Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Պասուց տոլմա` «Էկզոտիկա»

Պասուց տոլմա` «Էկզոտիկա»
01.12.2013 | 12:19

Անունը հյուրերիցս մեկն է կնքել, երբ տոլման առաջին անգամ փորձեց մեր տանը` Ամանորին: Կարծեմ թե ակնարկս հասկացաք` Ամանորը մոտենում է: Ուրեմն`այդ էկզոտիկան վայելելու համար ձեզ հարկավոր կլինի 1 կգ սոխ,1 թեյի բաժակ երկար բրինձ, 1 թեյի բաժակ արևածաղկի ձեթ, կես թեյի գդալ կծու սև պղպեղ, կես թեյի գդալ հոտավետ պղպեղ և կես թեյի գդալ դարչին: Սոխը պետք է կճեպից մաքրել, լվալ: Ձեր կողքը անպայման դրեք աղ, որպեսզի ժամանակ առ ժամանակ աղին նայեք շատ չլացելու համար: Այդպես ասում էին մեր տատիկները: Իսկ ես սոխի կողքը մի աման ջուր եմ դնում, որ ժամանակ առ ժամանակ դանակն ու ձեռքերս լվամ այդ ջրի մեջ: Այդպես ավելի հարմար է, դե մեկ-մեկ էլ աղին եմ նայում, որ չստացվի թե տատիս խորհուրդները չեմ հարգում: Անցնենք բուն գործողությանը: Ողջ սոխը պետք է կտրտել քառակուսի և սովորական չափսի`4-5 մմ լայնությամբ: Ամբողջ ձեթը լցնել կաթսայի մեջ, հենց սկսի եռալ, անմիջապես ավելացնել սոխը և տապակել: Ուշադիր եղեք, որպեսզի սոխը չայրվի: Պետք է անընդհատ խառնել, որպեսզի հավասարաչափ եփվի-տապակվի: Հենց դառնա ոսկեգույն` ավելացրեք բրինձը: Մի հինգ րոպե խառնեք կրակի վրա, որ սոխի հետ լավ խառնվի-մերվի և վերցրեք կրակի վրայից: Ավելացրեք համեմունքները: Խառնեք: Գույնը դառնում է շագանակագույն: Թողեք սառչի, ապա փաթաթեք խաղողի տերևներով, շարեք կաթսայում, վրան դրեք ափսե, քար` դե, ինչպես սովորական տոլմա եփելիս: Լցրեք գոլ ջուր` այնքան, որ ափսեից բարձրանա 1-2 սմ: Եփեք այնքան, որ ջուր չմնա: Վերցրեք կրակի վրայից, մեկ-երկու րոպեից կես կիտրոն քամեք վրան: Մատուցել սառը վիճակում: Շատ էկզոտիկ է: Բարի ախորժակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ