Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«ԵՐԱԶՈՒՄՍ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՍԱ»

«ԵՐԱԶՈՒՄՍ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՍԱ»
23.11.2010 | 00:00

Երբ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» (ըստ վիճակագրական տվյալների` վերջին հարյուրամյակում աշխարհում ամենաշատ հնչած երաժշտության) հնչյունների ներքո «Մինսկ-Արենայի» բեմահարթակ դուրս եկան «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան ներկայացուցիչները, հաղթանակի սպասմանն ավելացավ նաև հաղթանակի հավատը: Իսկ ինչո՞ւ ոչ. ձայնային հրաշալի տվյալներով ստեփանակերտցի 12-ամյա մի տղա` չափազանց հմայիչ արտաքինով, հայի (արցախցո՛ւ) վառվռուն, կրակոտ աչքերով, հաղթանակած հողի կենսալիցքով առլեցուն կեցվածքով, անբռնազբոս արտիստիզմով և իր ուժերի նկատմամբ բացարձակ վստահությամբ: «Երազումս հաղթանակ տեսա»,- հետմրցութային հարցազրույցի ժամանակ խոստովանել է փոքրիկ Վովան. իմա` ինքն առաջինն է իմացել, որ անշրջելիորեն ազատագրված իր հայրենի հողի հերթական հաղթանակի զրնգուն ղողանջները պիտի նորովի գրգռեն ադրբեջանական հեռուստատեսության ներկայացուցիչներին և ստիպեն միջազգային հեռուստաշոուի հեռարձակումն ընդհատել ժամանակից շուտ` հաղթական երգի կատարումից առաջ` այդպիսով խախտելով եվրոպական հեռարձակողների միության սահմանած նորմերը: Չնայած` ի՞նչ նորմի մասին կարելի է խոսել, երբ թեման Ադրբեջանն է, մի երկիր, որտեղ ամենայն պատկերացում որևէ նորմի վերաբերյալ ինքնահաստատվում է ծայրահեղ աննորմալությամբ:
Սակայն եթե Ադրբեջանից մենք չունեինք էլ ավելի բանական պահվածքի ակնկալիք, ապա նույնը չի կարելի ասել մեր նորահայտ «բարեկամի»` հարևան Վրաստանի մասին: «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի` մեզ համար ամենատհաճ անակնկալը վերապահված էր հենց այս երկրին, որի հետ դարավոր բարեկամության լեգենդին ավելի ու ավելի քիչ ենք հավատում վերջին շրջանում: Նույնիսկ Ռուսաստանին, ում հանդեպ իր թշնամանքը չի էլ թաքցնում Վրաստանը, տրվեց ավելի բարձր` 7 միավոր, քան մեզ: Եվ սա այն դեպքում, երբ «Հ1» հեռուստաընկերության հաղորդավարներն իրենց և բոլորիս անունից անկեղծորեն ուրախանում էին վրացուհի Մարիամ Կախելիշվիլու հաջող ելույթով և կանխատեսում, թե երկու հարևաններով պիտի հայտնվենք լավագույն եռյակում: ՈՒ այդ կանխատեսումն իրականացնելու հարցում մենք ազգովին չթերացանք` Մարիամին տալով 8 միավոր և մեր լուման ներդնելով նրա` 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու հարցում:
Ինչևէ, մեր «ոխերիմ բարեկամ» վրացիները ջանք ու եռանդ չխնայեցին` տապալելու 12-ամյա Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը` տալով նրան ընդամենը 3 միավոր, բայց քվեարկող վերջին երկրի` Մակեդոնիայի 10 միավորն ապահովեց հայ պատանու հաղթանակը` բերելով նրան նախորդ երկու «Եվրատեսիլներին» (2007 և 2009 թթ.) չբավարարած բաղձալի մեկ միավորը, որի պատճառով «Արևիկ» անսամբլը և Լուարա Հայրապետյանը գրավեցին ոչ թե առաջին, այլ երկրորդ տեղը:
Այս անգամ մենք առաջ անցանք Ռուսաստանի ներկայացուցիչներից` Սաշա Լազին-Լիզա Դրոզդ զույգից, որը կատարում էր «Boy & Girl» («Տղա և աղջիկ») կատակերգը` մանկության և սիրահարության սահմանագծում տարուբերվող զգացմունքների մասին` արտահայտված ջազային վարիացիաների թրթռուն երաժշտախաղով:
Ի դեպ, եվրոպական բուքմեյքերները «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթական դափնին վերապահում էին Շվեդիայի ներկայացուցիչ Ժոզեֆին Ռիդելին, երկրորդ տեղը` Բելգիան ներկայացնող Ջիլլ և Լորեն զույգին, երրորդը` լատվիացի Շառլոտա Լենմանին: Նրանք համապատասխանաբար զբաղեցրին 11-րդ, 7-րդ և 10-րդ հորիզոնականները:
Այս տարվա մրցույթի կարգախոսն է «Feel the magice» («Զգա՛ կախարդանքը»): Փաստորեն, մեր մանուկ հայրենակցի շնորհիվ ազգովին կարողացանք «զգալ կախարդանքը» և արձանագրել այս տարվա հերթական հաղթանակը, որին նախորդել էին Սոնա Շահգելդյանի («ծՏՉՈ ՉՏսվՈ»), «Ռազմիկ և ընկերներ» խմբի (մանկական «ծՏՉՈ ՉՏսվՈ», որում Վլադիմիր Արզումանյանը գրավել էր երրորդ տեղը) և սրանց շարքում բովանդակությամբ որևէ կերպ չտեղավորվող, բայց զգացողությունների առումով հար և նման մեկ ուրիշի` Լևոն Արոնյանի հաղթանակները: (ՈՒ քանի որ շեղվեցինք բուն թեմայից, մի փոքր կանգ առնենք այս գծի վրա և ազգովին մաղթենք, որ Լևոն Արոնյանը նվաճի շախմատի աշխարհի չեմպիոնի` մեզանում երկար սպասված կոչումը):
Վերադառնալով «Եվրատեսիլ»… Հաղթանակած տուն վերադարձող հայ պատանին ակնկալում է իր երկու երազանքների, ավելի ճիշտ` նախապես իրեն տրված խոստումների իրականացում. եղբայր` ծնողներից և «Օվչարկա» ցեղատեսակի շուն` ստեփանակերտցի հարազատներից:
Իսկ այն, որ 12-ամյա Վլադիմիրն իր մանկական սիրո թոթովանքներում զգում է մայրիկի օգնության կարիքն ու այդ մասին հորինում եվրատեսիլյան հաղթական «Մամա» երգը, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. մեր տղան շատ էլ լավ կարողանում է ինքնուրույն և նպատակասլաց գործել սիրո հարցերում. հաղթանակին հաջորդած մամլո ասուլիսից հետո այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրա սրտի տիրուհին ոչ թե դաշնամուր նվագող հարևանուհին է, այլ «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի երրորդ մրցանակը նվաճած Սոնյա Շկորիչը` Սերբիայից: Ի դեպ, անկախ Վլադիմիրի սիրահարության փաստից, խոստովանենք, որ Սոնյան առանձնանում էր բոլոր մասնակիցներից իր հասուն վոկալով, «Կախարդական գիշեր» երգի խորհրդավորությամբ և բեմական գեղեցիկ արտաքինով: 14-ամյա աղջնակն ակնհայտորեն նրբաճաշակ էր նաև հագուստի հարցում: Հետաքրքիր է` սիրո հարցերում ինչպիսի՞ն է նա: Չէ՞ որ իրեն սիրահարված տղան ի լուր աշխարհի հայտարարել է. «Ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ես երգելու եմ սիրո մասին»: Գուցե արժե՞, որ ոչ միայն Սոնյան, այլև Վլադիմիրի երգը «լռեցրած» (Ադրբեջան) և թերագնահատած (Վրաստան) մեր հարևանները չփակեն ականջները և լսեն, թե որն է հայ երեխայի վաղվա տեսլականը, այն դեպքում, երբ նրա փրկված հողի և ճակատագրի հետ անհաշտ բարբարոսները չեն զլանում հնչեցնել ամենօրյա բարբաջանքներ` պատերազմի և թշնամանքի հոլովույթում:
Նշենք նաև, որ մամլո ասուլիսում հայ պատանին հաճելիորեն զարմացրել է լրագրողներին իր անմիջականությամբ և խոհեմությամբ: «Աստղերը երկնքում են, իսկ ես մարդ եմ»,- հայտարարել է նա, ապա բարձրաձայն երազել Սթիվի ՈՒոնդերի հետ երբևէ երգելու հնարավորության մասին, նաև կանխատեսել` ինքն ապրում է այն դարում, երբ մարդը կստեղծի ժամանակի մեքենան:
«Մանկական Եվրատեսիլ-2010»-ի քվեարկությունից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական ֆոնդին, որի երգը` «A Day Without War» («Օր` առանց պատերազմի») հնչեց Դմիտրի Կոլդունի և մրցույթի բոլոր մասնակիցների կատարմամբ:
Քվեարկության` մեզ հետ անմիջականորեն առնչվող թվաբանությունն ուներ հետևյալ պատկերը. Հայաստանը 6 միավոր տվեց Մալթային, 7` Մոլդովային, 8` Վրաստանին, 10` Բելառուսին, 12` Ռուսաստանին:
Հայաստանի ներկայացուցչին 12-ական միավոր տվեցին ՈՒկրաինան, Շվեդիան, Ռուսաստանը, Բելգիան, 10-ական` Մոլդովան, Մակեդոնիան, 8` Բելառուսը, 7` Լիտվան, 6` Սերբիան, 5-ական` Նիդերլանդները, Լատվիան: Տխրահռչակ 3 միավորի մասին արդեն բավականաչափ խոսվեց, բայց տուրք չտալով եվրատեսիլյան` արդեն անթաքույց դարձող դիվանագիտական-քաղաքական դրսևորումներին` փաստենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2008»-ում հաղթած վրացական «Bzikebi» եռյակը կրկին հիացրեց իր հյութեղ ելույթով, և եթե հաջորդ մրցույթին իրեն այդքան ոչ դիվանագիտորեն պահած մեր հարևանն ասպարեզ հանի նույնպիսի համակրելի և շնորհալի երեխաների, ապա ես, ինչպես 2008-ին, դարձյալ «հիմարաբար» երկու ձայն կուղարկեմ հօգուտ նրանց` ապավինած հայի պաթոլոգիկ անհիշաչարությանը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ