ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Շատերը հիասթափվեցին Տեր-Պետրոսյանից, երբ հայտարարեց, թե հեղափոխական զարգացումներ այլևս չեն լինելու»

«Շատերը հիասթափվեցին Տեր-Պետրոսյանից, երբ հայտարարեց, թե հեղափոխական զարգացումներ այլևս չեն լինելու»
03.04.2009 | 00:00

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՍՆԵԼ ՈՐՈՇԱԿԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ»
Ներքաղաքական գալիք զարգացումների և հանրությանը մտահոգող այլ խնդիրների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում Հայ արիական միաբանության առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
-Պարոն Ավետիսյան, քաղաքային ավագանու ընտրությունները, փաստորեն, մեկնարկել են։ Մասնակցում են 6 կուսակցություն և 1 դաշինք։ Ինչո՞վ բացատրել մնացած քաղաքական ուժերի, այդ թվում` Ձեր կազմակերպության պասիվությունը։
-Դեռևս 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ մենք և մի շարք ազգայնական կազմակերպություններ հայտարարեցինք, որ չենք պաշտպանում 9 թեկնածուներից ոչ մեկին, քանի որ ոչ մեկի նախընտրական ծրագիրը հարազատ չէր մեր սկզբունքներին։ Թեպետ միաժամանակ ակնհայտ էր, և մեր այդ կանխատեսումն արդարացավ, որ նախագահական ընտրություններն ընթանալու են երկբևեռ պայքարի հարթությունում։ Այսինքն` մի կողմից կար իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին հանձնելու անցումային գործընթաց, և մյուս կողմից` հին իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքով պետք է փորձեր իրականացնել իշխանափոխություն։
Անցած մեկ տարվա ընթացքում այս իրավիճակը չի փոխվել, և քաղաքային ավագանու ընտրությունները, կարծես, դարձել են նախագահականի շարունակություն։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ հիմնական մրցապայքարում դարձյալ այդ երկու ուժերն են` իրեն ընդդիմություն հռչակած հին իշխանությունը և իշխող կոալիցիան։ Թեպետ, իհարկե, այն հանգամանքը, որ կոալիցիայի կուսակցությունները տարաբաժանված են գնում ընտրությունների, ինչ-որ հակասությունների առկայության հետևանք է, որոնք ընտրապայքարում կարող են ավելի ընդգծված դրսևորումներ ունենալ։ Այս իրողությունից ելնելով ենք մենք «Հայ ազգայնականների համախմբման» շրջանակներում քննարկել քաղաքային ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Այնպես չէ, որ մենք չենք կարևորում ընտրություններն իբրև քաղաքական միջոցառում, ցանկացած մակարդակի ընտրական գործընթացն էլ կարևոր է։ Սակայն հաշվի առնելով մեր համեստ ֆինանսական հնարավորությունները և այն ահռելի հավանական «ներդրումները», որ կլինեն այս ընտրապայքարում, անիմաստ համարեցինք մասնակցել, որովհետև ստիպված կլինեինք գործընթացի կեսից մասնակցությունից հրաժարվել։
-Ի դեպ, ի՞նչ կազմակերպություններ են ընդգրկված Ձեր նշած «Հայ ազգայնականների համախմբում» դաշինքում։
-Մեզ հետ է «Հայրենիք-սփյուռք» նախաձեռնությունը, որի հետ համագործակցության շնորհիվ համախոհներ ենք ձեռք բերել ԱՄՆ-ում, Իրանում, Ռուսաստանում, Արցախում, Ջավախքում։ Հայ արիական միաբանությունն է, Արորդիների ուխտի քրմական դասի ներկայացուցիչները, պարզապես անհատ մարդիկ, ովքեր իրենց ազգայնական են համարում։ Նրանց թվում են պատմաբաններ, մանկավարժներ, բանասերներ, իմաստասերներ, որոնց մտավոր ներուժը մենք աշխատում ենք ծառայեցնել ազգայնական դաշտի կայացմանը։
-Դուք նշեցիք, որ պայքարն ընթանալու է երկու բևեռների միջև։ Հավանական համարո՞ւմ եք իրադարձությունների այնպիսի սրացումը, որը կհանգեցնի մարտի 1-ի նման ծանր զարգացումների։
-Անկեղծ ասած, ոչ, որովհետև իրավիճակը փոխվել է։ Իշխանությունն այլևս նախկինը չէ, այն եթե ամբողջությամբ նոր չէ, համենայն դեպս, զգալիորեն թարմացված է։ Անցումային փուլում իշխանությունն ավելի հակված էր բիրտ ուժ կիրառելու, որովհետև ցանկանում էր ապահովել իշխանության փոխանցման ժառանգականությունը և շատ բան ուներ կորցնելու։ Անկախ նրանից, թե այդ բիրտ ուժի կիրառումը որքանով էր տեղավորվում օրինական դաշտում, այնուհանդերձ, մեր տասը հայրենակիցներ զոհվեցին։ Այսօր իրավիճակն այլ է։ Անկախ նրանից, որքանով են այսօրվա իշխանության դիրքորոշումն ու քաղաքականությունն անհամապատասխան մեր գաղափարներին, փաստ է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է հասնել որոշակի ներքաղաքական կայունության։ Արտաքին դաշտում մի շարք բևեռների հետ` Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն, նա կարողացել է կարգավորել հարաբերությունները։ Ըստ այդմ, չեմ կարծում, թե իշխանությունը կհայտնվի խուճապի մեջ, եթե նույնիսկ պերմանենտ ու լայնամասշտաբ հանրահավաքներ սկսվեն։
Ընդդիմությունն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նախկին աջակցությունը չունի երկրի ներսում ու դրսից։ Շատերն են հիասթափվել Տեր-Պետրոսյանի երկարատև անգործությունից և այն բանից, որ մարտի 1-ին նա հայտարարեց, թե հեղափոխական զարգացումներ այլևս չեն լինելու, և իրենք աշխատելու են խաղաղ իշխանափոխության իրագործման ճանապարհով։ Արևմուտքը նախկինի պես չի աջակցում ընդդիմությանը, սա ակնհայտ է գոնե այս պահին։
-Իսկ Ռուսաստա՞նը։
-Կարծում եմ` ո՛չ։ Անցած մեկ տարվա փորձը ցույց տվեց, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից ընդդիմությանն աջակցելու որևէ իրական դրսևորում չեղավ։ Ռուսաստանում գործող այլ ուժերի կողմից դա նկատվեց. հիշում ենք Չուբայսի այցելությունը Հայաստան և հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ, նրա` Մոսկվայում եղած ժամանակ հանդիպումը ոչ անհայտ Գոզմանի հետ։ Այսինքն` Տեր-Պետրոսյանին աջակցություն ցուցաբերվել է, ինչպես մենք ենք ասում, այն մասոնական կլանի կողմից, որի դեմ Ռուսաստանի իշխանությունները պայքարում են։ Հայտնի ազգության այն օլիգարխների, որոնց դեմ պայքարը սկսել էր Պուտինը և ավելի թույլ դրսևորումներով շարունակում է Մեդվեդևը։
Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությանն ինչ-որ առումով հանգստացրել է նաև Բարաք Օբամայի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Որովհետև ակնհայտ է` ԱՄՆ-ի նոր նախագահը գոնե առայժմ պատրաստ չէ կտրուկ քայլերի, ինչպես Բուշը։ Այս առումով շատ բնորոշ է Վրաստանի օրինակը, երբ Սաակաշվիլին այլևս չի օգտվում ամերիկացիների անվերապահ աջակցությունից, և նույնիսկ խոսակցություններ կան նույն արևմտյան ջանքերով նրան փոխելու մասին։ Գոնե առայժմ ԱՄՆ-ը կարծես մտադիր չէ Հարավային Կովկասում շարունակելու «թավշյա հեղափոխությունների» սցենարների իրագործումը։ Սա, իհարկե, թուլացնում է Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության դիրքերը։
-Սակայն իշխանական ուժերի միջև էլ ակնհայտորեն լինելու է մրցակցություն, և ընդդիմությունը կարող է շահել այդ պայքարի հաշվին։
-Չեմ կարծում, թե իշխանական ուժերի միջև իրապես սուր մրցակցություն է լինելու։ Տարաձայնություններ կան, և պատահական չէ, որ հատկապես ԲՀԿ-ն չցանկացավ հանրապետականների հետ նույն ցուցակով գնալ ընտրությունների։ Բայց չեմ կարծում, թե սա շատ խորքային հակասությունների հետևանք է, ավելի շուտ կոալիցիայի կուսակցությունները միասնական ընտրական ցուցակի քվոտաների շուրջ համաձայնության չեն եկել։ Այսինքն, թե ով ինչքան տեղ է ունենալու քաղաքային ավագանու կազմում։ Դրա համար էլ որոշել են առանձին-առանձին մասնակցել ընտրություններին, տեսնել ով ինչքան ձայն կստանա, բայց վերջում բոլորն էլ համախմբվելու են և աշխատելու են հանրապետական քաղաքապետի հետ։ ԲՀԿ-ն կորցնելու ավելի շատ բան ունի հանրապետականների հետ հակասության դեպքում, քան ՕԵԿ-ը կամ ՀՅԴ-ն։ Ճիշտ է, Գագիկ Ծառուկյանն աշխատում է իր կուսակցության հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, մի շարք արտասահմանյան այցեր ձեռնարկեց, բայց, կարծում եմ, լիովին ինքնուրույն հավակնություններով հանդես գալը ԲՀԿ-ի համար դեռ վաղաժամ է։
-Այնուհանդերձ, ընդդիմությունը ներկայացված կլինի՞ քաղաքային ավագանու կազմում։
-Կանխատեսելն անշնորհակալ գործ է, բայց, կարծում եմ, մինչև 20 տոկոս ստանալու շանսեր կան։ Եթե ընտրություններն արդար անցնեին, գուցե և ավելի, որովհետև Տեր-Պետրոսյանին ինչ-որ պահի հաջողվեց քաղաքական դաշտը սև-սպիտակ դարձնել և հանրության մի մասի մեջ, ցավոք, արմատավորել տեսակետ, թե ով իրենց հետ չէ, հայ չէ, դավաճան է, իշխանությունների մարդն է։ Թեպետ իրականում ես այնքան էլ մեծ տարբերություն չեմ տեսնում Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքականության մեջ։ Երկուսն էլ տնտեսական հարաբերություններում վայրի լիբերալիզմի կողմնակիցներ են, երկուսն էլ կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, երկուսն էլ պատրաստ են զիջումների Արցախի հարցում, իհարկե, տարբեր չափով։
Այդպիսի ընդդիմությանը և այսպիսի իշխանությանն այլընտրանք կարող են դառնալ ոչ միայն այլ ծրագիր, այլև, առհասարակ, այլ աշխարհահայեցակարգ ներկայացնելու ընդունակ ուժերը։
-Դուք Հայաստանում հայտնի եք համասեռականության դեմ պայքարով։ Ասում են, որ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն ինչ-որ կոնվենցիա է ստորագրել այդ թեմայով։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
-Մենք արդեն հանդես ենք եկել Սերժ Սարգսյանին ուղղված հայտարարությամբ ու պահանջել, որ բացատրություն տրվի, թե ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ի՞նչ իրավունք ուներ համասեռականների իրավունքներն ընդլայնող փաստաթղթի տակ ստորագրելու։ Այն դեպքում, երբ այդ փաստաթղթին չեն միացել նույնիսկ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը։ Ի՞նչ է, հենց հայե՞րն են պապից ավելի կաթոլիկ, երբ 200 երկրից միայն 64-ն են միացել այդ փաստաթղթին։ Արմեն Մարտիրոսյանը մամուլով, կարծես, պարզաբանել էր, թե ինքն ամեն ինչ անում է` նախօրոք համաձայնեցնելով արտգործնախարարության հետ։ Ստացվում է, որ ստորագրելու հանձնարարականը նա ստացել է, թերևս, Էդվարդ Նալբանդյանից։ Տեղյա՞կ է եղել դրանից Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, մենք առայժմ չգիտենք։
-Ինչպիսի՞ն են լինելու Ձեր հետագա գործողությունները։
-Բնականաբար, պայքարել, որ հանրապետության նախագահը չեղյալ համարի Հայաստանի ստորագրությունը կամ միանալն այդ փաստաթղթին։ Ի վերջո, հայ քաղաքական գործիչը գոնե երբեմն իրեն պետք է նայի որպես հայ տղամարդու։ Որովհետև եթե հասարակության այդ «հիվանդ» խմբի իրավունքներն ընդլայնվում են նորմալ մարդկանց հաշվին, ապա բանը կարող է հասնել այնպիսի զավեշտի, որ Հայաստանում սկսեն ստեղծվել նորմալ կանանց ու տղամարդկանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ, ինչը զավեշտ է։ Բայց ամենամեծ զավեշտը հենց համասեռականների իրավունքներն ընդլայնելն է։
Այդ դեպքում ինչո՞ւ նույն սկզբունքով չենք մոտենում այլ կարգի հիվանդներին։ Եթե դրանք հիվանդ են ու իրենց հիվանդության մեջ այդքան պաշտպանված, սպիդով վարակվածներին, թմրամոլներին, հարբեցողներին էլ հիվանդանոցներից բաց թողնենք, հոգեկան հիվանդներին` հոգեբուժարաններից։ Բայց եթե այլ կարգի հիվանդներին հասարակությունից մեկուսացնելու որոշում է կայացվում, ինչո՞ւ նույնը չպետք է լինի այս դեպքում։ Ես, օրինակ, առաջարկել եմ, որ դրանց համար Հայաստանի մեկուսի մի վայրում գյուղ հիմնեն, ասենք, Համասեռաշեն անունով, ու թող գնան այնտեղ զբաղվեն ինչով ուզում են։ Միևնույն է, բազմանալու վտանգ չկա, բայց նորմալ մարդիկ գոնե հարկադրված չեն լինի մտահոգվելու իրենց երեխաների դաստիարակության, հոգևոր առողջության ու ապագայի մասին։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2879

Մեկնաբանություններ