Ֆրանսիական ասացվածք կա. «A la guerre comme a la guerre»: Պատերազմում՝ ինչպես պատերազմում:
Սրանք, Երկիր մոլորակի բնակեցումից ի վեր, մարդկությանն ուղեկցող միլիոնավոր պատերազմների ամենաբնութագրական բառերն են: Այն, ինչ խաղաղ պայմաններում դուրս է առողջ տրամաբանությունից, պատերազմի ժամանակ դառնում է չգրված օրենք: Իր սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրից սմբուկա-բադրջանային քիրվայությունն այս անօրեն օրենքով հրետակոծում ու ռմբահարում է Արցախի բնակավայրերը, թիրախավորում խաղաղ բնակչությանը, շենք-շինություններ ավերում՝ հստակ նպատակ ունենալով թուլացնելու և կազմալուծելու Հայոց բանակի թիկունքը, ու հենց որ համարժեք պատասխան ստացավ, լիրբ վայնասունով նորից փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը: Ինչպես կարձագանքի այս ամենին նույն այդ հանրությունը, անձամբ ինձ նույնքան է հետաքրքրում, որքան պատերազմի մեջ ներքաշված հայերիս ճակատագիրն է հետաքրքրում որևէ եվրոպացու, ամերիկացու, ասիացու կամ աֆրիկացու: Աշխարհը ձեռքերը գրպաններն է դրել ու շատ հանգիստ սպասում է, թե ինչով կավարտվի իր տեսակի մեջ աննախադեպ այս պատերազմը: Միջազգային համբավ ունեցող որոշ ռազմական փորձագետներ հետո երևի մենագրություններ կհեղինակեն այն մասին, թե ինչպես է երկումիլիոնանոց ազգը մի մարդու նման դուրս գալիս 90-միլիոնանոց թշնամու դեմ և տանում ոչ միայն բարոյական հաղթանակ: Բայց դա՝ հետո, հիմա դեռ պատերազմ է, և Արցախի նախագահ-գերագույն հրամանատարը շունչ քաշելու ու տարհանվելու հնարավորություն է տվել ադրբադրջանական այն բնակավայրերում ապրողներին, որտեղ ռազմական կարևորության կառույցներ կան: Այդպես մեր Սասնա Ծուռն էր անում. «Հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ-գնաց»: Իսկ վաղը կլինի՝ պատերազմում, ինչպես պատերազմում:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ