ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որդնած արմատների գույնզգույն սաղարթը (պատճառահետևանքային հոգնաներ)

Որդնած արմատների գույնզգույն սաղարթը (պատճառահետևանքային հոգնաներ)
25.05.2012 | 23:39

«Լողարանիս առաստաղի անցքից մի հսկայական առնետ ընկավ ներս ու պղծեց տունս: Թաքնվել էր գրապահարանի հետևում: Ղարաբաղցի ընկերս` Մարտիկ Ղահրամանյանն ու տղաս հերոսաբար կես ժամում վնասազերծեցին թշնամուն: Բայց թշնամին հզոր էր ու անվերջ: Տասը հարկանի մեր շենքի բոլոր հարկերում է վխտում` խցանված աղբակույտում, շքամուտքում, վերելակում: Մկներն ու կարիճները` հեչ: Դրանք մանր-մունր բաներ են»:
Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ, «Անկշռելիություն», 1993 թ.

ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ԲՈՐԵՆՈՒ ԳԱՆԳԸ
(նախավարժանք`
անցյալ-ափսոսական եղանակով)
Լողարանի առաստաղից նաև որդ ու զեռուն թափվեցին, փուշ և տատասկ: Սակայն մենք չենք սթափվում և խոցը հեռացնելու փոխարեն զբաղվում ենք դիմահարդարմամբ:
Եվ պարզվում է, որ դիմահարդարումն է պետության կայացման գլխավոր միջոցը: Անշուշտ, միջանկյալ ինչ-որ բաներ գործընթացից անկախ կատարվում են: Բնականաբար` ինքնաբերաբար: Ասենք, դդումն է շիկանում արևի տակ, և աթարը չի կորցնում տնտեսական օգտավետությունն ու բուրմունքը:
ՈՒ երբ տոտալ դիմահարդարումն ընդամենը նպաստում է խոցի բարգավաճմանն ու քաղցկեղի վերարտադրմանը, նոր միայն փորձում ենք հետևանքապատճառային կապի պորտալարը բռնել: Այո, այո, մենք հետևություններ ենք անում հետևանքների հետքի վրա` այլընտրանք «չունենալու» պատճառով:


ՊԱՏԱՀԱՐՆԵՐ` ԱՂԵՏԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐՈՎ
(տնտեսական հոգնա)
Ազատությունը տարիներ առաջ շատերիս համար բուն նշանակությամբ իմաստավորվեց: Ասպարեզ իջավ մի շոյիչ ու մղիչ արտահայտություն` ազատականություն: ՈՒշադի՛ր եղեք, միջնամասում ականն է` ազատ-ական-ություն: Ընդ որում, ամենուր, ոտքից գլուխ և քթարմատից ձախ ոտքի բթամատ: (Այս հրապարակումը համընկնում է հանրապետության նորընտիր խորհրդարանի և կառավարության ձևավորմանը և յուրահատուկ տուրք է այս փառահեղ իրադարձություններին):
Ես լավ հիշում եմ, թե ինչ քաղաքակիրթ լուտանքներ էին թափվում գլխներիս, երբ ջոջիկներին և վոժդիկներին փորձում էինք սիրալիր գլխի գցել, որ հացի ու հեղուկ վառելիքի, նաև կենսապահովման մյուս տեսականու հանձնումը մասնավորին հղի է ծանր, գուցե թե անդառնալի հետևանքներով: (Ապշեցուցիչ բաներ էին զարգանում-ուռճանում թափահավաք արագությամբ): Մեզ մեղադրեցին կոմունիստական ռեժիմի քարոզչության մեջ: Ընդ որում, «քարոզիչներս» անկախության երթում հետնապահի դիրքերում հայտնված, կոմերիտմիությունը ժամանակին մերժած և կոմկուսից հրաժարված նախկին խանդավառ-անկախականներս էինք, ներկա երթի առաջապահում նախկին կոմերիտական վոժդիկներն էին և կոմունիստական ջոջիկները: Ընդ որում, «գլխի էինք գցում»` ապավինելով համաշխարհային փորձին. պատերազմի մեջ ներքաշված պետությունում կենսապահովումը խստագույնս հայտարարվում է պետական մենաշնորհ: Սակայն չէ՞ որ հանրապետության գլխին այլ «շնորհներ» էին կախված, ահռելի ընդգրկմամբ երկրաշարժը և խեղդամահ անող շրջափակումը:
Շրջափակումը ճեղքել, ի դեպ, անվրեպ, հաջողվում էր մասնավոր հատվածին: Չմոռանանք անկախության մեր խորհրդանիշերը` մոմը, նավթը և պահածոյացված կատվակերը: Պետական հատվածը զարմանալիորեն ձախողակ էր, հատկապես կենարար մազութի «շրջափակման» գործընթացում: Այսօր օրթոդոքս ընդդիմության գաղափարական մոգերը անթաքույց հեգնանքով են խոսում ինչ-որ ցնորական «մազութի գործի» մասին: Հիշողական խիստ ուշագրավ ցնցակաթված` համեմված ամնեզիայի թուրմով: Սակայն նորանկախ մեր պատմությունը, այնուամենայնիվ, ինչ-ինչ եղելություններ (փաստերի առկայությամբ և գործիչների խոսքով) հիշատակել է ու պատգամել մեզ:
Ահա ձեռքիս տակ է «Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի 2000 թվի 3-4-րդ համարը: Պարզվում է` 2000-ի մարտի 22-ին ՀՀ ԱԺ-ում լսումներ են ` նվիրված 1992-1995 թվերին էներգետիկայի բնագավառում թույլ տրված չարաշահումներն ուսումնասիրող խորհրդարանական բազմակուսակցական հանձնաժողովի հաշվետվությանը:
Լսումների ժամանակ 4-րդ միկրոֆոնի ասպետն ու «ահաբեկիչը»` Արշակ Սադոյանը, պնդում է. «Հայաստանում կար և կա էներգետիկ մաֆիա: Եթե մենք խոսում ենք մեր երկրում իրական օրինականության հաստատման անհրաժեշտության մասին, պետք է ջանք չխնայենք բոլոր մեղավորներին գտնելու համար»:
Իսկ 1992-1995 թթ. էներգետիկայի բնագավառում թույլ տրված չարաշահումներն ուսումնասիրող խորհրդարանական բազմակուսակցական հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը բավականին անդյուրամարս թվեր է ներկայացնում: Այսպես, ՌԴ նավթամթերքի պետական կոմիտեն միայն 1992-ին Հայաստանին 1 մլն 268 հազար տոննա մազութ է «բաշխել»: Պաշտոնական թվերը «փաստում» են, որ Հայաստանը 268 հազար տոննա պակաս մազութ է ստացել: Սա դեռ ոչինչ: Պարզվում է` նույն 1992-ին հանրապետություն է ներկրվել 2059 վագոն մազութ, ինչը ոչ մի փաստաթղթում չի վավերացվել: Այսինքն, գողացվել է: Իհարկե, ելուզակային ախորժակն աստիճանաբար կատաղի թափ է առնում: Եվ ահա գլխավորը. ՀՀ կառավարությունն էներգակիրները ձեռք է բերում միջնորդների միջոցով: Այստեղ անհնար է կասկածների կրքոտ գրկում չհայտնվել: Սակայն իրավիճակը քննենք սրտաբաց լավատեսությամբ և արժանին մատուցենք Կառավարական տան մարդասիրական զեղումներին: Այն էլ` ազգամիջյան հարթությունում: ՈՒրեմն տղերքը Հյուսիսային Կովկաս հասնելուն պես ռուսերենն իսպառ մոռանում են: Պատահում է: Չէ՞ որ Հայաստանում այդ օրերին քուսպից հարիսա էին եփում, վառարաններն էլ տաքացնում մոլիբդենի փոխանակմամբ Հայաստան ներկրված պարսկական «պեչենիով»: Մազութակիր տղերքի ենթագիտակցության մեջ պարսկերեն դարձվածներ էին և վրացական մակդիրներ: Բնականաբար, անհրաժեշտ էր դիմել ռուսերենին դեռևս տիրապետող կովկասյան լեռնցիների հետնորդներին: Վերջնարդյունքում հայկական կողմը 1 տոննա մազութի դիմաց վճարում էր 225 դոլար (միջազգային շուկայում դրա գինը, կարծես, 125 դոլար էր): Բայց հայկական այլասիրությունն իր բարձրության վրա էր, քանի՜ քանիսը միլիոնատեր դարձան և այսօր էլ սրբազան երկյուղով են հիշում երանելի ժամանակներն ու խուլ-համրերի այբուբենով գործարքներ կնքող հայկական կառավարական պատվիրակությանը:

Տիար Լոքյանը դարձյալ մի լայնասիրտ լոք է անում ու հրապարակում խախտումների մեղավորներից մի քանիսին: Այսպես, նշվում են այն դժնդակ տարիների վարչապետ Հրանտ Բագրատյանի, էներգետիկայի նախկին նախարարներ Միրոն Շիշմանյանի, Սեպուհ Թաշճյանի, Գագիկ Մարտիրոսյանի անունները: ՈՒշագրավ մի հանգամանք ևս. երբ վերոնշյալ հանձնաժողովն այս դղրդուն հրապարակումներն էր անում, Գագիկ Մարտիրոսյանն աշխատում էր որպես վարչապետի խորհրդական: Իսկ Հրանտ Բագրատյանը Երևանի կոնյակի գործարանի փոխտնօրենն էր: Ի դեպ, շա՜տ ուշագրավ գործառույթով փոխտնօրեն` «մարդկային ռեսուրսների գծով»: Ոչ պակաս ուշագրավ է նաև այն, որ հանձնաժողովը հասցրեց ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերի ընդամենը 10 տոկոսը և փաստեց 100 մլն դոլարի կողոպուտ:
Հետո հանձնաժողովը հանկարծ դարձավ «անհայտ բացակայող»: Սակայն կարևոր է մեկ այլ բան` պետության մասնակցությունը երկրապահպան գործերին անփառունակ վախճան ունեցավ, և բաստա՛, ամեն բան հանձնվեց մասնավորին: Մետրոյից, տրոլեյբուսից ու կենդանաբանական այգուց բացի: Հա, մեկ էլ կրկեսը, չինովնիկներն ու գրադարանները:

ՀԵՏԵՎԱՆՔԱՊԱՏՃԱՌԱՅԻՆ ԱՔԱՑԻՆԵՐ
(բարոյական հառաչ)
Հանրային կամքը բռունցքվել է, զի նրա բարոյականին աքացիներ են բաժին հասել: Այն էլ` բավականին տենդագին: Եվ սկիզբ է առել փարիսեցիների արշավանքը (բացառություն է Մազը): Բայց մինչ սեռական «այլախոհությունը», չէ՞ որ մենք վերապրել ենք, առհասարակ, բարոյահոգևոր «հուժկու հոգնաներ»: Եվ լռել ենք: Նաև «թքած ունեցել»: Այն ժամանակ, այսինքն, երբ որոտում էին հոգնայի չափիչ սարքերը, դանակը դեռ ոսկորին չէր հասել:
Եվ ամեն բան սահուն ընթացքով վար էր հոսում մեր դյուրընկալ որկորով: Օրինակ` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով քարոզում է, որ Ավարայրը մեր պատմության ոչ թե սխրանքն է, այլ անարգանքը: Այո: Ընդ որում, հավելելով, որ Վասակ Սյունին խորագետ ռազմավար էր, Կարմիր Վարդանը` անպտուղ պատերազմող: Այո, այո, այս ամենը հնչել է հրապարակավ` Հանրային հեռուստաընկերության գիշերաժամերին եթեր հեռարձակվող «Հայոց հարցը» հաղորդաշարով: Իսկ մինչ այդ մեծարգո տիկինը համոզված համոզում էր, որ հայերս առանձնապես մաքրակենցաղ չենք եղել, և բաղնիք ասվածը միանգամայն խորթ է մեր կենցաղին: Հանրային կարծիքը երանավետ նինջի մեջ էր նաև այն օրերին, երբ տիկին Վիոլետ Գրիգորյանը «Անտիպոեզիայի» յուր մանիֆեստն էր հռչակել, պնդելով, թե սեռական ազատականությունը պիտի դառնա մեր նորանկախ գրական մշակույթի կվինտէսենցիան: Մի օր էլ հայտարարեց, թե ինչ մի սարսափելի բան է, որ դուստրը հորից զավակ ունենա: Այո՛:
Սրանք մեր գեր-ազատ-ական տիկնայք են, իսկ տիար Բլեյա՞նը։ Ով, հիշում եք, արցախյան ազատամարտի օրերին հասավ Բաքու, պատվով-շուքով հյուրընկալվեց, հետ դարձավ և այսօր էլ երկրի խոշորագույն կրթահամալիրներից մեկն է ղեկավարում: Ընդ որում, և՛ տիկին Հրանուշը, և՛ տիկին Վիոլետը, և՛ տիար Աշոտը ցանկալի հյուր են բոլոր հեռուստաընկերություններում, երբ անհրաժեշտ է ազգի ու պետականության բարոյականը փրկել: Այո՜:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ