38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԵՐԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԱՂԹԵՑԻՆՔ, ՍՆԴՈՒԿԸ ՄՆԱՑ ՎԱՆՈՒՄ...»

«ԵՐԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԱՂԹԵՑԻՆՔ, ՍՆԴՈՒԿԸ ՄՆԱՑ ՎԱՆՈՒՄ...»
27.11.2009 | 00:00

Մեր ժողովրդի դառը և քաղցր ճակատագիրը Վարազդատ Հարությունյանին էլ է բաժին հասել։
Եղեռն տեսած, գաղթի ճամփաներով անցած նրանց ընտանիքը հազիվ էր Վանից Երևան հասել, այստեղ էլ սովի ճիրաններում, տիֆի համաճարակից մահացավ հայրը։ Յոթ երեխաներից երեքի, այդ թվում` և իր մանկությունն անցել է Թիֆլիսի որբանոցում։ 1931-37 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում, որտեղ հետագայում պաշտպանել է թեզ և զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ։

Ես չեմ որոշել վերլուծել մեծ գիտնականի բազմաբեղուն գործունեությունը, ստորև ներկայացնում եմ մի քանի հուշ նրա հետ հանդիպումներից։
Ընդամենը մեկուկես տարի էլ ապրեր, ներկա կլիներ իր 100-ամյա հոբելյանին։ Այնքան կարճ է բաժանումը, որ իր տաք շունչը դեռ զգում եմ այս տողերը գրելիս։
Ես հպարտ ու երջանիկ եմ, որ անձամբ ճանաչել եմ նրան, հաղորդակցվել հետը։
Սիրով եմ հիշում առաջին հանդիպումը։ 1993-ին էր, ամուսնուս՝ Արայի հետ Հայաստանում էինք։ Արան զանգահարեց, որ ուզում է տեսնել նրան։ Արան վաղուց էր ճանաչում, իսկ ես առաջին անգամ էի հանդիպում, թեև նրա մասին շատ էի կարդացել, մամուլից գիտեի։
Ապրիլի 13-ն էր, «Արմենիա» հյուրանոցից տաքսիով հասանք Սարյան 13, իրենց տուն։ Հայաստանի անլույս տարիներն էին, հարկադրված դուռը բախեցինք։ Բացեց երիտասարդական ավյունով, աշխույժ գիտնականը (արդեն 84 տարեկան), մեզ ջերմ ողջունեց, ներս հրավիրեց։ Հյուրասենյակում տիկին Գոհարն ու որդին՝ Ռաֆայելն էին, Արայի հետ ողջագուրվեցին, ես ծանոթացա (որդուն հեռվից գիտեի, երբ «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագիրն էր)։ Պատմեց, որ երկու տարի առաջ տիկին Գոհարը վայր էր ընկել, ոտքը կոտրել, նաև ծնկարթրոզ ուներ, երկար բուժումներից հետո էլ դեռ չէր ապաքինվել։ Այդ պատճառով մահճակալը դրել էին հյուրասենյակում։ Վառարան էր դրված, որովհետև այն տարիներին դեռ նորմալ ջեռուցում չկար։
Սկսվեց մտերմիկ զրույցը։ Հետո հարցուփորձ արեց` ո՞վ եմ, Հայաստանի ո՞ր շրջանից։
Սեղան պատրաստեցին՝ մեզ հյուրասիրելու և ամուսնության առթիվ շնորհավորելու։ Թամադան էր, մեզ շնորհավորեց, մաղթեց. «Իմ և Գոհարի նման զույգ լինեք, իրար սիրեք։ Արդեն 60 տարվա ամուսիններ ենք, ապրում ենք հաշտ ու խաղաղ և ոչ մի անգամ իրար չենք նեղացրել։ Մարդու կյանքում ներդաշնակ ընտանիքն ամեն հաջողության գրավականն է»։ Սիրով նշեց, որ Գոհարն էլ իր նման Վանի ծնունդ է, ճարտարապետ, ինստիտուտում են ծանոթացել, Երևանի մի շարք բնակելի շենքերի նախագծերի հեղինակ է։ Հետո պատմեց, որ երկու տարի առաջ Վանում էր եղել։ Վանեցիների մասին անեկդոտներ պատմեց։
Այդ օրվա հուշ-լուսանկարներ ունեմ՝ Արան, ես, որդին՝ Ռաֆայելը, տիկին Գոհարը։ Ինքն էր լուսանկարում, ափսո՜ս, որ ինքը չկա մեզ հետ։ Պայծառ ու գեղեցիկ տպավորություններ տարա իրենից և տնեցիներից։
Արան սիրում էր ակադեմիկոսին որպես հոգևոր հոր։ Այդ սերը նա ներարկել էր նաև ինձ։ Արայի մահից հետո, երբ Հայաստանում էի լինում, սրտի թրթիռով, բերկրանքով էի այցելում նրան։ Պայծառություն, դրական լիցքեր էին հորդում իր բարի էությունից, այն զգացողությունն էի ապրում, ասես սրբավայր եմ այցելել։ Ապրող լեգենդ էր։
Հաջորդ այցս եղավ 1998-ին. քրոջս՝ Շուշանի հետ այցելեցի։ Տիկին Գոհարի վիճակը գնալով վատացել էր։ Արայի մահից հետո առաջին անգամ էի լինում նրա մոտ։ Նաև այդ անցած տարիներին հորս, քրոջս էի կորցրել։ Ցավակցեցին։ Հետո մտահոգություններս հայտնեցի Արայի անտիպ գրքի առնչությամբ, ինչպես նաև արխիվը Հայաստան փոխադրելու խորհուրդ հարցրի։ Առաջարկեց նյութերը հանձնել Հայաստանի ազգային արխիվին, նշեց, որ իր արխիվի մի մասն ինքը հանձնել է այնտեղ։ Այդ օրը երկար չմնացինք, ճնշվում էի, որ մեր պատճառով տիկին Գոհարն անկողնուց վեր կացավ։ Հրաժեշտ տվեցինք նոր հանդիպման հույսով։
Ցավոք, մեկ տարի հետո՝ 1999 թ., տիկին Գոհարը հրաժեշտ էր տվել կյանքին և իր 63 տարվա կյանքի ընկերոջը։
Հաջորդ հանդիպումը 2003 թ. օգոստոսի 19-ին էր։ Մեկ օր առաջ զանգահարեցի, ասացի` ուզում եմ հանդիպել։
-Խնդրեմ, անցեք, երբ կամենաք,- ասաց։
Հաջորդ օրը գնացի։ Այս անգամ լույս կար, զանգը հնչեցրի, դուռը բացեց հարսը՝ Արմինեն, ասաց` պատշգամբում է։ Այգուն հարակից պատշգամբում նստած աշխատում էր։ Ողջագուրվեցինք։ Մեր հին գրիչների տպավորությունը թողեց։ Նրա գեղեցիկ ձեռագրի մասին Արայի արխիվից գիտեի։ Հերթական գրքի ձեռագրերն էին սեղանին։ Այդ անցած տարիներին իր ուղևորությունների, հանդիպումների մասին բազմաթիվ գրքեր էր հրատարակել։ Զրուցեցինք, նորից հայտնեցի մտահոգությունս Արայի անտիպ գրքի մասին։
Հետո շարունակեց զրույցը հայոց մեծերից՝ Աղասի Խանջյանից, Եղիշե Չարենցից, Ավետիք Իսահակյանից և ուրիշներից։ Պատմեց, որ Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հանդիսավոր ճաշկերույթներում թամադա է եղել, երգով ու խոսքով ծաղկեցրել է սեղանները։ Մեր մեծերի մասին լսելիս խանդաղատանքով էր լցվում սիրտս, և հիմա ինքս նստած էի մեկի դիմաց, ով տեսել, հանդիպել, վայելել էր նրանց տաք շունչը...
-Ինչպիսի զուգադիպություն,- ասացի,- Ձեր ծննդյան օրը՝ նոյեմբերի 29-ին, նաև սիրելի ընկերուհուս՝ լրագրող Օֆելյա Տոնոյանի ծննդյան օրն է։
Իր ծննդյան օրվա գաղտնիքը բացեց։ «Յոթ երեխա էինք, ծնողներս մեր ծննդյան թվերը, օրն ու ամիսը գրել էին մեր սնդուկի կափարիչին, երբ ցեղասպանության ժամանակ գաղթեցինք։ Սնդուկը մնաց Վանում։ Մայրս ասում էր, որ մենք բոլորս աշնանն ենք ծնվել։ Վերջին անգամ, երբ անձնագիրս էի փոխում, միլիցիայի բաժնում ասացին՝ ընկեր Հարությունյան, ծննդյան օրը չկա, ասացի` գրեք նոյեմբերի 29»։ Քա՜հ-քա՜հ ծիծաղեցի (այդ մասին կա «Դարը մեր մեջ, մենք՝ դարի» գրքում)։
Կյանքի փորձով ծանրաբեռնված, իր այգու նման բեռնավորված, իրոք, տաղանդի խտացվածք էր նա, այդ առաջացած տարիքում էլ ոգու կրակը ոչ թե մարեց, այլ գնալով բորբոքվեց, բոցավառվեց։
Ասաց. «Աստված նկարելու և երգելու տաղանդներով է օժտել ինձ։ Նկարելու սիրուց ընտրեցի ճարտարապետությունը, բայց երգն ամբողջ կյանքում ուղեկցեց ինձ», հետո ավելացրեց, որ երգել է Չարենցի և Սևակի հետ հանդիպումների ժամանակ։ Հիշեց նաև, որ Թիֆլիսի դպրոցում երաժշտության ուսուցիչներն էին Արմեն Տիգրանյանը (հետագայում՝ մեծանուն կոմպոզիտոր) և Արմենակ Տեր-Աբրահամյանը (Կոմիտասի երգերի անզուգական կատարող)։ Բացի այդ, մեներգիչ է եղել Դանիել Ղազարյանի ղեկավարած երգչախմբում։
Զարմանքս արտահայտեցի փայլուն հիշողության, երիտասարդական ավյունի մասին, պատասխանեց.
-Այդ ամենը Վանի օդից ու ջրից է, վանեցիներն աշխույժ, աշխատասեր էին։
Մի ուրիշ տեսակ մանկության, Վանա ծովի կարոտ կար խոսքում։ (Միջանկյալ նշեմ, որ գերմանական Spiegel ամսագրում կարդացել էի, որ գիտնականները փնտրում են, թե որտեղ է եղել աստվածաշնչյան դրախտը։ ՈՒսումնասիրություններն ու պեղումները նրանց հասցրել են Արարատի փեշերը, մինչև Տիգրիսի և Եփրատի ակունքները։ Եթե Վանա լճի մոտակայքում երկրագործության ծնունդ է երկրի վրա սկսվել, ուրեմն հաստատվում է «Հայաստան, երկի՜ր դրախտավայր» երգի տողերի իրական լինելը։ Ափսո՜ս, որ մենք չենք վայելում մեր դրախտավայրը)։ Մեր զրույցը երկարեց, թեև անհարմար էի զգում, որ շատ ժամանակ խլեցի, բայց, ինչպես ասում են, «ոտքս կախ էի գցել», ուզում էի լսել։
Հարսը՝ Արմինեն, մեզ սուրճ, միրգ հյուրասիրեց։ Ինչ-որ ժամանակ հետո որդին՝ Ռաֆայելը, եկավ, ընկերակցեց մեզ։ Հետո Ռաֆայելի հետ գնացի ցեղասպանության թանգարան՝ տնօրեն Լավրենտի Բարսեղյանի մոտ։
Այդ օրն իր «Արվեստակից ժամանակակիցներս» և «Դարը մեր մեջ, մենք՝ դարի» գրքերը ինձ նվիրեց՝ հետևյալ մակագրություններով. «Իմ վաղամեռիկ բարեկամ Արա Բերքյանի այրուհուն՝ տիկին Լիզա Բերքյան-Աբրահամյանին, իր վաստակի գնահատմամբ և բարի մաղթանքներով, Վարազդատ Հարությունյան», «Տիկին Լիզա Բերքյան-Աբրահամյանին՝ հիշատակ՝ հայրենիքում կրկին հանդիպելու առիթով, Վարազդատ Հարությունյան»։
Եկավ այդ առիթը։ 2004 թ. օգոստոսի 8-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ամուսնուս՝ Արա Բերքյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն։ Կազմակերպել էր Հայաստանի ճարտարապետների միությունը։ Ինքս այդ առիթով Հայաստանում էի։ Զանգահարեցի, անցա մոտը, խնդրեցի, որ ներկա լինի և հուշեր պատմի։ Սիրելի ակադեմիկոսը (95-ամյա) ոչ միայն ներկա էր, այլև եղավ օրվա գլխավոր բանախոսը։
Միջոցառումից հետո հավաքվեցինք ակադեմիայի ճաշարանում, սիրելի ակադեմիկոսը՝ մեզ հետ։ Երեկոյան նրան և մի քանի ընկերների հրավիրեցի ռեստորան (Հրազդանի ձորում)։ Սիրով եկավ, բայց այդ օրը խախտեց ավանդույթը՝ թամադայությունը հանձնեց Հրաչյա Մաթևոսյանին։ Սիրելի Հրաչյան իր՝ Լոռվա համուհոտով, գունագեղ, մանած, սրբագործված խոսքով ծաղկեցրեց թե՛ Վարազդատ Հարությունյանի, թե՛ մյուս սեղանակիցների կենացները։ Թեև Հրաչյայի խոսքը, մեր խոսք ու զրույցը պահ առ պահ խլանում էին ձորի ռեստորանների բարձր երաժշտության հնչյունների որոտից, բայց դա չազդեց մեր տրամադրության վրա։ Արմինեն էլ իր զուլալ երգով ծաղկեցրեց սկեսրայրի կենացը։ ՈՒշ գիշեր էր, երբ հրաժեշտ տվեցինք միմյանց, Հրազդանի ձորին։ Հոգնության նշույլ չտեսա սիրելի ակադեմիկոսի դեմքին։ Այդ օրվա հուշ-լուսանկարներն ունեմ։

Վերջին անգամ 2007 թ. օգոստոսի 7-ին այցելեցի, գրող Հրաչյա Մաթևոսյանի հետ էի։ Հրաչյան եկավ Վանի նշանավոր զավակի օրհնությունը վերցնելու. ուզում էր Վան այցի գնալ։ Այդ օրը թեև վատառողջ էր, բայց սիրով, իրեն հատուկ ջերմությամբ ու կայտառությամբ ընդունեց։ Հրաչյայի հարցին` «Ի՞նչ բերեմ Վանից...», պատասխանեց.
-Վանա կատու։ Ինձ չհաջողվեց բերել, շատ թանկ էին վաճառում։
Առողջություն մաղթեցինք, որ 100-ամյակը միասին նշենք և հրաժեշտ տվեցինք սիրելի ակադեմիկոսին։
2008-ի մարտի 19-ին քույրս՝ Շուշանը, լուր տվեց, որ այս կյանքին հրաժեշտ է տվել սիրելի ակադեմիկոսը։ Այդ օրերին կորցրել էի մեծ քրոջս և տխրության մեջ էի, բայց Վարազդատ Հարությունյանի մահը ուրիշ թախիծով պարուրեց հոգիս։ Մարեց աստղի նման՝ պայծառ, լուսավոր հետագիծ թողնելով։
Իմացական, գեղագիտական հաճույք էր ամեն մի հանդիպումս նրա հետ։
Ամեն անգամ հոգեկան մեծ բավականություն էի ստանում՝ լսելով նրա զրույցները, հուզիչ պատմությունները, հուշերը գիտության, արվեստի, գրականության հայոց մեծերի մասին։ Լցված, հարստացած, լիցքավորված էի վերադառնում, ինչն ինձ երկար ջերմացնում էր տարագրության մեջ։
Իմ շրջապատում՝ այստեղ և Հայաստանում, հպարտորեն ու հիացած էի պատմում նրա հետ հանդիպումներիս, նրա պայծառ հիշողության, բարի էության, ոգու կրակի մասին։
Հրաչյայի խոսքով՝ երանի՜ այսպես եկող-գնացողներին։
Խոնարհվում եմ նրա մեծ վաստակի և պայծառ հիշատակի առաջ։
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գերմանիա, Վիսբադեն

Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ