38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՅՍ ԱՆԴՈՒՌ, ԽՈՐՇԱԿՅԱԼ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ

ԱՅՍ ԱՆԴՈՒՌ, ԽՈՐՇԱԿՅԱԼ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ
17.11.2009 | 00:00

1934-ին հրատարակվեց Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն` սքանչելիորեն նոր, մինչև այսօր առեղծվածային և, բնականաբար, վիճահարույց` մինչև այսօր: Ժողովածուն դարձավ դժվար ճակատագրի և դժվար բնութագրի այն գրքերից, որ համատեղում են պատմության, ժամանակի, հասարակության հակասություններն ու ձեռքբերումները, դառնում հանրագումար և ուղենիշ: «Գիրք ճանապարհին» հեղինակի կենդանության օրոք տպագրված և նրա ձեռքով կազմված վերջին գիրքն է: Երկար տարիներ անց նման ճակատագիր կունենա Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն (մի տարբերությամբ` Չարենցի գիրքն արագացրեց նրա մահվան վճռի ընդունումը, Սևակի գրքի տպագրությունը հնարավոր դարձրեց հեղինակի մահը)` դարձյալ հանրագումարային և ուղենշային գիրք գրականության պատմության համապատկերում, դարձյալ արվեստագետ-ժամանակ բախման պատմություն...
«Պատմության քառուղիներով» պոեմը Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի առանցքն էր:
Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`
Անղեկ, ցաքուցրիվ ու անգաղափար...
...Այն անգո առավոտից, երբ լեգենդական
Իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը,
Այս Մասիսի հանդեպ, այս անիրական
Արարատյան դաշտում,-որպես զրույց անծայր մի
Տարածվել է ուղին մեր անպատմելի,
Անծայրածիր ձգվել դարերով ձիգ,
Եվ գնում է այսօր ու երկարվում էլի
Դեպի ինչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր...

Սխա՞լ էր Չարենցը «անանցյալ անցյալի» իր որակումի մեջ: Ակներևորեն` ոչ, որովհետև դա արվում էր, որպեսզի`

Ոչ մի գուսան երգով չոգեկոչի հին փառքը
ՈՒ կարոտով անմիտ ետ չնայի,-
Չպանծանա այլևս, որ առանց մեզ աշխարհքը
Կլիներ պարտեզ մի ամայի...

Սա մտածողության հենց այն որակն էր, որ հետագայում Պարույր Սևակը պիտի զարգացներ ու ձևակերպեր 1961-ին` «Սիլվա Կապուտիկյանի մտորումները ճանապարհի կեսին» հոդվածում, կոչ անելով պատմության հետևում չթաքնվել, որովհետև «Մենք Ավետարանի աղքատ Ղազարոսը չենք: Մենք կտակառուն ենք մի մեծ ժառանգության, որ հասել է մեզ գողթան երգիչներից մինչև Չարենցը»։ Եվ ապա. «Թումանյանի մահից անցել է մոտ 40 տարի: Դեռ նրա կենդանության օրոք եկան Տերյան ու Մեծարենց, Վարուժան ու Սիամանթո: Եկավ ու գնաց Չարենցը: Գրական երեք-չորս վիթխարի ալիք անցավ մեր գրականության վրայով, փոխվեց չորս-հինգ սերունդ: Մինչդեռ այսօր էլ մեզնից շատերը, չարաշահելով մեր մեծերի սրբությունը և ահաբեկելով սրբապղծության ամբաստանությամբ, շարունակում են մեր գրականությունը ետ պահել, առաջ մղողներին ըմբերանել: Ժամանակն է, որ մենք հասկանանք և մեկընդմիշտ հիշենք` Թումանյանն ու Իսահակյանը մեր թիկունքն են, մեր մեջքը, մեր հետևապահ զորագունդը: Իսկ մենք, մոռացած պատկառանք ու հարգանք, նրանց մեր առաջն ենք դրել ու հրում ենք` թաքնվելով նրանց թիկնեղության ետևում»: Ընդհանրապես ի՞նչ գիտենք մենք մեր պատմության մասին (խոսքը չի վերաբերում պատմաբաններին, որ մասնագիտության բերումով լավագույնս տեղյակ պիտի լինեն հայ ժողովրդի պատմության մանրամասներին). մի քանի արքաներ, կարճ ժամանակ միայն հզոր երկիր, որ հետո իր սահմանների մեջ անվերջորեն կրճատվելով ու հենց Չարենցի աչքի առաջ էլի տարածքներ կորցնելով` դարձել էր մի բուռ երկիր, որ իր ազգային ինքնության իմաստն ու արդարացումը տեսնում էր միայն անցյալի պանծացման մեջ: Դա, որքան էլ հոգեբանական հիմնավորումներ ունեցող, սխալ դիրքորոշում էր` ներկայի ու, առավել ևս, ապագայի տեսակետից: Ի՞նչ կարող էր ու ի՞նչ պիտի աներ այդ ժողովրդի բանաստեղծը: Կար տարբերակ` անցյալում թողնել անցյալն ու փառաբանել պայծառ ներկան ու ներկայից բխող է՛լ ավելի պայծառ ապագան: Ընդունելի տարբերակ էր` շուրջբոլորը հենց դրանով էին զբաղված, բայց դա, բնավ, այն հարցի պատասխանը չէր, թե ո՞վ ենք մենք վերջապես ու ո՞րն է մեր տեղը... Անանցյալ ներկա չէր կարող լինել: Ոչ մի տեղից եկած ժողովուրդը չէր կարող 1920 թվականից սկսել իր գոյությունը: Կար ևս մի տարբերակ` փառաբանել անցյալում անխտիր ամեն ինչ ու ամենքին, բայց դա անհնար էր` ոչ միայն ազգայնական հռչակվելու մեղադրանքի պատճառով, այլև ոչ մի կերպ չէր բացատրում անկախության կորստից հետո ավելի քան 700 տարիները, որ հանգեցրել էին հայի հենց այն տեսակի գոյությանը, որ կար: ՈՒ այդ ճանապարհով բնավ չէին գնացել ո՛չ Խորենացին, ո՛չ Եղիշեն, ո՛չ Կողբացին, ոչ ոք` պատմիչներից (համենայն դեպս, «Ողբի...» համար ոչ ոք Խորենացուն չի մեղադրել ու չի մեղադրում` անցյալի կամ իր ժամանակների ներկայի հերքման մեջ, թեպետ այն, ինչ նա «ողբում է», օրինակելի վիճակ չես համարի): Չարենցը բանաստեղծական ձև էր տալիս հենց նրանց որոնումներին, շարունակում էր նրանց սկսածը` նոր ժամանակներում, նոր ու վիթխարի` շուրջ 700 տարվա պատմության ամփոփումով: ՈՒ ճիշտ էր անում, որովհետև վստահ էր իր ճշմարտացիության մեջ: Վերջապես պիտի լիներ մեկը, որ ասեր` այո, երկրային անիմաստ ընթացք է եղել ու քաղցած, քոսոտ, անբուրդ է եղել առասպելյալ մեր գայլը, և հակառակը պնդելու` ոչ մի փաստարկ: ՈՒ ճիշտ է, որ երկար տարիներ գահազուրկ ու անժողովուրդ արքաներն են եղել առաջնորդ, ճիշտ է, որ օտար խարույկներից ենք ոգու կրակ հայցել... Ավելին կարող էր գրել` ինչպես ենք մենք մեր արքաներին դավաճանել, հարևան երկրներից օտարազգի արքաներ խնդրել-բերել, ինչպես ենք մենք մեր քաղաքներն օտարներին վաճառել: Կարող էր գրել, որովհետև պատմությունն ուներ այդ վավերագրերը, որովհետև իրականությունն այդ էր: Բայց ինչո՞ւ արեց այդ` վստահ լինելով, որ իր ժամանակում (ոչ միայն իր, հիմա էլ) շատ քչերն են իրեն հասկանալու, ու շատ քչերն են իր հետ համաձայն լինելու: Որ ընդհանրապես բոլոր ժողովուրդների պատմությունն է այդպիսին, որ նույնիսկ աշխարհակալ Հռոմը դարեր շարունակ բարբարոսների իշխանության տակ էր, որ նույնիսկ Հավերժական քաղաքը երկար դարեր այլևս մայրաքաղաքը չէր իր երկրի, ու աշխարհում արդեն քչերն էին հավատում ու հիշում կեսարների ժամանակը, որովհետև նոր ժամանակները նոր` գահազուրկ ու անժողովուրդ արքաների օրեր էին, որոնց իշխանությունը տարածվում էր սեփական դղյակի շրջանակներում: ՈՒ այդպես է եղել բոլոր ժողովուրդների պատմությունը: Պարզապես այդպիսին է մարդկության պատմությունը... Իսկ հայ ժողովուրդը լուսնից չէր իջել:
Վերջապես կա նաև մեկ այլ իրողություն։ Դեռ «Սամվել» վեպի հանրահայտ «Հառաջաբանում» էր Րաֆֆին (Չարենցի ժամանակներում` արգելված անուն) պատմական վեպի և ընդհանրապես պատմական թեմաներով որևէ երկի ստեղծման դժվարությունների մասին գրել. «Պատմական վիպասանին նյութ է մատակարարում ինքը պատմությունը և այն հիշատակարանները, որ պահել են իրանց մեջ անցյալի հիշատակները և ավանդել են ապագա սերնդին:
Բայց ի՞նչ է տալիս հայ վիպասանին հայոց պատմությունը:
Մենք կարդում ենք նրա մեջ մեր թագավորների, մեր իշխանների անունները, ծանոթանում ենք նրանց ներքին կռիվների ու արտաքին պատերազմների հետ, գիտենք, թե որը որքան տարի տիրեց, կամ ինչ լավ ու ինչ վատ գործեր կատարեց` այդ բոլորը գիտենք մենք: Բայց թե ինչպես էր կազմակերպված նրանց ընտանեկան կյանքը, ի՞նչ սովորություններ ունեին, ինչպե՞ս էին հագնվում, ի՞նչ տեսակ տների մեջ էին ապրում, մի խոսքով, իբրև մարդ, նրանց ընտանեկան և հասարակական կենցաղավարության մասին` մեր պատմությունը, եթե չասեմ իսպառ, կարող եմ ասել մեծ մասամբ լռում է:
Բայց վեպի համար հարկավոր է ընթացիկ, շարժուն կյանքը յուր բոլոր երևույթներով, և ոչ թե թագավորների կամ իշխանների աշխարհակալության կամ պարտության չոր ու ցամաք տարեգրությունը:
Մեր պատմության մեջ գրեթե բոլորովին մոռացված է ամբոխը: Մեր պատմագիրները չեն նկատել, որ, բացի թագավորներից ու իշխաններից, բացի հոգևորականներից և զինվորներից, Հայաստանում կար և ժողովուրդ, որ ապրում էր, որ յուր կյանքն ուներ, որ յուր տոները, հանդեսները և ցնծություններն ուներ, և որի հոգեկան ու բարոյական հակումները արտահայտվում էին այս և այն հասարակության երևույթների մեջ: Մեր պատմության մեջ ժողովուրդը չկա, կան միայն տիրակալներ: Մենք չգիտենք, թե ինչպես էր ապրում հայոց շինականը, ի՞նչ տեսակ հարաբերությունների մեջ էր յուր տերերի հետ, կամ ի՞նչ էր ուտում և ի՞նչ էր հագնում, և ի՞նչ տեսակի զվարճություններ ուներ: Մենք չգիտենք, թե ի՞նչ էր շինում հայոց արհեստավորը, ո՞ր երկրների հետ առևտուր ուներ հայոց վաճառականը, կամ ի՞նչ տեսակ անասուններ էր սնուցանում հայոց խաշնարածը: Մեր պատմությունը լուռ է այդ բոլորի մասին: Բայց վեպի համար դրանք կարևոր են:
Մեր պատմության մեջ մոռացված է և մեր ժողովրդի մի նշանավոր տարրը` կինը: Մենք ծանոթ ենք մի քանի կանանց անունների հետ միայն, իսկ նրանց կյանքը յուր բոլոր մանրամասներով մեզ անհայտ է: Ի՞նչ էր հայ կինը, որպես ամուսին, ի՞նչ էր նա, որպես մայր, ի՞նչ դեր էր խաղում, որպես ընտանիքի և հասարակության անդամ` այդ մենք չգիտենք: Մենք չգիտենք նաև, թե ինչպես էր հայտնվում նա ժողովրդական տոների և հանդեսների մեջ, կամ որ աստիճան մասնակցում էր նա ուրախություններին և տրտմություններին: Իսկ առանց կնոջ վեպ կարող չէր լինել. կինն է նրա ոգին և կենդանությունը:
Եվ այդպես, մեր պատմությունը, իբրև չոր ու ցամաք տարեգրություն, խիստ նվազ նյութ է տալիս մի վիպասանի, որով կարող լիներ նա նկարել անցյալի ճիշտ պատկերը յուր բոլոր երևույթներով»։
Սա օբյեկտիվ իրականությունն էր, որի հետ պատերազմելն անիմաստ էր, բայց որը նաև հավելյալ բացատրությունն է այն «նիհիլիզմի», որի մեջ Չարենցին մեղադրել ու մեղադրում են` մոռանալով այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում ապրող ու օտար խարույկներից ոգու կրակ հայցողների մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 3838

Մեկնաբանություններ