ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Հորս կամուֆլյաժն արդեն մաշվել է

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Հորս կամուֆլյաժն արդեն մաշվել է
09.05.2013 | 12:26

Արդեն քանի ամիս է ոչինչ չեմ գրել, ՛՛վայելում եմ՛՛ լուսանցքիս նեղությունը, փորձելով այն արժևորել որպես ճգնախուց, հետագաս կազմակերպելու նպատակով: Ու քանի որ նման դեպքերում միտքդ սկսում է դեգերել ժամանակի ու տարածության մեջ, անկախ քո կամքից հայտնվում ես ՛՛Ալիսան հրաշքների աշխարհում՛՛ իրավիճակում, և մուտքը դեպի այդ աշխարհ կարող է ՛՛ապահովել՛՛ որևէ դիպված: Այսօր ինձ դեպի ճագարի բույնը հրեց մինչև ուղն ու ծուծը կեղծավոր ու փուչ ՛՛հայրենի հեռուստատեսության՛՛ շուռտիպներից ՛՛Բարի գիշեր հայեր՛՛ հաղորդման կարմրաթուշ հաղորդավարը, որ հրավիրեց դիտելու Արցախի պատերազմի ՛՛հերոսապատումներից՛՛ մի դրվագ, (մայիսի 9-ի նախօրեին՝ Շուշիի ազատգրման օրվա)՝ չզլանալով ամեն բառից առաջ գործածել ՛՛Մեծն՛՛ մակդիրը, դրանով իսկ փորձելով արժևորել նախ իրեն, հետո պատերազմն ու հերոսներին՝ Մեծն: Ու ես զգացի անկումս…. դեպի անցյալ և անմիջապես միացրի համակարգիչս, տեսնելու, թե որքան խորն է ճագարի բույնը:
Ղարաբաղի պատերազմին վերաբերվող ցանկացած դոկումենտալ կադր, գրեթե 20 տարի է, նույն ուժգնությամբ տակնուվրա է անում հոգիս, գամում ինձ տեղական, ՛՛հայեցի՛՛ նշանակություն ստացած կապույտ էկրանին ու ստիպում փնտրել հորս պատկերը ամեն մի զինվորի մեջ: Հայրս, ինչպես և Շահումյանը, որը հանձնեցին թուրքերին (կամ՝ ռուսներին, այստեղ դա չէ էականը), ունի զարմանալի ճակատագիր՝ երկուսն էլ կան ու… կարծես չկան, մոռացության են մատնված, արհամարհված են: Ինչպես Շահումյանի շրջանն ու Գետաշենը, այնպես էլ հայրս, հանգրվանել են մարդկանց հիշողություններում միայն, այն մարդկանց, որոնք տեսել են Շահումյանը ու տեսել են հորս: ՛՛Հիանալի երկիր է, չքնա՜ղ, երբեք չեմ մոռանա Շահումյանը՛՛,- ասում են: Նույն կերպ էլ արտահայտվում են հորս մասին. ՛՛Հիանալի մարդ է Բենոն, իսկական զինվոր, հերոս է ՛՛: Ու այս ամենը՝ բանահյուսություն: Նրա մասին ես լսել եմ տարբեր մարդկանցից ու տարբեր ժամանակներում: Եվ քանի որ ես նրա ազգանունը չեմ կրում՝ Տեր-Սարգսյան, այդ զրույցները լսելիս միշտ լուռ եմ մնում, տեսնելու, թե ինչ են ասում: Հայրս մեզ երբեք չի պատմել ոչ պատերազմի, ոչ պատերազմում իր դերակատարության և ոչ էլ հետպատերազմյան իրավիճակների մասին: Փոխարենը շատ է պատմել իր մարտական ընկերների մասին, ու նրանց բոլորին ես ճանաչել եմ շատ ավելի վաղ, քան հանդիպել եմ կյանքում: Հայրս նրանց բոլորին անկեղծ սիրում էր ու չափազանց երախտապարտ էր, որ գնացել են Շահումյան, իրեն ու իր հայրենակիցներին օգնելու, իր հայրենիքը պաշտպանելու նպատակով: ՛՛Մենք մեր հողի համար ենք կռվում, իսկ տղերքը իսկապես հերոս են, ես նրանց ցավը տանեմ՛՛,-ասում էր: Հետո, իհարկե, նա իր կռիվը պիտի շարունակեր Շահումյանից հեռու, տղերքի հետ կողք-կողքի, մինչև զինադադար, մինչև մահը կամ կյանքը կբաժաներ նրան….տղերքից: Ու դրանից հետո, մինչ օրս, ես կլինեմ միակ մարդը, որ շնորհավորում է նրան Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Գրում եմ ոչ այն պատճառով, որ շահումյանցի Բենիամին Տեր-Սարգսյանը, պատմական Խամսայի մելիքությունների վերջին բաստիոնի՝ Գյուլիստանի մելիքների շառավիղը, որ սովետական շրջանի իր ապրած տարիների ընթացքում պիտի թաքցներ իր ծագման մասին բոլոր տեղեկությունները, հայրս է, այլ որ նա այն բազմաթիվ հերոսներից է, որոնց բնածին համեստության շնորհիվ ՛՛Մեծնմեծերի՛՛ մի ամբողջ բանակ վայելում է ՛՛երկրապահի՛՛ դափնիները:
Ես նրա առաջնեկն էի, ու մինչ կծնվեր երկար սպասված որդին, ես էի նրա զինվորը, նրա այն զավակը, որին սովորեցնում էր կրակել, կողմնորոշվել տեղանքում, պնդասիրտ լինել և, ինչպես ասում են, փակ աչքերով անգիր հիշել գյուղից դեպի Ղարաբաղ տանող բոլոր կածանները, որովհետև պետք էր, որովհետև թուրքը մի օր կարող էր հարձակվել: Ինձանից հետո ծնված աղջիկներին նույն բաները չէր սովորեցնում՝ որսի չէր տանում հետը, կրակել, զենքի հետ վարվել չէր սովորեցնում, աղջիկ են, ասում էր, մարդի ենք տալու, գնալու են, իրենց ինչի՞ն է պետք: Միայն եղբորս, շատ փոքր հասակից, դաստիարակեց որպես զինվոր: Ընդ որում, ոչ որպես այն ժամանակ մեր պատկերացրած սովետական զինվոր, որը պիտի ծառայեր անծայրածիր ԽՍՀՄ-ին, այլ որպես հայ զինվոր, որին վտանգ է սպառնում թուրքի կողմից, ու որը պիտի մի օր նվաճի իր անկախությունն ու ձևավորի Հայաստանի Հանրապետություն, Գետաշեն, Շահումյան, ու Ղարաբաղն էլ մեջը:
Դեռ մանուկ հասակում մենք գիտակցում էինք հորս ճակատագրի դառնությունը: Մեծ մայրիկս էր պատմել, որ երբ իրեն ու իր Ռուբենին՝ պապիկիս, տարել են ֆրոնտ, հայրս երեք տարեկան է եղել: Տատս վերադարձել է ֆրոնտից, իսկ ահա պապս՝ ոչ, ու հայրս նրան հիշում էր միայն լուսանկարներից ու սրբորեն պահպանում էր ֆրոնտ գնալուց առաջ իրեն մակագրած՝ ՛՛Սասնա ծռեր՛՛ էպոսը: Մենք ապրում էինք Կարաչինար գյուղում, որի վերջին տունը և հարևան թուրքական Շեֆեկ գյուղի առաջին տունը բաժանվում էին ընդհանուր պատով: Այնքան մոտիկ էր այդ հարևանությունն ու այնքան վտանգավոր, որովհետև հայրս էր այդպես ասում: Սովետ էր ու մենք, ճիշտն ասած, չէինք հավատում նրան ու միգուցե ձեռ էլ առնեինք, եթե նրա հայացքը կամ, ինչպես տատս էր ասում, ռամուզն էնքան ծանր չլիներ, որ ՛՛օձի վրա թքեր, օձը կսատկեր՛՛: Ամեն անգամ, երբ ուշ երեկոյան կերած-խմած տուն էր գալիս ու տեսնում, որ մեր կամ հարևանի տան պատշգամբի լույսը չի վառվում, ձենով Օհանի ոգին մեջն առնում ու հարայ էր տալիս, արթնացնում ամբողջ փողոցը: ՛՛Ես ձեր էշի ականջում քնած հերն եմ անիծել, դուք ոնց եք էսպես խորը քնում ու լույս էլ չեք վառում, մի օր էլ թուրքերը հարձակվելու են, ձեզ քնի մեջ կոտորեն, վրաներդ խաբար չի լինելու՛՛,-գոռում էր հայրս ու ասածը համեմում մի քանի թունդ բառով: Հարևանները կատակի էին տալիս, մեծ կանայք նախատում. ՛՛Ա խռզնհատ, էլհա քնհարամ ըրեր, հինչ ես սյասդ կլոյխտ քիցել, ղաչաղ Սաշին արինը մեչը կա, է՜, ամյալ չի կյալիս, թորքա քիթյանում, վար նհետը կռև անի: Քինյա մրափի, մզանա հինչ ես օզում ՛՛: Ղաչաղ Սաշան հորս հորեղբայրն է եղել, որին սովետները կուլակաթափ են արել, և որը ջոկատ է հավաքել, անցել սարերը ու կռիվ տվել Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների դեմ: Հետո անցել է Պարսկաստան, ու հարազատները, նրա հետքը կորցրած, մինչև օրս իր արևով են երդվում:
Հայրս ամեն տարի ապրիլի 24-ին իր 4 երեխաներին հավաքում էր, մեր այգու յասամաններից մեծ փնջեր կապում ու մեզ երթով տանում դեպի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձան, որտեղ իր հոր՝ Ռուբենի անունն էլ էր գրած, հարգելու 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը: Հետո նա փոքրերին վստահում էր ինձ ու մեզ տուն էր ճամփում: Մենք գիտեինք, որ այդ օրը հայրս տուն չի գալու, որովհետև նրան տանում էին միլիցայություն՝ այդ հակասովետական արարքի համար: Բայց ամեն տարի նույն օրը մենք կրկին գնում էինք գյուղամեջ, ՛՛Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի՛՛ վերտառությամբ հուշարձանի տակ յասամաններ դնելու:
Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, ու շահումյանցիներից շատերը միտինգային տրամադրությունների մեջ ընկած, կեսը՝ շահ, կեսը ելք էր ման գալիս, հայրս զինվում էր: Քանի որ որսորդ էր ու իրավունք ուներ, փամփուշտ ու որսորդական հրացան էր կուտակում: Նույնիսկ պատից հանել ու փայլեցրել էր Անդրանիկի նկարի տակ կախած սուրը, որ գտել էր Ջրաբերդի մոտակայքում: Հայտարարել էր, որ այդ սուրը պատկանել է մի հայ զինվորի, որ կռվել է թուրքի դեմ ու ընկել, սուրը խրելով հողի մեջ: Ես այդ զինվորին պատկերացնում էի, այդ կռիվն էլ էի պատկերացնում, նույնիսկ թաքուն սգացել եմ նրա մահը: Եվ այսպես, երբ Շահումյանում հայտարարվեց անձնագրային ռեժիմ, և ռուսական, ավելի ստույգ՝ խորհրդային 4-րդ բանակը տեղակայվեց շրջանում ու սկսեց մարդաորսը, հայրս կրկնեց ղաչաղ Սաշայի ճակատագիրը՝ վերցրեց 10-12- ամյա եղբորս ու քաշվեց անտառները: Հետո նա այնտեղ պիտի հանդիպեր հայաստանցի տղաների, որոնց հետ պիտի անցներ ողջ պատերազմը, և որոնցից շատերը պիտի զոհվեին, շատերն էլ պատերազմից հետո ուրանային նրան: Իսկ մինչ այդ՝ հայրս մեր տանը խորին երախտագիտությամբ հյուրընկալեց Մոնթե Մելքոնյանին, Լեոնիդին, Բեկորին, Թաթուլին, Ֆեդիային…հայտնի մարտիրոսներից ու անհայտ հերոսներից շատ-շատերին, նաև այսօրվա ՛՛մեծերից՛՛ ոմանց:
Շուշիի ազատագրման օրը հայրս իր ջոկատով պահում էր արիերգարդը՝ թիկունքի ճանապարհներից մեկը, որտեղից կարող էր սպասվել թշնամու վրահաս օգնությունը: Շուշիի ազատագրումից ուղիղ մեկ ամիս անց Շահումյանը հանձնեցին թշնամուն: Սուս ու փուս, բնակիչների համար այնքան անսպասելի, որ կեսին կոտորեցին տեղում՝ իրենց տներում ու գյուղերի փողոցներում, մի մասն էլ կոտորվեց Ղարաբաղը մեզնից բաժանող սար ու ձորերում: Մայրս այդ մասին մի անգամ է պատմել, այն էլ՝ տասը տարի անց, երբ համարձակվեցի կարծել, որ նրա մրմուռն անցել է, ցավը՝ բթացել: Մայրս տեսել էր անդունդը նետվող ընտանիքների, խելակորույս ծերերի, նորածին երեխաների, որոնց քշել-տարել են լեռնային գետերի ջրերը, ուժասպառ կանանց ու երեխաների, որոնք հրաժարվել են գնալ ու ինքնասպան են եղել: Մայրս սոսկալի բաներ է տեսել այդ գաղթի ճամփին: Ղարաբաղի պատերազմի մասին հերթական զրույցներից մեկում պատահական մի մարդ, որը նույնպես ՛՛կռված տղա՛՛ էր, պատմում էր, թե ինչպես էր Գամսախուրդիան (հորս պատերազմական կեղծանունն է) վիրավոր, մեն-մենակ դիրքավորվել Գյուլիստանի ֆերմաների մոտ ու պահում էր նահանջող ժողովրդի թիկունքը: ՛՛Երբ մենք սարն անցանք, Բենոյի ԱԿՍ-ը լռեց….եկեք խմենք նրա կենդանի կենացը…օղորմի՛՛,-եզրափակեց տարեց զինվորը: Սիրտս կտոր-կտոր եղավ: Հայտնեցի, որ կարիք չկա, որովհետեւ նա ողջ է, որ ես նրա դուստրն եմ ու…. խմեցինք կենացը: Հետո, տարիների ընթացքում, տարբեր մարդկանցից էլի կլսեմ, որ ամբողջ ջոկատներ է փրկել որոգայթներից՝ շնորհիվ ադրբեջաներենի կատարյալ իմացության, խոսել է հետները, թյուրիմացության մեջ գցել ու դուրս հանել տղաներին: Մի երիտասարդ զինվոր պատմել է, թե ինչպես է հայրս Օմարի լեռներից շալակով ցած իջեցրել վիրավոր նորակոչիկների ու փրկել ցրտահարությունից, որ թափանցելիս է եղել թշնամու թիկունքը ու տվյալներ բերել, որոնք հաղթանակներով են պսակել առանձին մարտեր:
Որդիս 10 օրական էր: Ես արդեն գիտեի Շահումյանի անկման մասին ու ամեն օր գնում էի Հանրապետության հրապարակ, այսօրվա ԱԳ նախարարության շենքի մոտ հավաքված փախստականների մեջ փնտրելու ծնողներիս: Լուրեր տարածվեցին, որ հայրս զոհվել է: Նույնիսկ մարդիկ եղան, որ տեսել էին նրան տեսնողներին: Երբ հույսս կտրեց, հիվանդացա: Երեխաս, շնորհիվ պատահաբար մեզ այցելած մանկական բժշկի, հրաշքով փրկվեց սովահարությունից:
Բթացած հայացքով նայում էի պատուհանից, դեպի ներս էի նայում, երբ նկատեցի, որ բակ մտավ կեղտոտ, չարչարված մի ՛՛Վիլիս՛՛, կանգնեց բակի մեջտեղում ու մնաց: Դռները չբացվեցին, ոչ-ոք չիջավ: Չհասկացա, թե ինչպես հայտնվեցի այդ <Վիլիսի> կողքին ու նայեցի ներս: Մայրս էր՝ մի տեսակ անճանաչելի: Ես նրան բնազդով ճանաչեցի, կարծես թե… տարօրինակ էր նրա դեմքի արտահատությունը, մաշկը կարծես ծխահարված լիներ, հայացքը՝ սառած: Կողքին հայրս էր, կեղտոտ փաթաթանների մեջ ու….ողջ: Տատիկս չկար: Ես նույնիսկ չհամարձակվեցի հարցնել, թե ո՞ւր է… Եղբորս ու քույրերիս ավելի շուտ Շահումյանից բերել ու պատսպարել էին Ապարանի ջոկատի տղաները: <Վիլիսի> ղեկին Մյասնիկ Մալխասյանն էր, նույնպես Ապարանի ջոկատից: Հայրս շատ մտերիմ էր Ապարանի ջոկատի հրամանատար Ֆեդյայի հետ, ով մեր ընտանիքը տարավ Ապարան ու տեղավորեց վթարային շենքերից մեկի չորրորդ հարկի երկու սենյականոց մի բնակարանում: Հետագայում, երբ Ֆեդյան կզոհվի, հորս ու մեր ընտանիքի ձեռքից կխլեն այդ բնակարանը, կօտարեն, ու մենք կմնանք անօթևան: Իսկ մինչ այդ՝ հայրս Ապարանի ջոկատի կազմում կկռվի մինչև վերջ, մինչև զինադադար:
Երբ հայրս մեր ընտանիքի բեկորները հավաքած հասավ Հայաստան, մեզ գրանցեցին որպես փախստական, ու մինչ օրս էլ մեր ընտանիքի բոլոր անդամներն այդ ցուցակում են, ներառյալ նաև ես: Չեմ կասկածում, որ այդ ցուցակով Հայաստան մտած հումանիտար ու ֆինանսական բոլոր օգնություններն ու հատկապես բնակարանային ծրագրերով նախատեսված գումարները փաստաթղթերի վրա հանձնվել են նաև մեզ ու հորս ընտանիքին հասանելիք բաժինը, որ օտարներն են ուղարկել, կերել են տեղաբնիկները: Չեմ կասկածում, որ նույն տեղաբնիկները կերել են նաև նրան՝ զինվորին, Արցախի պատերազմի վետերանին հասանելիք դափնիների բոլոր տերևները:
Զինադադարից հետո հայրս որոշեց գնալ վիրահատության ու ազատվել մարմնի մեջ մխրճված թշնամու տանջող ներկայությունից՝ բեկորներից: Մի օր մտավ իմ տուն, գունատ ու կենտրոնացած հայացքով: Զգացի, որ ինչ-որ բան է պատահել, մտածեցի՝ միգուցե վիրահատության ենթակա չէ արդեն: ՛՛Ես Հայաստանից գնում եմ՛՛,-ասաց ու ինձ մեկնեց տատիկիս մատանին, միակ իրը, որ քույրիկս տունը լքելուց առաջ վերցրել էր: Հասկացա, որ պիտի վաճառեմ: Հայրս, որի հայացքից, ինչպես տատս էր ասում, օձը կսատկեր, ներսից կուչ էր եկել ու ինձ համար դա տեսնելն անհնարին էր: Հետագայում, կրկին քանի՜ տարի անց, մայրս կպատմի, որ բժիշկը, որի մոտ գնացել էր հայրս՝ վիրահատվելու, նախապես փող էր պահանջել… զինվորից:
Մինչ օրս հայրս Հայաստան չի եկել: Երբեք ոչինչ չի ասել, չի բացատրել, թե ինչու չի գալիս, չի հայտարարել, որ չի գալու, բայց… չի գալիս: 2007 թվականին, նախագահի ընտրություններից առաջ հեռախոսով, նամակներով համոզում էի, որ գա Հայաստան: Որդիս, որ դպրոցական էր, ու որին հայրս շատ է սիրում, որովհետև միակ ընձյուղն է, որ Շահումյանը կորցնելուց հետո նրան ապրելու հավատ ներշնչեց, նույնպես համոզում էր հորս, որ գա Հայստան: Նույնիսկ նամակ գրեց Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարով բացիկի վրա: Գրել էր, որ եթե նա ընտրվի, արդարությունը կվերականգնվի, Հայստանում բան կփոխվի, ու ինքը կհաստատվի հայրենիքում: Հեռախոսով նույն բանը ես ասացի հորս: Հայրս միայն ասաց. ՛՛Թող ընտրվի, բալա ջան, հետո կտեսնենք՛՛: Հետոն տեսանք, իհարկե, ու հայրս, մարտի մեկի դեպքերից ցնցված, ինձ էր համոզում լքել Հայաստանը ու գնալ իր մոտ: Նրա ձայնը դողաց, երբ հայտնեցի, որ տղերքը ձերբակալված են՝ Սասուն Միքայելյանը, Մյասնիկը Մալխասյան, տղերքը… Չէր կարողանում պատկերացնել, որ ՛՛հայրենիքի համար արյուն թափած մեր տղերքին, կռված տղերքին բանտարկել են՛՛: Վերջերս, երբ եղբայրս եկավ Հայաստան, ու ես նրան հարցրի՝ ՛՛հերս էս կողմերը թեքվելու մտադրություն չունի՞՛՛, ասաց՝ ՛՛մեր հոր կամուֆլյաժը արդեն մաշել ա՛՛:
Հայրս ուներ երկու զինվորական համազգեստ, որոնցից մեկը նրան փոխանցել էր, ավելի ճիշտ, ասել էր, որ փոխանցեն, Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ 1992-ին նա Շահումյանից եկել էր Հայաստան ու զինվորագրվել Ապարանի ջոկատին: Հայրս այդ համազգեստը փայփայում էր ու հագնում միայն հյուր գնալիս, որովհետև, նախ՝ ուրիշ հագուստ չուներ, հետո էլ ՛՛գերագույն գլխավոր հրամանատարն էր տվել՛՛: Եթե մարտական խաչ տված լինեին նրան, վստահ եմ, որ չէր հագնի հյուր գնալուց, բայց կամուֆլյաժը… Երբ Հայաստանից գնացել են ու բռնել քոչվորականի ճամփան՝ Կրասնոդարի մարզ, Ղրիմ և Ուկրաինայի այլ մարզեր, հայրս, իր մարմնի բեկորները զսպած, աշխատել է շինհրապարակներում, որ լուծի մեր ընտանիքի հացի խնդիրը: Եվ քանի որ հագուստ չի ունեցել, իր ոչ տոնական համազգեստը հագել ու մաշել է շինարարության վրա աշխատելիս: Տոնականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից տվածը, պահել է մինչև վերջերս: Ի դեպ, հորս մարմնում եղած բեկորների մի մասը հանել է ազգությամբ թաթար մի բժիշկ, մեծ հարգանքով է վարվել նրա հետ ու մի կոպեկ փող չի վերցրել, ասելով, որ ամոթ է հերոսից, իր հայրենիքի համար արյուն թափած մարդուց գումար գանձելը:
Հա, կամուֆլյաժը: Հայրս, այնուամենայնիվ, դու մի ասա, հայրենիք գալու փափագ է ունեցել: Մի քանի տարի առաջ ԱԺ-ում հանդիպեցի Մյասնիկ Մալխասյանին, ու նա ինձ հայտնեց, որ հայրս այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին նամակ է գրել: Չասաց՝ ինչ բովանդակությամբ, ասաց միայն, որ Սերժն իրեն կանչել է ու հարցրել հորս մասին: Ես չփորձեցի էլ մանրամասներ իմանալ, որովհետև, ինչպես տատս էր ասում, ՛՛Խաչն իմն է, զորությունը լավ գիտեմ՛՛: Հիշում եմ նաև, որ Մյասնիկը իմ ընդդիմադիր ու ըմբոստ դիրքորոշման մասին էլ, գրածս հոդվածների մասին էլ ինձ հիշեցրեց ու ակնարկեց, որ Սերժն այդ մասին լավ գիտի: Քանի որ ես էլ գիտեի, որ լավ գիտի, սիրտս նորից ճմլվեց հորս համար: Երբ տեղի ունեցավ մարտի 1-ը, ու հայրս տանգնապած զանգահարեց և հավաստիացավ, որ ինձ չեն սպանել, չեն ձերբակալել, բայց միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ դրանից հետո ես պարբերաբար մնում եմ գործազուրկ ու նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցներում չեմ կարողանում աշխատանք գտնել, կրկին փակեց Հայաստան գալու թեման: Իսկ եղբայրս էլ վերջերս հայտնեց, որ երկար դեգերումներից հետո վարկով ձեռք բերած իր տան այգում գործ անելիս հայրս արդեն հագնում է Լևոնի տված կամուֆլյաժը, ու այն արդեն մաշվել է:

Դիտվել է՝ 4611

Մեկնաբանություններ