Վերտառությունում հնչող հռետորական հարցն ուղղված է «ականավոր քաղաքական լակմուսի թուղթ» Էդմոն Մարուքյանին, որը, հակառակ ներկայիս դիրքորոշման, 2017-ին դեռևս հայտարարում էր, թե ուժեղ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը:
Քանի որ սույն «պերսոնը», առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, հատուկ հանձնարարությամբ «լուսավորում» է հանրության «խավարում խարխափող» հատվածին, բարբառով ասած` թլոզելով, թե «Արցախն անկախ չի եղել», բնական է` ամեն կերպ կշրջանցի անցանկալի «ծուղակն» ու խորհրդավոր լռությամբ կանտեսի այսօր, վաղը, նաև մյուս օրը հնչելիք բոլոր այն հարցադրումները, որոնք ի ցույց կդնեն նրա «կլասիկ» » (ականջդ կանչի, Ծառուկյան) հաճախորդ լինելու հանգամանքը:
Հետևաբար, զանց առնենք նրա ակնհայտ գայթումներն ու հենց իր օգնությամբ վկայակոչենք` 1-2 տարի ընդմիջումներով, միևնույն հարցի առնչությամբ նրա արտահայտած տեսակետները:
Տիար Մարուքյանի մեկը մյուսին ժխտող բանաձևումները կամբողջացնենք անհրաժեշտ մեջբերումներով «Իրատեսի» «Հնարավոր չէ դատել հաղթանակը» հրապարակումից:
Զուգահեռ էլ կվերհիշենք 2020-ի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի օրը (Շուշին դեռևս «մի հատ դժբա՜խտ, դժգու՜յն քաղաք չէր», դեռևս մերն էր)՝ ՀՀ խորհրդարանում ներկայացված «գեղական մարտաֆիլմը» «Սասուն Միքայելյան & company»-ի բեմադրությամբ ու անմիջական մասնակցությամբ:
Հավելենք՝ Էդմոնն Էդմոն չէր լինի, եթե իրեն չհակասեր ու չժխտեր հենց ինքը:
1.* «Ո՛չ սեղանի տակ, ո՛չ վրա որևէ թուղթ չկա, որևէ մտահոգություն չպետք է ունենանք: Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որևէ բան չեն թաքցնում»: (07 մայիս, 2020 թ.):
* «Ժողովու՛րդ, ձեզ խաբում է, ձեզ անդադար խաբում է»: (08 մայիս, 2020 թ.):
2.* «Ստորագրվել է մի խայտառակ փաստաթուղթ, կապիտուլյացիայի փաստաթուղթ»: (11 նոյեմբեր, 2020 թ.):
*«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա»: (20 ապրիլ, 2022 թ.):
3.* «Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»: (12 նոյեմբեր, 2020 թ.):
*«Անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միանշանակ բխում է թշնամի պետության շահերից»: (21 ապրիլ, 2022 թ.):
Վերջին հայտարարությունից մեկ օր անց` 2022-ի ապրիլի 22-ին, «լուսավորը» Մալևիչի «սև քառակուսու» վերածած կուսակցապետը զգալով, որ վարկաբեկվել է մինչև, ինչպես ժողովուրդն է բնորոշում` վարդապետի խազը, կփորձի արդարացնել իր խայտառակ մետամորֆոզն ու փրկել անդառնալիորեն կորցրած արժանապատվությունը:
Բա՞յց…
Ո՜չ…
Չի’ ապաշխարի իր անվերջ դավաճանությունների շղթան ևս մեկ օղակով ավելացնելու համար: Պարզապես, «վերցնող», բայց ուրացող նվաստ դատավորի կերպարի մեջ մտած, վերամբարձ ոճով մեղադրական եզրակացություն կհնչեցնի օպոնենտների հասցեին:
Նաև նրանց, ում «դիզելոտ» կերակրատաշտից ճպճպացնելով է սնվել ու մե՜ծ ախորժակով լիզել է մատները:
Բայց, ինչպես ժողովրդական կենդանի խոսակցականն է բանաձևում` էն վաղ էր, որ էշը կաղ էր:
«Դիզելի» համն ու հոտը վաղու՜ց «նախկին» են:
Սեփական «կալիբրն» էլ արդեն «դիզելային» չէ. ինքն հիմա դեսպան է:
Այն էլ՝ «հատուկ հանձնառությունների»:
Ինչը ենթադրում է հնազանդություն սահմանված «զրոյական կետերին», որոնք էլ և թելադրում են անհրաժեշտ օրակարգը` hագեցած ստով, դավաճանությամբ, թրքասիրությամբ, «հրաժարիմք»-ով` Արցախից ու սեփական անցյալից, գերխտացած առատ և հյութեղ «թավիշով»:
Հետևաբար, բոլոր իշխանությունների «կլասիկ» այս հաճախորդը խրոխտ տոնով կավետի.
«Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները։
Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց, վերագնահատելով եղելությունը, որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է:
Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում:
Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ: Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից:
Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»:
Ըստ էության, միայն ԼՀԿ նախագահի կարգավիճակը նրան ոչինչ չէր պարտադրում: Ավելին՝ «ազատ անկման» հնարավորություն էր ընձեռում: Թերևս, այդ էր պատճառը, որ «մահապարտի» խիզախությամբ «թավշյա գործակալին» ոչ ականջահաճո հայտարարություններ էր անում:
Թունդ ընդդիմադրի կերպարը նրան ձեռնտու էր մինչ որոշակի սահմանագիծ, մինչ այն պահը, երբ…
… երբ «Նորին գերզանցության» կամոք 2020-ի մայիսի 8-ին, ԱԺ-ում կերած ծեծից հետո, երկրի թիվ մեկ հակահեղափոխական «նշանակված» «ահաբեկիչ» Էդմոն Հրաչիկովիչը, 2022-ի մարտի 14-ին, նույն` «Ձերդ պայծառափայլության» ողորմածությամբ ուսերին կքաշի հատուկ հանձնարարություններով դեսպանի պատմուճանը:
Հետո կհայտարարի.
«Ընդդիմությունն ուզում է ամեն ինչ անել, որ մի ցնցում լինի, գան իշխանության։ Թող Օպերայում ասեն իրենց այլընտրանքային լուծումը, որն ավելի լավն է, քան իշխանությանը։ Նման ծրագիր չեմ լսել իրենցից»։
Նաև.
«Եթե իրենք հաջողեն, որևէ ձևով խառնեն երկիրը, հնարավորություն կտան, որ էլի հարձակման ենթարկվենք, պատերազմ լինի։ Մարդկանց էմոցիաների հետ են խաղում։ Զոհվածների ծնողներին ասում են, որ քո երեխայի արյունը ուրանում են, արի մեր հանրահավաքին»:
Նման «երկակի խաղերի» ընդմիջումներին վատ չէր լինի, որ սույն դեսպանը երբեմն-երբեմն մտաբերեր՝ ո՞վ էր Էդմոնը հեղափոխությունից առաջ:
Մոռացել է:
Հիշեցնենք՝ Հայաստանի շարքային համեստ քաղաքացի էր, անկուսակցական, որին հարևաններից շատերը չէին էլ ճանաչում:
Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ մի օր ՀՀԿ-ն որոշեց խաղից հանել Վիկտոր Դալլաքյանին:
Ինչպես մասնավոր զրույցում մի անգամ խոստովանեց կարկառուն հանրապետականներից մեկը.
«Հարցին` ու՞մ մտցնել խաղի մեջ, հնչեցին հայտնի հեքիաթի տողերը` ով առաջինը պատահի: Մոտավորապես»:
Ճակատագրի կամոք, «առաջին պատահածն» Էդմոն անունով երիտասարդն էր, հանուն որի էլ խաղարկվեց «Մարուքյան օպերացիան»:
Նման իրողություններ:
Իսկ Էդմո՜նը…
Էդմոնը ի՞նչ` դավաճանական յուրաքանչյուր քայլից հետո համառորեն կրկնում է «Հրաժարիմք»-ը:
Ինչպես կասեր նրա առջև կանաչ լույս վառած դասականը.
«Սիրուն չի, Էդմոն»:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)