38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բոոննին համ էլ կողոպտել են...

Բոոննին համ էլ կողոպտել են...
28.11.2008 | 00:00

Ո՞Վ Է ԽԱՌՆՈՒՄ «ԱԼԻՔՆԵՐԸ»
ՀՀ ոստիկանությունը վերջապես պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Հայփոստի» տնօրեն Յոհաննես (Հանս) Բոոննին ծեծելու վերաբերյալ: Ըստ այդմ` առաջին հարձակման առիթով հետևյալն է ասվում. «2008 թվականի հուլիսի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 1983 թ. ծնված Յուրի Օհանյանն ընկերոջ՝ Սամվել Հովհաննիսյանի հետ, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի փողոցում շուրջ 2-3 րոպե կոպտորեն խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքվածների նկատմամբ, վիճաբանել է Նիդերլանդների քաղաքացիներ Յուրգեն Դոլստրայի և Յոհաննես Պետրուս Բոոննի հետ, հայհոյել նրանց, բռնություն գործադրել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրանց, ինչի հետևանքով Յուրգեն Դոլստրայի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, քթոսկրի կոտրվածքի, քթի փափուկ հյուսվածքների սալջարդով և արյունահոսությամբ, աջ և ձախ ակնակապիճների արյունազեղումներով, իսկ Յոհաննես Բոոննի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, աջ հոնքային շրջանի կտրած արյունահոսող վերքի տեսքով, ինչպես նաև գանգուղեղային տրավմայով և գլխուղեղի սալջարդի ախտանիշով (ինչ էլ «թեթև ու միջին է» - հեղ.): Յուրի Օհանյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ի դեպ, իրավական բառապաշարն ինձ միշտ է «հիացրել». այսինքն` ի՞նչ. օրենսգիրքն ու կոնկրետ հոդվա՞ծն են «նախատեսում հանցավոր արարք», թե՞ դրանք պատիժ են նախատեսում` կատարված հանցագործ արարքի համար- հեղ.), իսկ Սամվել Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Յուրի Օհանյանը և Սամվել Հովհաննիսյանը կալանավորված են: Սույն քրեական գործով մեղադրական եզրակացությունը կազմվել է 2008 թ. սեպտեմբերի 25-ին և ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան»:
Փաստորեն, սա առաջին, ոչ թե երկրորդ հարձակումն է Բոոննի նկատմամբ, ինչպես բացարձակ թյուրիմացության մեջ էր գցում մեզ վճռաբեկ դատարանի մամլո խոսնակը, բացի այդ, ստացվում է, որ նույն խոսնակն ուղղակի ճիշտ չէր խոսում «Երկիր մեդիայի» և մյուս եթերներից` հայտարարելով, թե դատարանն արդեն իսկ արագացված կարգով քննել է գործը, և որ այս երկուսը դատապարտվել են 9 և 6 ամիսներով, ինչի առիթով, անշուշտ, վճռաբեկը հիմա հավելյալ բացատրությամբ պիտի հանդես գա: Այլ տարբերակ չկա. կամ էլ ոստիկանությունն է խառնում ալիքները: Եվ հետո` նույնիսկ այս հաղորդագրությունից այդպես էլ չի պարզվում վիճաբանության առիթը, և մենք շարունակում ենք մտածել, որ կամ գործ ունենք հոգեկան հիվանդների հետ, կամ միտումնավոր թաքցվում է ճշմարտությունը։
Ինչ որ է, գանք երկրորդ հարձակմանը և կարդանք ոստիկանության՝ մեզ տրամադրած հաղորդագրության այս հատվածը. «2008 թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 23. 45-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 11 տան դիմացից, «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն,1956 թ. ծնված Յոհաննես Պետրուս Բոոննը: Բոոննը, հրաժարվելով հետագա բուժումից, հաջորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Յ. Բոոննը (հոկտեմբերի 11-ին), դեռևս գտնվելով հիվանդանոցում, «Հայփոստ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արման Խ.-ի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը հրաժարվում է դեպքի կապակցությամբ գրավոր բացատրություն տալուց: Ձեռք բերված նյութերով հոկտեմբերի 11-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կատարվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա, քանի որ տուժողը փորձաքննությանը չի ներկայացել: «Հայփոստ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արման Խ-ն հոկտեմբերի 15-ին Յ. Բոոննի անունից հայտարարել է, որ գլխավոր տնօրենը հրաժարվում է դեպքի կապակցությամբ բացատրություն տալուց, նա մեկնելու է Հոլանդիա և բացատրություն կտա ՀՀ վերադառնալուց հետո: Հոկտեմբերի 16-ին Յոհաննես Բոոննը մեկնել է Հոլանդիա և այնտեղ բուժօգնություն ստացել:
Հոկտեմբերի 18-ին ստացվել է Բոոննի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ «Յ. Բոոննի ստացած մարմնական վնասվածքները՝ ստորին շրթունքի ձախ անկյան շրջանի քերծված վերքի, գլխուղեղի սալջարդի, գագաթաքունքային բլթի արյունահավաքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաներով, և նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ելնելով Յոհաննես Բոոննի մարմնական վնասվածքների բնույթից և տեղակայումից՝ հնարավոր չէր, որ դրանց առաջացումը լիներ վայր ընկնելու հետևանքով»
(յա՜, մի տես, է. արդեն ոստիկանությունն ինքն էլ չի հավատում դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը… Դե, Շոթայի «ծնոտներից հետո» դրանց ո՞վ կհավատա- հեղ.): Հոկտեմբերի 29-ին նյութերով որոշում է կայացվել դրանք ըստ ենթակայության Կենտրոնի քննչական բաժին ուղարկելու մասին: Նյութերը հաջորդ օրն ուղարկվել են Կենտրոնի քննչական բաժին` ընթացքը որոշելու: Հոկտեմբերի 31-ին Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 112 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Քրեական գործով տուժող Յ. Բոոննին հարցաքննել չի հաջողվել, քանի որ նա դեռևս չի վերադարձել Հայաստան (չի էլ գա, անհոգ եղեք. «ջրեք-անցնի», ոնց միշտ- հեղ.)… Հիվանդանոցում Յ. Բոոննը հեռախոսով կանչել է «Հայփոստ»-ի փոխտնօրեն Արման Խ.-ին, նրան ասել, որ չի հիշում, թե իր հետ ինչ է տեղի ունեցել: Նա հրաժարվել է դեպքի կապակցությամբ գրավոր բացատրություն տալուց: Առավոտյան Յ. Բոոննը պահանջել է, որ իրեն դուրս գրեն հիվանդանոցից, և հագնվելու ժամանակ նկատել է, որ անդրավարտիքի գրպանից, իր համար անհայտ պայմաններում, անհետացել է դրամապանակը, որի մեջ եղել է 350000 ՀՀ դրամին համարժեք, տարբեր արտարժույթներով գումար, չորս բանկային քարտ և իր իդենտիֆիկացիոն քարտը, որի մասին, սակայն, ոստիկանությանը չի հայտնվել: Ըստ Արման Խ.-ի ցուցմունքի՝ Յ. Բոոննը իրեն ասել է, որ դեպքի օրը երեկոյան «ՍԱՍ» սուպերմարկետից դուրս գալով՝ քայլել է Թումանյան փողոցով և չի հիշում, թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել… Քրեական գործով հարցաքննվել են նաև Յ. Բոոննի թիկնապահ Ռաֆայել Ս.-ն, վարորդ Վոլոդյա Վ.-ն և օգնական Մառա Կ.-ն, որոնք իրենց ցուցմունքներում նշել են, որ տնօրենի անձնական կյանքից, շրջապատից տեղյակ չեն, քանի որ նրա հետ շփվել են բացառապես աշխատանքային ժամերին և միայն գործնական առումով… Նախաքննությունը շարունակվում է»:
Բա՞, տեսա՞ք՝ ինչքան-ինչքա՜ն զարմանալի բաներ «պարզվեցին»…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ