Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայ ժողովրդի ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման 300-ամյակի առթիվ

Հայ ժողովրդի ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման 300-ամյակի առթիվ
18.04.2023 | 10:02

Նախ, այն մասին,թե ինչպես է առաջացել հայ ազատագրական շարժման մեջ արևմտյան կողմնորոշումը։
Դեռևս 11-րդ դարից Հայաստանում տարածվել էր Ներսես Մեծին վերագրվող մի գուշակություն, որի համաձայն Արևմուտքից գալու են ֆրանկները և հայ ժողովրդին փրկելու են օտար զավթիչների տիրապետությունից։
Խաչակրաց արշավանքներին զուգընթաց,աստիճանաբար, Հայաստանում սկսել են երևալ Կաթոլիկ քարոզիչները և հայերին համոզում էին, որ փրկությունը գալու է Հռոմի Պապի կողմից։
Այդ քարոզիչների մեջ էր օրինակ՝ ճիզվիթ քահանա Գալանոսը։ Նա նույնիսկ սովորել էր կարդալ հին հայկական ձեռագրերը և ապացուցում էր, թե հայերը հայտնվել են պարսկա-թուրքական լծի տակ այն պատճառով, որ հեռացել են Հռոմի Կաթոլիկ եկեղեցուց։ Գալանոսը նաև համոզում էր, թե փրկությունը Հռոմի եկեղեցուն միանալու մեջ է։
Այսպես կաթոլիկ քարոզիչներին հավատալով՝ ամրապնդվում էր Հռոմի եկեղեցուն դիմելու մտադրությունը։
16-րդ դարի կեսերին առաջինը Կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին էր, որը, հավատալով կաթոլիկ քարոզիչներին, հրավիրել է գաղտնի ժողով, որտեղ որոշվել է դիմել Հռոմի Պապին։
Ստեփանոս Սալմաստեցին մեկնել է Հռոմ։ Այստեղ նրա առջև դրել են պահանջ, որ պետք է միանալ Հռոմի եկեղեցուն, և ոչ մի խոսք չի եղել օգնելու մասին։
Ստեփանոս Սալմաստեցու անհաջողությունից հետո, նրա հաջորդ Կաթողիկոս Միքայել Սեբաստացին նույնպես գաղտնի ժողովի որոշմամբ մեկնել է Հռոմ՝ օգնություն խնդրելու նպատակով։
Կաթողիկոս Միքայելը նույնպես հաջողության չի հասել։
Հետագայում էլի փորձեր են եղել դիմելու Հռոմի եկեղեցուն, նաև Վենետիկին ու Ֆրանսիային, բայց՝ապարդյուն։
Սսի Զաքարյա Կաթողիկոսը Հռոմի Պապին ուղարկած աղերսագրում հայտնում էր, թե «Մենք նման ենք առանց պարսպի ու պահակի մի այգու», որի վրա հարձակվում ու ոչնչացնում են գիշատիչները։
Զաքարյա Կաթողիկոսին Հռոմի Պապը նամակով խորհուրդ է տվել հայերին ընդունել Կաթոլիկություն, որպեսզի հայտնվեն դրախտում։
Վերջապես 1676 թվականի ապրիլի 2-ին Էջմիածնի վանքի բակում հավաքված բազմության ներկայությամբ Հակոբ Ջուղայեցի Կաթողիկոսը ծնկի է եկել կաթոլիկ քահանա Պիսկոպոյի առջև և ընդունել է Կաթոլիկություն՝ հայտնելով հպատակություն Հռոմի եկեղեցուն։ Այսպես հայ ազատագրական շարժման մեջ վերջնականապես ձևավորվում է արևմտյան կողմնորոշումը։ Դա նշանակում էր փրկության հասնել Հռոմի եկեղեցուց՝ նրան ենթարկվելու պարտադիր պայմանով։
Հայտնի է, որ դրանից հետո Հակոբ Ջուղայեցին պատվիրակության հետ միասին մեկնել է Հռոմ՝ անձամբ Պապին իր հպատակությունը հայտնելու համար։
Սակայն, ճանապարհին Հակոբ Ջուղայեցին մահանում է։ Պատվիրակության անդամները, բացի մեկից, վերադառնում են Հայաստան։
Պատվիրակության այդ մեկ անդամը Իսրայել Օրին էր, որն անցել է Ֆրանսիա։ Այստեղ նա ջանքեր է գործադրել ձեռք բերել Ֆրանսիայի օգնությունը՝ պարսկա-թուրքական լծից ազատագրվելու համար։
Ֆրանսիայում աջակցության չհասնելով՝ Իսրայել Օրին դիմել է Պֆալցի իշխան Հովհան Վիլհելմին՝ նույն նպատակով։
Իշխանը համաձայնվել է այն պայմանով, որ հայերը ընդունեն Կաթոլիկությունը և իրեն հռչակեն Հայաստանի թագավոր։
Իշխանը խոստացել է, որ 1700 թվականի ընթացքում կձեռնարկի արշավանք՝ Հայաստանը ազատագրելու համար։ Իհարկե, իշխանը չի կատարել իր խոստումը։
Այդ ժամանակից սկսած մինչև այժմ՝21-րդ, եվրոպական տերություները բազմաթիվ անգամ հայ ժողովրդի դիմումներին խոստումներ են տվել, սակայն, դրանցից ոչ մեկը չեն կատարել։
Չնայած այդ իրողությանը՝ այժմ էլ արևմտյան կողմորոշման դիրքերում կանգնած անձինք շարունակաբար քարոզում են, թե միայն արևմտյան տերությունները կարող են օգնության հասնել Հայաստանին։ Բայց, արևմտյան տերությունները ղեկավարվում են իրենց շահերով և մի կողմից մեզ խոսքով պաշտպանում են, իսկ մյուս կողմից՝ իրական օգնություն են ցույց տալիս մեր թշնամիներին։
Արևմտյան կողմնորոշում ունեցող Իսրայել Օրին վերջնականապես համոզվել է, որ Հռոմի եկեղեցին, Ֆրանսիան, գերմանական իշխանը ու եվրոպական որևէ պետություն օգնության մասին տված խոստումները չեն կատարի և հայերին ազատագրելու համար երբեք Թուրքիայի կամ Պարսկաստանի դեմ չեն պատերազմելու։
Այս ամենից հետո Իսրայել Օրին 1701 թվականին մեկնել է Ռուսաստան, հանդիպել է Ռուսաստանի Ցար Պետրոս Մեծին։
Պետրոս Մեծը ուշադրությամբ լսել է Իսրայել Օրիին և խոստացել է շվեդների դեմ պատերազմը ավարտելուց հետո կազմակերպել արշավանք դեպի Անդրկովկաս։
Միաժամանակ Պետրոս Մեծն Իսրայել Օրիին շնորհում է գնդապետի աստիճան և 1707 թվականին նրան որպես ռուսական դեսպանության ղեկավար ուղարկում է Պարսկաստան։
Դժբախտաբար, 1711 թվականին Իսրայել Օրին Ռուսաստան վերադառնալու ճանապարհին Աստրախան քաղաքում անհայտ հանգամանքներում մահանում է։
1721 թվականին Պետրոս Մեծն ավարտել է հաղթական պատերազմն շվեդների դեմ։
1722 թվականին Պետրոս Մեծը է ձեռնարկում իր խոստացած արշավանքը։
Պետրոս Մեծի ձեռնարկած արշավանքի լուրը ստանալուց հետո, Ղարաբաղի մելիքները, Գանձասարի Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ղեկավարությամբ, կազմակերպել են 10000-անոց կանոնավոր բանակ։
Հայկական բանակը Գանձակում միացել է Վրաստանի թագավոր Վախթանգ 5-րդ թագավորի զորքին և սպասել են այնքան, որ ռուսական զորքերը հասնեն Շամախի։
Սակայն, Կասպից ծովում խորտակվել են զինամթերք տեղափոխող նավերը, իսկ ծովի ափով շարժվող ռուս զինվորների մեջ տարածվել է նրանց համար անծանոթ հիվանդությունը՝ դողէրոցքը։ Այդ պատճառով, ինչպես նաև թուրքերի կողմից պատերազմ սկսելու վտանգը հաշվի առնելով՝ Պետրոս Մեծը հարկադրված իր զորքերը ետ է տանում։
Ռուսական զորքերի հեռանալուց հետո Հաղպատի վանահայր Մինաս Փերվեզյանը գրել է․«Ռուսների հեռանալուց հետո մենք նման ենք ծովում բեկված նավի և ոչ մի տեղից օգնության հույս չունենք»։
Ռուսական զորքերի հեռանալուց հետո հայկական բանակը վերադարձել է Ղարաբաղ։
Այդ բանակի մի հատվածը, հռչակավոր Դավիթ Բեկի գլխավորությամբ,զիված պայքար է սկսել թուրք զավթիչների դեմ։
Հայաստանի մի շարք վայրերում նույնպես թուրք զավթիչներին ցույց է տրվել զինված դիմադրություն։
Անդրկովկասի սահմաներին ռուսական զորքերի մոտենալը ունեցել է հետևյալ նշանակությունը․
1․Դարերի ընդմիջումից հետո հայ մարդը համարձակվել է իր ձեռքը զենք վերցնել։
2․Դարերի ընդմիջումից հետո հայկական հողի վրա առաջին անգամ ստեղծվել է կանոնավոր զինված բանակ։
3․Հայ ազատագրական շարժումը ստացել է զինված պայքարի բնույթ։
Այսպիսով, 1722 թվականից սկսած հայ ժողովրդի ազատագրական շարժման մեջ ձևավորվել է ռուսական կողմնորոշումը։
4.Ռուսական կողմնորոշման շնորհիվ` Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգային համախմբման կետրոն։
Ահա, 300 տարի է,ինչ հայ իրականության մեջ ձևավորված ռուսական կողմնորոշումը դարձել է ազգային արժեք։

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4813

Մեկնաբանություններ