ չգիտենք
12.07.2012 | 19:31

Քանդակագործ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Տարիել Հակոբյանին խիստ մտահոգում է այսօր Երևանի քաղաքային պանթեոնում տիրող իրավիճակը։ Վերջերս ընկերոջ հետ այցելել է Երևանի քաղաքային պանթեոն և ականատես եղել այս ահասարսուռ տեսարաններին։ Արուս Ոսկանյանի հուշակոթողը (հեղինակ` ժողովրդական նկարիչ Արա Հարությունյան) ամեն պահի կարող է փուլ գալ։ Տարիել Հակոբյանին հաջողվել է մետաղյա աստիճանով և ձողերով ժամանակավորապես կանխել վերահաս անկումը։

Հաջորդ պատկերում ճանաչված քանդակագործ Այծեմնիկ ՈՒրարտուի «տեղամասն» է իր` հեղինակած «Մեր կինը» արձանով հանդերձ։ Գերեզմանաքարի շրջակայքում ջուր է կուտակվում, և վերջինիս փլուզումն օրերի խնդիր է։ Այս ամենը ցավալիորեն եզակի չէ։ Քաղաքային պանթեոնում անհույս վիճակ է, անմխիթար և անհեռանկար։ Այստեղ են հանգչում Հակոբ Կոջոյանը, Երվանդ Քոչարը, Արա Սարգսյանը, Մինասը, մշակութային այլգործիչներ։ Եվ զարմանալիորեն Երևանի քաղաքաշինական խորհուրդն անտեսում է այս ամենը։ Բայց մինչև ե՞րբ։
Ի դեպ, այս իրավիճակն է նաև «Թոխմախի» գերեզմանատանը գտնվող պանթեոնում, որտեղ թաղված են ճանաչված նկարիչներ Ջոտտոն, Սուրեն Սաֆարյանը, դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը, ռեժիսոր Հենրիկ Մալյանը, այլք։
Քանդակագործը նաև հիշեցնում է` նախորդ դարի 90-ականներից սկսած Երևանի քաղաքային պանթեոնի մերձակա տարածքում հուղարկավորվել են իշխանական դասի ներկայացուցիչների մերձավորները, և պանթեոնները զրկվել են իրենց նախնական վեհ նկարագրից։ Աղասի Խանջյանի հուշարձանն իր հերթին ծածկվել է փարթամորեն աճող ծառի թփերի տակ։
Մեր կողմից հավելենք, որ, ամենայն հավանականությամբ, այս սրբագործված շիրիմների պահպանության համար որոշակի գումարներ են հատկացվում։ Իսկ ո՞ւր են դրանք անհետանում։ Սա է խնդիրը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Թեմայի շուրջ քննարկում կծավալենք առաջիկայում` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ