Եղջյուրակիրը շնչասպառ հասավ աշխատասենյակ ու հրամայեց շտապ գտնել ու իր մոտ բերել լավագույն փաստաբանին: Քիչ անց թիկնապահները թևերից բռնած քարշ տալով բերեցին փաստաբանին ու դրեցին նրա դիմացի աթոռին:
- Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, ով եղջյուր առատության:
- Նախ արագ ներկայացրեք ձեր հնարավորությունները:
- Ես կարողանում եմ դատական հենց առաջին նիստին՝
Դարձնել գողին ազնիվ, բարեհույս,
Ապուշին՝ հանճար, վախկոտին՝ կտրիճ,
Տգեղին՝ չքնաղ և պոռնիկին՝ կույս:
- Այդ բաները մեզ դեռ պետք կգան, բայց հիմա ինձ ուրիշ բան է պետք:
- Ի՞նչ բան:
- Այսօր ես թքել եմ մի քաղաքացու վրա: Դուք պիտի ապացուցեք, որ նա ինձ անվանել է ,,դավաճան,, ու ես դրա համար եմ թքել:
- Դա վատ միտք է, ով եղջյուր թքառատության, ու մեզ փակուղի կտանի:
- Ինչո՞ւ:
- Որովհետև ամբողջ աշխարհը թյուրիմացաբար կարծում է, որ դուք ոչ միայն գող եք, ապուշ, վախկոտ ու ղախպա, այլև, առաջին հերթին՝ դավաճան:
- Բա ի՞նչ եք առաջարկում:
- Այդ դեպքի համար ես երեք տարբերակ ունեմ:
- Արա՛գ ներկայացրեք:
- Մենք կարող ենք ապացուցել, որ դուք ուզում էիք թքել փայտիկին, բայց քանի որ ձեր եղջերաթաղանթը վնասված էր՝ քաղաքացուն շփոթել եք փայտիկի հետ ու թքել եք նրա վրա: Դատարանը կորոշի փորձաքննել ձեր բոլոր թաղանթները ու կարդարացնի ձեզ:
- Ո՛չ, այդ տարբերակը մոռանում ենք:
- Ինչո՞ւ:
- Ես չեմ ուզում թքել փայտիկին:
- Այդ դեպքում մենք կարող ենք շահարկել այն հանգամանքը, որ այսօր Ծաղկազարդ է, քրիստոնեական կարևոր տոն:
- Ինչպե՞ս:
- Կապացուցենք, որ դուք ընդամենը ուզում էիք իմանալ՝ այդ քաղաքացին քրիստոնյա՞ է, թե՞ ոչ:
- Ո՞նց եք ապացուցելու:
- Շատ պարզ: Որպեսզի որոշենք քաղաքացու հավատքը՝ թքում ենք նրա երեսին: Եթե նա քրիստոնյա է, անմիջապես մյուս երեսն էլ դեմ կանի: Այս փաստարկով ոչ միայն դատարանը կարդարացնի ձեզ, այլև կդառնաք նախիրի աչքի լույսը ու կվերականգնեք ձեր բարձր հեղինակությունը:
- Չէ, այդպես կստացվի, որ քրիստոնեություն եմ քարոզում, ու բոլորը կսկսեն թքել իրար վրա: Ուրիշ բան առաջարկեք:
- Այդ դեպքում պիտի սպասենք մինչև հինգշաբթի, որպեսզի առաջնորդվենք երրորդ տարբերակով:
- Դա ո՞րն է:
- Դեռ չգիտեմ: Բայց հաստատ գիտեմ, որ կառավարության նիստին գերագույնը այս դեպքի առթիվ անպայման մի անվիճելի տարբերակ կառաջարկի, ու մենք դա կզարգացնենք:
Կարո Վարդանյան