Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնը համավարակով ու պատերազմով պայմանավորված իննամսյա դադարը խախտեց մանկական ներկայացմամբ։ «Տիկնիկների խանութ» երաժշտական ներկայացումը նվիրվեց արցախցի ու հայաստանցի փոքրիկներին։ Մուտքն ազատ էր։ Երկար մտորումներից հետո բոհեմցիները որոշել են` Ամանորյա ներկայացումներ լինելու են։ Մանկական ամանորյա «Քռչո-Տռճո VS Ամանոր» ներկայացումը բեմում կլինի դեկտեմբերի 24-28-ին, եկող տարի՝ hունվարի 5-ին և 8-ին։ Հունվարից, հավանաբար, կսկսվեն մեծահասակների համար նախատեսված ներկայացումների փորձերը։
Մեր հյուրը «Բոհեմ» թատրոնի դերասան ԹԵԼՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է։ Զրուցել ենք «Տիկնիկների խանութ» ներկայացման մասին, որը հավասարաչափ հետաքրքիր էր և՛ փոքրերին, և՛ մեծահասակներին։ Բոհեմցիներն այդպես էլ բնորոշում են ներկայացումը՝ մանկամեծական։
-Ստեղծագործական դադար, պատերազմական տրամադրություններ... Դժվար չէ՞ր հաղթահարելն այդ ամենն ու ժպիտ-ծիծաղ պարգևել հանդիսատեսին։
-Իրականում շատ դժվար էր բեմ վերադառնալը, շարունակ մտածում էինք՝ ինչպե՞ս պետք է վերսկսենք ներկայացումները։ Ամենալավ տարբերակը, իհարկե, երեխաների համար խաղալն էր։ Մեզ ոգևորեց, ուժ տվեց այն միտքը, որ կարող ենք ուրախություն պարգևել նրանց։ Երկու սեանս ունեցանք մեկ օրում և շատ դրական լիցքեր ստացանք։ Ինչ վերաբերում է ստեղծագործական դադարից հետո բեմ բարձրանալու դժվարությանը, ավելի շատ կարոտել էինք, քան դժվար էր։ «Բոհեմը» գրեթե երկու-երեք օրը մեկ ներկայացում էր ունենում, ու բավականին ծանր էինք տանում այս փակվածությունը։
-«Տիկնիկների խանութի» հերոսները հայկական հեքիաթներից են՝ Շունն ու Կատուն, Սուտլիկ որսկանը... Կա՞ անհրաժեշտություն նորովի մատուցելու այս հեքիաթները, որ չկորցնեն հետաքրքրությունն ու թարմությունը նոր սերնդի համար։
-«Տիկնիկների խանութը» Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա է բեմադրված։ Թումանյանը հանճարեղ գրող է, նրա գործերը երբեք չեն կորցնում արդիականությունը, ցավալի է, որ քիչ են ներկայացվում այսօր։ Միահավասարեցման, տեխնիկայի ու արագության այս ժամանակաշրջանում դժվար է պայքարել մեր հեքիաթների համար։ Դժվար է, բայց անհնար չէ, որովհետև «Շունն ու կատուն» ոչնչով չի զիջում «Թոմը և Ջերին»-ին։ Պարզապես պետք է մոտեցումը փոխել ու քայլել ժամանակի հետ։ Վստահ եմ, որ եթե Թումանյանը հիմա ողջ լիներ, անպայման նույնը կաներ՝ կքայլեր ժամանակի հետ։
-Ներկայացման մեջ հայկական տիկնիկները ազատվում են ճապոնական տիկնիկից։ Ձեզ չե՞ն մեղադրում «ազգայնամոլություն» սերմանելու մեջ։
-Ճապոնական տիկնիկը վատ արժեքների կրող էր։ Սուտլիկ որսկանը, շունն ու կատուն ոչ ոքի վնաս չէին տալիս։ Գիտեք՝ երեսուն տարի ազգային արժեքներն առաջ չմղելով՝ եկանք-հանգեցինք շատ վատ բաների։ Մեր երեխաները պետք է ազգային արժեքներով մեծանան։
-Երեխաներն ինչպե՞ս են արձագանքում։ Առհասարակ, ինչպիսի՞ն է փոքրիկ հանդիսատեսը։
-Շատ լավն են, գիտե՞ք, այնպիսի՜ հարցեր են տալիս։ Վերջին ներկայացումից հետո մի աղջնակ ինձ հարցրեց՝ ինչու՞ են շունն ու կատուն կռվում իրար հետ։ Թվացյալ՝ միամիտ հարց է, պատասխանն էլ պարզ՝ կռվում են գլխարկի համար։ Իրականում դժվար է պատասխանել այդ հարցին։ Բայց երեխան կմեծանա, ինքն իրեն կտա այդ հարցն ու կգտնի պատասխանը։
-Ներկայացման հերոսներին երեխաները սիրում են, իսկ եթե բացասական կերպար եք խաղում, չե՞ք վախենում երեխաների զայրույթից։
-Մեր ամանորյա ներկայացման մեջ կախարդի դերն եմ խաղում, ու մի անգամ եղավ այնպես, որ մոտ 15 րոպե չէի կարողանում խոսել. երեխաները գոռում էին՝ գնա։ Երեխաների համար պետք է փորձես այնպես խաղալ բացասական կերպարը, որ նույնիսկ նրա հետ կապվեն։ Ի վերջո, մեր գրեթե բոլոր մանկական պիեսներում բացասական կերպարը վերջում բարիանում է։ Երեխաները հեքիաթի բարի հերոսներին ասում են՝ ազատե՛ք նրան։ Ամեն ինչ արվում է այնպես, որ հասկանա՝ ինչն է սխալ, ինչը ճիշտ, վերջում՝ կարողանան ներել։ Դա շատ կարևոր է։
-Երևանում, մարզերում, Սփյուռքում տարբե՞ր է հանդիսատեսը։
-Ամեն հանդիսատես իր յուրահատկությունն ունի։ Երևանում ուշադրություն են դարձնում մի բանի վրա, Վանաձորում՝ մեկ այլ, բայց ընդհանուր առմամբ՝ հայաստանյան հանդիսատեսը շատ լավն է՝ կարողանում է կարդալ-հասկանալ ներկայացման տողատակերը։
-Կարելի էր կարծել, որ ներկայացումը գրվել է այս օրերին։ Մի օրինակ. Սուտլիկ որսկանն ասում է՝ դուրս եկեք փողոց, կտեսնեք, որ ամեն երկրորդը ինձ նման ստում է։ Մեծահասակներն ակամա քաղաքականացնում են այս և այլ հղումներն ու նմանություն գտնում մեր շուրջը ծավալվող իրադարձությունների հետ։
-Ներկայացումը գրվել է 2017-ին, ու ոչինչ չի փոխվել տեքստի առումով։ Պարզապես համընկնումներ էին։ Երևի կանխազգացել ենք ապագան։ Օրինակ՝ Շունը Կատվին ասում է՝ գլխարկս ե՞րբ ես կարելու, Կատուն պատասխանում է՝ արտաքին վտանգը թողած՝ ներքին թշնամանքի հետևից ես ընկել։ Այս արտահայտությունը մեզ համար միշտ է այժմեական, մենք միշտ, պատմությունից դասեր չքաղելով, ընկնում ենք ներքին մանր թշնամանքի՝ գլխարկի հետևից՝ անտեսելով մեզ սպառնացող իրական վտանգները։
-Ներկայացման մեջ հիշատակվում են Վոլտերի խոսքերը. «Իմ բաժակը փոքր է, բայց ես խմում եմ իմ բաժակով»։ Շատ չի՞ փոքրացել մեր բաժակը։
-Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով։ Փոքրությունը միայն տարածքներով չի չափվում, եթե հասկանանք դա, գնահատենք ազգայինը, կգա օրը, որ բաժակն էլ կմեծացնենք։
-Դուք դերասան եք, նաև բեմադրում եք, պիեսներ գրում։ Բարդ չէ՞ համատեղելը։
-Ես բեմադրիչ չեմ, պարզապես Նարեկ Օհանիչը թույլ է տալիս մի քիչ օգնել իրեն՝ սովորեցնում է։ Գրել եմ «Տանը մնացին» պիեսը, «Շենքում իրավիճակ է փոխվել» պիեսի համահեղինակն եմ։ Համատեղելը բարդ չէ, որովհետև լավ դասախոս եմ ունեցել։
-Նարեկ Դուրյանը։
-Այո, նա սովորեցրել է այն, ինչը ոչ թե բարդացնում, այլ դյուրին ու հաճելի է դարձնում ստեղծագործական աշխատանքը։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ