«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Առանց նախապայմանի, անպայման առանց նախապայմանի

Առանց նախապայմանի, անպայման առանց նախապայմանի
18.09.2009 | 00:00

ՀԱՅ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄ
Բառախաղ չեմ անում, չեմ էլ ասում` մեր բոլոր խաղերը վերջացել են, նաև` բառախաղերը։ Վերջացած բան չի լինում, որովհետև ամեն մի վերջ, ոչ միայն ըստ Բանաստեղծի, դառնում է սկիզբ։ Առանց նախապայմանի երկրի վրա ոչինչ չի կատարվում։ Լավ մտածենք, դառնորեն հեգնենք, թե կիսաքաղցր ժպտանք` արևն իր արև տեղով առանց նախապայմանի դուրս չի գալիս ու մայր չի մտնում (մայր մտնելը նույնպես դուրս գալ է)։ Լեռն իր լեռ տեղով չի ձնում, ու սարալանջն առանց նախապայմանի չի ծաղկում-կանաչում։ Մարդն ինչո՞ւ է սերմում իր հողը, ինչո՞ւ է էտում իր ծառը։ Առանց նախապայմանի, անգամ շնչավորի ու անշունչի միջև (անշունչ բան չկա աշխարհում), ոչինչ չի լինում։ Հազար օրինակից մեկը բերեմ։ Թոռնուհիս, իր ասելով, գերազանցությամբ ավարտեց մանկապարտեզը, էս սեպտեմբերի մեկին դարձավ առաջին դասարանցի։ Պետությունը, որն էս պահին դառնում է հասարակայնություն, նրան ապահովում է դպրոցով, ուսուցչով, էն ամենով, ինչ պետք է լիարժեք քաղաքացի կրթելու, դաստիարակելու համար։ Մենք` մեծ ու պուճուր ծնողներս, հոգում ենք նրա պահանջները` հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ, փոխարենը պահանջելով` առո՛ղջ եղիր, լա՛վ սովորիր, որ հայրենիքի համար լավ քաղաքացի դառնաս։ Լոզունգների անծայրածիր երկրում մի լոզունգ կար` «Ամեն ինչ երեխաների համար»։ Դա էլ թաքցրինք։ Հայաստանը տեղով մեկ կրթություն էր ու համատարած կրթության, գիտության, մշակույթի երկիր էր։ Յարաբ կհասնե՞նք, կորցրածը կարո՞ղ ենք գտնել։ Հուշերին թիկունքից չեն նայում, հուշերն աչքեր ունեն, եթե դու էլ ունես աչքեր` նայեք իրար, տեսնենք կկշտանա՞ք, կարոտն առնել կլինի՞։
Հեքիաթներում լավ է, միշտ էլ երեք ճամփի, յոթ ճամփի մեջտեղում մի իմաստուն-խրատատու ծերունի է լինում, ասածն էլ ի՞նչ է` էս ճամփով որ գնաս, կհանդիպես... Էն ճամփով որ գնաս, էսպես կլինի... Հիմա կամքը քոնն է, դևերի էլ պիտի հանդիպես, գայթակղություններ կլինեն, բանալիներ կլինեն, խելքդ գլուխդ հավաքիր ու մտածիր։ Հեքիաթայինի հեքիաթականը թողնենք անցած ու գալիք հեքիաթներում, մեր օրվա հոգսը շալակենք։
Հոգսը` որպես ճակատագիր։
ՈՒ նույն պահին հարց տանք ինքներս մեզ` մենք հոգս կրող ժողովուրդ, պետությո՞ւն ենք, թե՞ լծփախ տվող, իրար վրա գցող, հետին թվով մարգարե դարձողներ ու իրար մեղադրողներ։ Սրանք մի անհատի, մի բռաչափ հողի, մի շլորի ծառի, կոշիկ չունեցող մի երեխայի ոտնամանի հարցեր չեն, թեև ամեն ինչ մտնում է ժամանակի, տարածության, հայրենիքի, մարդոց մեջ, բայց ամեն ինչի պետք է նայես ոչ թե որպես ճանապարհային սլաքավարի մաշված քարտեզի, այլ նորից ծնվող հայրենիքի քարտեզի, քարտեզ, որի տուտը կարկատում է «ժամանակների մաշված ծունկը»։
Եվ ահա ահագին ժամանակ է, ինչ մեր խելոքները «բեյններն» են գցել, թե համաձայն ենք, ախպե՛ր, առանց նախապայմանի սահմանի բացմանը։ Անսալով իր անխորհուրդ խորհրդականների խորհրդին` ամեն ինչ ծանրակշռող, չափուձևող Սերժ Սարգսյանն «Առանց նախապայմանի սահմանի բացում» խոսքը դարձրել է աղուն ու եռանդով աղում է մեր անդուռ, անջուր ջրաղացներում։ Եվ նրան թվում է, թե անջուր ջրաղացի աղացած ցորենի ալյուրից թխված առաջին բաղարջը ֆուտբոլային խաղի տվայտանքներով կիսելու է Թուրքիայի նախագահի հետ։ Խաղը խաղ է, աշխարհը տեղով խաղ է, միայն արդար հացի մեջ է, որ խաղ չկա։ Բայց հացի տերը ես եմ, իմ հացի զորությունը բառի նման, խոսքի նման, հնչյունի նման ե՛ս գիտեմ (յոթծալ ներողություն «ես»-իս համար)։ Ժողովրդին էլ էնքան են դառնացրել, դռնեդուռ գցել, որ... անունը չտալու բաներ։ Սերժ Սարգսյանը, որ Հայաստանի Հանրապետության նախագահն է, կրակե շապիկների մեջ է, ու վախենամ, որ անճարակության շնորհիվ կրակը գցի երկրում մնացած ժողովրդին` հեռացածներին էլ հետը։ Սա բնավ նախագահի խնդիրը չէ, այլ Հայաստանի, հայ ժողովրդի խնդիրն է։ Եվ ոչ միայն ներկա, այլև ապագա, ու, որ սարսափելի է, թողտվության պատճառով` մեր անցյալին են ձեռ տալիս, փորձում ոտնատակել։ Ո՞Ւր է մեր պատմագետների, հնագետների ու հնէաբանների, իրավագետների խոսքը։ Հե՛նց ժողովրդի խոսքը։ Մեկն էլ ես եմ։ Արևմտյան Հայաստանը ես չեմ կարող համարել կորուսյալ հայրենիք։ Կորուսյալները նրանք են, ովքեր կորուսյալ են համարում։ ՈՒրեմն, կորուսյա՞լ է Եղեռնը, կորուսյա՞լ են եղեռնված մտավորականները, կորուսյա՞լ են հայոց հնությունները, կորուսյա՞լ են գետերը, լճերը, սարերը, աղբյուրները, ժառանգները, հրաշքով փրկվածները, կորուսյա՞լ է մեր վերջին հողակտորը, ուր (էլի՛ հրաշքով) սթրվել ու հայրենիքի մանրակերտ ենք ստեղծել մեր մտապատկերում։ Վաղուց ժամանակն է, որ մենք մեզ միամիտի տեղ չդնենք ու միամիտ-միամիտ չասենք` հավատացինք։
Մենք սիրում ենք սիրել... կորցրածը։ Մի պահ պատկերացնենք, գոնե փորձենք պատկերացնել, որ տնով, տեղով, ժողովրդով, բառ ու բանով, ամեն ինչով ապրում ենք մեր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում։ Եվ փորձում եմ պատկերացնել, թե ինչպես պետք է սիրեինք Արևելյան Հայաստանը, եթե... կորուսյալ լիներ։ Հիմա մենք, որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որն աշխարհացրիվ հայության հույսերի, սիրո, հավատի օրրանն է, սիրո՞ւմ ենք, արդյոք, մեր տունը, տեղը, բնակավայրը, հենց մեր վերջին աղբյուր Սևանա լիճը։ Սևան որ ասացի, ասեմ նաև` սիրո՞ւմ ենք, արդյոք, մեր լեզուն։ Սերերի անվերջ շարուկ ունենք, սեր պահելու սիրտ ու հող չունենք։ Ինչո՞ւ է մեր գլուխը մտել, որ մեր Արևելյանը փրկվել է Արևմտյանը զոհելու գնով։ Չգիտեմ։ Տեսնում եմ, սակայն, որ կորուսյալի հեշտագին-երգային պաշտամունք ենք ստեղծում, իսկ էն ամենին, ինչ սահմանադրությամբ, դրոշով, հիմնով, հռչակագրով մերն է, նայում ենք, ինչպես օտարներին ենք նայում։ Ժողովուրդն ամեն պահ իրեն անտեր է զգում։ Նույն զգացումն ունի ժողովուրդ ծնող ու կերակրող հողը։ Հողի համբերությունը տիեզերական չէ։ Հողի համբերությունն էլ սահման ունի։
Հիմա. ինձ թույլ եմ տալիս հարցնել բոլոր նրանց, ովքեր մոգոնել և ազատության ու ճշմարտության համար կախաղանին մոտեցողի հոգեբանությամբ հերոսաբար արտասանում են` առանց նախապայմանի Թուրքիա-Հայաստան սահմանի բացում։ Դա պիտի որ լինի Հայաստան-Հայաստան սահմանի բացում։ ՈՒմ կոտրած ձեռքով փակվել է, թող էդ անտեր ձեռքով էլ բացեն։ Ես իմ Արևմտյան Հայաստանից, իմ երկու միլիոն զոհերի միջից, իմ տեղահանված ժողովրդի միջից կնայեմ, թե ինչպես է բացվում Հայաստան-Հայաստան սահմանը։ Արդեն` առանց նախապայմանի։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ