38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քոչարյանը կատարում է տակտիկական մանևր

Քոչարյանը կատարում է տակտիկական մանևր
30.09.2008 | 00:00

ԱՆՈՐՈՇ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Երեկ Հայաստանի նախկին և ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին կտրեցին Սարալանջի նորակառույց ճանապարհի կարմիր ժապավենը։
Իրադարձությունն ինքնին այնքան նշանակալի չէր, որքան նախկին և ներկա նախագահների համատեղ ներկայությունն այդ միջոցառմանը։ Ավելին՝ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը, փաստորեն, Սերժ Սարգսյանի ներկայությամբ լրագրողներին հայտարարեց, որ չի շտապում վերադառնալ քաղաքականություն և շատ գոհ է, որ վերջին 6 ամսում երկու անգամ է փողկապ կապելու անհրաժեշտություն ունեցել։ Իր հնարավոր վերադարձի հետ կապված լուրերի առնչությամբ նախկին նախագահը մասնավորապես ընդգծեց. «Հասկանում եմ մարդկանց նյարդայնությունը, տպավորություն է ստեղծվում, թե անընդհատ խփում ես նրանց ձեռքերին»։ Հավանաբար Ռ, Քոչարյանը նկատի է ունեցել իր մոտալուտ վերադարձի վերաբերյալ կանխատեսումների չարդարանալը։
Բոլոր դեպքերում փաստ է, որ Ռ. Քոչարյանի հայտարարությունը հստակեցում չի մտցնում քաղաքական դաշտում։ Մանավանդ որ հենց ինքն էլ աշխատելով պահպանել ինտրիգը, նշել է, թե քաղաքականություն իր վերադարձի դեպքում անձամբ հանրությանը տեղյակ կպահի իր մտադրության մասին։ Այնուհանդերձ, փաստ է, որ այս փուլում Ռ. Քոչարյանը կրկին ընդմիջում է վերցնում, և հենց այդ համատեքստում պետք է անդրադառնալ նրա հայտարարությանը։ Պատճառները մի քանիսն են։ Առաջինը, ինչպես միշտ, արտաքին հանգամանքներն են։ Վրացական իրադարձություններից հետո Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում բոլորովին էլ չի ուժեղացել, առանձին փորձագետների գնահատմամբ՝ նույնիսկ թուլացել է։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ Ռ. Քոչարյանի քաղաքական ռեաբիլիտացիայի համար, այն էլ վարչապետի պաշտոնում, Մոսկվայի գործուն ներազդեցությունը կարող էր լինել սկզբունքային և առաջնային։ Ամենայն հավանականությամբ, Կրեմլում այդ խնդիրն առաջնահերթ նշանակություն չունի, եթե նկատի ունենանք շատ ավելի բարդ հարցերը, որոնք հրատապ օրակարգային են ռուսական արտաքին քաղաքականության համար։
Միաժամանակ, անկասկած, առկա է արևմտյան հակազդեցություն և գուցե նաև համապատասխան ճնշում իշխանությունների վրա այն իմաստով, որպեսզի բացառվի Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, հատկապես վարչապետի կարգավիճակով։ Արևմուտքում խորքային իմաստով այսօր էլ շարունակում են համարել, որ անցած տարիներին Քոչարյանը մշտապես խախտել է խաղի կանոնները և սկզբունքորեն չի կարող հուսալի գործընկեր հանդիսանալ։ Այսպիսով, հրապարակային ընդմիջում վերցնելու առաջին պատճառը, ամենայն հավանականությամբ, արտաքին հանգամանքներն են։
Երկրորդ. Քոչարյանի վարչապետությունը սկզբունքորեն և բացարձակապես անընդունելի է Հայաստանի արմատական ընդդիմության համար։ Այս մասին ընդդիմադիր առաջնորդները բազմիցս հայտարարել են բացեիբաց և միաժամանակ ընդգծել, որ այդպիսի քայլը պարզապես կփակի իշխանության հետ երկխոսության բոլոր հնարավորությունները։ Թե ինչպիսի մեղադրանքներ է հնչեցնում արմատական ընդդիմությունը նախկին նախագահի հասցեին, գաղտնիք չէ։ Ստեղծված ներքաղաքական իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ընդդիմության հետ լուրջ երկխոսություն և լարվածության լիցքաթափում, գործող նախագահն ինքն իր թշնամին չէ, որ նույնիսկ տեսականորեն հնարավոր համարի Քոչարյանի վարչապետությունը։ Չի բացառվում, որ երկու վաղեմի համախոհների միջև այս մասին եղել է համապատասխան խոսակցություն։ Հակառակ դեպքում հազիվ թե Քոչարյանն իր բնավորության որոշ առանձնահատկություններից ելնելով՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ հայտարարեր հավակնությունների թեկուզ ժամանակավոր բացակայության մասին։ Նկատի ունենանք, որ բոլորովին վերջերս կալանքից ազատ արձակվեց Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը, ինչը, անկասկած, գործող նախագահի՝ ընդդիմության հետ երկխոսության առարկայական ապացույցներից մեկն էր։ Հիմա եթե Սերժ Սարգսյանը գնա իր նախորդի հավակնությունները բավարարելու ճանապարհով, կնշանակի` ընդամենը փորձում է վարել երկու անհաշտ բևեռները հավասարակշռելու քաղաքականություն։ Բայց քանի որ Քոչարյանի բևեռում սկզբունքորեն ոչինչ չկա, բացի իրենից, իսկ մյուս կողմում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկել շարունակող ընդդիմադիր միավորումն է, գործող նախագահը չի կարող չընդունել քաշերի այդպիսի ահռելի տարբերությունը։ Այսինքն՝ նույնիսկ Քոչարյանի հետ լավամարդ լինելու ամենամեծ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը, իբրև բացարձակապես պրագմատիկ մոտեցումներով առաջնորդվող քաղաքական գործիչ, չի կարող չգիտակցել դրա հնարավոր անցանկալի հետևանքները։ Եվ այս ամենը, անկասկած, հասկանում է նույն ինքը՝ Քոչարյանը։
Բայց բոլոր դեպքերում ակնհայտ է, որ իր քաղաքական դերակատարությունը վերագտնելու՝ նախկին նախագահի ցանկություններն ու մտադրություններն այս մի հայտարարությամբ ի չիք չեն լինում։ Պարզապես տվյալ պահին Քոչարյանը կատարում է տակտիկական մանևր, թողնելով, որ կրքերը հանգստանան։ Սակայն խորհրդարանում, հատկապես ԱԺ նախագահի փոփոխության այս օրերին, ավելի աշխույժ են դարձել խոսակցությունները, որ քոչարյանական թևը քողարկված, բայց ակտիվ նախապատրաստական աշխատանք է տանում Տիգրան Սարգսյանի կառավարության վերջը նախապատրաստելու ուղղությամբ։ Ավելին՝ Հովիկ Աբրահամյանի ընտրությունն ԱԺ նախագահի պաշտոնում, ինչպես առանձին պատգամավորներ, այնպես էլ նույնիսկ փորձագետներ դիտարկում են հենց այդ համատեքստում, որ ՀՀԿ-ի ներսում գնում է մի գործընթաց, որի արդյունքում նախկին նախագահի կողմնակիցները, նրա հետ սերտ կապեր ունեցող անձինք բավական արագ նոր դիրքեր են նվաճելու կառավարող կուսակցության մեջ, ինչի արդյունքում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող խմբակցությունը փաստացի կհայտնվի նախկին նախագահի ազդեցության դաշտում և, բնականաբար, կդադարի լինել Տիգրան Սարգսյանի կառավարության հենարանը։ Ահա այդ ժամանակ էլ գործող նախագահ Սերժ Սարգսյանին խորհրդարանական մեծամասնության անունից կառաջարկվի փոխել վարչապետին։
Իհարկե, «չար լեզուները» պնդում են, որ քոչարյանական շրջանակի համար շատ ցանկալի է այս սցենարը, ոչ պակաս չափով կառավարվում է նաև նախագահական պալատից, և երբ կրքերը հասնեն շիկացման աստիճանի, այսինքն՝ գործող նախագահի առջև դրվի Տիգրան Սարգսյանին հեռացնելու պահանջ, վերջինս լիարժեք հնարավորություն կունենա մերժելու այդ առաջարկությունը։ Ավելին, ոչ միայն մերժելու, այլև ստեղծված իրավիճակը իբրև նախագահի և խորհրդարանի միջև հակասություն, այսինքն՝ կառավարական ճգնաժամ բնութագրելով, լուծարելու խորհրդարանը։ Շրջանառվող լուրերի համաձայն, իրավիճակի նման կտրուկ շրջադարձի հնարավորությունն է, որ նախկին նախագահին և նրա կողմնակիցներին առայժմ զերծ է պահում բացահայտ գործողություններից, թեպետ ստվերային գործընթացներն անցած ամիսներին ոչ մի րոպե կանգ չեն առել։
Այսպիսով, ներքաղաքական անորոշ իրավիճակը Հայաստանում դեռ կշարունակվի։ Դրա հիմնական պատճառն այն է, որ իշխանության նկատմամբ հավակնություններ ունեցող բոլոր սուբյեկտներն արտաքին և ներքին հանգամանքների բերումով բավականաչափ ուժեղ չեն զգում իրենց այդ հավակնությունները մինչև վերջ իրացնելու համար։ Ընդդիմությունն իշխանության հետ առճակատման գնալու և այդ առճակատման մեջ միանշանակ և անվերապահ հաղթանակ տանելու ռեսուրսներ այսօր չունի։ Դրա վկայություններից մեկն էլ Կենտրոնի թաղապետի ընտրություններում Արարատ Զուրաբյանի անսպասելի համեստ քվեներն էին։ Ռ. Քոչարյանն ու իր մերձավոր շրջանակը նույնպես բավականաչափ ուժեղ չեն նախագահին իրենց քաղաքական գիծը կամ ցանկությունները պարտադրելու, նրա նախորդին վարչապետի պաշտոնում կարգելու ճանապարհով Սերժ Սարգսյանին անգլիական թագուհու կարգավիճակում դնելու համար։ Սերժ Սարգսյանն էլ առնվազն այսօր իրեն բավականաչափ ուժեղ չի զգում ընդդիմությանը լռեցնելու կամ քոչարյանական շրջանակին ավելի կոպիտ ձևերով իրենց տեղը ցույց տալու համար։ ՈՒստի կողմերը շարունակում են վարել խուսանավելու քաղաքականություն, մինչև կարողանան հակառակորդին պատին դեմ տալու համար անհրաժեշտ ռեսուրսներ կուտակել։ Հարկ է նշել, սակայն, որ այս դաշտում Սերժ Սարգսյանի հնարավորությունները բոլորից շատ են։ Իշխանությունը միշտ էլ ավելի շատ կառույցներ և միջոցներ ունի իր առջև դրված խնդիրները լուծելու համար, քան ցանկացած բացահայտ կամ թաքնված ընդդիմություն։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5137

Մեկնաբանություններ