ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ «ԸՆՏՐՅԱԼ» Է, ՄՅՈՒՍԸ` «ԱՆՏԵՍՎԱԾ»

ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ «ԸՆՏՐՅԱԼ» Է, ՄՅՈՒՍԸ` «ԱՆՏԵՍՎԱԾ»
16.09.2011 | 00:00

ՎՈՒԱՄ-ի հարցում Արևմուտքը միասնական կարծիք չի ձևավորել։ Ինչպես հայտնի է, ՎՈՒԱՄ-ի ստեղծման գաղափարը բխել է Եվրոպայից, բայց շատ արագ այն սեփականել է ԱՄՆ-ը։ ՎՈՒԱՄ-ը, նախ և առաջ, մտահղացվել է, որպես նորանկախ պետությունների և այլ երկրների տնտեսական միավորում` Արևմուտքի հետ ավելի հաջող և անկախ համագործակցություն ծավալելու համար։ Եվրամիությունում հետևում էին ՎՈՒԱՄ-ի կազմավորման փուլերին և քաղաքական աջակցություն էին ցուցաբերում այդ նախաձեռնությանը։ Բայց շատ շուտով պարզվեց, որ կազմակերպության լիարժեք զարգացման համար անհրաժեշտ են ոչ միայն ընդհանուր նպատակներ` հաղորդուղիների գործառության առումով, այլև տնտեսական և քաղաքական լուծումների համաձայնեցման ավելի լայն գործունեություն։ Բայց այդ երկրները նման համագործակցության պատրաստ չէին։ Նրանց տնտեսական հնարավորութունները թույլ չէին տալիս միմյանց առաջարկելու հետաքրքիր նախագծեր։ Բացի այդ, նման ընդարձակ կազմակերպության զարգացումն ու այդ տարածաշրջաններում տիրող լարված քաղաքական իրավիճակը պահանջում էին ստեղծել ոչ մեծ արագաշարժ զորախմբեր, որոնք կկարողանային ապահովել հաղորդուղիների անվտանգությունը։ Բացի այդ, պետությունները պատրաստ չէին լուծելու նման լուրջ հարցեր, հատկապես երկու առաջատարները` ՈՒկրաինան և ՈՒզբեկստանը։ Պետք է նշել, որ ՎՈՒԱՄ-ի ստեղծման առիթով տարածաշրջաններում սրվեց լարվածությունը ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների և Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքմենստանի միջև։
ՎՈՒԱՄ-ի հետ Եվրամիությունում միշտ շաղկապել են ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանական խնդիրներ։ Այդ պարագայում հարկավոր է ճիշտ կատարել շեշտադրումները։ ՎՈՒԱՄ-ը, նախ և առաջ, ենթադրվում է որպես աշխարհատնտեսական միավորում, որը կատարում է աշխարհատնտեսական ու հաղորդակցական գործառույթներ և ընդունակ է համեմատաբար ինքնուրույն լուծելու անվտանգության խնդիրները։ Բայց Եվրամիությունը նախընտրեց կողքից հետևել, թե ինչպես են այդ պետությունները բախվում տնտեսական ու քաղաքական խնդիրների, և նրանց գործուն օգնություն չցուցաբերեց։ ԱՄՆ-ում ու Եվրոպայում համարում էին, որ օգնության ունիվերսալ տեսակները` միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից այդ երկրների արտոնյալ վարկավորման ձևով, միանգամայն բավարար են նրանց զարգացման, պաշտպանության և անվտանգության համակարգերի կայացման, ներբլոկային ակտիվ համագործակցության համար։ ՎՈՒԱՄ-ը, փաստորեն, անտեսվել էր Եվրամիության կողմից այն պատճառով, որ Ռուսաստանը, մասամբ նաև այլ պետություններ, ծավալել էին մի քարոզչություն, որով ՎՈՒԱՄ-ը հայտարարվում էր իրենց դեմ ուղղված ագրեսիվ բլոկ։ Հարկ է նշել, որ Հայաստանն էլ էր մասնակցում այդ քարոզչությանը։ Ներկայումս ՎՈՒԱՄ-ը զգալիորեն փլուզված է։ ՈՒզբեկստանն ու Ադրբեջանը, փաստորեն, չեն անդամակցում դրան։ Մոլդովան ևս ՎՈՒԱՄ-ին մասնակցության նպատակահարմարության հարց է դրել։ ՈՒկրաինան պարզապես ի վիճակի չէ մասնակցելու այդ բլոկին` քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով։ Ամենայն հավանականությամբ, ՎՈՒԱՄ-ը դեռ որոշ ժամանակ էլ գոյություն կունենա թղթի վրա, քանի դեռ ԱՄՆ-ը և Եվրամիությունը ջանքեր չեն գործադրել կա՛մ դրա վերակենդանացման, կա՛մ համանման նոր կազմակերպության ստեղծման ուղղությամբ` տարածական նոր ուրվագծով, նոր գործառույթներով, բայց արդեն հաշվի առնելով առկա փորձը։ Ընդհանուր առմամբ կարելի նշել, որ ՎՈՒԱՄ-ի փլուզումը նորանկախ պետությունների հանդեպ ռուսական արտաքին քաղաքականության նշանակալի հաջողություններից մեկը եղավ։
ՎՈՒԱՄ-ի ստեղծման փորձը ցույց տվեց միավորիչ գործունեություն ծավալելու, հրատապ տնտեսական և քաղաքական հարցեր լուծելու, Արևմտյան ընկերակցության ու Ռուսաստանի հետ «թիմային վարքագծի» միջոցով հարաբերություններ կառուցելու նորանկախ պետությունների թույլ ընդունակությունը։ Ի հայտ եկան խնամառուական տրամադրություններ ու ձգտումներ, ինքնուրույն որոշումների և հանուն տնտեսական հաջողությունների ու քաղաքական անվտանգության նյութական զոհողությունների գնալու անհրաժեշտության ըմբռնման բացակայություն։ ՎՈՒԱՄ-ի երկրները պատրաստ չէին իրար հետ հարաբերություններ կառուցելու տնտեսական և քաղաքական բլոկի շրջանակներում։ Շատ արագ զուգահեռականության խնդիրներ առաջացան։ Այսինքն, կառավարող վերնախավերը կարծում էին, թե այդ երկրների միջև ընդհանուր տնտեսական խնդիրները կլուծվեն առանձին, ՎՈՒԱՄ-ի շրջանակներում առաջացող խնդիրներն այլ խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն Արևմուտքի խնամակալությամբ։ Սակայն այդ երկրների ընդհանուր տնտեսական համագործակցության խնդիրները շուտով ծայրաստիճան բացասական դեր խաղացին և ստվերեցին հնարավոր հեռանկարները, որոնք բացվել էին ՎՈՒԱՄ-ի շրջանակներում։
ՎՈՒԱՄ-ի կազմավորման գործում շատ բացասական դեր է խաղացել մասնակիցների ձգտումը «մենաշնորհելու» իրենց իրավունքները` ռազմավարական շահերի առումով, ինչը հանգեցրեց ՎՈՒԱՄ-ին այլ երկրների անդամակցության սահմանափակմանը։ Ադրբեջանի մասնակցությունը փակում էր դռները Հայաստանի առջև, իսկ ՈՒզբեկստանի մասնակցությունը` Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների։ Դրան զուգընթաց, Հայաստանը կարևոր աշխարհառազմավարական դեր ունի, նկատի առնելով նրա հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ Թուրքմենստանը կարևոր է որպես բնական գազի խոշոր պաշարներ ունեցող երկիր։ ՎՈՒԱՄ-ին անգամ այս երկու փոքր պետությունների չանդամակցումը լրացուցիչ առճակատում էր առաջացնում այդ տարածաշրջաններում։ Բայց գլխավոր առճակատումը հասունանում էր Ռուսաստանում և Իրանում, որտեղ անմիջապես սկսեցին ՎՈՒԱՄ-ը համարել արևմտամետ թշնամական բլոկ։ Նույնպիսի տրամադրություններ էին բխում նաև Չինաստանից։ Ավելին, հակասություններ ի հայտ եկան ՎՈՒԱՄ-ի ներսում` Հարավային Կովկասի պետությունների և ՈՒկրաինայի, ինչպես նաև ՈՒզբեկստանի միջև։ ՈՒկրաինան, որպես սպառազինությունների մատակարար, կարող էր ռազմաքաղաքական անհավասարակշռության իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում։ Բացի այդ, այդ պետություններից և ոչ մեկը երկար ժամանակ չի ձգտել իր հաշվին արագ տեղաշարժվող զորամասերի ստեղծման հարցեր լուծել։ Եվրոպական քաղաքական շրջանակներում, հետագայում նաև ԱՄՆ-ում սկսեցին երկյուղել ՎՈՒԱՄ-ի զարգացումը խթանելուց, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում անտեղի սուր առճակատման, մի շարք գործընթացների անկառավարելիության։ Ներկայումս Եվրոպայում շատ զգուշավոր են վերաբերվում ՎՈՒԱՄ-ին` որպես չկայացած կազմակերպության։ ՎՈՒԱՄ-ին մասնակցելու Լեհաստանի և Ռումինիայի փորձերը, ինչը, անշուշտ, նախաձեռնել էին ԱՄՆ-ը և Գերմանիան, խիստ մտահոգություն առաջացրեց, քանի որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ռումինիան` դաշինքի հնարավոր թեկնածու։ Միաժամանակ, Եվրոպայի քաղաքական շրջանակներում միշտ համարել են, որ ՎՈՒԱՄ-ին Թուրքիայի մասնակցությունն ամբողջ նախկին խորհրդային տարածքում սուր առճակատման ու իրավիճակի քաղաքականացման պատճառ կդառնա։ Բայց ԱՄՆ-ում, համենայն դեպս նախորդ վարչակազմի օրոք, լիովին հնարավոր էին համարում ՎՈՒԱՄ-ին Թուրքիայի մասնակցությունը, թեև այդ հարցը երբեք լրջորեն չի արծարծվել։
Ներկայումս ՎՈՒԱՄ-ի գոյությունը դարձյալ խնդրահարույց է` ՈՒկրաինայում և Մոլդովայում տրամադրությունների և քաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով։ Հարկ է նշել, որ այդ երկրներում կառավարող վերնախավերը հաջողությամբ շահարկում են ՎՈՒԱՄ-ին իրենց մասնակցության, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների հանգամանքը։ Չնայած ՎՈՒԱՄ-ը հայտարարել է բլոկի զինված ուժերի ստեղծման մասին, դրա անդամ երկրները դեռևս քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի խոր հակասություններ ունեն։ Հետաքրքրություն է ներկայացնում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում Հարավային Կովկասի պետությունների, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրների աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական ինտեգրման փորձի քննարկումը։ Այդ լայնածավալ փորձը ձախողվեց, ինչը, անկասկած, կանդրադառնա ՆԱՏՕ-ական բյուրոկրատիայի համապատասխան որոշումների ու հայացքների վրա։ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների ջանքերի միավորման փորձերի ընթացքում պարզվեց, որ այդ նախագիծը սկզբից ևեթ միանգամայն անիրագործելի է։ ՎՈՒԱՄ-ը այդպես էլ չկողմնորոշվեց առաջատարի հարցում։ ՈՒկրաինան, որի հետ մեծ հույսեր էին կապում, շահագրգռված չէր ստանձնելու այդ գործառույթը։ Ընդհանուր առմամբ (հնարավոր է` բացառությամբ ՈՒզբեկստանի), ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրները թույլ պետություններ են և ընդունակ չեն ստեղծելու զորեղ բլոկ։ Այդ բլոկը զգալի քաղաքական հակասություններ էր պարունակում։ Վրաստանն ու Ադրբեջանն առավել շատ էին շահագրգռված ՎՈՒԱՄ-ի ռազմականացմամբ, այդ թվում` ռազմաքաղաքական հակամարտությունների կարգավորման խնդիրների պատճառով, ինչը բացահայտորեն հակասում էր ՈՒկրաինայի և ՈՒզբեկստանի մտադրություններին ու շահերին։ ՈՒկրաինան շահագրգռված էր, նախ և առաջ, նավթի ու գազի ստացմամբ, իսկ ՈՒզբեկստանը` հաղորդուղիների արդյունավետ շահագործման ապահովմամբ։ Մոլդովան չուներ ՎՈՒԱՄ-ի մյուս պետությունների տարածքում իր ներկայության, առավել ևս ռազմական ներկայության ապահովման հնարավորություն։ Տարածաշրջանային, այդ թվում` անվտանգության խնդիրները հանգեցրին այն բանին, որ ՈՒզբեկստանը դուրս եկավ ՎՈՒԱՄ-ից, իսկ Մոլդովան փոքր-ինչ հետ քաշվեց բլոկից։ ԱՄՆ-ը և Եվրամիության առաջատար պետություններն այդպես էլ էական ֆինանսական ու քաղաքական օգնություն չցուցաբերեցին ՎՈՒԱՄ-ին, երկյուղելով Ռուսաստանի և այլ պետությունների, այդ թվում` Իրանի և Չինաստանի հետ առճակատումից։ Բացի այդ, քաղաքական պրակտիկան ցույց էր տալիս, որ ՎՈՒԱՄ-ն ավելի ու ավելի է մեկուսանում, չնայած հինգ պետության մասնակցությանը։ Ընդ որում, հատկապես ՈՒզբեկստանի` Կենտրոնական Ասիայի «կենտրոնական պետության» մասնակցությունն էր պատճառը, որ բլոկին չէին անդամակցում տարածաշրջանի մյուս պետությունները, և Ադրբեջանի մասնակցությունն էր պատճառը, որ չէր մասնակցում Հայաստանը։ Առճակատման այդ հեռանկարը բնավ ձեռնտու չէր ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ նրա եվրոպական գործընկերներին։ Այսպիսով, ՎՈՒԱՄ-ը դարձավ նման նախաձեռնությունների ձախողման օրինակ, երբ պետությունների մի մասն «ընտրյալ» է, մյուսը` «անտեսված»։ Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ին թվում էր, թե ՎՈՒԱՄ-ը որոշակի սահմանակարգային հիմունքներով դաշինք կազմած «այլընտրանքային կիսառազմական բլոկի» ստեղծման փորձ է։
Սակայն տնտեսական և քաղաքական տեսանկյունից նորանկախ պետությունների միավորման գաղափարը հրապուրիչ է մնում Արևմուտքի համար։ ԱՄՆ-ում ՎՈՒԱՄ-ը շարունակում է քաղաքականության պահանջարկված գործիք համարվել, թեև մինչ օրս հասկանալի չէ, թե ինչպիսին էր Ջորջ Բուշի վարչակազմի դիրքորոշումն այս խնդրի առնչությամբ։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը նաև այլ քայլեր է ձեռնարկում կասպյան էներգապաշարների և հումքի փոխադրման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ ԱՄՆ-ը ցանկանում է կարգավորել ղարաբաղյան խնդիրը և դրանով իսկ պայմաններ ստեղծել էներգետիկ նախագծերի անվտանգության ապահովման համար։ Ըստ էության, հենց այս խնդիրն էլ պետք է լուծեր ՎՈՒԱՄ-ը։ Դրա հետ մեկտեղ, հավանաբար, ԱՄՆ-ը մտադիր չէ խոշոր ծախսեր կատարել այդ տարածաշրջաններում բլոկային կառույցների պահպանման, հատկապես պաշտպանական նպատակների վրա։ Ամերիկացիները կարծում են, որ տարածաշրջանների երկրները պետք է իրենց ծախսերը կատարեն այն եկամուտներից, որոնք ստացվել են համապատասխան տնտեսական նախագծերի իրականացումից։ Դա համապատասխանում է հանրապետական վարչակազմի արտքաղաքական գաղափարախոսությանը, որը ձգտում է ոչ թե առկա հակամարտությունների համակարգված լուծման, այլ տարածաշրջանային խնդիրների մասնավոր լուծման։ Ելնելով ազգային շահերի համար դրանց առաջնայնությունից` ԱՄՆ-ը շեշտը չի դնում Մերձավոր Արևելքի խնդիրների վրա։
Արդեն 2006-ի վերջին հասկանալի էր դարձել, թե ինչ որոշում կկայացնի ԱՄՆ-ը ՎՈՒԱՄ-ի առնչությամբ։ ՎՈՒԱՄ-ը, ամերիկացիների ընկալմամբ, ավելի շուտ համարվում է այնպիսի կազմակերպություն, որի արդյունավետությունը դեռ երկար ժամանակ չի ուրվագծվի։ Հնարավոր է նաև այլ տարբերակ. ԱՄՆ-ը ՎՈՒԱՄ-ը կպահի կազմալույծ վիճակում, այն թողնելով ապագայի համար։ Եվրոպացիների կարծիքով` ՎՈՒԱՄ-ը կարիք ունի առաջատարի, այսինքն, մի պետության, որը չլինի նորանկախ, բայց ունենա հզոր տնտեսական ներուժ և զինված ուժեր, ինչպես նաև հեղինակություն վայելի նախկին խորհրդային տարածքում։ Տվյալ դեպքում առավել բնական առաջատարը կարող է լինել Թուրքիան, ինչը խիստ խնդրահարույց է։
Պետք է ուշադրության առնել այն, որ վերջին երկու տարում էական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել։ Հարավային Կովկասի պետությունները, ինչպես ՈՒկրաինան և Մոլդովան, դարձել են Եվրախորհրդի անդամ, միանգամայն հաջողությամբ զարգանում է առևտուրը, այդ թվում` էներգառեսուրսների փոխադրումը։ Էներգափոխադրման ոլորտում զարգանում են հարաբերությունները Ռուսաստանի և համագործակցության ծրագրեր են նախանշվում Իրանի հետ։ Ռուսաստանը մասնակցում է արևմտյան նախագծերին և ստանում է շահույթի իր բաժինը։ Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցելու նաև Եվրոպայի ու ամերիկյան նավթային ընկերությունների հետ` մատակարարների ապահովման հարցում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հարթ չեն, սակայն քաղաքականության այդ ուղղությունը կախված է նորանկախ պետությունների հետ ռազմական համագործակցության անհրաժեշտության նվազումից։ Ներկայումս ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումները շատ մոտ են։ Երկուսն էլ կարծում են, որ նորանկախ պետությունները սեփական ուժերով պետք է ապահովեն իրենց անվտանգությունը և իրենք էլ համաձայնության հասնեն հակամարտությունների կարգավորման հարցերում։ Արևմուտքը պիտի սոսկ նպաստի դրան։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ