Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Եթե Աստված չի տալիս, սովորելով բան դուրս չի գա»

«Եթե Աստված չի տալիս, սովորելով բան դուրս չի գա»
04.08.2009 | 00:00

«ԻՍԿԱԿԱՆ ԱՍՏՂԸ ՏԱՂԱՆԴԻ ՈՒԺՆ Է»
«Դուդուկը Հայաստանն է: Ես իմ նվագի միջոցով եմ բացատրում, թե ինչ է նշանակում հայ լինելը և հայկական մեղեդին»,-ասում է աշխարհահռչակ դուդուկահար ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Դուդուկի մեծ վարպետի հետ հարցազրույցը մի փոքր հուզախառն էր ու անբռնազբոս, պարզ էր ու անմիջական` առանց գեղարվեստական «ավելորդությունների» և զերծ լեզվային ճոխություններից:
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց դուդուկը: Կպատկերացնեի՞ք Ձեզ ուրիշ ոլորտում:
-Ես մի բան գիտեմ: Ինչ մասնագիտություն էլ ընտրեի, լավը կլինեի, կոշկակար էլ լինեի` կդառնայի ամենալավ կոշկակարը…
-ՈՒզում եք ասել` ընդունա՞կ եք:
-Ե՛վ ընդունակ եմ, և՛ աշխատասեր: Անհարմար չեմ զգում դա ասել: Ես շատ աշխատասեր եմ: Դա իմ մանկությունից է դեռևս ապացուցված: Երբ ծնողներիս կորցրի, այն ժամանակ շատ փոքր էի: Թափառում էի փողոցներում, և շատ երևելի մարդիկ ինձ համոզում էին ընդունվել երաժշտական տեխնիկում, որովհետև զարմացած էին իմ ընդունակության վրա: Եթե Աստված չի տալիս, սովորելով բան դուրս չի գա:
-Ըստ Ձեզ, ի՞նչ զուգահեռներ կան տաղանդի և աշխատասիրության միջև:
- Տաղանդը և աշխատասիրությունը պետք է միասին լինեն: Եթե միասին չեն, կողմերից մեկն անպայման տուժում է: Եթե դու տաղանդավոր ես, բայց աշխատասեր չես, տաղանդը փչանում է: Եթե մեկը մյուսին լրացնում է, դառնում ես իսկական աստղ: Տաղանդավոր մարդը լինում է աշխատասեր, իսկ անտաղանդներն ուզում են նմանվել տաղանդավորներին: Տաղանդավոր մարդը միշտ առաջնակարգ է, եթե քիչ էլ աշխատի, միևնույն է, տաղանդավոր է:
-Ձեր կարծիքով` ժողովրդական երաժշտությունն ինչպե՞ս են ընկալում երիտասարդները: Կա՞ մի բան, որ կուզեիք փոխել այսօրվա երաժշտական կյանքում:
-Ասում են` «մոդեռն հագուստ», «պրիչոսկա»: Հա, համաձայն եմ, բայց չափի մեջ: Երաժշտության, արվեստի մեջ այդ հասկացությունը մի փոքր այլ կերպ է ընկալվում: Ընդունելով այսօրվա անմիտ, անիմաստ երաժշտությունը` դու կորցնում ես քո ունեցած հինը: Քո երեխան չգիտի` ինքն ով է: Ինքը հայ է, բայց չգիտի իր երգը, չգիտի` ինչ է նշանակում հայ արվեստ: Ամենավտանգավոր բանը դա է: Ես չեմ թերագնահատում այսօրվա երիտասարդությանը: Ընդհակառակը, փորձում եմ ճանապարհ բացել նրանց համար, որպեսզի մեր երկիրը, մեր երեխաներն առաջ գնան: Բայց որոշ «շեղված» երիտասարդներ խանգարում են ժողովրդական արվեստի ծաղկմանը: Էստրադային երաժշտությունը լրիվ աղավաղված է մատուցվում: Այդպես չի կարելի: Պետք է նախ և առաջ քոնը պահես, հետո նոր ընդօրինակես ուրիշինը: Եթե երգում ես ռոք, հայերենը ռոք չունի, էդ հայինը չէ, դա սևերի երաժշտությունն է, դա սևերի «դլե յամանն է»: Իսկ եթե հայերենը թողնում և սկսում ես երգել պարսկական երգեր, կամ էլ թուրքերի պես պորտապար պարել, ես դրանք չեմ ընդունում, որովհետև դրանք հայի թշնամիներն են: Այդ «փչացած արվեստը» մտնում է փոքր երեխայի արյան մեջ, և ծնողներն այլևս անկարող են հետ պահել նրան: Դաստիարակչական ոչինչ չկա: Ոչ մի բան իր տեղում չէ: Արվեստն այն բնագավառն է, որ պետք է լինի կատարյալ, ամենաբարձր մակարդակում:
-Չե՞ք կարծում, որ այսօր դուդուկի երաժշտությունը չարաշահվում է: Սկսնակները դուդուկը մատուցում են ոչ պրոֆեսիոնալ ձևով, և կգա մի օր, երբ դուդուկի նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը կսպառվի:
-Եթե անճաշակ մատուցեն և ամեն ինչի մեջ դուդուկ մտցնեն, դուդուկը կկորցնենք: Դուդուկի գեղեցկությունն այնքան բարձր է այսօր, որ դժվար թե խամրի: Նրա կլասիկ ոճը, որ ես եմ մտցրել Եվրոպա, և ամբողջ աշխարհն է հասկացել, այն ճանապարհը, որով ես եմ գնացել և հարթել մյուսների համար, եթե փոխեն, շեղեն, ամեն ինչ կկորցնենք: Դա շատ վտանգավոր է: Պետք է միշտ զգույշ լինել և կարողանալ ճիշտ օգտագործել այն գործիքը, որին տիրապետում ես: Գործի մեջ պետք է լինել գիտուն, որպեսզի իմանաս` ինչ արեցիր, ինչու արեցիր: Պետք է ճաշակ ունենալ:
-Իսկ դուդուկը ո՞ր գործիքի հետ է ավելի համահունչ:
-Բոլոր գործիքների, հատկապես լարային… եթե ճիշտ մատուցես:
-Վարպետ, ինքներդ երաժշտություն գրո՞ւմ եք, ինչպե՞ս է մեղեդին ծնվում, սկզբնավորվում Ձեր հոգում:
-Իհարկե: Անկեղծ ասած, առաջին անգամ, երբ Վաչե Հովսեփյանը «Վերադարձիր» երգը գրեց, ես այնքան սիրով լցվեցի, ոգևորությունն այնքան մեծ էր, որ ցանկացա ինքս էլ փորձել: Ես նաև երգում եմ, բայց ինձ երբեք երգիչ չեմ համարել: Մի շարք լավ երգեր ունեմ: Նրանցից մեկը Նունե Եսայանն է երգում, մյուսը` Էմմա Պետրոսյանը: Գրելը տրամադրությունից է կախված:
-Ձեր նվագն ուրիշ ի՞նչ ֆիլմերում եք պատրաստվում օգտագործել: Նման առաջարկներ եղե՞լ են:
-Եղել են: Անգլիական մի կինոռեժիսորից հրավեր ունեմ: Ֆիլմն Ամերիկայի կործանման մասին է: Արդեն մի փոքր նվագել եմ, բայց ինչ-ինչ պատճառներով դադարեցրին: Մի բան խանգարել է, անշուշտ: Շուտով կշարունակեն:
-Եթե դեմ չեք` մի փոքր քաղաքականացնենք մեր զրույցը: Մի առիթով ամերիկյան Herriyet Daily Economic Review-ին տված հարցազրույցում խոսելով թուրքերի մասին, ասել եք. «Ճիշտ ժամանակն է, որ հայ և թուրք ժողովուրդները բարձրացնեն իրենց բաժակը` խմելով խաղաղության և եղբայրության կենացը»: Կարծում եք` եկե՞լ է այդ ժամանակը: Իսկապե՞ս մտածում եք, որ հայ և թուրք ազգերի միջև երբևիցե կարող է եղբայրություն ծնվել:
-Ինչո՞ւ չէ: Հարյուր տարի առաջ կատարված ոճրագործության համար ինչո՞ւ պիտի այսօրվա սերունդը պատասխան տա: Ես դեմ եմ կոտորածին, սպանությանը, չեմ ուզում, որ արյուն թափվի, երկիրը նորից սովի մատնվի: Ազգի կրոնը մեղք չունի, որը խեղաթյուրելով մարդկանց դարձրել են թշնամի: Ես ուզում եմ, որ բոլորը բարեկամանան, և ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով: Բայց դա չի նշանակում, թե Ջիվանն ուրանում է եղեռնը: Ես չեմ կարող մոռանալ, որ մշեցի եմ, որ իմ պապերը մշեցի են, չեմ կարող մոռանալ, որ թուրքերը սպանել են հայերին: Պարզապես, ինձ պետք է ճիշտ հասկանալ: Եթե սխալ մտածեն և ճիշտ չհասկանան, կարող է և մեղադրեն ինձ: Ես շեշտը դնում եմ ժողովրդի վրա: Նա մեղք չունի կատարվածի համար: Կառավարության մասին է խոսքը: Նա է խնդիրներ առաջացնում, թարմացնում անցած-գնացածը: Չեմ կարծում, թե ժողովուրդը քեն է պահել իր սրտում: Ժողովուրդն ուզում է գինի խմել, ուրախանալ, աշխատել միմյանց հետ… Վերջապես, այնքան թուրքեր կան, որ ընդունել են ցեղասպանությունը և այսօր իրենց ազգին մեղադրում են: Ասելիքս սա է:
-Վարպետ, եկեք մի փոքր հետ գնանք, հիշենք Ձեր առաջին համերգը, առաջին մրցանակը: Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:
-Դա ամենամեծ տոնն է եղել ինձ համար, երբ Մոսկվայում, 1947 թվականին, նվագելով ոչ պրոֆեսիոնալ ինքնագործ խմբում, Ստալինից ստացա «Պոբեդա» ժամացույց: Մի բան, որ ամեն մարդու չէին տալիս: Այդ նվերը հաղթանակի համար է, և ես արժանի եղա դրան: Դա այնպիսի բան է, որ բառերով չես կարող բացատրել: Իմ առաջին ուրախությունը դա է եղել:
-Արդեն մեկ տարի է, ինչ խոսվում է Ձեր արձանը կանգնեցնելու մասին։ Ո՞Ւմ մտահղացումն էր դա:
-Քաղաքապետարանի որոշումն էր, անձամբ Երվանդ Զախարյանի: Բայց դրա հետ կապված ֆինանսական ծախսերն անելու են իմ արվեստը հարգող մարդիկ, իմ ընկերները:
-Փաստորեն, աշխատանքները դեռ չե՞ն սկսվել:
-Ոչ, աշխատանքները չեն սկսվել, բայց շուտով կսկսվեն, այնպիսի մարդիկ են ձեռնամուխ եղել դրան, որոնց լիովին վստահում եմ:
-Տեղը որոշվա՞ծ է:
-Ես ցանկություն հայտնեցի, որ դա լինի Աբովյան փողոցում, որտեղ ես ծնվել, մեծացել եմ: Քաղաքապետարանը և կառավարությունն իրենց համաձայնությունը տվեցին: Իմ ցանկություններից մեկն էլ այն է, որ Աբովյան փողոցում, որպես Երևանի ամենահին, մայր փողոց, կանգնեցնեն մեր նշանավոր գործիչների արձանները, ասենք, Չարենցի, Սևակի… Գոնե մի փողոց կմաքրվի կրպակներից և այդպես կգեղեցկանա:
-Ո՞վ է Ձեր արձանի ճարտարապետը:
-Ճարտարապետների մրցույթ է հայտարարված, ով լավ պատրաստի, նա էլ կընտրվի: Ասեմ, որ դա լինելու է շատ անմիջական ու համեստ քանդակ: Դա գեներալի արձան չէ, այլ երաժշտի, ուստի ինչքան հասարակ, այնքան լավ:
-Որքան հայտնի է, Ձեր արձանի հարևանությամբ լինելու են ևս մի քանի նշանավոր արվեստագետների արձաններ: Ովքե՞ր են նրանք:
-Երբ որոշում եղավ իմ արձանը կանգնեցնելու մասին, ես մտածեցի. «Ճիշտ չի լինի, որ մենակ իմ արձանը կանգնեցվի»: Մենք ունեինք շատ լավ երաժիշտներ` Կարո Չարչօղլյան, Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան: Ես ինձ վատ կզգայի, երբ փողոցով անցնելիս տեսնեի, որ միայն իմ արձանն է կանգնած: ՈՒստի առաջարկեցի նշված երեք մարդկանց արձաններն էլ կանգնեցնել: Եվ ժողովրդի մեջ հարգանք կունենանք, և արվեստի մեծ վարպետների անունները չեն կորչի: Քաղաքապետարանը համաձայնություն տվեց իմ առաջարկին: Հիմա, թեև, քաղաքապետը փոխվել է, բայց կարծում եմ, որ նոր քաղաքապետը կշարունակի կիսատ գործը: Մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի:
Զրուցեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3333

Մեկնաբանություններ