«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Մենք ոչ մեկի առջև դուռը չենք փակելու»

«Մենք ոչ մեկի առջև դուռը չենք փակելու»
24.06.2008 | 00:00

Մարտի 1¬ի դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման ընթացքը պարզաբանում է հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ։
-Պարոն Նիկոյան, Ձեր մամուլի ասուլիսում հրապարակեցիք հանձնաժողովի ձևավորման կարգը։ Ոչ խորհրդարանական քաղաքական ուժերից մասնակցելու պատրաստակամություն որևէ մեկը հայտնե՞լ է։
-Այս պահի դրությամբ դրական են արձագանքել «Ազգային միաբանություն» և ԱԺՄ կուսակցությունները։ Ճիշտն ասած, օրվա փոստը դեռևս չեմ նայել, հնարավոր է, որ կան այլ արձագանքներ։ Բոլոր դեպքերում, ինչպես հայտնի է, մենք առաջարկել էինք հանձնաժողովի կազմում իրենց մասնակցությունը բերել 2007 թ. ԱԺ ընտրություններում 3%¬ը հաղթահարած քաղաքական ուժերին, ինչպես նաև 2008 թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած նախագահի թեկնածուներին, որոնք միաժամանակ քաղաքական կազմակերպություն են ներկայացնում։ Հիշեցնեմ, որ թեկնածուներից միայն մեկը քաղաքական ուժի ներկայացուցիչ չէր։ Մեր առաջարկը, բնականաբար, ուժի մեջ է։
-ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ դիմում է հղել Եվրախորհրդին և ԵԱՀԿ¬ին` փորձագիտական աջակցություն ստանալու համար։ Ի՞նչ արձագանք կա այս կապակցությամբ, կապ հաստատվե՞լ է, նրանք համաձա՞յն են մասնակցելու։
-Նամակներ են ուղարկվել Եվրախորհուրդ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կենտրոնական գրասենյակ` ԱԺ նախագահի կողմից։ Հանձնաժողովի կողմից էլ համապատասխան դիմում է ուղարկվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին։ Ես հանդիպել եմ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարության հետ, և նրանք տեղեկացրել են, որ մեր հարցադրումների կամ առաջարկների պատասխանն այդքան շուտ չի ստացվի։ Գոյություն ունի որոշակի և բավականին բարդ ներքին ընթացակարգ, և նման որոշումների կայացումը եվրոպական կառույցներում բավական ժամանակ է պահանջում։
-Այսինքն` այդ ընթացքում Դուք շարունակելո՞ւ եք աշխատել։
-Իհարկե։ Հանձնաժողովում արդեն ընդգրկված են մեր տեղական փորձագետներից։ Եթե եվրոպական կառույցներից դրական արձագանք լինի, և մեզ միանան նաև միջազգային փորձագետները, ավելի լավ։ Եթե նման որոշում կայացնեն բոլոր արտախորհրդարանական հրավիրված ուժերը և նախագահական ընտրություններում թեկնածուներին սատարած կուսակցությունները, շատ ավելի լավ։ Բոլոր դեպքերում մենք տրամադրված ենք հիմնավոր աշխատանքի։
-Սակայն եթե արմատական ընդդիմությունը հրաժարվի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, արդյոք Ձեր հանձնաժողովի գործունեությունը չի՞ իմաստազրկվի։ Կան այդպիսի շրջանառվող կարծիքներ։
-Դա այնքան կարծիք չէ, որքան քարոզչական հնարք։ Հասկանալի է, որ արմատական ընդդիմությունն ամեն ինչը կապում է այն բանի հետ, որ իրենք կան, և բացառապես իրենց մասնակցությամբ կամ չմասնակցելով է պայմանավորված լինելու հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։ Ես, իհարկե, այդ կարծիքին չեմ, բայց եթե իրենք համոզված են, որ չմասնակցելը կիմաստազրկի մեր աշխատանքը, ապա ինչո՞ւ չեն ուզում իրենց ներկայությամբ իմաստավորել այն։ Հանձնաժողովն աշխատելու է բոլոր դեպքերում, ձգտելու է մանրամասն, լիարժեք և օբյեկտիվ գնահատական տալ այն ցավալի իրադարձություններին, որոնք տեղի ունեցան մարտի 1¬ին։ Սա հսկայածավալ աշխատանք է, բոլորի համար էլ գործունեության դաշտ կա, և նույն արմատական ընդդիմությունն իր առաջադրած խնդիրների լուծմանը կարող է հասնել հանձնաժողովին մասնակցության միջոցով։ Մենք բոլոր դեպքերում աշխատելու ենք ստեղծել դրական աշխատանքային մթնոլորտ բոլորի համար, ոչ մեկի առջև դուռը չենք փակելու, մերժողական կեցվածք չենք ընդունելու որևէ քաղաքական ուժի նկատմամբ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 6819

Մեկնաբանություններ