«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին

Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին
23.04.2023 | 22:44

(սկիզբը` այստեղ)

1921 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվել է ռուսթուրքական պայմանագիրը,որտեղ որևէ խոսք չի ասվում դեկտեմբերի 2-ի պայմանագրի վերացման մասին,բայց սահմանը ճանաչում է 1877 թվականի վիճակով,որն անուղղակի վերացնում էր դեկտեմբերի 2-ի պայմանագիրը։ Դրա արդյունքով Հայաստանի տարածքը 8․000 ք կմ տարածքից դարձել 29․800 ք կմ։

ՌԻԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1921 թվականի մարտի 18-ին Ռիգայում ստորագրվել է սովետալեհական պայմանագիր,որով Սովետական Ռուսաստանը ընդունել է իր պարտությունը․ Լեհաստանին է հանձնել Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելառուսիան։ Միաժամանակ վճարել 30 միլիոն ոսկով ռուբլի ռազմատուգանք և 18 միլիոն ոսկով ռուբլի գույք։

Վերոհիշյալից պարզ է դառնում,որ Լենինը ճիշտ ցուցում էր տվել թուրքերի հետ բանակցությունները ավարտել ավելի շուտ։ Եթե ռուսթուրքական բանակցությունները ավարտվեին ավելի ուշ,քան Ռիգայում սովետա-լեհական բանակցությունները,ապա Թուրքիային հայտնի կլինեին Ռիգայում ստորագրված պայմանագրով Ռուսաստանի պարտության արձանագրումը,հսկայական տարածքների զիջելը Լեհաստանին։ Բնականաբար, դրանով Թուրքիայի համար կստեղծվեր հնարավորություն օգտվել առաջացած իրավիճակից, ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և պնդել դեկտեմբերի 2-ի պայմանագիրը ճանաչել։

Թուրքական պատվիրակությունը դեռ գտնվում էր Մոսկվայում,երբ ստացվեց Ռիգայում կնքված պայմանագրի լուրը։ Սակայն,արդեն շատ ուշ էր, և թուրքերը ոչինչ չէին կարող անել։

ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մոսկվայի պայմանագրով նախատեսված մեկ ամսվա ընթացքում անդրկովկասյան հանրապետությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի հետ պետք է կնքել լրացուցիչ պայմանագիր։

Հույս ունենալով Զանգեզուրում Նժդեհի ղեկավարությամբ հակասովետական գործողությունների հաջողությունների վրա՝ Թուրքիան ձգձգեց բանակցությունները։ Նախատեսված բանակցությունները սկսվեցին 1921 թվականի հոկտեմբերին Կարսում։ Այստեղ Թուրքիան փորձեց Հայաստանին պարտադրել ընդունելու դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագիրը, բայց հաջողության չհասավ։

Դրանից հետո մարտի 16-ի պայմանագրով Նախիջևանը տրվեց ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին։

Պատճառն այն էր,որ 1920 թվականի հուլիսի 27-ին սովետական զորքերը մտել էին Նախիջևան, և հաջորդ օրը կազմված հեղկոմը Նախիջևանում հռչակել էր սովետական իշխանություն։ Սովետական Ռուսաստանը չէր կարող սովետական իշխանություն ունեցող Նախիջևանը թողնել Հայաստանին,որտեղ տապալվել էր սովետական իշխանությունը, և ստեղծված դաշնակցական կառավարությունը ռազմական գործողություններ էր վարում սովետական զորքերի դեմ։

Չնայած Կարսում ստորագրված պայմանագրին՝ Թուրքիան դեռ հույս ուներ վերականգնել դեկտեմբերի 2-ի պայմանագիրը և այդ պատճառով էլ ձգձգում էր իրականացնել սովետաթուրքական սահմանի սահմանազատում և սահմանագծում։

Թուրքիան ոգևորվել էր նաև Սովետական Միությանը լորդ Քերզոնի ներկայացրած վերջնագրով։

Հանդիպելով Սովետական Միության կառավարության վճռական դիմադրությանը՝ Թուրքիան վերջապես համաձայնվել է 1925 թվականի դեկտեմբերին Սովետական Միության հետ ստորագրել նոր պայմանագիր,որով ամրապնդվում էր մարտի 16-ին ստորագրված պայմանագրի պահանջները։ Դրանից հետո՝ 1926 թվականին, Թուրքիան հարկադրված էր իրականացնել սովետաթուրքական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը։


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻՑ

Հայաստանում սովետական կարգերի վերականգնումից հետո Լենինը հետաքրքրվել է մարտի 16-ի պայմանագիրը կատարելու ընթացքով։ Այդ հարցը քննարկվել է Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյում։

Այդ կապակցությամբ Լենինը հանձնարարել է Գ. Չիչերինին Օրջոնիկիձեի միջոցով հեռագիր ուղարկել Թուրքիայում սովետական ներկայացուցիչ Մդիվանուն` նրա առաջ խնդիր դնելով հետևյալը. «Նկատի ունենալով կոմունիստների կողմից Երևանի գրավումը, անհրաժեշտ է անհապաղ կենսագործել Մոսկվայի կոնֆերանսում ընդունված նոր սահմանները և, մասնավորապես, անհրաժեշտ է Ալեքսանդրապոլն անհապաղ ազատել թուրքերից:

Մեր անունից կտրական բողոք հայտնեցեք Կարաբեքիր փաշայի այն հայտարարության դեմ, թե նա չի ցանկանում ազատել Ալեքսանդրապոլը և Ազգային մեծ ժողովի կառավարությանը հաղորդեցեք, որ մենք վճռականապես պնդում ենք, որ թուրքական զորքերն անհապաղ հեռանան Մոսկվայում որոշված սահմանից այն կողմը:

Մատնանշեք այն բանը, թե ինչ ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ թուրքական զորքերի ընդհարումը կարմիրբանակային զորամասերի հետ, և նաև այն, որ բոլոր սովետական հանրապետությունները սերտ և անխախտելի դաշինքի մեջ են գտնվում Սովետական Ռուսաստանի հետ»:

Վերոհիշյալ պահանջին թուրքական կառավարությունը ապրիլի 10-ին ուղարկել է բացասական պատասխան՝ հայտարարելով,թե Թուրքիայի անվտանգությունը ապահովելու համար Ալեքսանդրապոլում պետք է մնան թուրքական զորքերը։

Ապրիլի 13-ին Չիչերինը նոր նոտա է ուղարկել քեմալական Թուրքիայի կառավարությանը՝ վճռականորեն պահանջելով զորքերը հեռացնել Ալեքսանդրապոլի շրջանից:

Նույն օրը Լենինի հանձնարարության համաձայն՝ 11-րդ Կարմիր բանակի հրամանատար Հեկկերը, իր հերթին, նորից Կարաբեքիր փաշայից վճռականորեն պահանջել է զորքերը հեռացնել Ալեքսանդրապոլի գավառից և հայտարարել, որ հակառակ դեպքում կսկսի ռազմական գործողություններ:

Սակայն, Հեկկերի վերոհիշյալ պահանջը թուրքական կառավարությունը նորից մերժել է նույն պատճառաբանությամբ և պահանջել է պատժել Հեկկերին՝ Թուրքիային ահաբեկելու համար։

Բայց, Հեկկերին ոչ ոք դիտողություն չի արել, քանի որ նա կատարում էր Սովետական Ռուսաստանի կառավարության ղեկավար Լենինի հանձնարարությունը։

Հեկկերն իր նամակը Կարաբեքիրին ուղարկելու հետ միասին իր զորամասերը բերել է ելման դիրք` պատրաստ ռազմական գործողություններ սկսելու համար:

Սա արդեն անսպասելի էր Կարաբեքիրի համար: Եվ նա հարկադրված էր արագացնել իր զորքերի էվակուացիան, որոնք զբաղեցրել էին Ղարաքիլիսայից մինչև Ալեքսանդրապոլ տարածքը:

Այս ամենից հետո Թուրքիայի համար պարզ է դարձել, որ այլևս չի հաջողվի կառչել Ալեքսանդրապոլի պայմանագրից:

Ենթարկվելով Սովետական Ռուսաստանի վճռական պահանջին՝ Թուրքիայի արտաքին գործերի կոմիսար Ահմեդ Մուխթարը 1921 թ. ապրիլի 14-ին Չիչերինին հայտնել է, որ ապրիլի 15-ից սկսած թուրքական զորքերը կհեռանան Ալեքսանդրապոլ քաղաքից ու գավառից:

Թուրքական զորքերի հեռացումն ավարտվել է 1921 թ. ապրիլի 22-ին,որը պատահականորեն զուգադիպել է Լենինի ծննդյան օրվան։

Այսպիսով քեմալական Թուրքիան իր զորքերն Ալեքսանդրապոլից հանել է՝ միայն Սովետական Ռուսաստանի Լենինի ղեկավարած կառավարության վճռական պահանջին ենթարկվելով:

Ալեքսանդրապոլում ամեն տարի ապրիլի 22-ը նշել են որպես թուրք զավթիչներից քաղաքն ազատագրելու օր։

Լենինը մահացել է 54 տարեկան հասակում 1924 թվականի հունվարի 21-ին։

Ալեքսանդրապոլի բնակիչները որպես երախտագիտության նշան,որոշել են իրենց քաղաքը՝Ալեքսանդրապոլը, վերանվանել Լենինական։

1991 թ. ապրիլի 22-ին Հայաստանի կոմկուսը պատրաստվում էր նշել ԱլեքսանդրապոլԼենինականը թուրքական զավթիչներից ազատագրելու 70-ամյակը: Այդ օրը զուգադիպում էր նաև Լենինի ծննդյան տարեդարձին:

Սակայն, հհշական իշխանությունները մերժել են թուրքական զավթիչներից Ալեքսանդրապոլի ազատագրման 70-ամյակի նշումը:

Դրա փոխարեն գերադասել են այդ օրը Երևանում քանդել Լենինի արձանը, քան նշել Հայաստանի երկրորդ քաղաքը թուրքական զավթիչներից ազատագրելու 70-ամյակը:

Լենինի արձանը քանդելու հետ միասին հհշականները ավերեցին այդ արձանի քանդակազարդ պատվանդանը, որը համարվում էր հայկական ճարտարապետության հրաշալի գանձերից մեկը:

ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Արդեն 100 տարուց ավելի է, ինչ դաշնակցության զանազան պարագլուխներ, գաղափարախոսներ, դրանց նորօրյա հետևորդներ կրկնում են, թե Լենինը հայկական հողերը ծախել է թուրքերին՝ միաժամանակ չբերելով իրականությանը համապատասխանող ոչ մի փաստ։

Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը իր գոյության երկու տարվա ընթացքում ստորագրել է հետևյալ պայմանագրերը․

1․1918 թվականի հուլիսի 4-ին Գերմանիայի ներկայացուցիչ Լոսևի միջնորդությամբ Թուրքիայի հետ Բաթում քաղաքում ստորագրված պայմանագրով ոչ միայն հրաժարվել է Արևմտյան Հայաստանից,այլև Արևելյան Հայաստանի կենսաբեր տարածքներից։

Այդ պայմանագրով Հայաստանի տարածքը կազմել է 8․000 ք կմ,որի մեջ չեն մտցվել Նախիջևանը, Ղարաբաղը։

2․1919 թվականի նոյեմբերին դաշնակիցների գլխավոր կոմիսարի տեղակալ, անգլիացի գնդապետ Ռեյի թելադրանքով Հայաստանի վարչապետ Խատիսյանը, Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովի հետ ստորագրած պայմանագրով համաձայնվել է Ղարաբաղը ժամանակավորապես թողնել Ադրբեջանի կազմում։

Այս պայմանագրի ստորագրման կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․

Ժամանակավոր պայմանագիրը ստորագրելուց առաջ անգլիացի գնդապետ Ռեյը հայտարարել է՝ասելով, թե շուտով տեղի կունենա խաղաղության կոնֆերանս,որտեղ կորոշվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, և առաջարկել է մինչև խաղաղության կոնֆերանսի հրավիրելը Ղարաբաղը ժամանակավորապես թողնել Ադրբեջանի կազմում։

Անգլիացի գնդապետ Ռեյը կարող էր հաշվի առնել Ղարաբաղում հայկական բնակչության մեծամասնությունը․Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում մինչև խաղաղության կոնֆերանսի հրավիրումը,որը միակ ճիշտ լուծումը կլիներ։

Պարզ է,որ անգլիացի գեներալը պաշտպանել է Ադրբեջանի շահերը։Անգլիացի գեներալի նկատի ունեցած խաղաղության կոնֆերանսը,որն ավարտվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին՝ Սևրի դաշնագրի ստորագրմամբ, չի որոշել Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, և Ղարաբաղը մնացել է Ադրբեջանի կազմում։

3․1920 թվականի նոյեմբերի 13-ին Վրաստանի հետ ստորագրված պայմանագրով Լոռին հանձնել է Վրաստանին՝պայմանով, որ Վրաստանը Հայաստանին օգնի Թուրքիայի դեմ պատերազմում։

Այս կապակցությամբ պետք է ասել հետևյալը․Վրաստանի հետ կնքված այդ պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ռազմական մինիստր,դաշնակցության անդամ Ռուբեն Տեր-Մինասյանը և Վրաստանի ռազմական մինիստրը։

Պայմանագրի ստորագրումից հետո անմիջապես մենշևիկյան Վրաստանը իր զորքերը մտցրել է Լոռի, և, փաստորեն,դրանով Վրաստանը հնարավորություն է ստացել զավթել Հայաստանի կարևոր կենսաբեր տարածքներից մեկը և այնտեղ հաստատել իր տիրապետությունը։

Նաև ընդգծեմ,որ Վրաստանը պայմանագրով պարտավորվել էր օգնել Թուրքիայի դեմ պատերազմող Հայաստանին, բայց,նույնիսկ, մի զինվոր չի ուղարկել հայ-թուրքական ռազմաճակատ։

Պետք է նշել,որ մինչև այսօր հայտնի չէ,թե Լոռին Վրաստանին հանձնելու պայմանագիրը ստորագրելով՝ Ռուբեն Տեր-Մինասյանն ո՞ւմ շահերով է ղեկավարվել․ Հայաստանի՞ թե՞ մենշևիկյան Վրաստանի։

4․1920 թվականի դեկտեմբերի 2-ին լորդ Քերզոնի խորհրդով Ալեքսանդրապոլում ստորագրված պայմանագրով Հայաստանի տարածքը կազմել է դարձյալ 8․000 ք կմ։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը Արևմտյան տերությունների խորհրդով Հայաստանի կենսաբեր բոլոր տարածքները հանձնել է Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին։

Այնուհետև,դժվար չէ նկատել,որ հայկական հողերը Թուրքիային,Ադրբեջանին և Վրաստանին է հանձնել դաշնակների ղեկավարած Հայաստանի կառավարությունը։

Եվ այս բոլորից հետո այդ կեղծարարները իրենց կատարած հանցանքը կոծկելու համար Լենինին են մեղադրում՝ հայկական հողերը թուրքերին և մյուսներին ծախելու մեջ։

Մենք պարտական ենք Լենինին երախտագիտությամբ հիշել,որ նրա շնորհիվ մենք ունենք գոնե այսօրվա Հայաստանը։

Այսօր, հատկապես 2020 թվականի 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո, Հայաստանը հայտնվել է վտանգավոր իրավիճակում, և ստեղծված դժվարին պայմաններում մեզ հարկավոր է համախմբվել և պաշտպանել մեր երկիրը 29․800 ք կմ տարածքով։

Հարգելի ընկերներ, բարեկամներ և համակիրներ, որքան հնարավոր է շատ համառոտ ձեր ուշադրությանը ներկայացրի Սովետական Պետության հիմնադիր և ղեկավար Լենինի ունեցած դերը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։

Ձեզ եմ թողնում օբյեկտիվորեն գնահատել, թե որքանով են ճիշտ պատմության կեղծարարները։

Հարգանքներով՝ Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատմաբան,

պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Դիտվել է՝ 2654

Մեկնաբանություններ