ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Նորնորքցիներն ավելի նախանձախնդիր են դարձել»

«Նորնորքցիներն ավելի նախանձախնդիր են դարձել»
26.09.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Սեպտեմբերի 28-ին մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում թաղապետի ընտրություններ են։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող թաղապետ, հանրապետական կուսակցության անդամ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ում սատարելու որոշման մասին ՀՀԿ-ն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, և թաղապետարանի նախկին աշխատակից, ինքնառաջադրված Մելիք Գասպարյանը (չշփոթել ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի հետ), ով ևս հանրապետական է, սակայն իր նախընտրական հանդիպումների ժամանակ գերադասում է այդ մասին լռել (թերևս այն պարզ պատճառով, որ վիրավորված է հարազատ կուսակցությունից՝ իր թեկնածությունը չպաշտպանելու համար)։
Երեկ «Իրավունք de facto» ակումբը հյուրընկալել էր 2002-ից Նոր Նորքի գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանին, ով նախընտրական քարոզարշավի այս փուլում, բնականաբար, արձակուրդի մեջ է։ Վերջինից ասուլիսին ներկա լրագրողները հետաքրքրվեցին, թե անցած վեց տարիներին ինչ է արել համայնքի համար, որ այսօր կրկին հավակնում է ստանձնելու Նոր Նորքի ղեկավարի պարտավորեցնող պաշտոնը։
«Նախ ասեմ, որ երբ 2002 թ. դեկտեմբերի 8-ի ընտրություններում Նոր Նորք համայնքի բնակչությունն ինձ վստահության քվե տվեց, առաջին խնդիրը, որ հրատապ լուծման կարիք ուներ, թաղապետարանի արդեն իսկ հաստատված նախնական բյուջեի (680 մլն դրամ) ընդլայնումն էր, քանի որ նախատեսված գումարը բավարար չէր համայնքի մասշտաբով լուրջ ծրագրեր իրականացնելու համար,- ասաց գործող թաղապետը։- Այսինքն, հիմնական խնդիրը սեփական եկամուտների արդյունավետ հավաքագրման գործընթացն էր, ինչն էլ առաջին իսկ տարում կարողացանք իրականացնել՝ ծրագրվածից դուրս ապահովելով 30 տոկոս աճ։ Ընդ որում, հավելյալ աշխատանքներ իրականացվեցին գերազանցապես սոցիալ-մշակութային հաստատություններում, որոնց թիվը մեր համայնքում բավականին շատ է (30 օբյեկտներ, որոնցից 23-ը՝ միայն մանկապարտեզներ)։ Համայնքն ունի երաժշտական դպրոց, երկու մարզադպրոց, գրադարան, պատանի տեխնիկների կայան, մարզաառողջարանային համալիր, որոնք գործում էին շենքային անմխիթար պայմաններում, և անհրաժեշտ էր որոշակի ծրագրեր իրականացնել դրանք բարելավելու ուղղությամբ»։
Խոսելով համայնքի կանաչապատման խնդիրների մասին՝ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ եթե 2002-ին համայնքի բյուջեով այդ նպատակի համար նախատեսված էր ընդամենը 21 մլն դրամ, այժմ այդ գումարները հասել են մոտ 140 մլն դրամի։ «Այս աշխատանքները շարունակական են լինելու,- հավաստիացրեց Նոր Նորքի գործող թաղապետը։- Եվ եթե ոչ վաղ անցյալում համայնքի բնակիչները թաղապետարանի առջև մանկական խաղահրապարակներ տեղադրելու պահանջ չէին դնում, այսօր ճիշտ հակառակ պատկերն է։ Մարդիկ բավականին նախանձախնդիր են դարձել իրենց ու իրենց երեխաների ամենօրյա հանգիստն ապահովող տարրական պայմանների ստեղծման հարցում»։
Նոր Նորքի ղեկավարի թեկնածու Դավիթ Պետրոսյանին լրագրողները տարաբնույթ հարցեր ուղղեցին, որոնք մեր ընթերցողին ենք ներկայացնում առանձին հարցազրույցի տեսքով։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5168

Մեկնաբանություններ